«Թրամփը պետք է այցելի Հայաստան եւ Ադրբեջան» - Mediamax.am

Հոկտեմբեր 15, 2025
9 դիտում

«Թրամփը պետք է այցելի Հայաստան եւ Ադրբեջան»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` Azertac


Ներկայացնում ենք ամերիկյան Հադսոնի հետազոտական կենտրոնի կայքում հրապարակված Next Steps for Armenia-Azerbaijan Peace հոդվածի երկրորդ մասի հայերեն թարգմանությունը: Դրանում հեղինակը հանդես է գալիս մի շարք առաջարկություններով: 

Հոդվածի հեղինակ Լյուք Քոֆին Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատողն է, 2015-2022 թվականներին եղել է Heritage Foundation-ի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն: 

Լյուք Քոֆին հանդիսացել է նաեւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսի հատուկ ավագ խորհրդական՝ դառնալով առաջին օտարերկրյա քաղաքացին, որը նշանակվել էր նման պաշտոնում վարչապետի կողմից: Քոֆին, մասնավորապես, մասնակցել է բրիտանական պաշտպանական քաղաքականության ձեւավորմանը տրանսատլանտյան անվտանգության, ՆԱՏՕ-ին, Մերձավոր Արեւելքին եւ Աֆղանստանին վերաբերող հարցերում:

Կարդացեք նաեւ Առանց Թրամփին ներգրավված պահելու գործը կարող է անավարտ մնալ:
 
Լյուք Քոֆի 

Նախագահ Թրամփի հարավկովկասյան դիվանագիտական նախաձեռնությունը նոր հնարավորություն է բացում Վաշինգտոնի համար՝ ավելի ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանում: Հաշվի առնելով ԱՄՆ-ի առջեւ ծառացած բազմաթիվ աշխարհաքաղաքական մարտահրավերները, այդ թվում՝ ռազմատենչ Ռուսաստանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների տարածումը, ուժեղացող Չինաստանը եւ ավելի ու ավելի ագրեսիվ Իրանը՝ Վաշինգտոնի համար իմաստ ունի ակտիվանալ Եվրասիայում: ԱՄՆ-ն պետք է ձգտի թուլացնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում՝ միաժամանակ խթանելով քաղաքական կայունությունը, տնտեսական բարգավաճումը, ազգային ինքնիշխանությունը եւ անվտանգությունը: Դա անելու համար պետք է ձեռնարկել հետեւյալ քայլերը.

Զարգացնել Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրերի ստորագրմամբ ձեռք բերված առաջընթացը: 

Ադրբեջան 

Կենտրոնանալ ծովային անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության վրա: Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն անվտանգության, հետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում 9/11-ից ի վեր, թեեւ երբեմն Վաշինգտոնի որոշ լոբբիստական եւ ճնշման խմբեր դժվարացրել են համագործակցությունն ու գործելակերպը: 

Լուսանկարը` Azertac


Կասպից ծովում ամենամեծ բացթողումներից մեկը ծովային ոլորտի իրազեկվածությունն է, ուստի ԱՄՆ-ն պետք է տրամադրի ափամերձ ռադարային կայաններ, ռադարներ նավերի համար եւ կապի սարքավորումներ՝ բարելավելու հրամանատարությունն ու վերահսկողությունը: Վաշինգտոնը պետք է Ադրբեջանի ռազմածովային ուժերին տրամադրի նաեւ վերապատրաստման հնարավորություններ, սպաների փոխանակումներ եւ սարքավորումների արդիականացում։

Հայաստան 

Այնպիսի քաղաքականություն վարել, որը Հայաստանը կմոտեցնի եվրաատլանտյան համայնքին՝ միաժամանակ իրատես մնալով Ռուսաստանի ազդեցության հարցում: Հայաստանը պետք է խորացնի կապերը ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ, բայց Մոսկվան դեռեւս զգալի լծակներ ունի: Ռուսաստանը պահպանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիում, ավիաբազան Երեւանի մոտ եւ սահմանապահներին Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանների երկայնքով: Թեեւ Մոսկվայի հետ հարաբերությունները վատացել են 2020 թվականի պատերազմից հետո, Ռուսաստանը պահպանում է ազդեցությունը Հայաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության վրա: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Քաղաքականություն մշակողները չպետք է որեւէ հանկարծակի տեղաշարժ ակնկալեն Հայաստանի կողմնորոշման մեջ, այլ երկարաժամկետ եւ ռազմավարական մոտեցում ցուցաբերեն։

Արագ առաջընթաց գրանցել TRIPP-ի հարցում 

Քանի որ այս տարանցիկ երթուղին կրում է Թրամփի անունը, նախագահը պետք է անմիջական դեր ստանձնի նախագծի ավարտը եւ հաջողությունն ապահովելու գործում: Հարցեր են մնում, թե որ միջազգային բիզնեսները երթուղին շահագործող եւ կառավարող կոնսորցիումի մաս կկազմեն եւ ինչպես է իրականացվելու ֆինանսավորումը։ Եթե այս հարցերի լուծումը դժվարանա, ԱՄՆ քաղաքականության մշակողները կարող են կորցնել հետաքրքրությունը նախագծի նկատմամբ, ինչը զգալի ուշացումների կհանգեցնի։ Քանի որ Ադրբեջանը համաձայնել է խաղաղության Հայաստանի հետ՝ նման տարանցիկ երթուղու ստեղծման նախապայմանով, անավարտ նախագիծը կխոչընդոտի խաղաղության համաձայնագրի վավերացմանը։

Առաջ մղել Կասպից ծովի միջով անցնող բնական գազի խողովակաշարի շինարարությունը 

Ինչպես Քլինթոնի վարչակազմը 1990-ականներին դիվանագիտական եւ քաղաքական աջակցություն ցուցաբերեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, այնպես էլ Թրամփի վարչակազմը պետք է ջանքեր գործադրի` համագործակցելու Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ Կասպից ծովի միջով անցնող գազամուղի կառուցման համար, որը կարող է Թուրքմենստանի բնական գազի հսկա պաշարները կապել եվրոպական շուկաներին: Կարճաժամկետ հեռանկարում դա կարելի է իրականացնել Կասպից ծովում միմյանցից ընդամենը 60 մղոն հեռավորության վրա գտնվող թուրքմենական եւ ադրբեջանական գազային հանքավայրերը կապող խողովակաշարի օգնությամբ: Այն կամրապնդի վստահությունը երկու կողմերի միջեւ  եւ կամրագրի հայեցակարգը, որն ի վերջո կարող է հանգեցնել Կասպից ծովի տակ լիովին զարգացած գազամուղի կառուցմանը:

Առավել սերտ հարաբերություններ ԹՊԿ-ի հետ 

Եվրասիայում մեծանում է թյուրքական ազդեցությունը եւ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹԿՊ) աշխարհաքաղաքական նշանակությունն ու կարեւորությունը առաջիկա տարիներին միայն կաճի, հատկապես որ ռուսական ազդեցությունը նվազում է, իսկ Չինաստանն ավելի շատ կենտրոնանում է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: ԱՄՆ-ն պետք է սկսի ԹՊԿ-ի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ կառուցել, ինչպես դա անում է աշխարհի այլ տարածաշրջանային եւ քաղաքական կազմակերպությունների եւ դաշինքների հետ: Որպես սկիզբ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետք է հանդիպի ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ պաշտոնական երկխոսություն սկսելու համար:

Մշակել Կենտրոնական Ասիայի ռազմավարություն, որն ավելի արդյունավետ կկապի տարածաշրջանը Հարավային Կովկասի նոր տարանցիկ երթուղիների հետ 

Անցել է ավելի քան կես տասնամյակ, երբ ԱՄՆ-ն մշակեց Կենտրոնական Ասիայի ռազմավարությունը։ Վաղուց պետք էր մշակել տարածաշրջանի նկատմամբ նոր մոտեցում, որը հաշվի կառնի Կենտրոնական Ասիայի նոր աշխարհաքաղաքական իրողությունները։ Կենտրոնական Ասիայի նոր ռազմավարության կենտրոնում պետք է լինի հաղորդակցությունը։ Այն պետք է ուսումնասիրի Հարավային Կովկասում վերջերս իրականացված տրանսպորտային եւ էներգետիկ նախաձեռնությունները (օրինակ՝ Հարավային գազային միջանցքը եւ գուցե TRIPP-ը) եւ ինչպես դրանք կարող են լավագույնս կապվել Կենտրոնական Ասիայի հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունը ընդլայնելու համար։

Քաղաքական եւ առեւտրային աջակցություն նոր տարանցիկ կապերի համար 

ԱՄՆ-ն պետք է աջակցի նոր տարանցիկ ուղիների ստեղծմանը, որոնք կկապեն Հայաստանը մնացած տարածաշրջանին եւ կխթանեն Հայաստան-Ադրբեջան համատեղ ենթակառուցվածքային նախագծերը, մասնավորապես՝ այնպիսիք, որոնք կարող են վստահություն ձեւավորել։ Հարավային Կովկասում ավելի քան երեք տասնամյակ տեւած հակամարտության պատճառով Հայաստանը բաց է թողել տարածաշրջանային էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքային բազմաթիվ կարեւոր նախագծեր։ Վաշինգտոնը պետք է աջակցի նոր նախագծերին, որոնք կկապեն Հայաստանը հարեւանների հետ եւ կօգնեն ինտեգրվել տարածաշրջանին։ Եթե իրական խաղաղություն հաստատվի եւ կառուցվի տրանսկասպյան խողովակաշարը, տարածաշրջանի կառավարությունները կարող են աշխատել Թուրքմենստան-Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա գազատար ստեղծելու ուղղությամբ։ Այն չի մրցակցի Հարավային գազային միջանցքի հետ, որն այժմ ծառայում է որպես տարածաշրջանի հիմնական խողովակաշար եւ գազ է մատակարարում Եվրոպա՝ շրջանցելով Հայաստանը։ Դրա փոխարեն նման հավակնոտ նախագիծը կօգնի տարածաշրջանի ինտեգրմանը, վստահություն կստեղծի նախկին թշնամիների միջեւ եւ կօգնի Հայաստանին էներգետիկ հարցերում։ 

Չնայած տարածաշրջանը, հավանաբար, դեռ հեռու է նման նախագծի համար անհրաժեշտ դիվանագիտական պայմաններից, ԱՄՆ-ն պետք է սկսի քննարկել, թե ինչ է հնարավոր։

Ընդլայնել ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը տարածաշրջանում 

Բարձր մակարդակի այցելություններից բացի Միացյալ Նահանգները պետք է քննարկեն տարածաշրջանի մի քանի ռազմավարական վայրերում ներկայություն (գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսական գործակալություն կամ այլ մշտական կետ) հիմնելու հարցը.

Գյանջայում՝ Ադրբեջանի երկրի երկրորդ ամենամեծ քաղաքում, որը ռազմավարական առումով գտնվում է Եվրասիական մայրցամաքի ամենակարեւոր առեւտրային խաչմերուկներից մեկի վրա։

Կապանում, որը Հայաստանի Սյունիքի մարզում է եւ TRIPP-ի մոտ։ Թեհրանը վերջերս այնտեղ հյուպատոսություն է բացել՝ գիտակցելով, որ հարավային Հայաստանը կդառնա տարածաշրջանային տրանսպորտային կապերի կիզակետ։

Ընդլայնել ԱՄՆ քաղաքական ներկայությունը տարածաշրջանում 

Նախագահ Թրամփը պետք է այցելի Հայաստան եւ Ադրբեջան ու դառնա ԱՄՆ առաջին գործող նախագահը, որը կանի դա։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրասիայում ԱՄՆ բարձր մակարդակի ներգրավվածության պակաս է եղել։ ԱՄՆ ոչ մի գործող նախագահ չի այցելել Հայաստան, Ադրբեջան կամ Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետություններից որեւէ մեկը։ Բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները նույնպես հազվադեպ են եղել։ Պետքարտուղարներ Ջոն Քերին, Մայք Պոմպեոն եւ Էնթոնի Բլինքենը միայն մեկ անգամ են այցելել Կենտրոնական Ասիա։ Վերջին պետքարտուղարը, որն այցելել է Հայաստան կամ Ադրբեջան, Հիլարի Քլինթոնն էր 2012 թվականին, իսկ Դոնալդ Ռամսֆելդը՝ վերջին պաշտպանության նախարարը, որը 2006-ին այցելել էր Կենտրոնական Ասիա։ 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Վերջին պաշտպանության նախարարը, որը այցելել է Ադրբեջան, Բոբ Գեյթսն էր 2010 թվականին, եւ ոչ մի պաշտպանության նախարար չի այցելել Հայաստան Դոնալդ Ռամսֆելդի 2001 թվականի այցից հետո։ Տարածաշրջանը վաղուց սպասում է ԱՄՆ բարձր մակարդակի այցելությանը, որը կօգնի ապահովել նախագահ Թրամփի խաղաղության ծրագրի իրականացումը։

Խթանել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը 

Երբ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես վավերացնեն խաղաղության համաձայնագիրը, եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները կկարգավորվեն, Թուրքիային պետք է խրախուսել հետամուտ լինել Հայաստանի հետ կարգավորմանը։ Սահմանների վերաբացումը եւ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կբարելավեն Հարավային Կովկասի տարանցիկ եւ տնտեսական կենսունակությունը եւ պայմաններ կստեղծեն տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Նախագահ Թրամփը շահեկան դիրքում է՝ երկու կողմերի հետ կուլիսների հետեւում աշխատելու համար, որպեսզի այդ կարգավորումը մի օր տեղի ունենա։

Կարդացեք նաեւ Առանց Թրամփին ներգրավված պահելու գործը կարող է անավարտ մնալ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին