Ներկայացնում ենք «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հանրային հարցերի տնօրեն Ջոել Վելդկամփի The Meaning of Armenia’s Prayer Breakfast հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ջոել Վելդկամփ
Անցյալ շաբաթավերջին «առաջին քրիստոնյա ազգ» համարվող Հայաստանը անցկացրեց իր առաջին ազգային Աղոթքի նախաճաշը։ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի քրիստոնյա առաջնորդները հավաքվել էին մայրաքաղաք Երեւանում՝ մասնակցելու այս միջոցառմանը, որի ընթացքում հիմնական ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որպես «Միջազգային քրիստոնեական համերաշխության» ներկայացուցիչ՝ ուրախ էի մասնակցել միջոցառմանը։
Մի կողմից, Աղոթքի նախաճաշը ողջունելի է։ Վերջին հինգ տարիների ընթացքում հայ ազգը մի շարք հարձակումների է ենթարկվել իր ավտորիտար մահմեդական հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Հազարավոր հայեր սպանվեցին, հայերի հինավուրց հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) անցավ Ադրբեջանին, եւ 150,000 հայ քրիստոնյա բնակչությունը բռնի տեղահանվեց։ Հայերի տեսանկյունից այս էթնիկ զտումների արշավի եւ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության միջեւ նմանություններն անհերքելի են։
Հայաստանը այս տրավմաները միայնակ է կրել։ Սակայն վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ի քրիստոնյա ակտիվիստները սկսել են գիտակցել այս ճգնաժամը, եւ հայերը սկսեցին աջակցություն ստանալ Ամերիկայի իրենց հավատակիցներից: Աղոթքի նախաճաշը այդ աջակցության արտահայտությունն էր։
Սակայն իրադարձության վրա ստվեր կար, եւ դա միայն վերջին էթնիկ զտումները չէին կամ այն գիտակցությունը, որ Ադրբեջանի բռնապետությունը դեռեւս քսաներեք հայի պատանդ է պահում: Այդ ստվերը Հայաստանի կառավարության արշավն է Հայաստանի ազգային եկեղեցու դեմ։
Հունիսից ի վեր Հայաստանի իշխանությունները բանտարկել են երկու արքեպիսկոպոսի, մեկ եպիսկոպոսի, մեկ քահանայի եւ հայ եկեղեցու քսանմեկ այլ աշխարհիկ կողմնակիցների: Մի քանիսին կասկածելի կամ կեղծված ապացույցների հիման վրա անհավանական կերպով մեղադրել են կառավարությունը տապալելու փորձի մեջ՝ Ռուսաստանի օգնությամբ (թեմա, որը ծանոթ է ամերիկացիներին): Մյուսները բանտարկված են մանր շինծու մեղադրանքներով: Տեղական մարդու իրավունքների խմբերը տագնապ են բարձրացնում այս թիրախային հետապնդումների վերաբերյալ։
Մինչդեռ Փաշինյանը պահանջում է Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի՝ աշխարհի բոլոր ուղղափառ հայերի ղեկավարի հրաժարականը։ Փաշինյանն առաջարկում է, որ նոր կաթողիկոսին ընտրի իր կողմից կազմված հանձնաժողովը։ Եթե կրոնական ազատության վրա այս բացահայտ հարձակումը հաջողի, այն կխախտի եկեղեցու առաքելական հաջորդականության հին ավանդույթը։ Վերջերս Փաշինյանը սկսել է մասնակցել կարգալույծ քահանայի կողմից մատուցվող պատարագներին։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Արշավը սրվել է։ Հոկտեմբերի 17-ին ձերբակալված հոգեւորականների փաստաբանը ձերբակալվել է Facebook-ում արված գրառման համար։ Հոկտեմբերի 25-ին անանուն աղբյուրից արտահոսել է արքեպիսկոպոսի ենթադրյալ սեռական հարաբերության տեսագրությունը։ Նոյեմբերի 3-ին ձերբակալվել են կաթողիկոսի եղբայրն ու զարմիկը։
Կոմունիստական Եվրոպայի պատմությունն ուսումնասիրողներին չեն զարմացնի այս մեթոդները. խրախուսել եկեղեցու ներքին պառակտումը, օգտագործել գաղտնալսումը՝ անձնական ձախողումները բացահայտելու համար, սպառնալ ընտանիքի անդամներին, փաստաբաններին եւ կողմնակիցներին՝ միաժամանակ ծափահարելով օտարերկրյա քրիստոնյա հյուրերին: Սա հալածանքների հին ձեռնարկից է։
Կառավարության եւ եկեղեցու միջեւ կոնֆլիկտի հիմքում Լեռնային Ղարաբաղն է: Փաշինյանը, որի օրոք կորսվեց հայկական հայրենիքի այս հինավուրց մասը, փորձում է խաղաղության համաձայնագրի հասնել Ադրբեջանի հետ: Ադրբեջանն, իր հերթին, պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղում իր կողմից իրականացված էթնիկ զտումները ընդունվեն որպես լուծված հարց: Փաշինյանը տեղի է տալիս այս պահանջին: Ղարաբաղի հայերի՝ իրենց տներ վերադառնալու մասին խոսակցությունները, ինչպես սեպտեմբերին ասաց Փաշինյանը, «վտանգում են» խաղաղության գործընթացը։
Մյուս կողմից, Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը կտրուկ քննադատել է Փաշինյանի արտաքին քաղաքականությունը եւ բարձրաձայն աջակցել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքին։
Թվում է, թե խաղաղության համաձայնագիրը եւ իր իշխանությունն ապահովելու համար (խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսին) Փաշինյանը արշավ է սկսել՝ հայկական քաղաքականության եւ հասարակության վրա եկեղեցու ազդեցությունը խաթարելու համար։
Խաղաքարտին շատ բան է դրված։ Հայ եկեղեցու հակառակորդները հաճախ մեղադրում են այն կոռուպցիայի մեջ, եւ նրանք անկասկած ճիշտ են. հայկական հաստատությունների մեծ մասը առնվազն մի քիչ կոռումպացված է, եւ այդպին է նաեւ աշխարհի եկեղեցիների մեծ մասը։ Սակայն Հայաստանում եկեղեցին երկրորդ ամենավստահելի հաստատությունն է՝ զինված ուժերից հետո, եւ շատ ավելի վստահելի, քան կառավարությունը։
Ավելի կարեւոր է, որ հայկական եկեղեցին եզակի ազգային հաստատություն է։ 1700 տարի շարունակ այն պահպանել է հայ ազգը պետականության բացակայության, օտարերկրյա նվաճումների եւ նույնիսկ ցեղասպանության ժամանակ։ Այն պատմական առաքելություն ունի պահպանելու հայ ժողովրդին որպես Ավետարանի լույս մի տարածաշրջանում, որտեղ այդ լույսերի մեծ մասը մարել է։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Եթե Փաշինյանին հաջողվի կոտրել եկեղեցին, նա կշահի՝ վերացնելով մրցակից ազդեցության կենտրոնը։ Սակայն նա կզրկի հայ հասարակությունը միավորող ուժից, անհատների եւ պետության միջեւ միջնորդական ինստիտուտից եւ աշխարհիկացման դեմ պատնեշից։ Հսկայական ողբերգություն կլինի, եթե ամերիկացի ավետարանչականներն ու կաթոլիկները, գիտակցաբար թե անգիտակցաբար, միանան այս եղբայրական եկեղեցին խաթարելու ջանքերին։
Արդյո՞ք սա նշանակում է, որ քրիստոնյա առաջնորդներն ու ակտիվիստները պետք է բոյկոտեին Հայաստանի Աղոթքի նախաճաշը։ Ամենեւին։ Հուսով եմ, որ այս միջոցառումը կամրապնդի ԱՄՆ-ում քրիստոնյաների աջակցությունը Հայաստանին։
Սակայն Փաշինյանը հստակորեն հույս ուներ, որ այս Աղոթքի նախաճաշը կօգնի ամերիկացի քրիստոնյաների աջակցությունը Հայաստանին ուղղորդել դեպի իրեն։ Քանի դեռ Փաշինյանը հետապնդում է Հայաստանի ազգային եկեղեցին, այս թակարդից պետք է խուսափել։
Մեր աջակցությունը պետք է կենտրոնանա նրանց վրա, ով դրա ամենամեծ կարիքն ունի. Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությունը եւ Հայաստանում բանտարկված քահանաներն ու աշխարհիկ մարդիկ։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: