Ներկայացնում ենք The New York Times-ի Gérard Chaliand, Intrepid Authority on Geopolitics, Dies at 91 հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ադամ Նոսիտեր
Աշխարհաքաղաքականության, ահաբեկչության եւ զարգացող երկրներում հեղափոխությունների գիտակ, հայտնի գրող Ժերար Շալյանը, որի տասնյակ գրքերը հիմնված են հակամարտության գոտիներում իր փորձի վրա, օգոստոսի 20-ին մահացավ Փարիզում: Նա 91 տարեկան էր:
Հիվանդանոցում նրա մահվան մասին հայտարարեց Փարիզի քրդական ինստիտուտը՝ քրդերի իրավունքների պաշտպանության խումբը, որին նա անդամակցում էր: Որդին՝ Ռոքը, հայտնեց, որ պատճառը երիկամային անբավարարությունն էր:

Լուսանկարը` Sophie Bassouls/Sygma/Getty Images
Շալյանը, որն իր կյանքի մեծ մասն անցկացրեց Ֆրանսիայում, դասավանդել էր երկրի ամենահեղինակավոր դպրոցներից մի քանիսում` École Nationale d’Administration եւ École de Guerre, ինչպես նաեւ Բերքլիի համալսարանում եւ Հարվարդում: Աշխարհաքաղաքականության թեմայով նրա դասախոսություններն ունկնդրել են բարձրաստիճան դիվանագետներն ու սպաները: Սակայն նրա ազդեցությունը ֆրանսախոս աշխարհում հիմնված էր անսովոր առանձնահատկության վրա. նա այն հեղափոխությունների ականատեսն
էր, որոնց մասին գրում էր:
Մոտ չորս տասնամյակ նա անցկացրել էր պարտիզանների հետ Գվինեա-Բիսաուում, Անգոլայում, Հորդանանում, Լիբանանում, Ֆիլիպիններում, Աֆղանստանում, Հյուսիսային Վիետնամում, Քրդստանի շրջանում, Շրի Լանկայում, Էրիթրեայում եւ այլուր: Նա ականատես էր եղել 1950-ականների սկզբին Ֆրանսիայի դեմ Ալժիրի ապստամբության սկզբին: Շալյանը հաճախ հանդիպում էր այնպիսի հեղափոխական առաջնորդների, ինչպիսիք են Չե Գեւարան, Ահմեդ Բեն Բելլան, Ջուլիուս Նիերերեն եւ Սեկու Տուրեն, ինչպես նաեւ Գվինեա-Բիսաուի Ամիլկար Կաբրալը, որով նա հատկապես հիանում էր:
Շալյանը խոստովանում էր, որ իրեն գրավում է ապստամբության գաղափարը, բայց նրա գործն էր դիտարկել, լուսաբանել եւ գրել: «Զգացված գիտելիքն անփոխարինելի է», - 2008 թվականին ասել էր նա France Culture ռադիոյին:
Այդ գործնական փորձը, մասնավորապես 1960-ականներին, թույլ տվեց նրան վաղօրոք հասկանալ այն ժամանակվա երրորդ աշխարհի երկրներում տեղի ունեցող հեղափոխությունները. դրանք մեծ մասամբ ձախողվել էին: Այդ հեղափոխությունները ավելի մեծ անվտանգություն, ազատություն կամ բարգավաճում չբերեցին այն ժողովուրդներին, որոնց պետք է ազատագրեին: 1970-ականների սկզբին, երբ ազատագրական պայքարի նկատմամբ լավատեսությունը դեռեւս գերակշռում էր, հատկապես՝ ձախերի շրջանում, Շալյանի զեկուցը ասես սառը ցնցուղ լիներ իրական աշխարհից։
«Վարչակարգերի մեծ մասը, որոնք նախկինում համարվում էին որոշ չափով հեղափոխական, վերացվել են պետական հեղաշրջման միջոցով, - սառնասրտորեն գրել էր նա Աֆրիկայի մասին իր « Mythes Révolutionnaires du Tiers Monde» շրջադարձային գրքում, որը հրատարակվել էր 1976 թվականին (եւ 1977-ին անգլերեն՝ «Երրորդ աշխարհի հեղափոխություններ» անունով): - Մայրցամաքում տիրող իրավիճակի համեմատ Տանզանիան եւ Սոմալին միակ երկրներն են, որտեղ կոռուպցիան վարչակարգի հիմնական բնութագիրը չէ»։ Ագահ կառավարիչները, որոնց Շալյանն իր գրքում անվանել էր «վարչական բուրժուազիա», կուլ էին տալիս այն չնչին ռեսուրսները եւ օգնության փշրանքները, որոնք հասանելի էին աֆրիկյան նոր ազատագրված երկրներում։

Շալյանը հայտնի էր իր ձախակողմյան տեսակետներով, ուստի զարգացող երկրներում ապստամբության նկատմամբ նրա սկեպտիցիզմը կշիռ ուներ, եւ դա բացատրում է համատարած գովասանքը, որին նա արժանացավ մահից հետո՝ գաղափարապես պառակտված ֆրանսիական մամուլի թե՛ աջերի, թե՛ ձախերի կողմից։
Շալյանը նպաստեց նաեւ Միացյալ Նահանգներում բանավեճի ընթացքի փոփոխությանը։ «Խորապես համակրելով երրորդ աշխարհի ապստամբական շարժումների նպատակներին՝ նա իրեն զայրացած եւ դավաճանված է զգում», - «The New York Review of Books»-ում 1977 թվականին գրել էր պատմաբան Ռոնալդ Սթիլը։
«Շալյանի գիրքն օգտակար է ոչ թե այն պատճառով, որ իրական, թեեւ անսահման հեռավոր եւ անհարատեւ սոցիալական հեղափոխության դեղատոմս է տալիս, - գրել էր Սթիլը, - այլ որովհետեւ քողազերծում է «ժողովրդական պատերազմները», որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում այդքան հրապուրել էին արեւմտյան մտավորականներին»։
«Le Monde»-ի եւ «Le Figaro»-ի ֆրանսիացի մեկնաբանները նշել են, որ Շալյանի մոտ 40 գրքերում արտահայտված մտքերն արժեքավոր են ոչ թե այն պատճառով, որ նա հիասթափված էր, այլ որովհետեւ պատրանքներ չուներ։

Լուսանկարը` Sanka Vidanagama/Agence France-Presse/Getty Images)
«Աշխարհը, անկասկած, միշտ փոխվում է, - գրել էր նա «Երրորդ աշխարհի հեղափոխություններ» աշխատության մեջ եւ հավելել: - Սակայն ապացույց չկա, որ իշխանական հարաբերությունների վրա հիմնված պատմության ընթացքը, երբ նվաճողների բարեկեցությունը սնվում է զոհերի կույր ստրկության եւ պարտվածների ցավի վրա, կարող է փոխվել»։
Շալյանը քաջ գիտակցում էր իր մեթոդի յուրահատկությունը. լրագրողի նախաձեռնողականությունը համատեղված ակադեմիկոսի համառության հետ։
«Ես հակաապստամբության մասնագետ չեմ, այլ ապստամբության, - գրել է նա «Երրորդ աշխարհի հեղափոխություններ» գրքում։ - Պարտիզանական պատերազմը ես մշտապես տեսել եմ ոչ թե օրենք ու կարգուկանոն հաստատող ուժերի կողմից, այլ նրանց, ովքեր պայքարում են պետության դեմ՝ սովորաբար ձգտելով փոխարինել այն»։
Նա խոստովանել էր, որ սիրում էր ռիսկը եւ հաճախ հայտնվում էր վտանգավոր իրավիճակներում։ France Culture-ին 2008 թվականին տված հարցազրույցների շարքում նա հիշել էր իր կողքին Գվինեա-Բիսաուում եւ Հյուսիսային Վիետնամում զոհված պարտիզաններին եւ Աֆղանստանի ականը, որը գրեթե սպանելու էր իրեն։

Լուսանկարը` Eric Fougere/VIP Images/Corbis/Getty Images
«Խրամատում կողքիս տղան սպանվեց ռմբակոծության ժամանակ, - պատմել էր նա՝ անդրադառնալով Հյուսիսային Վիետնամում իր փորձություններին: Աֆղանստանի ականի մասին ասաց.
«Ես այն չէի նկատել։ Մի երիտասարդ աֆղանացի էր, որ ինձ զգուշացրեց»:
Հաջող հեղափոխությունը պետք է խոր արմատներ ունենա հողի մեջ, գրել էր Շալյանը իր հիմնարար գրքում: Կաբրալը, որի 1973 թվականի ապստամբությունը Գվինեա-Բիսաուում վռնդեց պորտուգալացի գաղութարարներին, այդ առումով օրինակելի էր:
«Ամենեւին չգերագնահատելով գյուղացիների ինքնաբուխությունը Ֆանոնի կամ Գեւարայի պես՝ Կաբրալը համբերատար կերպով ձեւավորեց քաղաքական աջակցություն բնակչության շրջանում», - գրել է նա «Երրորդ աշխարհի հեղափոխություններ» գրքում՝ խոսելով Ֆրանց Ֆանոնի՝ հոգեբույժի եւ հեղափոխական տեսաբանի մասին: Իհարկե, ամեն ինչ ավարտվեց 1973-ին՝ Կաբրալի սպանությունից հետո. երկիրը արագ ընկղմվեց քաոսի մեջ, որը տիրում է մինչ օրս։

1966 թվականին Կաբրալի հետ անցկացրած ժամանակը Շալյանի ամենաերջանիկ ամիսներից էին։ «Ինձ դուր էին գալիս գործողությունները, անհայտը, պատմական եւ անձնական բացահայտումները, երեք մայրցամաքներում պարտիզանական կոնֆլիկտներում դիտորդի, իսկ երբեմն՝ գործող անձի դերը», - գրել էր նա իր հուշերից մեկում՝ «Le Savoir de la Peau» (2022)։
Ժերար Չալյանը՝ հայ ներգաղթյալների զավակը, որն իր ազգանունը հետագայում սկսեց ֆրանսերեն ոճով գրել, ծնվել էր Բելգիայի Էտերբեկ քաղաքում 1934 թվականի փետրվարի 15-ին՝ Բերկուսար (Չեքմեյանի) եւ Սիմոն Չալյանների ընտանիքում։ Նրա հայրը դեղագործ էր։
Նա մեծացել էր Փարիզում եւ սովորել Անրի IV լիցեյում, բայց բակալավր չդարձավ։ France Culture-ին նա պատմել էր, որ երբ 10 տարեկան էր, հայրը նրան տարել էր տեսնելու, թե ինչպես են ֆրանսիական դիմադրության մարտիկները 1944 թվականի ամռանը Փարիզի ազատագրման ժամանակ Լյուքսեմբուրգի պալատից վռնդում գերմանացի զինվորների։ Այդ փորձառությունը նրա մեջ հետաքրքրություն սերմանեց հեղափոխական փոփոխությունների նկատմամբ։
18 տարեկանում նա լքեց տունը, որ ուսումնասիրի Ալժիրը, որտեղ բռնկվում էր հեղափոխությունը։ Վեց ամիս անց նա վերադարձավ գաղութատիրության նկատմամբ նորահայտ ատելությամբ եւ ընդունվեց Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների դպրոց, որը, որդու խոսքերով, այդպես էլ չավարտեց։
«18-ից 35 տարեկան հասակում չորս մայրցամաքներով ճանապարհորդելով՝ ես զբաղվել եմ 20 տարբեր մասնագիտություններով», - գրել է նա «Le Savoir de la Peau» գրքում, որոնց թվում էին «պատուհան լվացող, մատուցող, սանտեխնիկ, լուսանկարչի օգնական, ճանապարհաշինարար, խոհարար, նավահանգստի աշխատող»։ Այս պատահական աշխատանքները վաղ շրջանում օգնեցին նրան զբաղվելու լրագրությամբ եւ գրականությամբ։
1975 թվականին նա արեւելագետ Մաքսիմ Ռոդինսոնի ղեկավարությամբ Սորբոնի համալսարան ներկայացրեց իր դոկտորական թեզը, որը հետագայում «Երրորդ աշխարհի հեղափոխություններ» գրքի վերածվեց։
1980-1987 թվականներին Շալյանը դասավանդեց École Nationale d’Administration-ում, իսկ 1990-1995 թվականներին՝ Ֆրանսիայի ռազմական քոլեջում։ Նա հրավիրված դասախոս էր RAND Corporation-ում եւ ԱՄՆ ռազմածովային ասպիրանտուրայում Մոնտերեյում, Կալիֆոռնիա։
Անգլերեն թարգմանված նրա բազմաթիվ գրքերի թվում են «Պատերազմի համաշխարհային պատմություն» (2014), «Ահաբեկչության պատմություն. հնագույն ժամանակներից մինչեւ Ալ-Քաիդա» (համահեղինակ՝ Արնո Բլեն, 2007), «Աղետի հայելիները. Ամերիկայի իսպանական ռազմական նվաճումը» (2005), «Քոչվորական կայսրություններ, Մոնղոլիայից մինչեւ Դանուբ» (2004), «Քրդերի ողբերգությունը» (1994) եւ «Զինված պայքարը Աֆրիկայում. պարտիզանների հետ պորտուգալական Գվինեայում» (1969):

Շալյանի հետագա գրքերն արտացոլում են հոռետեսությունը Արեւմուտքի ռազմական հեռանկարների վերաբերյալ Հնդկաչինում եւ Մերձավոր Արեւելքում պարտություններից հետո: «Pourquoi Perd-On La Guerre? Un Nouvel Art Occidental» (2016) գրքի մասին, որը անգլերենով հրատարակվել է «Ինչո՞ւ դադարեցինք պատերազմներում հաղթել» վերնագրով: Le Monde-ը գրել էր.
«Նրա հայացքը 200 տարվա հակամարտություններին սառն է եւ առանց պաթոսի, նրա լեզուն սրի պես հատու է, իսկ բարկությունը՝ լիակատար: Իր կուրությամբ եւ վարանելով՝ Արեւմուտքը հռետորաբանությունից բացի այլ միջոցներ չի գտնում պատերազմներում հաղթելու համար՝ դասեր չքաղելով ձախողումներից»:
Շալյանի որդին նրա միակ անմիջական ժառանգորդն է: Կինը՝ սոցիոլոգ Ժյուլիետ Մինսեսը, մահացել է 2021 թվականին։
«Տասնամյակների ընթացքում,- գրել էր Շալյանը «Le Savoir de la Peau» գրքում,- ես տեսել եմ ժամանակակից իրականության մեծ հատվածներ, որոնք բացել են իմ աչքերը գաղափարախոսական պատրանքների վերաբերյալ։ Իմ կարողությունների սահմանում եւ ինձ հարմար ձեւով ես մասնակցել եմ իմ ժամանակի պատմությանը»։
2018 թվականի մայիսին Մեդիամաքսը Երեւանում զրուցել էր Ժերար Շալյանի հետ՝ հարցազրույցը կարող եք կարդալ այս հղումով:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: