Ներկայացնում ենք Կորեայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, Ասիական զարգացման բանկի նախկին գլխավոր տնտեսագետ եւ Հարավային Կորեայի նախագահի միջազգային տնտեսական հարցերով նախկին ավագ խորհրդական Լի Ջոնգ-Վաի հոդվածի հայերեն թարգմանությունը:
Լի Ջոնգ-Վա
Ամբողջ աշխարհում կառավարությունները մրցում են համաշխարհային մակարդակի համալսարաններ կառուցելու համար։ Գերմանիայի «Exzellenzinitiative»-ից մինչեւ Հնդկաստանի « Գերազանցության ինստիտուտներ»-ը՝ նպատակը նույնն է. ստեղծել հաստատություններ, որոնք կգրավեն եւ կխթանեն առաջատար համաշխարհային տաղանդներին, կիրականացնեն առաջադեմ հետազոտություններ եւ կնպաստեն նորարարությանն ու տնտեսական աճին։ Սակայն խաղադրույքները հատկապես բարձր են Միացյալ Նահանգներում եւ Չինաստանում՝ հաշվի առնելով աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների մրցակցությունը։
Բարձրագույն կրթության ոլորտում առաջատար լինելու պայքարը պարզապես հեղինակության մասին չէ։ Էլիտար համալսարանները բազմաթիվ ձեւերով են ազդում տնտեսական ցուցանիշների վրա, այդ թվում՝ խթանելով նորարարությունը, բարձրացնելով արտադրողականությունը եւ ավելացնելով անհատական եկամուտները։ Առաջատար հաստատությունների շրջանավարտները ավելի մեծ հավանականությամբ կդառնան գիտնականներ, գյուտարարներ եւ ձեռնարկատերեր։ Միջինից ավելի բարձր որակ ունեցող համալսարաններ ունեցող երկրները ավելի արագ տեխնոլոգիական զարգացում եւ ավելի բարձր արտադրողականություն ունեն։
Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարձրագույն կրթության միջեւ ցանկացած համեմատություն անտեղի կլիներ։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ համալսարանները գլխավորել են համաշխարհային վարկանիշային աղյուսակները, իսկ MIT-ի, Սթենֆորդի եւ Հարվարդի նման հաստատությունները նորարարության կենտրոններ էին, երկրի գլոբալ գիտական առաջնորդության եւ ձեռնարկատիրական դինամիզմի հիմքը: Աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից շատերը, այդ թվում՝ Google-ը, Meta-ն, Nvidia-ն եւ Tesla-ն, ստեղծել են ԱՄՆ էլիտար համալսարանների շրջանավարտները։

Լուսանկարը` REUTERS
Այդ շրջանավարտները հաճախ ամերիկացիներ չէին: Ամերիկայի միլիարդ դոլար արժողությամբ ստարտափների կեսից ավելին ունի առնվազն մեկ ներգաղթյալ հիմնադիր, դրանց մեկ քառորդը հիմնադրել են առաջին անգամ ԱՄՆ ժամանած միջազգային ուսանողները: Սա Ամերիկայի համալսարանական համակարգի ամենաուժեղ կողմն է. աշխարհի լավագույն տաղանդներին գրավելու կարողությունը: Միջազգային ուսանողները կազմում են Ամերիկայի առաջատար հետազոտական համալսարաններ ընդունվածների 14%-ը եւ էլիտար հաստատությունների (Բաղեղի լիգայի համալսարանների, օրինակ՝ Սթենֆորդի եւ MIT-ի) 28%-ը: 2023-24 ուսումնական տարում միջազգային ուսանողները ԱՄՆ տնտեսությանը բերել են մոտ 44 միլիարդ դոլար եւ ստեղծել ավելի քան 378,000 աշխատատեղեր։
Սակայն Ամերիկայի գերիշխանությունը բարձրագույն կրթության ոլորտում ամենեւին երաշխավորված չէ: Թեեւ ԱՄՆ (եւ եվրոպական) հաստատությունները դեռեւս առաջատար են համաշխարհային վարկանիշային աղյուսակներում, չինական համալսարանները վերջին տարիներին արագորեն մոտենում են դրանց: QS եւ Times Higher Education վարկանիշային աղյուսակներում Պեկինի եւ Ցինհուայի համալսարաններն այժմ ընդգրկվել են լավագույն 20-ի մեջ: Իսկ 2025 թվականի Nature Index-ում լավագույն տասը համաշխարհային հետազոտական հաստատություններից ութը գտնվում են Չինաստանում, իսկ Հարվարդն եւ Գերմանիայի Մաքս Փլանքի ընկերությունը այդ ցուցակի միակ արեւմտյան հաստատություններն են:
Ավելին՝ Ժեցզյանգ համալսարանը, որը ստեղծվել է Սթենֆորդի մոդելով, օգնել է Հանգջոուին դառնալ չինական Սիլիկոնային հովիտ՝ իր կենսունակ ստարտափային էկոհամակարգով, որը հիմնված է մեծ կառավարական աջակցության եւ համալսարան-արդյունաբերություն ակտիվ համագործակցության վրա: Արհեստական բանականության (ԱԲ) հզոր կենտրոն DeepSeek-ը ստեղծվել է Հանգջոուում:

Լուսանկարը` REUTERS
Չինական համալսարանները հատկապես ուժեղ են այսպես կոչված STEM ոլորտներում (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա): Չինաստանն այժմ տարեկան տալիս է մոտ երկու միլիոն գիտության եւ ճարտարագիտության շրջանավարտ, ինչը կրկնակի ավելի է, քան ԱՄՆ-ում: Չինաստանում ճարտարագիտական աստիճանները կազմում են բակալավրիատի բոլոր որակավորումների 33%-ը՝ համեմատած ԱՄՆ-ի ընդամենը 8%-ի հետ, եւ ավելի քան 600 չինական համալսարաններ այժմ առաջարկում են ԱԲ ոլորտում բակալավրիատի ծրագրեր: Այսօր աշխարհի առաջատար ԱԲ հետազոտողների մոտ կեսը չինական ծագում ունեն, եւ նրանց աճող թիվը նախընտրում է աշխատել Չինաստանում։
Այս զարգացումները պատահական չեն. դրանք արտացոլում են կառավարության կողմից երեք տասնամյակ տեւող կայուն աջակցությունը, որի օրինակներն են «985 նախագիծը» եւ «Կրկնակի առաջին կարգի շինարարություն» ծրագիրը: Եվ շարունակական առաջընթացը գործնականում երաշխավորված է. այս տարվա սկզբին Չինաստանը հրապարակեց ազգային ռազմավարություն, որի նպատակն էր մինչեւ 2035 թվականը երկիրը վերածել «գլոբալ ազդեցություն ունեցող կրթական տերության» այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԱԲ-ն, կիսահաղորդիչները եւ ռոբոտաշինությունը:
Անշուշտ, Չինաստանի ձգտումը բարձրագույն կրթության ոլորտում առաջատար դիրք գրավելու համար զգալի խոչընդոտներ կունենա: Առաջատար հետազոտությունների եւ նորարարությունների համար անհրաժեշտ է մտավոր եւ ակադեմիական ազատություն, ազատություն՝ հարցականի տակ դնելու գերիշխող գաղափարները, ուսումնասիրելու նոր հասկացություններն ու թարմացնելու մտածողության ձեւերը: Ինչպես զգուշացրել են քննադատները, Չինաստանի Կոմունիստական կուսակցության խիստ վերահսկողությունը համալսարանների եւ լրատվամիջոցների նկատմամբ դրան չի նպաստում:
Այնուամենայնիվ, Չինաստանի հանձնառությունը բարձրագույն կրթությունը ամրապնդելու հարցում հստակ է: Նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացի պատերազմ է հայտարարել առաջատար համալսարաններին՝ ենթադրյալ գաղափարախոսական կողմնակալության դեմ պայքարի անվան տակ: Այս նպատակով սառեցվել է միլիարդավոր դոլարների հետազոտությունների ֆինանսավորումը, Հարվարդի եւ Կոլումբիայի նման հաստատություններից պահանջվել են լայնածավալ բարեփոխումներ՝ ուսումնական ծրագրերի փոփոխությունից մինչեւ բազմազանության ծրագրերի վերացումը: Միեւնույն ժամանակ Թրամփի վարչակազմը փորձում է չեղարկել եւ սահմանափակել միջազգային ուսանողների վիզաները:

Լուսանկարը` REUTERS
Չնայած Թրամփի վարչակազմի հարձակումը հանդիպել է համալսարանների դիմադրությանը, կապիտուլյացիայի դեպքերն էլ քիչ չեն։ Այժմ բարձրագույն կրթության նկատմամբ վստահությունը կտրուկ նվազում է, ինչպես եւ արտասահմանյան դիմումների թիվը։ Միտումն անկասկած սրում են Թրամփի կողմից իրականացվող լայնածավալ ներգաղթային բռնաճնշումները: Այս զարգացումները վտանգում են ոչ միայն ԱՄՆ ակադեմիական ազատությունը, այլեւ Ամերիկայի երկարատեւ տնտեսական, գիտական եւ տեխնոլոգիական առավելությունը։
Կարելի է միայն հուսալ, որ Թրամփի վարչակազմի հարձակումը բարձրագույն կրթության վրա կարճատեւ կլինի, եւ ԱՄՆ-ն կրկին կպարտավորվի խթանել ակադեմիական ազատությունը, ընդունել միջազգային ուսանողներին եւ աջակցել համալսարաններին՝ որպես նորարարական գաղափարների ինկուբատորներ։ Չինաստանը մեծ ներդրումներ է կատարում համաշխարհային մակարդակի համալսարաններ կառուցելու, օտարերկրյա տաղանդներ ներգրավելու, արդյունաբերության ու ակադեմիական աշխարհի միջեւ կապերը ամրապնդելու գործում, ուստի ԱՄՆ-ն չի կարող իր ակադեմիական գերակայությունը անփոփոխ փաստ համարել։ Այն, թե ինչպես է ծավալվում համաշխարհային «ուղեղների մրցավազքը», առաջիկա տասնամյակներում կազդի տեխնոլոգիական ոլորտում առաջատար լինելու, տնտեսական հզորության եւ աշխարհաքաղաքական ազդեցության վրա։
Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: