Ժերար Շալյան. «Պարտվածների մազոխիզմից»՝ դեպի արմատներ - Mediamax.am

exclusive
21742 դիտում

Ժերար Շալյան. «Պարտվածների մազոխիզմից»՝ դեպի արմատներ

Ժերար Շալյանը
Ժերար Շալյանը

Լուսանկարը` Ռոք Շալյան

Լուսանկարը`


2017 թվականին Երեւանում ներկայացվեց ֆրանսահայ գրող եւ վերլուծաբան Ժերար Շալյանի «Հուշերիս հուշերը» գիրքը: Այն դարձավ գրողի առաջին եւ առայժմ միակ հայերեն թարգմանված գիրքը:

 

1934 թվականին ծնված Ժերար Շալյանը լեգենդար մարդ է: 1964 թվականից ի վեր նա ճանապարհորդել է ողջ աշխարհով՝ գրելով տարբեր հեղափոխական եւ ազգային-ազատագրական շարժումների մասին՝ Վիետնամում, Աֆղանստանում, Իրաքում, Շրի Լանկայում, Չեչնիայում, Սալվադորում, Անգոլայում եւ այլն:

 

Մեդիամաքսի հետ զրույցում Ժերար Շալյանը պատմել էր «Հուշերիս հուշերը» գրքի կարեւորության եւ հայկական արմատներին իր վերադարձի պատմության մասին:

 

Խաղալիք զինվորներն ու անցյալի սարսափը

 

Ինձ համար սա շատ կարեւոր գիրք է: Հեղինակածս մի քանի տասնյակ գրքերից առավել կարեւոր են երկուսը՝ այս մեկը եւ իմ բանաստեղծությունները: «Հուշերիս հուշերը» («Mémoire de ma mémoire») գիրքը պատմում է հայերի եւ այն երեխայի մասին, ում ցնցել էին անցյալի, կոտորածի եւ կորսվածի մասին սգացող ծեր կնոջ խոսքերը:

 

Երբ երեխա էի, ընտանիքս հյուրընկալվել էր ընկերների տանը: Հատակին նստած խաղում էի խաղալիք զինվորներով եւ ականջի պոչով ունկնդրում մեծերի խոսակցությունը: Լսեցի այդ կանանց, ովքեր համարյա արտասվելով պատմում էին, թե ինչպես են կորցրել իրենց եղբորը, հորը, մորը: Սա ծայրահեղ տխրություն է, որը կամա թե ակամա կլանում ես եւ երբեք չես մոռանում:

 

«Պարտվածների մազոխիզմից»՝ դեպի արմատներ

 

Տասնվեց տարեկանում որոշեցի, որ այն ամենն, ինչ անվանում էի «պարտվածների մազոխիզմ», ավարտվել է: Այլեւս չէի ցանկանում լսել այդ մասին: Որոշեցի կառուցել արկածներով լի սեփական կյանքը, ուստի հայերի հետ կապված ամեն բան ավարտված էր ինձ համար, մինչեւ չլրացավ քառասուն տարեկանս: Շատ քիչ հայ ընկերներ ունեի. միայն նրանք, ովքեր անցյալից էին մնացել: 

 

Ժերար Շալյանը Ժերար Շալյանը

Լուսանկարը` Stephane Burlot/Ballast

 

Սկսեցի ճամփորդել: Բացահայտեցի իմ օրերի աշխարհը, որն ալեկոծվում էր ազգային ազատագրական շարժումներից: Ցանկանում էի գրի առնել ալժիրցիների, վիետնամցիների, պաղեստինցիների, Լատինական Ամերիկայի եւ Հեռավոր Արեւելքի ժողովուրդների պայքարը:

 

Հետո լսեցի մի մարդու մասին, ով Լոս Անջելեսում սպանել էր թուրք հյուպատոսին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում: 1975 կամ 1976 թվականին սկսվեց դաշնակցականների եւ մյուսների ՝ «ցեղասպանության վրիժառուների» շարժումը: 

 

1977 թվականին Le Monde թերթում տպագրվեց իմ առաջին նյութը: Հոդվածում գրել էի, որ համամիտ եմ, որ թուրք դիվանագետների այդ սպանությունները կարելի է անվանել «գովազդային ահաբեկչություն», քանի որ մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ լուսաբանվում են միայն թեժ նորությունները: Դու կարող ես ամեն տարի  ծավալուն զեկույց ուղարկել ՄԱԿ-ին, նրանք այն մի տեղ կպահեն եւ մոռացության կմատնեն: Իսկ եթե սպանես մեկին, ով կարեւոր մարդ է համարվում, կհայտնվես առաջին էջերում: Այդպիսով, հայերի համար այդ գործողությունը կատարվածը վերստին ճանաչելի դարձնելու միակ ճանապարհն էր: 

 

Հետո սկսեցի վերընթերցել փաստաթղթերը, վկայությունները: Այդ ժամանակ ծնողներս արդեն մահացած էին: Ես վերջինն էի եւ ինքս ինձ ասացի. «Դու պարտավոր ես մի բան անել հանուն քո ժողովրդի: Դու շատ ես պայքարել Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի ժողովրդների համար: Դու պետք է մի բան անես հայերի համար, չէ՞ որ հայ ես»: 

 

Բեկումնային պահը 

 

Գլխումս մի միտք ծագեց: Երբ Վիետնամում էի աշխատում, ներկայացա «Ռասելի տրիբունալի» առջեւ (անգլիացի փիլիսոփա եւ հասարակական գործիչ Բերտրան Ռասելի հիմնած Վիետնամում պատերազմական հանցագործությունների միջազգային դատարան-Մեդիամաքս) եւ ասացի. «Եկեք հայերի համար միջազգային տրիբունալ հիմնենք»: 

 

Ճանաչում էի մի քանի հոգու, որոնք համագործակցում էին Ռասելի տրիբունալի հետ, ուստի ասացի. «Եկեք պատմական մի բան կազմակերպենք: Դուք հիմնականում բարձրաձայնում եք մեր օրերում տեղի ունեցող երեւույթների մասին, օրինակ` արգենտինական բռնապետության կամ այլ վայրերում տեղի ունեցած բռնությունների մասին: Եկեք ետ գնանք»: Նրանք ասացին. «Շատ լավ, այս խնդիրը ֆինանսավորելու համար դու պետք է գումար գտնես»: Դիմեցի եկեղեցուն եւ բոլոր հայկական կազմակերպություններին: Դա հեշտ էր ինձ համար, քանի որ ոչ մի կառույցի անդամ չէի հանդիսանում, եւ ոչ ոք չէր կարող ասել. «Օ՜, նա դաշնակ է» կամ նման մի բան. ես ոչ ոք էի: Ես ընդամենը ֆրանսիացի գրող Շալյանն էի: 

 

Ժերար Շալյանը Ժերար Շալյանը

Լուսանկարը` Stephane Burlot/Ballast

 

Այդ ժամանակ արդեն բավականին հայտնի էի՝ մեկ տարի առաջ մոտ երկու հարյուր հազար տպաքանակով լույս էր տեսել իմ «Ռազմավարական ատլաս»-ը, որը մեծ հաջողություն ունեցավ: Ներգրավեցինք մի քանի հոգու՝ Ալիս Սամուելյանին, Իզաբել Քորթյանին եւ մյուսներին: Ընդհանուր առմամբ, հայ կանայք ավելի շատ էին, քան տղամարդիկ: Ինձ համար դա բացահայտում էր, որովհետեւ ես ոչ մեկին չէի ճանաչում:

 

Սորբոնի մոտ ցույց անցկացնելու թույլտվություն ստացանք: Դա ամենից շատ զայրացրեց թուրքերին: Նրանք Le Monde-ում մի ամբողջ էջի վրա հոդված էին պատվիրել, ասելով, որ դա ամբողջովին սուտ է: Սակայն մեզ հաջողվեց հայտնի ֆրանսիացի եւ եվրոպացի մտավորականների մոտ 250 ստորագրություն հավաքել: Սա իսկապես բեկումնային պահ էր:

 

Հորեղբոր հիշատակին 

 

Այս գիրքը սկսեցի գրել 1978 թվականին եւ այն ավարտելու համար պահանջվեց քսան տարի, չնայած որ փոքր գիրք է: Ինչու՞: Որովհետեւ երբ այսպիսի գիրք ես գրում, այն պետք է անթերի լինի: Դու չես կարող «համեմատաբար լավ» գիրք գրել: Կամ պետք է լռես, կամ իսկապես մի լավ բան գրես:

 

Ժերար Շալյանը Ժերար Շալյանը

Լուսանկարը` Stephane Burlot/Ballast

 

Երբ հերթը հասավ վերջին գլխին, որը նվիրված էր ջարդերին, տասը տարով կանգ առա, որովհետեւ այդ ողբերգությունը թղթին փոխանցելն իսկապես դժվար է: Մոտ մեկ ամիս մնացի տանը միայնակ, վերընթերցելով բոլոր վկայությունները: Գերմանացի քահանա, սկանդինավցի միանձնուհիներ, ամերիկացի վկաներ՝ բոլորը վկայում էին ցեղասպանության մասին: Հետո որոշեցի, որ այս ամենի մասին հարկավոր է անպայման գրել եւ գրեցի երեք օրում: Պարզապես խորասուզվել էի այդ պատմությունների մեջ: Գործն ավարտին հասցնելուց հետո վերընթերցեցի եւ հուզվեցի:  Այդ պահին զգացի, որ իսկապես հաջողել եմ. դա հենց այն էր, ինչ պետք էր:

 

Գրքում միախառնված են կոտորածների, մարդկանց բնաջնջման եւ մինչեւ վերջին շունչը պայքարող ֆիդայիների մասին պատմություններ: Այս ստեղծագործությունը նվիրված է իմ հորեղբոր հիշատակին, ով մասնակցել էր Հաճընի հերոսամարտին:

 

Երկու տարի առաջ էլեկտրոնային փոստով իսպաներեն գրված մի նամակ ստացա: Նամակում գրված էր. «Հեյ, հորեղբայր, դու ողջ ես: Դա հրաշալի է»: Նամակի հեղինակն ասում էր, որ նրանք իմ գոյության մասին իմացել էին Ֆեյսբուքից եւ Վիքիպեդիայից եւ նրա մայրը իմ հոր՝զենքը ձեռքին Հաճընում զոհված եղբոր դուստրն է եղել: «Նա 70 տարեկան է, կարո՞ղ եմ գալ եւ տեսել քեզ»,- գրել էր նա: Ես ասացի, «Իհարկե»: 

 

Ժերար Շալյանը Ժերար Շալյանը

Լուսանկարը` Stephane Burlot/Ballast

 

Նա ինձ դուր եկավ: Քառասուն տարեկան ՏՏ մասնագետ էր: Նա ինձ տաս օրով հրավիրեց Արգենտինա, որտեղ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին նվիրված երկու կոնֆերանս էին կազմակերպել: Գնացի Բուենոս Այրես, եւ նրանք ինձ ցույց տվեցին իմ ընտանիքի լուսանկարները: Հետո հանդիպեցի իմ զարմիկներին: Վերջում նրանք ինձ նվիրեցին «Հուշերիս հուշերը» գրքի իսպաներեն թարգմանությունը, ինչը ֆանտաստիկ նվեր էր: Մինչ այդ երեք անգամ եղել էի Արգենտինայում, սակայն մտքովս երբեք չէր անցել, որ այնտեղ իմ ընտանիքի անդամներ են ապրում: 

 

Ժերար Շալյանի մտքերը գրի է առել Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին