Ներկայացնում ենք Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, վերլուծաբան Թոմաս դե Վաալի An Unlikely Road to Peace in the South Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:
Թոմաս դե Վաալ
Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին, ինչը Թրամփն ազդարարեց որպես «խաղաղության պատմական գագաթնաժողով»։ Ինչպես Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հրադադար միջնորդելու անհաջող ջանքերը, սա կարող էր անհամեստ գերհաշվարկ թվալ։ Ի վերջո ավելի քան 30 տարի Հարավային Կովկասի երկու երկրները անհաշտ հակառակորդներ էին։ Նրանք երկու պատերազմ են մղել, բնակչությունն ընկղմված է հակադիր պատմական պատումների մեջ։ Ընդամենը երկու տարի առաջ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ավելի քան 100,000 էթնիկ հայերի ստիպելով փախչել։
Սակայն այս դեպքում թե՛ հաջողության, թե՛ հմտության շնորհիվ Թրամփը նշանակալի բան իրականացրեց։ Երկրների միջեւ ամիսներ տեւած երկկողմ բանակցություններից հետո հասունանում էր խաղաղության նախնական համաձայնագրի կնքման պահը։ Կարեւոր է նշել, որ երկու կողմերն էլ չէին ցանկանում, որ Ռուսաստանը՝ ավանդական տարածաշրջանային գերիշխանը, հանդես գար որպես համաձայնագրի երաշխավոր, ինչը հատկապես գրավիչ դարձրեց Թրամփի՝ խաղաղության գագաթնաժողով անցկացնելու առաջարկը։ Եթե պատրաստվում եք խախտել նախագահ Վլադիմիր Պուտինին տված խոստումները, ապա Օվալաձեւ գրասենյակը դա անելու համար հարմար տեղն է։
Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեցին կարճ, բայց իմաստալից հայտարարություն՝ համաձայնելով խուսափել հետագա հակամարտությունից։ Նրանք նախաստորագրեցին 17 կետից բաղկացած տեքստ, որը դիտորդները անվանում են «խաղաղության համաձայնագիր», եւ որը կարգավորում է դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունները տարիների հակամարտությունից հետո։ Նրանք հաստատեցին նաեւ նոր ճանապարհային եւ երկաթուղային կապի ծրագիրը, որը կապում է Ադրբեջանը Նախիջեւանի ՝ Հայաստանին, Իրանին եւ Թուրքիային սահմանակից ադրբեջանական էքսկլավի հետ։ Հայաստանը իր տարածքով անցնող այս 27 մղոնանոց տրանսպորտային միջանցքի կառուցման իրավունքը տալու է ամերիկյան ընկերությանը, բայց պահպանելու է անցուղու ինքնիշխան վերահսկողությունը, որը կանվանվի «Թրամփի խաղաղության եւ բարգավաճման միջազգային երթուղի»՝ TRIPP, եւ Ադրբեջանին կտրվի «անարգել մուտք» դեպի Նախիջեւան։ Հատկանշական է, որ TRIPP ծրագիրը փոխարինում է Ալիեւի, Փաշինյանի եւ Պուտինի միջեւ 2020 թվականի համաձայնագիրը, որն այդ երթուղու վերահսկողությունը տրամադրելու էր Ռուսաստանին։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Թե՛ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում, թե՛ նրա հայ գործընկերը Երեւանում տարբեր պատճառներով ցանկանում են ազատվել Մոսկվայի ճիրաններից։ Իր հերթին Թրամփի վարչակազմը ցանկանում է հովանավորել գործարքը՝ մասամբ ԱՄՆ-ի համար հնարավոր առեւտրային օգուտի, բայց ավելի շատ՝ այն պատճառով, որ երկարատեւ խաղաղության համաձայնագիրը կամրապնդի Թրամփի՝ համաշխարհային խաղաղարար լինելու հավակնությունը։ Սակայն օգոստոսին Սպիտակ տանը ձեռք բերված խաղաղության շրջանակը դեռեւս փխրուն է։ Այն կհաջողի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն իրականացնի TRIPP-ը եւ օգնի վերաբացել հակամարտության պատճառով փակված այլ երթուղիները։ Դրա համար ԱՄՆ-ն պետք է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համագործակցելով՝ ֆինանսավորի եւ կառուցի Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային շղթայի այլ ուղիներ երեք երկրներում, ինչը TRIPP-ը կդարձնի միջազգային մայրուղի, ոչ թե պարզապես տեղային նախագիծ։
Միացյալ Նահանգները պետք է նաեւ սերտորեն համագործակցեն Եվրամիության հետ, որը Հարավային Կովկասում շատ ավելի մեծ քաղաքական ու ֆինանսական ներդրումներ է կատարում, քան Վաշինգտոնը։ Եվրոպայի աջակցությունը կարեւորագույն դեր կխաղա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման գործում: Մոսկվան, բնականաբար, կցանկանար, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Բաքու-Երեւան մերձեցումը ձախողվի: Սակայն եթե Վաշինգտոնը եւ նրա եվրոպացի գործընկերները շարունակեն ներգրավված մնալ բարդ տարանցիկ համաձայնագրի իրականացման գործում եւ հաղթահարեն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կստեղծեն ներքին եւ արտաքին գործիչները, Հարավային Կովկասը կարող է վերջապես դուրս գալ հակամարտության ցիկլից, որը տասնամյակներ շարունակ խոչընդոտել է նրա զարգացումը:
Դեպի Արեւմուտք
Սպիտակ տանը ուրվագծված գործարքը ընդգծում է, որ Ադրբեջանն ի հայտ է եկել որպես Հարավային Կովկասի գերիշխող խաղացող։ Այս նոր իրականությունն առաջին անգամ սկսեց ձեւավորվել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, որը տեղի ունեցավ 2020 թվականին եւ 44 օր տեւեց։ Տարիների դիվանագիտական փակուղուց հետո Ադրբեջանը այդ տարի վերսկսեց իր պայքարը Հայաստանի դեմ եւ կարողացավ վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շրջակա բոլոր տարածքները, որոնք կորցրել էր 1990-ականներին։ Երբ Մոսկվան միջնորդեց 2020-ի պատերազմի հրադադարը, Լեռնային Ղարաբաղը մնաց հայերի կողմից վերահսկվող փաստացի ինքնավարություն, բայց իր անվտանգությունն արդեն կախված էր նոր տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերից։
Սակայն 2023 թվականին, երբ Հայաստանը չկարողացավ պաշտպանել անկլավը, իսկ Ռուսաստանին շեղեց Ուկրաինայի պատերազմը, ադրբեջանական ուժերը օգտվեցին առիթից եւ գրավեցին Լեռնային Ղարաբաղը։ Գրեթե մեկ գիշերվա ընթացքում մնացած ողջ հայ բնակչությունը փախավ։ Մարտադաշտում տարած հաղթանակից հետո Ալիեւը, որը Ադրբեջանի ավտորիտար նախագահն է 2003-ից ի վեր, բանակցություններ վարեց Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, բայց, կարծես, չէր շտապում այն կնքել՝ վստահ լինելով, որ տարածաշրջանային ուժերի հավասարակշռության մեջ իր երկիրն առավելություն ունի։
Իր պաշտոնավարման ընթացքում Ալիեւը հմտորեն է վարել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը երկար ժամանակ Հայաստանի դաշնակիցն էր։ 2022-ին նա միջպետական համաձայնագիր ստորագրեց Պուտինի հետ՝ Ուկրաինա ներխուժումից ընդամենը երկու օր առաջ։

Լուսանկարը` REUTERS
2024-ի օգոստոսին Պուտինը պետական այցով ժամանեց Ադրբեջան։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Հատկապես վերջին ինը ամիսների ընթացքում Ալիեւն ավելի զգուշավոր էր Ռուսաստանի նկատմամբ եւ ավելի հակված էր խաղաղության հասնելուն Հայաստանի հետ։
Խնդիրները սկսվեցին 2024թ. դեկտեմբերին, երբ ռուսական զենիթային հրթիռը սխալմամբ խոցեց ադրբեջանական ուղեւորատար ինքնաթիռը՝ սպանելով 38 քաղաքացիական անձի։ Երբ Պուտինը ներողություն չխնդրեց, Ալիեւը անսովոր կտրուկ նկատողություն արեց՝ պնդելով, որ Մոսկվան փորձել է «կոծկել» հարցը։ Այնուհետեւ՝ այս ամռանը, Պուտինը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատասխանատու նշանակեց Կրեմլի կոշտ գծի կողմնակից Սերգեյ Կիրիենկոյին, որը գլխավորել է Ուկրաինայի օկուպացված շրջանները Ռուսաստանին ինտեգրելու քաղաքականությունը: Ասես միտումնավոր սադրանք՝ հունիսին Եկատերինբուրգի ոստիկանությունը ձերբակալեց տեղի ադրբեջանցիներին եւ մեղադրեց նրանց երկու տասնամյակ առաջ կատարված հանցագործությունների մեջ: Երկու ադրբեջանցիներ մահացան: Ալիեւը զայրացած պատասխանեց ՝ չեղարկելով Ռուսաստանի պաշտոնական այցերն ու մշակութային միջոցառումները, եւ լրատվական արշավ սկսեց, որի միջոցով մեղադրեց Ռուսաստանին նեոիմպերիալիզմի մեջ: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի առաջնորդն այժմ վճռականորեն տրամադրված է Մոսկվային հեռու պահել նոր տարածաշրջանային կարգավորումից:
Հատկանշական է, որ Հայաստանը նույնպես Ռուսաստանի հետ խնդիր ունի, ինչը Ադրբեջանի հետ շահերի մարտավարական մերձեցման է հանգեցնում: Ցարական ժամանակներից ի վեր Ռուսաստանը վայելել է Հայաստանի հավատարմությունը՝ խոստանալով մշտական ռազմական աջակցությամբ պաշտպանել այն Օսմանյան կայսրությունից (իսկ հետո՝ նրա իրավահաջորդ Թուրքիայից): Սակայն վերջերս Մոսկվան մի քանի անգամ օգնության չի հասել Հայաստանին, օրինակ՝ երբ հրաժարվել է կատարել իր պայմանագրային պարտավորությունը՝ պաշտպանելու Հայաստանը, երբ 2022-ին Ադրբեջանը ներխուժեց երկրի սահմանները։
Փաշինյանը, որն ավելի ու ավելի էր կասկածում, որ Մոսկվան վստահելի դաշնակից չէ, 2024-ին կասեցրեց Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Ռուսաստանի գլխավորած անվտանգության դաշինքին։ Դրա փոխարեն նա աջակցություն խնդրեց Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից։ Հունվարին՝ նախքան Թրամփը կստանձներ իր պաշտոնը, Հայաստանի կառավարությունը ավելի սերտ քաղաքական եւ առեւտրային կապերի մասին ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց Բայդենի վարչակազմի հետ, իսկ Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք ընդունեց, որը կոչ էր անում կառավարությանը սկսել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
Ի պատասխան Ռուսաստանն ակնհայտ քայլեր ձեռնարկեց, որպեսզի անկայունացնի Փաշինյանի կառավարությունը։ Հունիսին Փաշինյանը հայտարարեց, որ խափանվել է իր վարչակազմը տապալելու դավադրությունը։ Հայաստանի իշխանությունները ուղղակիորեն չմեղադրեցին Մոսկվային, բայց Երեւանում ձերբակալվեց առաջատար ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը։ Ավելի սենսացիոն էր Ռուսաստանի հետ կապեր ունեցող երկու հայ արքեպիսկոպոսների ձերբակալությունը։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Փաշինյանի պատրաստակամությունը դիմակայելու հայկական եկեղեցուն, որն ավանդաբար մոտ է Մոսկվային, ապացուցում է, որ նա պատրաստ է հեռու գնալու, որպեսզի խզի Հայաստանի պատմական կախվածությունը Ռուսաստանից։ Դիմադրությունը Մոսկվային մերձեցրեց երկու առաջնորդներին այն պահին, երբ Ռուսաստանի ներուժը Կովկասում զսպում է Ուկրաինայի պատերազմը։
Այսպիսով Վաշինգտոնի դիվանագիտական միջամտությունը հատկապես ողջունելի էր։ Ալիեւը, որը խստացնում է ներքին վերահսկողությունը եւ փակում միջազգային կազմակերպությունների գրասենյակները, պետք է նվեր համարի Թրամփի առաջարկը ԱՄՆ-ի հետ «ռազմավարական գործընկերության» մասին, որը Բայդենի վարչակազմը միշտ պայմանավորում էր Բաքվի կողմից մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ: Օգոստոսյան հանդիպման ժամանակ Սպիտակ տունը պահանջ չներկայացրեց, որ Բաքուն ազատ արձակի ադրբեջանցի քաղբանտարկյալներին կամ հայ կալանավորվածներին: Ընդհակառակը՝ Փաշինյանի հետ հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ նավթային հսկա ExxonMobil-ը երկկողմ համաձայնագիր ստորագրեց ադրբեջանական պետական էներգետիկ ընկերության՝ SOCAR-ի հետ:
Ուշադրություն՝ քայքայիչ գործունեւոթյուն
Վաշինգտոնում կնքված համաձայնագրերը իրականություն դարձնելու համար մեծ աշխատանք պետք է կատարվի: Երկու առաջնորդների կողմից նախաստորագրված 17 կետանոց համաձայնագիրը հարաբերությունների կարգավորման եւ հակամարտութան պաշտոնական դադարեցման բանալին է: Որքան էլ կարեւոր լինի համաձայնագիրը, այն երկու պատերազմող ազգերի միջեւ համապարփակ խաղաղության համաձայնագիր չէ: Տեքստում ոչինչ չի ասվում երկու կողմերի հարյուր հազարավոր տեղահանված քաղաքացիական անձանց տուն վերադառնալու իրավունքի մասին: Տասնամյակներ տեւած կոնֆլիկտի ժամանակ տեղի ունեցած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության գործընթաց չկա: Ադրբեջանի վերնախավը խոսում է խաղաղության մասին, բայց «դավաճանության» մեղադրանքով բանտում է պահում երիտասարդ ադրբեջանցի խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովին՝ հայ քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ շփվելու համար:
Պայմանագիրը կարող է ձախողվել, քանի որ Ալիեւը հայտարարել է, որ չի ստորագրի եւ վավերացնի այն, մինչեւ Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը՝ Լեռնային Ղարաբաղի հետ իր միության անուղղակի հղումը հեռացնելու համար: Սահմանադրության փոփոխությունը հանրաքվե կպահանջի, որը Փաշինյանը, հավանաբար, կփորձի անցկացնել 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ կամ հետո։ Սա Փաշինյանի ազգայնական եւ ռուսամետ հակառակորդներին կրկնակի հնարավորություն է տալիս ընտրողներին մոբիլիզացնելու համար. պաշտոնավարման նոր ժամկետ ցանկացող վարչապետ եւ խաղաղության համաձայնագիր, որը նրանք ցանկանում են խափանել։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Ադրբեջանը եւ Նախիջեւանի էքսկլավը կապող միջանցքի վերաբերյալ պայմանագիրը նույնպես խոցելի է։ Բաքուն եւ Երեւանը դեռեւս պետք է համաձայնության գան կարեւոր մանրամասների շուրջ, ինչպիսիք են նոր ճանապարհի տեղանքը եւ դրա համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները։ Դեռեւս անհասկանալի է, թե ինչպես է համաձայնագիրը թույլ տալու ադրբեջանական երթեւեկությանը «անարգել» անցնել Հայաստանի տարածքով՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։
Տարածքի այս հատվածը մեծ ռազմավարական եւ հուզական արժեք ունի շատերի համար, ուստի քայքայիչ գործունեություն ծավալողները առիթներ ունեն վիժեցնելու անցանկալի լուծումը։ Իրանը, որի հյուսիսային սահմանը Նախիջեւանից հասնում է Հայաստան, ապա՝ Ադրբեջան, հավանաբար, գոհ չէ խաղաղության համաձայնագրից։ Թեհրանը ցանկանում է պահպանել իր ներկա կարգավիճակը՝ որպես Ադրբեջանի երկու մասերի միջեւ տարանցիկ երկիր, եւ մշտապես դեմ է արտահայտվել ցանկացած նոր պայմանավորվածության, որը արեւմտյան անվտանգության ուժեր կտեղակայի Նախիջեւան տանող ճանապարհին կամ չափազանց մեծ վերահսկողություն կտա իր երկու անբարյացակամ թյուրք հարեւաններին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային: Առայժմ Իրանի սպառնալիքները անզոր են, բայց դա կարող է փոխվել, եթե նրա բեռնատարներին ու գնացքներին թույլ չտան օգտվել ԱՄՆ-ի կողմից կառավարվող ճանապարհից։
Կրեմլը նույնպես կարող է փորձել խափանել Վաշինգտոնի համաձայնագրերը: Ռուսաստանը դեռեւս ռազմավարական նշանակություն է տալիս տարածքի այս հատվածին, քանի որ 2020-ի պատերազմից հետո խոստացել էր վերահսկողություն ստանձնել դրա նկատմամբ: Մոսկվան կարծում էր, որ իր սահմանապահ զորքերը ճանապարհին տեղակայելով՝ լծակներ ձեռք կբերի եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի նկատմամբ եւ կապահովի իր միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի (Ռուսաստանը Պարսից ծոցին կապող երկար սպասված ճանապարհային, երկաթուղային եւ ծովային նախագծի) բացակայող հատվածը: Մինչ այժմ Կրեմլի արձագանքը համաձայնագրերին սառը եւ քամահրական էր, ոչ բացահայտ բախումնային: Մոսկվան ու Թեհրանը զգույշ կլինեն ԱՄՆ նախագահի անունը կրող երթուղին բացահայտորեն խափանելու հարցում: Սակայն նրանք համաձայնագիրը վարկաբեկելու հնարավորություններ կփնտրեն, եթե Հայաստանն ու Ադրբեջանը չկարողանան համաձայնության գալ կարեւոր մանրամասների շուրջ, կամ ակտիվորեն կխափանեն այն Թրամփի նախագահության ավարտից հետո։
Տարածաշրջանի երրորդ հարեւանը՝ Թուրքիան, հատուկ դեպք է։ Չնայած այն կողմ է խաղաղությանը տարածաշրջանում եւ շատ է ցանկանում Հարավային Կովկասով դեպի Կենտրոնական Ասիա նոր տրանսպորտային ուղիներ ունենալ, այն փաստը, որ ԱՄՆ պաշտոնյաները չխորհրդակցեցին իրենց թուրք գործընկերների հետ TRIPP-ի վերաբերյալ, վատ ընդունվեց Անկարայում։ Սա ցավալի է, քանի որ Անկարան ունի տարածաշրջանային խաղաղությունը խթանելու ամենամեծ խաղաքարտը. այն կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացել 1993 թվականից փակված ցամաքային սահմանը, ինչը կազատի Հայաստանին աշխարհագրական զսպաշապիկից։
Սեպտեմբերի 12-ին Թուրքիան իր բանագնացին ուղարկեց Երեւան եւ հայտարարեց վստահության ամրապնդման նոր միջոցառումների մասին, բայց իր մտերիմ դաշնակից Ադրբեջանի նկատմամբ հարգանքից ելնելով՝ չհայտարարեց լիակատար առաջընթացի մասին։
Երկուստեք հաղթանակ
Տասնամյակներ շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գրանցվել են «պատմական» առաջընթացներ, սակայն երկրները կրկին հայտնվել են հակամարտության մեջ։ Թրամփի համաձայնագիրը կարող է նույն ճակատագրին արժանանալ։ Նախ, հակամարտությունը ձեւավորել է հայերի եւ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ։ Լեգիտիմություն ձեռք բերելու համար երկու երկրների քաղաքական գործիչներն էլ օգտագործել են թշնամանքը՝ ընտրողաբար բորբոքելով դժգոհությունը հակառակորդի նկատմամբ։
Ի պատիվ Փաշինյանին պետք է ասել, որ նա (սկզբում ծանր հանգամանքներից մղված, բայց հիմա, կարծես, իրական համոզմունքից) որոշել է փոխել այս հարացույցը։ Նույնիսկ մեծ զիջումների հաշվին նա ձգտում է համաձայնության գալ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի հետ, ինչը նրան հնարավորություն կտա բացել իր երկրի սահմանները եւ վերջապես թույլ տալ թուլացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, դառնալ ինքնաբավ ազգային պետություն։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Ալիեւին խաղաղության համաձայնագիրն ավելի քիչ է պետք, քանի որ նա գրեթե ամեն ինչի հասել է մարտադաշտում։ Բայց նրան էլ, կարծես, համոզել են (գոնե առայժմ), որ իր շահերից է բխում աջակցել հայ առաջնորդին, ոչ թե դիտել, թե ինչպես է Հայաստանը կրկին ընկնում Ռուսաստանի գերիշխանության տակ։
Ներկայիս քաոսային աշխարհաքաղաքականությունը հակասական միտումներ է առաջացնում Հարավային Կովկասում։ Մի կողմից, բազմակողմանի ինստիտուտների եւ եվրոպական լիբերալ նորմերի անկումը երեք տարածաշրջանային տերություններին՝ Իրանին, Ռուսաստանին եւ Թուրքիային, ավելի վճռական դարձրեց։ 2021-ին նրանք մշակեցին «3+3» ձեւաչափ, որպեսզի ամրագրեն տարածաշրջանում կարգուկանոնի նոր հաստատողների իրենց իրավունքը։ Սակայն երբ խոսքը գնում է այս հավասարման մյուս երեք երկրների մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի, ավելի հզոր երեք տերությունները դառնում են նախկին կայսերական գերիշխաններ՝ հնամենի պատմական պահանջներով։ Այդ կասկածը, իր հերթին, առաջացրել է մեկ այլ միտում. Հարավային Կովկասի երեք երկրներ ձգտում են (ոմանք կասեն՝ ուշացած, ԽՍՀՄ փլուզումից եւ անկախություն ձեռքբերելուց ավելի քան 30 տարի անց) ստեղծել ռազմավարական առումով ինքնավար ազգային պետություններ, որոնք կախված չեն որեւէ արտաքին ուժից։
Ահա թե որտեղ Թրամփը կարող է օգտակար լինել։ Միացյալ Նահանգները որպես խաղաղության միջնորդ ունենալու առավելությունն այն է, որ այն եւ՛ հզոր է, եւ՛ տարածաշրջանից անջատ։ Վաշինգտոնն ունակ է վերջ դնելու Մոսկվայի՝ տարածաշրջանի արբիտր լինելու հավակնությանը, որը ռուսները տարիներ շարունակ օգտագործել են՝ փորձելով վերահսկել ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը։ Միեւնույն ժամանակ անցյալում են այն օրերը, երբ ԱՄՆ-ն ավելի հավակնոտ օրակարգ ուներ այս տարածաշրջանում, օրինակ՝ երբ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը այցելեց Թբիլիսի եւ Վրաստանը «ազատության փարոս» անվանեց։
Սպիտակ տանը Թրամփը վայելեց Ալիեւի եւ Փաշինյանի գովեստի խոսքերը եւ նրանց ոգեւորությունը՝ իրեն առաջադրելու Նոբելյան խաղաղության մրցանակի, բայց նա ակնհայտորեն մեծ ուշադրություն չի դարձրել Հարավային Կովկասին։ Սպիտակ տանը հանդիպումից կարճ ժամանակ անց նա չկարողացավ արտասանել այն երկու երկրների անունները, որոնց միջեւ միջնորդել էր՝ անվանելով դրանք «Ալբանիա» եւ «Աբերբայջան»։
Այնուամենայնիվ, Թրամփի աջակցությունը Բաքվին եւ Երեւանին քաջալերում է նրանց դիմակայելու Մոսկվային։ Միջնորդելով Բաքվի եւ Երեւանի միջեւ նախնական համաձայնության (եւ կարեւոր նոր տարանցիկ միջանցքին իր անունը շնորհելով)՝ Թրամփը հիմա պետք է հասկանա, որ չի կարող դա միայնակ անել։ Տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու համար նա պետք է զբաղվի հնաոճ ամերիկյան դիվանագիտությամբ։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: