«Վաշինգտոնը պետք է ապահովի Փաշինյանի քաղաքական գոյատեւումը» - Mediamax.am

Հոկտեմբեր 27, 2025
161 դիտում

«Վաշինգտոնը պետք է ապահովի Փաշինյանի քաղաքական գոյատեւումը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք National Interest պարբերականի կայքում հրապարակված Մերձավոր Արեւելքի ճշմարտության հիմնադրամի (Endowment for Middle East Truth) հետազոտությունների տնօրեն Ջոզեֆ Իփստայնի The Price of Peace in the Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ջոզեֆ Իփստայն

Չնայած ներքին կոշտ քննադատություններին, Հայաստանի վարչապետը ջանասիրաբար աշխատել է Կովկասում խաղաղության եւ ինտեգրման հասնելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյատեւումը իսկապես աննախադեպ կարելի է համարել։ 2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության գալուց ի վեր, բազմաչարչար վարչապետը հաղթահարել է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի հետեւանքները, Կրեմլի կողմից սատարվող Հայ Առաքելական եկեղեցու բացահայտ թշնամանքը եւ ենթադրյալ հեղաշրջման փորձերը։ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ձգտումը, ինչպես նաեւ Արեւմուտքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ուղղությամբ վարած քաղաքականության արդյունքում Փաշինյանը հզոր թշնամիներ է ձեռք բերել՝ Ռուսաստանի կառավարությունից մինչեւ սփյուռքում գործող կազմակերպություններ եւ Հայաստանի նախկին ղեկավարներ։

Հորիզոնում նշմարվող վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների պայմաններում խաղադրույքները չափազանց բարձր են։ Եթե Փաշինյանը պահպանի իր դիրքերը, նա կարող է Հայաստանը տանել դեպի երկար սպասված խաղաղության դարաշրջան, հակառակ դեպքում երկիրը կարող է վերադառնալ Մոսկվայի ուղեծիր, ինչպես եղավ հարեւան Վրաստանի դեպքում, եւ Հարավային Կովկասում հակամարտությունը կարող է վերսկսվել։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր գնահատեց Փաշինյանի քաջությունը։ Շուրջ 30 տարի տեւած Ղարաբաղի դաժան հակամարտությունից հետո Ադրբեջանի հետ խաղաղության հասնելը, հատկապես Բաքվի հաղթանակից հետո, քաղաքականապես դժվար էր։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է ապահովել այդ խաղաղությունը, ապա պետք է ապահովի նաեւ Փաշինյանի քաղաքական գոյատեւումը։ Չնայած նա շարունակում է մնալ Հայաստանի ամենահայտնի քաղաքական գործիչը, նրա վարկանիշն այժմ ընդամենը 17% է կազմում, ինչը արտացոլում է հասարակության լայնածավալ հիասթափությունն ու անտարբերությունը։

Միացյալ Նահանգները կարող է օգնել Փաշինյանին ապացուցել, որ իր քաղաքականությունը շոշափելի օգուտներ է բերում: Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության եւ արագ զարգացող արհեստական բանականության ոլորտում ռազմավարական ներդրումները կարող են խթանել տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր եւ ամրապնդել Հայաստանի դերը որպես հիմնական տարանցիկ հանգույց: Վաշինգտոնը պետք է նաեւ դիմադրի լավ ֆինանսավորվում ունեցող սփյուռքի խմբերի ճնշմանը, ինչպիսին է, օրինակ, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA), որոնք դեմ են խաղաղությանը։

Հուսադրող է, որ Հայաստանը սկսում է տեսնել խաղաղության ջանքերի առաջին շոշափելի արդյունքները։ Ադրբեջանը վերջերս հայտարարեց, որ կթույլատրի ապրանքների տարանցումը դեպի Հայաստան, եւ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը շուտով կանցնի Ադրբեջանի տարածքով։ Սա համեստ, բայց խորհրդանշական առումով կարեւոր քայլ է դեպի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա։

Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց ուղիղ կապված է ԱՄՆ շահերի հետ: Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող Արեւելյան Ասիայից դեպի Եվրոպա տանող Միջին միջանցքը, որը կարեւոր ցամաքային առեւտրային ուղի է, ներկայում անցնում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջով: Սակայն, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնորոշումը դեպի Մոսկվա կասկածի տակ է դնում այդ երկրի հուսալիությունը: Հայաստանը կարող է դառնալ կարեւորագույն այլընտրանք:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Փաշինյանը կանխատեսում էր սա, երբ 2023 թվականի հոկտեմբերին մեկնարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Հայաստանը պատկերացնելով որպես տարածաշրջանային կապող օղակ՝ երկաթուղիների, մայրուղիների, խողովակաշարերի եւ էլեկտրահաղորդման գծերի վերականգնման միջոցով: Տասնամյակներ շարունակ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը պայմանավորված էր նրանով, որ ղարաբաղյան հակամարտության պատճառով փակ էին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները: Այժմ, երբ խաղաղության համաձայնագրի շնորհիվ այդ սահմանները կարող են մոտ ապագայում վերաբացվել, Հայաստանն ունի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կարեւորագույն տարանցիկ հանգույց դառնալու եզակի հնարավորություն, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանի, Իրանի եւ Կարմիր ծովի միջով անցնող ուղիները համաշխարհային հակամարտությունների պատճառով ոչ այնքան կայուն են դառնում:

Սակայն քիչ հավանական է, որ Մոսկվան մի կողմ կքաշվի։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ հայտարարեց, որ «Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում Հարավային Կովկասից, այլեւ չի թուլացնում իր ուշադրությունը ո՛չ տարածաշրջանում տիրող իրավիճակի, ո՛չ Հայաստանի հետ՝ որպես եղբայրական եւ դաշնակից երկրի, հարաբերությունների նկատմամբ», եւ որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան «Հայաստանի անվտանգության ամենակարեւոր սատարող կառույցն է»։ Ռուսաստանը վաղուց Հայաստանը համարում է իր տիրույթի մաս, եւ Կրեմլը առանց դիմադրության դրանից չի հրաժարվի։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականները բացահայտ քարոզարշավ են իրականացնում Փաշինյանի կառավարության տապալման ուղղությամբ: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով Ռուսաստանի հետ Հայաստանի ինտեգրման կողմնակից է, դարձել է Փաշինյանի ամենակոշտ քննադատներից մեկը՝ կանգնելով եկեղեցու եւ Կարապետյանի կողքին: Կրեմլի քարոզիչներ Մարգարիտա Սիմոնյանը եւ Վլադիմիր Սոլովյովը Փաշինյանին բացահայտ կոչ են անում հեռանալ, իսկ Ռուսաստանին՝ պաշտպանել Կարապետյանին:

Փաշինյանի թուլացած քաղաքական հենարանը սրում է սպառնալիքը։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել 2018 թվականի էյֆորիայից հետո, երբ նա վայելում էր բնակչության 82%-ի աջակցությունը։ 2020թ. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը շրջադարձային պահ էր. Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մեծ մասի վերանվաճումը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ, որոնց ժամանակ ցուցարարները Փաշինյանին «դավաճան» էին անվանում։ 2023թ. Ադրբեջանի կողմից մնացած հայկական տարածքների գրավումը հանգեցրեց Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթի, ինչը եւս մեկ ծանր հարված հասցրեց Փաշինյանին։ Անցած տարի եկեղեցին դուրս եկավ նրա դեմ, ինչը Երեւանում մեծածավալ ցույցերի պատճառ դարձավ։ 

Սակայն միայն Փաշինյանի վարկանիշը չէ, որ տուժում է։ Ռուսաստանը, որը ժամանակին համարվում էր Հայաստանի անփոխարինելի դաշնակիցը, հանրային վստահության կտրուկ անկում է ապրել։ 2019թ. հայերի 93% Երեւան-Մոսկվա հարաբերությունների վիճակը գնահատել է որպես «լավ»։ 2024թ. սեպտեմբերին այդ ցուցանիշը նվազել էր մինչեւ 35%՝ շատերը համարում են, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Ռուսամետ քաղաքական գործիչները ավելի վատ վիճակում են. Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն այժմ կազմում է ընդամենը 2%։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ռուսաստանի դիրքերը կարող են թուլացած լինել, բայց նա դեռ խաղի մեջ է։ Եթե Մոսկվան հաջողության հասնի Փաշինյանի հեռացման գործում, նա, հավանաբար, կօգտագործի հայերի դժգոհությունն ու ազգայնականությունը Ադրբեջանի հետ հակամարտությունը վերսկսելու համար։ Ստեղծված անկայունությունը Ռուսաստանը կօգտագործի երկու կողմերին միմյանց դեմ հանելու եւ նրանց ռուսական ազդեցությունից կախված պահելու համար, ինչպես ժամանակին արեց Ղարաբաղում։

Վաշինգտոնի համար Փաշինյանի հաջողությանը նպաստելը պարզապես մեկ առաջնորդի գոյատեւման հարց չէ՝ այն կարող է ապացուցել, որ խաղաղությունն ու ինքնիշխանությունը կարող են գոյակցել հետխորհրդային տարածքում։ Հայաստանի ապագան, եւ, հնարավոր է, Հարավային Կովկասի կայունությունը, կախված են դրանից։

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին