Հայ-ադրբեջանական համաձայնագիրը «նոր դարաշրջան է բացում Կովկասում» - Mediamax.am

156 դիտում

Հայ-ադրբեջանական համաձայնագիրը «նոր դարաշրջան է բացում Կովկասում»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեֆրի Մանկոֆի With the Armenia-Azerbaijan Deal, It’s a New Era in the Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ջեֆրի Մանկոֆի 

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ջրբաժանային պահ էր հարավկովկասյան հարեւանների միջեւ տասնամյակներ տեւած հակամարտությունում։ Երկու երկրները ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, որը կարող է հանգեցնել ԽՍՀՄ փլուզումից առաջ սկսված հակամարտության ավարտին, նպաստել տարածաշրջանային առեւտրային եւ ներդրումային գործարքներին եւ Միացյալ Նահանգներին կարեւոր դերակատար դարձնել տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ գերիշխում էին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ 

Նախնական համաձայնագիրը, որի մշակումը ամիսներ տեւեց, Վաշինգտոնի ամենալուրջ քայլն է հետխորհրդային տարածքում։ Դրա ստորագրումը հակասում է տարածված պատումին, որ Թրամփի վարչակազմը ձգտում է հետ քաշել Միացյալ Նահանգները միջազգային պարտավորություններից կամ ազդեցության ոլորտը զիջել Կրեմլին։ Սակայն համաձայնագիրն անավարտ է եւ իրական ռիսկեր ունի թե՛ տարածաշրջանի, թե՛ Միացյալ Նահանգների համար։

Շրջանակային համաձայնագիրը ենթադրում է, որ երկու կողմերն էլ գիտակցում են, որ հասունացել է երկարատեւ խաղաղության հաստատելու պահը, որը ոչ միայն վերջ կդնի Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտությանը, այլեւ կհաղթահարի Հարավային Կովկասում երկարամյա աշխարհագրական եւ քաղաքական մասնատվածությունը: Ըստ այս գործընթացին մասնակցող պաշտոնյայի՝ Թրամփի վարչակազմը ակնկալում է, որ վերջնական խաղաղության պայմանագիրը կստորագրվի եւ կվավերացվի մինչեւ 2026 թվականի վերջը: Սակայն դրա համար բոլոր կողմերը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, պետք է կատարեն իրենց պարտավորությունները եւ զբաղվեն անպատասխան մնացած մի քանի հարցերով:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը Հարավային Կովկասի մասնատվածության եւ ռազմավարական մարգինալացման մշտական պատճառ էր: Այն նաեւ հնարավորություն տվեց Ռուսաստանին գերիշխել տարածաշրջանում, քանի որ Մոսկվան 1990-ականներից ի վեր փորձել է խոչընդոտել վերջնական լուծմանը՝ ստիպելով Բաքվին ու Երեւանին ապավինել Կրեմլին որպես մրցավարի եւ անվտանգության երշախավորի: Ռուսաստանի ներգրավվածությունը կանխեց հակամարտության սրումը, բայց կանխեց նաեւ երկարատեւ լուծումը, որը թույլ կտար երկու երկրներին տնօրինել իրենց ապագան:

Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում, որին հաջորդեց 2023 թվականին հայկական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի մնացած մասերի վերանվաճումը, հիմնովին նոր իրականություն ստեղծեց: Ի պատիվ իրեն՝ Փաշինյանը հասկացավ, որ ջախջախիչ ռազմական պարտությունը, Լեռնային Ղարաբաղի կորուստը եւ նրա էթնիկ հայ բնակիչների փախուստը ոչ միայն խաղաղության անհրաժեշտություն ստեղծեցին, այլեւ հնարավորություն՝ մշտապես դադարեցնելու հակամարտությունը: Երեւանը ձգտում էր խաղաղության համաձայնագրի, սակայն Բաքուն երկար ժամանակ տատանվում էր: Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցում էր, որ ուժեղ խաղաքարտեր ունի եւ կարող է առավելապաշտական պահանջներ ներկայացնել:

Այնուամենայնիվ, խաղաղության համաձայնագրի ուրվագծերն արդեն պարզ էին. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում (ներառյալ Ադրբեջանի կողմից նախկին Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը), սահմանազատում, իրավական պահանջներից հրաժարում եւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորում: Երեւանն ու Բաքուն մարտին հայտարարեցին, որ համաձայնության են եկել այս պայմանների շուրջ: Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը Ամերիկայի օգնությամբ պետք է շրջանակային համաձայնագրից անցնեն երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքելուն:

Սակայն բազում կարեւոր խնդիրներ դեռ պետք է լուծվեն: Բաքուն Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի էքսկլավին կապող միջանցք էր պահանջում, ինչպես նաեւ փոփոխություններ Հայաստանի սահմանադրության մեջ, որոնք կապահովեն, որ ապագա կառավարությունները ընդունեն Լեռնային Ղարաբաղի կորուստը: Հայաստանի դեմ ադրբեջանցի ազգայնականների համախմբումը մնում է Ալիեւի քաղաքական լեգիտիմացման ռազմավարության կարեւոր աղբյուր:

Հատկապես բարդ է միջանցքի հարցը: Կողմերից ոչ մեկը չէր ցանկանում, որ ռուսական ուժերը ապահովեն տարանցիկ ճանապարհը, ինչպես պետք է լիներ 2020-ի հրադադարի պայմաններով: Հայաստանը մերժեց արտաքին ներկայություն, որը կվտանգեր իր ինքնիշխանությունը, իսկ Ադրբեջանը պահանջում էր անարգել մուտք դեպի Նախիջեւան: Այս երթուղին եւ հարակից հայկական տարածքը վերահսկողության տակ առնելու Ադրբեջանի սպառնալիքը գործին չօգնեցին: Վաշինգտոնի անդրկուլիսային դիվանագիտության հիմնական տարրը ԱՄՆ-ի առաջարկն էր՝ միջանցքի ստեղծման գործում բացառիկ իրավունքներ ունենալու մասին:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լիակատար խաղաղությունը հսկայական օգուտներ կբերի տարածաշրջանի մարդկանց, առաջին հերթին՝ պաշտպանելով նոր պատերազմից: Ադրբեջանը ապահովագրված կլինի Ղարաբաղի խնդրի վերածննդից, իսկ Հայաստանը կազատվի Նախիջեւան տանող տարանցիկ ճանապարհը ուժով գրավելու ադրբեջանական սպառնալիքից: Ընդհանուր գործարքի շրջանակներում Ադրբեջանը կստանա ավելի սերտ ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ, որը խոստանում է ներդրումներ կատարել էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտում (այդ թվում՝ Կասպից ծովով անցնող օպտիկամանրաթելային մալուխի հնարավոր շինարարությունը) եւ վերացնել պաշտպանական համագործակցության սահմանափակումները, ինչը կամրապնդի երկրի դիրքը տարածաշրջանային մրցակիցներ Ռուսաստանի եւ Իրանի դեմ: Հայաստանը նույնպես կշահի ԱՄՆ-ի հետ անվտանգային սերտ համագործակցությունից եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանների բացումից:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Եթե սահմանները բացվեն, Հայաստանը կարող է օգտվել տարածաշրջանային առեւտրի եւ տարանցիկ ցանցերին ինտեգրվելուց: Դրան կարող է արագ հաջորդել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, թեեւ լարվածության արմատները ուշ օսմանյան դարաշրջանից են:

Սահմանների բացումը եւ տարանցման հեշտացումը կօգնեն հաղթահարել Հարավային Կովկասի վաղեմի մասնատվածությունը, եւ տարածաշրջանը ավելի գրավիչ կդարձնեն՝ որպես Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կապող օղակ: Հետագա օգուտներ կարելի է քաղել՝ ընդլայնելով առեւտուրն ու ներդրումները այսպես կոչված Միջին միջանցքով, որն անցնում է Չինաստանից Կենտրոնական Ասիայով եւ Կասպից ծովով դեպի Եվրոպա: Միջին միջանցքի կառուցումը, որը նաեւ կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային Եվրասիայում, Վաշինգտոնի երկարաժամկետ նպատակներից է։

Չնայած Բաքվի, Երեւանի եւ տարածաշրջանի համար մշտական համաձայնագրի կնքումը հստակ օգուտներ ունի, առջեւում դեռեւս բարդ ճանապարհ կա: Մինչեւ պայմանագրի ստորագրումը եւ վավերացումը անհրաժեշտ է մշտապես ներգրավված պահել Հայաստանն ու Ադրբեջանը: Բաքուն կարող է հրաժարվել, եթե համարի, որ խոստացված օգուտները չեն իրականացվի (օրինակ, եթե ԱՄՆ-Ադրբեջան անվտանգության ոլորտում համագործակցության սահմանափակումների վերացումը խնդիրների հանդիպի Կոնգրեսում): Թեեւ Փաշինյանի կառավարությունը հավատարիմ է համաձայնագրին, ներքաղաքական անկայունությունը, այդ թվում՝ համաձայնագրի հակառակորդների կողմից ենթադրյալ հեղաշրջման փորձը, կարող է խնդիրներ առաջացնել նաեւ Երեւանում:

Շրջանակային համաձայնագիրը անպատասխան է թողնում հայկական կողմի մի քանի մտահոգությունները: Դրանց թվում են տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթների իրականացումը, որը կպահանջի ադրբեջանական ուժերի դուրսբերում հայկական տարածքներից, Ղարաբաղից հայ փախստականների կարգավիճակի վերջնական կարգավորումը եւ Բաքվի կողմից սահմանադրական փոփոխությունների պահանջը: Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահությունը ցածր է. խաղաղության գործընթացը սկսել է իշխանությունը, բայց քաղաքացիական հասարակության եւ հասարակ մարդկանց աջակցության ստացումը երկու երկրներում էլ շատ ավելի երկար գործընթաց կլինի:

Մեկ այլ մարտահրավեր էլ բխում է տարածաշրջանում ավելի լայնորեն ներգրավվելու մասին որոշումից: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը անբարյացակամ են համարում ԱՄՆ նույնիսկ առեւտրային ներկայությունը: Սպիտակ տանը ստորագրման արարողությունից հետո Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտներին վրա Ռուսաստանի հարվածները վկայում են Կրեմլի դժգոհության մասին: Իրանը նույնպես զգուշացրել է, որ չի հանդուրժի ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում:

Առայժմ Ռուսաստանի հյուծիչ պատերազմը Ուկրաինայում ԱՄՆ-ին եւ այլ արտաքին ուժերին հնարավորություն է տվել փոխելու իրադրությունը այն տարածաշրջանում, որը Մոսկվան դեռեւս համարում է իր ետնաբակը: Տեղացի դիտորդները մտահոգվում են, որ Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանության նկրտումները չեն մարել, եւ որ է՛լ ավելի ռազմականացված, ռազմատենչ Կրեմլը կփորձի հաշիվներ մաքրել Կովկասում (եւ այլուր), երբ Ուկրաինայում մարտական գործողություններն ավարտվեն։

Վերջին ամիսներին Մոսկվան Բաքվի հետ բառակռվի մեջ էր՝ ռուսական ՀՕՊ-ի կողմից «Ադրբեջանական ավիաուղիներ» ուղեւորատար ինքնաթիռի խոցումից հետո, որի հետեւանքով 38 մարդ զոհվեց։ Իսկ Փաշինյանի կողմնակիցները մեղադրում են Մոսկվային Հայաստանի առաջնորդին տապալելու դավադրություններին մասնակցելու մեջ։ Ռուսաստանը Հայաստանում ունի նաեւ այլ լծակներ, այդ թվում՝ վճռական դիրք երկրի տնտեսությունում, կարեւորագույն ենթակառուցվածքների (օրինակ՝ երկրի միակ ատոմակայանի) վերահսկողություն եւ ազդեցություն Հայ Առաքելական եկեղեցում։ 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Սպիտակ տունը հույս ունի, որ Բաքվի ու Երեւանի հետ համագործակցության ընդլայնումը բավարար զսպող գործոններ կլինեն, որոնք թույլ չեն տա Մոսկվային կամ Թեհրանին վիճարկել նոր վերադասավորումները։ Այդ ռիսկը կարող է արդարացվել. եթե ոչ, ապա հարց է մնում` արդյո՞ք Վաշինգտոնը կհամարձակվի Կովկասում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի կամ Իրանի հետ։ 

Այդ մտահոգություններով հանդերձ՝ Հայաստան-Ադրբեջան շրջանակային համաձայնագիրը նշանակալի քայլ է տարածաշրջանի ամենասուր հակամարտություններից մեկն ավարտելու ուղղությամբ: Այս կետին հասնելու համար անհրաժեշտ էր քաղաքական քաջություն Բաքվում եւ Երեւանում, ինչպես նաեւ համառություն եւ ստեղծագործական մոտեցում ԱՄՆ կողմից (եւ Ֆրանսիայից, որը փարատեց Հայաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունները ողջ գործընթացի ընթացքում): Այսպես թե այնպես՝ համաձայնագիրը նշանավորում է Հարավային Կովկասում նոր դարաշրջանի սկիզբը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին