Ներկայացնում ենք Carnegie հիմնադրամի փորձագետ, արեւալագետ Ռուսլան Սուլեյմանովի Время выбирать. Почему Россия и Турция все больше отдаляются друг от друга հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ռուսլան Սուլեյմանով
Թուրքիային համար ավելի ու ավելի դժվար է կողմնորոշվել Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ։ 2022 թվականին ռուս-թուրքական առեւտրաշրջանառության գրեթե կրկնապատկվելուց հետո համագործակցության մասշտաբները արագորեն նվազում են։ Սա հատկապես նկատելի է էներգետիկ ոլորտում. նավթ, գազ եւ միջուկային էներգիա։ Իսկ թուրքական զենքի մատակարարումը Ուկրաինա, թուրքամետ ապստամբների իշխանության գալը Սիրիայում, Մոսկվայի դուրս մղումը Հարավային Կովկասից եւ Թուրքիայի դերի վերագնահատումը ՆԱՏՕ-ում՝ Ռուսաստանի հետ բախման սպառնալիքի պայմաններում, միայն մեծացնում են անվստահությունը Մոսկվայի եւ Անկարայի միջեւ։
Ուկրաինական իրավիճակը
Նոյեմբերի 17-ին ռուսական ուժերը Օդեսայի շրջանում հրետակոծության ժամանակ հարվածեցին թուրքական դրոշի ներքո նավարկող հեղուկացված բնական գազի լցանավին։ Ամբողջ անձնակազմը տարհանվեց, ոչ ոք չտուժեց։ Միջադեպը կարելի էր փորձել սխալի վերագրել, բայց խնդիրն այն է, որ սա ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում առաջին նման դեպքը չէ։
Այս տարվա օգոստոսին, օրինակ, Մոսկվան հարձակվեց Կիեւի մոտ կառուցվող Bayraktar գործարանի վրա, որն արտադրում է թուրքական անօդաչու թռչող սարքեր, իսկ 2023 թվականի օգոստոսին նախազգուշական կրակոցներ արձակեց Սեւ ծովում Պալաուի դրոշի ներքո նավարկող թուրքական «Şükrü Okan» նավի վրա։
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս դժգոհել են, որ Անկարան զենք է մատակարարում Ուկրաինային։ Իր հերթին Թուրքիան, որը մնում է երկու պատերազմող երկրների միջեւ հիմնական միջնորդը, ակնհայտորեն դժգոհ է կարգավորման հարցում Մոսկվայի մոտեցումից։ Որպես միջնորդ՝ Անկարան ոգեւորված չէ ո՛չ Կրեմլի մաքսիմալիստական պահանջներով, ո՛չ էլ Ստամբուլում բանակցություններին ուղարկված ցածր մակարդակի պատվիրակությամբ։
Թուրքական իշխանությունները, որոնք հետեւողականորեն պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու իրավունքը, շարունակում են պնդել, որ բանակցություններում լուրջ առաջընթացի համար անհրաժեշտ է երկու պատերազմող կողմերի առաջնորդների հանդիպումը։
(Ան)վստահության խնդիրը
Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները պատերազմի չորս տարվա ընթացքում
Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կուտակված բազում խնդիրների սառցաբեկորի գագաթն են միայն։
«Իմ սիրելի՛ բարեկամ։ Դուք գիտեք, որ մենք ցանկանում ենք Ձեզ հյուրընկալել մեր երկրում։ Սա ուժի մեջ է մնում, եւ մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը»։ Այս խոսքերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, սկսեց բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ։
Լուսանկարը` REUTERS
Ինչպես երեւում է այս մեջբերումից, Ռուսաստանի նախագահը չի շտապում ընդունել հրավերը։ Եթե անցյալ տարի Կրեմլը դեռեւս քննարկում էր այցի նախապատրաստական աշխատանքները եւ Թուրքիան նույնիսկ նշում էր դրա մոտավոր ամսաթվերը, այսօր այդ հարցն օրակարգում չէ։ Հասկանալի է, որ Պուտինի՝ ճանապարհորդելու դժկամությունը կապված է թե՛ Հաագայի ձերբակալության հրամանագրի, թե՛ այն փաստի հետ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, թե՛ թուրքական կողմի նկատմամբ ընդհանուր անվստահության հետ։
Այս անվստահությունն ավելի է սրվում, քանի որ եվրոպական անվտանգության ամրապնդման գործում Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ տարաձայնությունների ֆոնին Թուրքիայի դերի հարցն առավել հրատապ է դառնում։ Շատ պաշտոնյաներ եւ փորձագետներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, կոչ են անում ԵՄ առաջնորդներին ակտիվացնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը Էրդողանի հետ։
Արդյունքում, օրինակ, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք մի քանի տարի դեմ էին Թուրքիային Eurofighter Typhoon կործանիչներ վաճառելուն, հաշված ամիսների ընթացքում համաձայնության եկան Անկարայի հետ ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ։ Հոկտեմբերին Անկարան ու Լոնդոնը ստորագրեցին 10,7 միլիարդ դոլարի համաձայնագիր՝ Թուրքիային քսան Eurofighter Typhoon մատակարարելու համար։ Նշանակալից է նաեւ, որ 2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հենց Անկարայում։
Թրամփի էֆեկտը
Կրեմլի անվստահությունը Թուրքիայի նկատմամբ աճում է նաեւ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի վարչակազմի արագ մերձեցման պատճառով: Թեեւ տարօրինակ կլիներ Անկարայից այս պահին այլ բան սպասել: Թուրքիայի տնտեսական վիճակը վատթարանում է, եւ երկիրը արտասահմանյան ներդրումների խիստ կարիք ունի, իսկ ԱՄՆ-ն մնում է թուրքական տնտեսության ամենախոշոր ներդրողներից մեկը:
Բացի այդ Անկարան կցանկանար ապահովել Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդերի հետ դիմակայության մեջ: Նախկինում ԱՄՆ-ն աջակցում էր քրդերին «Իսլամական պետության» դեմ պայքարում, բայց Թրամփի օրոք սկսեց դուրս բերել իր զորքերը Սիրիայից: Այդ պատճառով Թուրքիան կցանկանար, որ ամերիկացիները կա՛մ օգնեն քրդական ուժերին ինտեգրվել նոր սիրիական բանակում, կա՛մ համաձայնեն Սիրիայում թուրքական նոր ռազմական գործողությանը: Կրեմլի դիրքորոշումն այս հարցում Անկարայի համար այլեւս էական չէ:
Ամերիկացիների հետ ակտիվ բանակցություններ վարող Թուրքիային ավելի ու ավելի դժվար է դիմադրել ԱՄՆ ճնշմանը հակառուսական պատժամիջոցների առումով: Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ընտրության առաջ կանգնած Անկարան ավելի ու ավելի հաճախ ընտրում է Վաշինգտոնը, քանի որ ԱՄՆ-ն Թուրքիայի համար մի շարք հարցերում այլընտրանք չունի, իսկ Ռուսաստանի դերը այլեւս նույնքան անփոխարինելի չի թվում, որքան նախկինում։
Ջո Բայդենի օրոք Թուրքիան սառեցրեց ռուսական «Միր» վճարային համակարգը, արգելափակեց պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը Եվրամիությունից Ռուսաստան, իսկ թուրքական բանկերը կասեցրին բոլոր ֆինանսական գործարքները ռուս գործընկերների հետ։
Հիմա էլ Թրամփը պահանջում է հրաժարվել ռուսական նավթից։ Արդյունքում միայն հոկտեմբերին Ռուսաստանից Թուրքիա նավթի մատակարարումը նվազեց ավելի քան 60%-ով՝ օրական 67,000 տոննայից մինչեւ 26,000 տոննա, եւ ընդհանրապես դադարեցվեց նոյեմբերի 3-ից 9-ը։ Հոկտեմբերին 19%-ով նվազել էին նաեւ ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները թուրքական նավահանգիստներ։
Լուսանկարը` REUTERS
Գազի ոլորտում նույնպես զգալի փոփոխություններ են տեղի ունենում։ Վերջին չորս տարիների ընթացքում ռուսական գազի մասնաբաժինը թուրքական շուկայում նվազել է 45%-ից մինչեւ 36%։ Անկարան ձգտում է է՛լ ավելի կրճատել այս ցուցանիշը։ «Կապույտ հոսք» եւ «Թուրքական հոսք» գազատարներով դեպի Թուրքիա տարեկան 22 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի մատակարարման ռուսական պայմանագրերը լրանում են տարեվերջին։ Դրանք երկարաձգելու վերաբերյալ դեռեւս համաձայնություն չի ձեռք բերվել, չնայած բանակցությունները շարունակվում են։
Որպես ռուսական գազի այլընտրանք Թուրքիայում հանդես է գալիս հեղուկացված բնական գազը (ՀԲԳ)։ 2024 թվականի վերջին դրա բաժինը թուրքական շուկայում կազմում էր 31%, իսկ այս տարվա առաջին եռամսյակում արդեն հասել է 44%-ի։
Սեպտեմբերին Անկարան եւ ամերիկյան Mercuria ընկերությունը ստորագրեցին 43 միլիարդ դոլար արժողությամբ 20-ամյա պայմանագիր՝ տարեկան 2.15 միլիարդ դոլարի ՀԲԳ ներմուծման մասին, ինչն անկասկած կնպաստի ռուսական մասնաբաժնի նվազմանը շուկայում։
Դրանից բացի Թուրքիան ավելացնում է գազի ներքին արտադրությունը։ Արդյունքում կանխատեսվում է, որ մինչեւ 2028 թվականը ներքին արտադրության եւ ՀԲԳ ներմուծման համակցված ծավալները կավելանան ավելի քան 70%-ով՝ հասնելով 26 միլիարդ խորանարդ մետրի։ Սա կբավարարի Թուրքիայի գազի կարիքների գրեթե կեսը, իսկ մնացած գազի մեծ մասը կարող է մատակարարվել Ադրբեջանից (22%, որի հետ համաձայնագիրը ուժի մեջ է մինչեւ 2030 թվականը) եւ Իրանից (13.5%, որի հետ համաձայնագիրը պետք է երկարաձգվի հաջորդ տարի)։
Այս իրավիճակում լիովին սպասելի էր, որ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ բանակցությունները Մոսկվայի եւ Անկարայի միջեւ վերջնականապես փակուղի մտնեն։ Ինչպես հունիսին հայտնել էր Bloomberg-ը, «Գազպրոմ»-ն ինքն էր հրաժարվել Պուտինի կողմից 2022-ին առաջարկված գաղափարից, երբ «Հյուսիսային հոսքերը» խափանվեցին։
Ոչ միայն Ռոսատոմը
Լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած նաեւ ռուս-թուրքական համագործակցությունը ատոմային էներգիայի ոլորտում: «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի ճակատագիրը, որը նախատեսվում էր գործարկել 2024 թվականին, մնում է անհայտ: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ գերմանական Siemens-ը թույլ չի տալիս մատակարարել տուրբինները հակառուսական պատժամիջոցների պատճառով, իսկ այլընտրանք գտնել դեռեւս չի ստացվում:
Լուսանկարը` REUTERS
Մայիսին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ռոսատոմը պետք է 7 միլիարդ դոլար հատկացներ «Ակկույու» ԱԷԿ-ին, ինչը չարեց, ինչի պատճառով միանգամից երեք ռեակտորների կառուցումը ժամանակավորապես դադարեցվեց: Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը այս տարվա սկզբին թույլ չտվեց Ռուսաստանի «դոլարային պահուստ» ստեղծել Թուրքիայում՝ «Ակկույու» ԱԷԿ-ի ֆինանսավորման պատրվակով ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար:
Թուրքիան միաժամանակ երկխոսություն է վարում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության զարգացման շուրջ: Թրամփի եւ Էրդողանի միջեւ սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ստորագրվեց ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության մասին հուշագիր, որը նախատեսում է միջուկային ոլորտում գործընկերության խորացում: Այս փաստաթղթի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն նոր միջուկային ռեակտորների մշակման գործում։
Միացյալ Նահանգները համարվում են նաեւ Սինոպում Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման առաջատար հավակնորդը։ Դեռ մեկ տարի առաջ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչեւը պնդում էր, որ Էրդողանը առաջարկել է հենց ռուսական պետական կորպորացիային կառուցել այդ օբյեկտը։
Այլ մասշտաբ
Թրամփին զիջումներ անելով՝ Էրդողանը, բացի ամերիկյան ներդրումները մեծացնելուց եւ սիրիական քրդերի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխելուց, հույս ունի նաեւ վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների ծրագիրը, որից Անկարան հեռացվել էր 2019 թվականին՝ Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։
Անկարան բազմիցս ընդգծել է, որ S-400-ը մնում է թուրքական բանակի սպառազինության մեջ։ Սակայն պահեստներում փոշի հավաքող այս համակարգերը, որոնք Էրդողանը սկզբում գովազդում էր որպես ինքնիշխանության խորհրդանիշ, այժմ, կարծես, քիչ գործնական արժեք ունեն Թուրքիայի համար՝ առնվազն ՆԱՏՕ-ի չափանիշներին անհամապատասխանության պատճառով։ S-400-ը, օրինակ, չի ներառվել Թուրքիայում այս տարի մշակված «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգում։
Այլ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես չեն նպաստում ռուս-թուրքական համագործակցությանը։ Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումը եւ զինված ապստամբների իշխանության գալը (որոնց աջակցեց Թուրքիան՝ խախտելով նախորդ համաձայնագրերը) միայն խորացրել են Մոսկվայի եւ Անկարայի միջեւ անվստահությունը։
Հարավային Կովկասում Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքված համատեղ հռչակագիրը ամրապնդեց ոչ միայն Վաշինգտոնի, այլեւ Անկարայի դիրքերը: Այս փաստաթղթի շրջանակներում Թուրքիան ստանում է ցամաքային կապ Ադրբեջանի հետ, մուտք դեպի Կենտրոնական Ասիա եւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն: Այս ամենը կիրականացվի Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու հաշվին։
Լուսանկարը` REUTERS
Ի վերջո Ուկրաինայի հետ պատերազմի վրա հսկայական ռեսուրսներ ծախսելը, Անկարայի հակվելը դեպի Վաշինգտոն, Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափի (Ռուսաստան-Իրան-Թուրքիա) անհետանալը եւ թուրքական արտաքին առեւտրի դիվերսիֆիկացիան զգալիորեն նվազեցրել են ռուս-թուրքական համագործակցության մասշտաբները՝ համեմատած ընդամենը երեք տարի առաջվա հետ: Եթե 2022 թվականին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրը աճել էր ռեկորդային 90%-ով՝ հասնելով 65 միլիարդ դոլարի, 2024 թվականի վերջին այն նվազել է մինչեւ 52.6 միլիարդ դոլարը, իսկ Ռուսաստանը զիջել է Չինաստանին՝ որպես Թուրքիայի ներմուծման հիմնական աղբյուր։
Իհարկե, Մոսկվան եւ Անկարան դեռեւս պահպանում են տնտեսական կապերի լայն ցանցը՝ նավթի եւ գազի ոլորտից մինչեւ միջուկային էներգիա, որը կազմում է տասնյակ միլիարդավոր դոլարներ: Հետեւաբար երկու երկրները չեն կարող պարզապես հանկարծակի խզել կապերը։ Նույնը վերաբերում է որոշ միջազգային հարցերին, որտեղ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը հատվում են, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակին։ Ուստի ռուս-թուրքական համագործակցության որոշ հայեցակետեր կշարունակվեն, բայց դրա մասշտաբները կնվազեն՝ այն էլ շատ արագ։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: