Ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանն արժանացել է Գերմանիայի բարձրագույն պարգեւին - Mediamax.am

Հոկտեմբեր 23, 2025
393 դիտում

Ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանն արժանացել է Գերմանիայի բարձրագույն պարգեւին


Թեսսա Հոֆմանը
Թեսսա Հոֆմանը

Լուսանկարը` STP

Լուսանկարը` Lili Nahapetian

Լուսանկարը` Lili Nahapetian


Ներկայացնում ենք Azbarez.com կայքում հրապարակված Dr. Tessa Hofmann, Armenian Genocide Scholar, Receives Germany’s Highest Honor հոդվածի հայերեն թարգմանությունը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եռանդուն պաշտպան եւ նվիրյալ ցեղասպանագետ դոկտոր Թեսսա Հոֆմանը պարգեւատրվել է Գերմանիայի բարձրագույն պարգեւով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանով։

Պարգեւատրելու մասին հրամանը ս.թ. հունիսին ստորագրել էր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Հոֆմանը հայտնի է Օսմանյան կայսրությունում հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման խթանման գործում ունեցած իր առաջատար դերի համար։ 

Լուսանկարը` Lili Nahapetian


2025թ. հունիսին Հոֆմանին տեղեկացնելով պարգեւի մասին՝ Բեռլինի քաղաքապետի արարողակարգի ղեկավար Գեորգ Կլուսմանը գովասանքի խոսքեր էր հղել գիտնականին՝ արդարադատության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում իր նվիրման համար։

Հոֆմանին շնորհավորել է Գերմանիայում գործող «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության միությունը»-ը (STP)։

«Մենք չափազանց ուրախ ենք այս արժանի պատվի համար», - ասել է միության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Սառա Ռեյնկեն։ «Իր գիտական փորձի եւ անխոնջ նվիրման շնորհիվ Թեսսա Հոֆմանը նշանակալի ներդրում է ունեցել Գերմանիայում Հայոց ցեղասպանության լուսաբանման եւ ճանաչման գործում»։

Տասնամյակներ շարունակ դոկտոր Հոֆմանը նվիրված է եղել ցեղասպանությունների, մասնավորապես՝ Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների/արամեացիների եւ ուղղափառ հույների ցեղասպանության ուսումնասիրմանը եւ դրանց մասին իրազեկվածության բարձրացմանը։

Լուսանկարը` Lili Nahapetian


Որպես «Ճանաչում աշխատանքային խումբ` ընդդեմ Ցեղասպանության, հանուն միջազգային փոխըմբռնման» հասարակական կազմակերպության հիմնադիր՝ Թեսսա Հոֆմանը կարեւոր դեր է խաղացել Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2016 թվականին ցեղասպանության ճանաչման գործում։

Երբ Ադրբեջանը 2022 թվականին սկսեց Արցախի շրջափակումը, որը տեւեց 9 ամիս, դոկտոր Հոֆմանը առաջիններից էր, ով խոսեց ցեղասպանության վտանգի մասին։ 

Հոֆմանի «Հայոց ցեղասպանությունը դատարանում» (1980) եւ «Լռության հանցագործությունը» (1985) գրքերը մինչ օրս որպես չափանիշ են ընդունվում ցեղասպանագիտության ոլորտում: Թեսսա Հոֆմանը նաեւ առաջատար դեր է խաղացել Բեռլինում Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված քրիստոնյաների հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման գործում, որը առաջինն էր Գերմանիայում։ 

«Թեսսա Հոֆմանը ոչ միայն գիտնական է, նա նաեւ կամուրջներ է կառուցում», - ասում է Սառա Ռեյնկեն: «Նա կապեր է հաստատում ակադեմիական աշխարհի եւ քաղաքացիական հասարակության, սփյուռքի եւ քաղաքական համայնքի միջեւ՝ իր աշխատանքում միշտ մնալով մարդկային, հարգալից եւ անզիջում»:

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին