TRIPP-ը կարող է ե՛ւ մեծ հնարավորություն, ե՛ւ մեծ ռիսկ դառնալ - Mediamax.am

Սեպտեմբեր 24, 2025
254 դիտում

TRIPP-ը կարող է ե՛ւ մեծ հնարավորություն, ե՛ւ մեծ ռիսկ դառնալ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք Պատասխանատու պետականության Քուինսի ինստիտուտի (Quincy Institute for Responsible Statecraft) «Եվրասիա» ծրագրի տնօրեն Անատոլ Լիվենի եւ նույն ծրագրի կրտսեր գիտաշխատող Արթին Դերսիմոնյանի Engineering Peace? հոդվածի հայերեն թարգմանությունը՝ կրճատումներով:

Անատոլ Լիվեն, Արթին Դերսիմոնյան

Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղին (TRIPP),  որը սկզբունքորեն համաձայնեցվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ, բաղկացած է ԱՄՆ-ի եւ Հայաստանի համատեղ նախագծից, որը նախատեսում է հայկական Սյունիք մարզի միջով Ադրբեջանի եւ Նախիջեւան էքսկլավի միջեւ ճանապարհային, երկաթուղային եւ էներգետիկ կապերի կառուցում եւ կառավարում: Հայաստանի հարավային սահմանի երկայնքով ձգվող 27 մղոն երկարությամբ միջանցքը երկու երկրների միջեւ տասնամյակներ շարունակվող հակամարտության դիվանագիտական կարգավորման նոր մոտեցման կարեւոր մասն է: 

Կառուցվելու դեպքում TRIPP-ը պայմաններ կստեղծի Ադրբեջանի եւ նրա ազգակից եւ մտերիմ գործընկեր Թուրքիայի միջեւ մշտական կապի համար: Կստեղծի նաեւ առեւտրի եւ էներգիայի երկրորդ երթուղի (հյուսիսում Վրաստանով անցնող երթուղու հետ միասին) Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստան՝ շրջանցելով Ռուսաստանը: Կասպյան էներգիան ավելի կարեւոր է դարձել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար՝ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական մատակարարումները կտրուկ կրճատելու հետեւանքով: Հարց է, թե արդյոք կենսունակ կլինի եւս մի Արեւելք-Արեւմուտք խողովակաշար առեւտրային առումով, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ TRIPP-ը: Երթուղու կոնկրետ ծրագրեր դեռեւս չեն մշակվել. այն կարող է կառուցվել միայն վերջնական եւ համապարփակ խաղաղ կարգավորման շրջանակներում, որի համար դեռեւս էական խոչընդոտներ կան: Ավելին, ամենեւին պարզ չէ՝ արդյոք Թրամփի վարչակազմը բավական համախմբված է, ունի փորձ եւ տոկունություն՝ TRIPP-ը եւ խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:   

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Նոր TRIPP համաձայնագիրը գործ ունի ազգային ինքնության եւ ազգային անվտանգության, տեղական շահերի եւ միջազգային մրցակցության բարդ հարցերի հետ: TRIPP-ը շատ ավելին է, քան պարզապես տրանսպորտային միջանցք, եւ նույնիսկ ավելին, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական կարգավորման ուղի. այն Կովկասի նշանակալի վերակազմավորում է՝ հեռու գնացող ռազմավարական հետեւանքներով: Իր ներկայիս՝ ոչ ռազմականացված տեսքով տարանցիկ երթուղին սկզբունքորեն խոստումնալից նախաձեռնություն է, որը կարող է օգտակար լինել նաեւ այլ հակամարտությունների լուծումը պատկերացնելու համար: Կարելի է ասել, որ այն «Կապիտալիստական խաղաղության» տեղական տարբերակն է. կատարյալ լուծում չէ, բայց գուցե ավելի հաջող, քան վերջին տասնամյակների արեւմտյան լիբերալ-իմպերիալիստական մոտեցումները՝ լինի դա կոպիտ ռազմական միջամտությունը, թե «հակամարտության լուծման», «խաղաղարարության» եւ դրա ակադեմիական սիամական երկվորյակի՝ «համաժողովներ կազմակերպելու» մեղմ մոտեցումը։ Զինվորները, դիվանագետներն ու մարդասիրական ոլորտի գործիչները ձախողվել են խաղաղության հասնելու հարցում։ Պետք է առնվազն հնարավորություն տալ ինժեներներին։ 

Նախատեսված է, որ նոր տրանսպորտային երթուղին շոշափելի օգուտներ կբերի Ադրբեջանին, Հայաստանին եւ Թուրքիային, եւ քանի որ այն ԱՄՆ ռազմական ներկայություն չի ենթադրում, Ռուսաստանի եւ Իրանի կենսական շահերի համար անմիջական սպառնալիք չի պարունակի: TRIPP-ը իրական, բայց թեթեւ անվտանգության երաշխիքներ է տալիս Հայաստանին (ենթադրելով, որ Բաքվի կառավարությունը չի ցանկանա սպանել՝ թեկուզ պատահաբար, ամերիկացի կապալառուներին եւ ինժեներներին), բայց առանց Ռուսաստանի եւ Իրանի դեմ ագրեսիվ քայլերի: Այս առումով, իհարկե, սա շատ տարբեր է 2008 թվականից հետո Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ արեւմտյան մոտեցումից, որն աղետալի հետեւանքներ ունեցավ այդ երկրների համար: Քանի դեռ միջանցքում ԱՄՆ զորքեր չկան, քանի դեռ այն չի օգտագործվել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հաղորդակցությունը խափանելու կամ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունը ընդլայնելու համար, թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին միջանցքը դուր չի գա, բայց նրանք կհաշտվեն դրա հետ: 

Ռուսաստանը նախնական կերպով ողջունել է գործարքը, բայց զգուշացրել է Արեւմուտքի կողմից Մերձավոր Արեւելքում «հակամարտությունների լուծման անհաջող փորձի» կրկնության մասին: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Հաջողության դեպքում տրանսպորտային երթուղին նաեւ կառուցողական դաս կլինի ԱՄՆ-ի եւ Չինաստանի գլոբալ մրցակցության համար: Հարեւան Վրաստանում Չինաստանն իրականացնում է երկու հսկայական ենթակառուցվածքային նախագիծ. նոր ճանապարհ՝ ինը կիլոմետրանոց թունել, որը լեռների միջով տանում է դեպի Ռուսաստան, հետո հյուսիս-հարավ տրանսպորտային ուղիով՝ դեպի Թուրքիա եւ Իրան, եւ նոր նավահանգիստ Սեւ ծովում: TRIPP-ը կարելի է համարել չինական նախաձեռնությունների խաղաղ եւ օրինական մրցակից: Եթե ԱՄՆ-ին մտահոգում է Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում չինական ենթակառուցվածքային ձեռնարկությունների ընդլայնումը, ապա Չինաստանի ենթադրյալ համաշխարհային գերիշխանության վերաբերյալ հիստերիայի եւ չինական ներդրումների համար երկրներին սպառնալու փոխարեն ԱՄՆ-ն պետք է կառուցի սեփական ենթակառուցվածքները (եթե, իհարկե, ԱՄՆ դեռեւս ի վիճակի է դա անել):

Ինչպե՞ս կարող է TRIPP-ը խափանվել կամ սխալ ուղով գնալ: Համապարփակ խաղաղ կարգավորման անմիջական (գուցե անհաղթահարելի) խոչընդոտ կարող է լինել Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանը իր սահմանադրությունից հեռացնի Լեռնային Ղարաբաղի հետ միավորման մասին հղումը: Սահմանադրության փոփոխությունը պահանջում է հանրաքվե, որը Երեւանի կառավարությունը կարող է տանուլ տալ՝ հաշվի առնելով հանրային կարծիքը, ըստ որի զգալի զիջումները կորզվում են ուժի սպառնալիքի ներքո: TRIPP-ի եւ խաղաղ կարգավորման մեկ այլ մեծ սպառնալիք է այն, որ խաղացողներից մեկը կամ մյուսը կամ բոլորը կգերագնահատեն իրենց ուժերը կամ կփորձեն վիժեցնել նախագիծը՝ իրենց նպատակների համար: Ռուսաստանը եւ Իրանը կարող են դա անել՝ փորձելով տապալել Փաշինյանի կառավարությունը, կամ, ծայրահեղ դեպքում, պարզապես պայթեցնել TRIPP-ը: «Հյուսիսային հոսք 2»-ի հետ տեղի ունեցածից հետո ռուսները, ի վերջո, կզգան, որ ունեն բավարար արեւմտյան եւ/կամ ուկրաինական նախադեպ նման քայլի համար:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Սակայն քիչ հավանական է, որ Ռուսաստանը կամ Իրանը ձեռնարկեն նման վտանգավոր, հակաարդյունավետ եւ գուցե աղետալի քայլեր, եթե TRIPP-ը եւ դրան ուղեկցող կարգավորումը անմիջական սպառնալիք չդառնան իրենց շահերի համար: Ռուսաստանի դեպքում այդպես կլինի, եթե Վաշինգտոնը խրախուսի ՀՀ կառավարությանը վտարել ռուսական զորքերը. խաղաղ կարգավորման տեսանկյունից բացարձակապես ավելորդ, բայց ողջունելի քայլ ինչպես ԱՄՆ կայսերական միլիտարիստների, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմնակիցների համար, որոնք վախենում են Ռուսաստանի կողմից աջակցվող հեղաշրջումից կամ Փաշինյանի դեմ զանգվածային անկարգություններից: Ինչ վերաբերում է Իրանին, դա կլինի այն դեպքում, եթե TRIPP-ը ծառայի ամերիկյան զորքի տեղակայման, իրանական պետությունը ապակայունացնելու կամ ոչնչացնելուն ուղղված ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին։ Ռուսաստանն ու Իրանը սպառնալիք կզգան, եթե TRIPP-ը փակի երկու երկրների միջեւ ճանապարհը: Երկուսն էլ վախենում են տարածաշրջանում թուրքական ազդեցության աճից, որը կարող է խթանել TRIPP-ը:

Թեեւ ԱՄՆ ներկայությունը Կովկասում կարող է օգտագործվել չարամիտ կայսերական նպատակներով, կարեւոր է նշել, որ ամերիկյան շահերը տարածաշրջանում իրական են, բայց սահմանափակ: Ինքը՝ Թրամփը, եւ նրա ընտրողների մեծ մասը դեմ են Եվրասիայում ԱՄՆ նոր ռազմական տեղակայմանը, իսկ Պենտագոնը ցանկանում է կենտրոնացնել իր ուժերը Չինաստանի վրա: Եվ ինչպես բազմիցս ապացուցվել է Կովկասում, առանց լուրջ ռազմական ուժերի արտաքին գործիչները իրադարձություններին ազդելու սահմանափակ հնարավորություն ունեն: Թրամփի անձնական նպատակը, կարծես, ամենից առաջ դիվանագիտական «հաղթանակ» է, որը կփոխհատուցի Ուկրաինայի խաղաղության գործընթացի լճացումը:

ԱՄՆ-ն, իհարկե, շատ հեռու է, մինչդեռ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան մոտ են. եւ ԱՄՆ-Իսրայել քայլը՝ գործիքավորելու միջանցքը Իրանի վրա հարձակվելու կամ «բալկանացնելու» նպատակով, կհանդիպի ուժեղ դիմադրության ոչ միայն Ռուսաստանի եւ Իրանի, այլեւ Թուրքիայի՝ Ադրբեջանի անփոխարինելի աջակցի կողմից: Թուրքիան խորապես թշնամաբար կվերաբերվի իր արեւելյան սահմանին Իսրայելի ներկայությանը, իսկ Իրանից քրդերի անջատումը խրախուսելու ջանքերը կարթնացնեն Թուրքիայի վախերը քրդական անջատողականության նկատմամբ. հարց, որը վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորել է Թուրքիայի անվտանգային քաղաքականությունը: ԱՄՆ ռազմավարությունը Կովկասում, որը կզայրացնի տարածաշրջանային բոլոր երեք մեծ տերություններին, անխոհեմ կլինի նույնիսկ ամերիկյան չափանիշներով եւ գրեթե անկասկած ձախողման դատապարտված կլինի: Հաշվի առնելով Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից, քիչ հավանական է, որ Բաքուն այս կերպ զայրացնի Անկարային։ Եվ իրոք, մինչ այժմ՝ չնայած իսրայելական զենքի մեծածավալ գնումներին, Ադրբեջանը շատ զգուշորեն է գործել Իսրայելի ներկայությունը թույլատրելու հարցում։ 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Հուսանք, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ ԱՄՆ ապագա որեւէ վարչակազմ նման ռազմավարություն չեն ընդունի։ Եվ, անշուշտ, Հայաստանի կամ Ադրբեջանի համար ԱՄՆ ռազմական ներկայությանը համաձայնվելը խելագարության աստիճանի հիմարություն կլինի։ Այսօր Կենտրոնական Ասիայի, Վրաստանի եւ Բելառուսի մանտրան «բազմավեկտոր» արտաքին քաղաքականությունն է, այն է՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ եւ տնտեսական կապեր պահպանելով՝ խուսափել որեւէ մեկին ենթարկվելուց։ Եվ իսկապես, եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի կառավարությունները փորձել են մեղմել Ռուսաստանի եւ Իրանի մտահոգությունները՝ ընդգծելով տնտեսական օգուտները, որոնք նրանք կստանան TRIPP-ից։

Հարավային Կովկասի պետություններին պետք է խորհուրդ տալ հետեւել այս «բազմավեկտոր» մոտեցմանը։ Եթե հայերն իրենց անվտանգությունն ամբողջությամբ ԱՄՆ-ի ձեռքը դնեն՝ միաժամանակ զայրացնելով իրենց երեք ամենահզոր հարեւաններից երկուսին, դա կնշանակի, որ բացարձակապես ոչինչ չեն սովորել իրենց պատմությունից կամ ԱՄՆ միջազգային պարտավորություններից։ Եթե Ադրբեջանը հենակետ դառնա Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի եւ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի վրա ճնշման համար, կնմանվի ընկույզին, որը դիտավորյալ նստում է ընկույզկոտրիչի մեջ։

1992 թվականի սարսափելի ձմռանը Երեւանում մի հայ պաշտոնյա, հարցին, թե ինչպես է իր երկիրը դիմակայելու Խորհրդային Միության փլուզման եւ թուրքական ու ադրբեջանական շրջափակումների տնտեսական հետեւանքներին (պատասխանն էր՝ մեծ մասամբ Ռուսաստանի եւ Իրանի օգնությամբ), սկսեց ասել՝ «Դե, հիշենք, որ մ.թ.ա. 782 թվականին...»: Հուսանք, որ նրա հաջորդները Հայաստանում եւ Ադրբեջանում հիշում են, որ պատմությունը շատ երկար է, եւ չնայած այժմ նրանք կարող են ընտրել ամերիկացի ընկերներ, իրենց անցյալի եւ ապագա հարեւանների ընտրություն չունեն։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին