Մոսկվայում պնդում են, որ Ադրբեջանը դառնում է ՆԱՏՕ-ի «մուրճը» Կովկասում - Mediamax.am

Նոյեմբեր 10, 2025
227 դիտում

Մոսկվայում պնդում են, որ Ադրբեջանը դառնում է ՆԱՏՕ-ի «մուրճը» Կովկասում



Ներկայացնում ենք ռուսաստանյան Vz.ru պարբերականում հրապարակված Азербайджан собрался стать «молотком» НАТО на Кавказе հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ադրբեջանական բանակը վերափոխվելու է ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների։ Այդ մասին հայտարարեց նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բաքվում ընդունելով Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակությանը։ Մասնագետները նշում են, որ սա երկարաժամկետ մարտահրավերներ է ստեղծում Ռուսաստանի ազգային անվտանգության համար։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում եւ ի՞նչ հետեւանքներ կունենա հենց Ադրբեջանի համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել էր ՆԱՏՕ-ի պատվիրակությանը, որի հետ քննարկել էր համագործակցության հեռանկարները։ Նա հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը համապատասխանեցվում են դաշինքի չափանիշներին, եւ այս առումով սերտ համագործակցություն է ընթանում թուրքական բանակի հետ։

Ալիեւի խոսքով՝ անցյալ դարի սկզբին անկախություն ձեռք բերելուց ի վեր Ադրբեջանը հասել է իր գլխավոր նպատակին՝ «ազատագրել է իր հողերը օկուպացիայից»։ Նա նաեւ նշել էր, որ հանրապետության զինված ուժերի արդիականացումը շարունակվելու է։ 

Հատկանշական է, որ դեռեւս օգոստոսին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը պետք է մշտապես պատրաստ լինեն պատերազմի, քանի որ «աշխարհում գործընթացները զարգանում են այնպես, որ անհնար է իմանալ, թե վաղն ինչ կլինի»։ Նա պնդել էր նաեւ, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը զգալիորեն հզորացրել է իր զորքը։

Նրա խոսքով՝ հատուկ նշանակության զինվորների թիվն ավելացել է հազարով, սպառազինությանը ավելացվել են ժամանակակից անօդաչու թռչող սարքեր եւ հրետանային համակարգեր, արդիականացվել են առկա մարտական ինքնաթիռները, կնքվել են պայմանագրեր նորերի գնման համար։


Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ սկսվել է 1994 թվականին, երբ երկիրը միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, որը թիրախավորում է Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրները։ Բաքուն եւ ՆԱՏՕ-ն ունեն նաեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր (Individual Partnership Action Plan), որը սահմանում է ռազմատեխնիկական համագործակցության մանրամասները։ Ծրագրի շրջանակներում Ադրբեջանի զինված ուժերը մասնակցում են դաշինքի զորավարժություններին։ 

2025 թվականի հունիսին դաշինքն անցկացրեց «Վճռական ուժ 2025» հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Դրա նպատակն էր կատարելագործել ռազմական որոշումների կայացման ընթացակարգերը եւ կատարելագործել ստորաբաժանումների հրամանատարական հմտությունները մարտականին մոտ պայմաններում։ Ավելի ուշ՝ օգոստոսին, Ադրբեջանի զինծառայողները միացան Agile Spirit զորավարժություններին որպես դիտորդներ։ Զորավարժությունները տեղի ունեցան միաժամանակ Վրաստանում եւ Թուրքիայում։ 

Այս իրադարձությունները զարգանում էին Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների նկատելի սառեցման ֆոնին։ Լարվածությունն աճեց Եկատերինբուրգում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալություններից հետո։ Ի պատասխան՝ Ադրբեջանի անվտանգության ուժերը գործողություն իրականացրին «Սպուտնիկ» լրատվական գործակալության տեղական գրասենյակի դեմ։ Որոշակի կայունացում տեղի ունեցավ հոկտեմբերի սկզբին Դուշանբեում Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո։ Սակայն փորձագետները նշում են, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է սիրախոսել Արեւմուտքի հետ։

«Հայաստանի հետ հակամարտությունում ադրբեջանական բանակը հաղթեց ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զենքով, զորամիավորումներով եւ մարտավարությամբ։ Հետեւաբար, Ալիեւը համոզված է, որ դա է հաջողության բանաձեւը։ Բաքուն կարող է վերանայել այս բանաձեւը երկու դեպքում՝ իշխանափոխությունից կամ ռազմական պարտությունից հետո», - պնդում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն։

Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի զինված ուժերում արդեն ներդրված են ՆԱՏՕ-ի բազմաթիվ չափանիշներ։ «Ադրբեջանական բանակը վերջին տասնամյակներին զարգացել է թուրքական բանակի հետ սերտ համագործակցությամբ, ուստի նրա բազմաթիվ մեթոդները՝ ռազմական կազմակերպման, քաղաքացիական-ռազմական հարաբերությունների եւ տեխնոլոգիաների առումով, ՆԱՏՕ-ական են: Սա հաշվի առնելով՝ Ալիեւի հայտարարությունը արտացոլում է առկա իրողությունները», - կարծում է Տկաչենկոն:

Զինվորական փորձագետ Յուրի Կնուտովի խոսքով՝ եթե նախկինում Ադրբեջանի զինված ուժերը որոշ չափով փոխառել էին խորհրդային մոտեցումը, այժմ իրենց մարտական ձեռնարկներն ու կառուցվածքները կփոխարինեն ՆԱՏՕ-ական մեթոդներով:

«Բաքուն, հավանաբար, կսկսի ավելի ակտիվորեն արեւմտյան զենք եւ ռազմական տեխնիկա գնել: Բացառված չէ, որ զինված ուժերն անցնեն ՆԱՏՕ-ի տիպի բրիգադների: Վերապատրաստման համակարգն էլ ի վերջո նման կլինի ՆԱՏՕ-ի երկրներում գործողին», - ենթադրում է նա: 

Այս առումով փորձագետը մեջբերել է Ուկրաինայի փորձը։ Նա ասում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կուրորեն պատճենել էին ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքը, բայց հակամարտության երրորդ տարվա վերջում ղեկավարությունը որոշեց բրիգադային կառուցվածքից անցում կատարել զորքերի կազմակերպման դիվիզիոն-կորպուսային կառուցվածքի: «Սա խոսում է այն մասին, որ խորհրդային համակարգն ավելի արդյունավետ էր», - ընդգծում է վերլուծաբանը: «Սակայն Ադրբեջանը մեծապես կախված է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։ Այլ կերպ ասած՝ Բաքուն ավելի հակված է հետեւելու Անկարային, քան Բրյուսելին։ Եվ այն, ինչ կանի թուրքական կողմը, կանեն ադրբեջանցիները՝ դաշինքի չափանիշների քողի տակ։ Ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերը թուրքական բանակի կցորդ կդառնան», - ավելացնում է Կնուտովը։ 

Անկախ ամեն ինչից՝ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության աճը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, ընդգծում են «Ռազմական քրոնիկոն» տելեգրամյան ալիքի հեղինակները։ «Տարածաշրջանը, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի շահերի գոտում, արագորեն վերածվում է դաշինքի հենադաշտի», - նշում են նրանք։


«Համատեղ օպերատիվ պլանավորումը եւ Բաքվում մասնագիտացված վարժանքները նպատակ ունեն ոչ միայն հզորացնել ադրբեջանական բանակը, այլեւ վերահսկել Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ հաղորդակցությունը եւ սահմանափակել Մոսկվայի ռազմավարական մանեւրի հնարավորությունը։ Ադրբեջանի գործողությունները ակնհայտորեն դուրս են մղում ռուսական ազդեցությունը եւ մշտական սպառնալիք ստեղծում Ռուսաստանի հարավային սահմանների երկայնքով», - կարծում են վերլուծաբանները։

Ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի կարծիքով՝ Ալիեւը որոշ առումով գնում է իր ուկրաինացի գործընկերների՝ Պետրո Պորոշենկոյի եւ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ «Բացառված չէ, որ մոտ ապագայում Ադրբեջանը կխնդրի իրեն ՆԱՏՕ ընդունել», - ասում է նա եւ հավելում, որ նման քայլը որոշակի ռիսկեր է ստեղծում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար։

«Եթե ՆԱՏՕ-ն հայտնվի Հարավային Կովկասում, նախ, Կասպից ծովն այլեւս «խաղաղության ծով» չի լինի։ Երկրորդը, էթնիկ, մշակութային եւ գաղափարախոսական առումով բավականին բարդ տարածաշրջանում կտրուկ կաճեն սպառնալիքները, այդ թվում՝ ահաբեկչական եւ ռազմական։ Այդ պատճառով Բաքվի գործողությունները Մոսկվայից համապատասխան արձագանք են պահանջում», - ընդգծում է Սիվկովը։

Այնուամենայնիվ, ըստ Տկաչենկոյի, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու որեւէ հեռանկար գրեթե չունի՝ նույնիսկ թուրքական մոդելով։ «Անկարայի անդամակցությունը որոշ առումով համարվում է թերի. չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի երկրորդ ամենամեծ բանակը, դաշինքի շրջանակներում քննարկվող եւ իրականացվող նախագծերի մեծ մասում այն մնում է արտաքին խաղացող։ Բացի դրանից, թուրքերը ռուսական զենք են գնում, օրինակ՝ հակահրթիռային համակարգեր, ինչպես նաեւ կառուցում են հինգերորդ սերնդի սեփական ինքնաթիռներն ու նավերը», - մանրամասնում է քաղաքագետը։

«Մենք տեսնում ենք, որ դաշինքը փորձում է Բաքվին կարճ պարանի վրա պահել։ Ավելին, մինչեւ վերջերս Արեւմուտքը քննադատում էր Ալիեւին եւ նրան համարում ոչ լեգիտիմ անձնիշխան, որը կեղծում է ընտրությունները», - հիշեցնուն է Տկաչենկոն: Նրա կարծիքով՝ թե՛ Ջո Բայդենի, թե՛ հատկապես Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնը կցանկանար Անդրկովկասյան հանրապետությունը տեսնել որպես «ստորադաս, կրտսեր դաշնակից»: 

Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամներին, նրանց վերաբերմունքը Բաքվի նկատմամբ կարող է որոշ չափով բացասական լինել, քանի որ Ալիեւը, Թուրքիայից բացի, սերտ կապեր ունի նաեւ Իսրայելի հետ: «Ինչեւէ, Արեւմուտքի շահերը Կովկասում բացարձակապես չեն համընկնում Ադրբեջանի շահերի հետ: ՆԱՏՕ-ի անդամները Բաքուն դիտարկում են որպես Իրանի եւ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարթակ, հնարավոր է՝ հետեւելով ուկրաինական մոդելին», - ընդգծում է քաղաքագետը:

«Այլ կերպ ասած՝ ռազմական դաշինքի համար Ադրբեջանը գործիք է, մուրճ, որը նրանք ցանկանում են թափահարել եւ հարվածել բոլոր ուղղություններով: Եթե Ալիեւը սա չի հասկանում, ապա հարց է առաջանում. որտե՞ղ են տասնամյակներ շարունակ նրան վերագրվող հատուկ դիվանագիտական տաղանդները», - եզրափակում է Տկաչենկոն:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին