Ներկայացնում ենք The Financial Times-ում հրապարակված Trump and Erdoğan’s ‘extraordinary’ bond tested by Israel and jet deal հոդվածի հայերեն թարգմանությունը:
Նրանց մարմնի լեզուն վկայում էր եղբայրական հարաբերությունների մասին. վերջերս Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռք սեղմեցին, ժպտացին, հետո խմբային լուսանկարի համար գրկախառնվեցին։
Այս երկու «ընկերների», ինչպես իրենք անվանում են իրար, «բացառիկ» հարաբերությունները մինչ այժմ փոխադարձ հաղթանակներ են պարգեւել։
Թուրքիան մաքսատուրքերի հարցում ավելի լավ վիճակում է հայտնվել, քան ԱՄՆ շատ դաշնակիցները։ Վաշինգտոնը վերացրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, ինչպես ցանկանում էր Էրդողանը։ Թրամփը նաեւ աչքերը փակել է Էրդողանի կողմից ընդդիմության շարունակվող բռնաճնշումների վրա։
Էրդողանն էլ իր կողմից ՆԱՏՕ-ի դաշնակցին տարածք է տրամադրել է Ռուսաստանի հետ բանակցությունների համար եւ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման հնարավորություն է ընձեռել, ինչը Թրամփը վաղուց էր ցանկանում։
Աակայն այժմ նրանց հարաբերությունները երկու խոշոր փորձության առաջ են կանգնել։
Ամենաանհետաձգելիների խնդիրներից է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կառավարությանը եւ Իսրայելի ապակայունացնող գործողությունները։ Երկրորդը՝ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը Թուրքիայի պաշտպանական ոլորտի համար՝ թույլ տալով կնքել բազմամիլիարդանոց F-35 կործանիչների գործարքը, ինչը Էրդողանը վաղուց է ուզում։
«Դժվար է թերագնահատել նրանց հարաբերությունները։ Թրամփը սիրում է ուժեղ երկրներ եւ հզոր առաջնորդներ. Էրդողանը երկուսին էլ համապատասխանում է», - ասում է Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծական կենտրոնի Թուրքիայի հետազոտական ծրագրի տնօրեն Սոներ Ջագափթայը:
Այնուամենայնիվ, «եղբայրության մասին բոլոր խոսակցություններից զատ՝ Թրամփն ու Էրդողանը, կարծես, իրականում որեւէ գործարք չեն կնքում», - իր հերթին ասում է Վաշինգտոնի Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի նախագահ Էրոն Սթայնը։
«Թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր դարաշրջանը»՝ ինչպես այն նկարագրում է Էրդողանը, ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, որքան Սիրիայում։
Թուրքիայի հարեւանը երկար ժամանակ լարվածության աղբյուր էր ԱՄՆ-ի եւ Թուրքիայի բախվող առաջնահերթությունների, մասնավորապես՝ քուրդ զինյալներին ԱՄՆ-ի աջակցության պատճառով, որոնց Անկարան Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մաս է համարուևմ։
Սակայն այժմ Վաշինգտոնը գրեթե կրկնում է թուրքական թեզերը, նույնիսկ երբ դրանք հակասում են Իսրայելի շահերին, որը թշնամաբար է տրամադրված Շարաայի նկատմամբ։

Լուսանկարը` REUTERS
Հունիսին՝ Էրդողանի հետ զրույցից հետո, Թրամփն օգտագործեց իր գործադիր լիազորությունները՝ վերացնելու Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, ինչը Թուրքիայի հիմնական խնդրանքն էր։ ԱՄՆ-ն այս ամիս որոշեց ցուցակից հանել Հայաթ Թահրիր ալ-Շամ ահաբեկչական խմբավորումը՝ Սիրիայի նախագահի նախկին շարժումը, եւ այն դարձավ առաջին ահաբեկչական կազմակերպությունը, որն ԱՄՆ-ն հանեց ցուցակից, նախքան այդ դադարեց իր գործունեությունը։
«Սա մեծ նշանակություն ուներ Թուրքիայի համար, եւ Էրդողանի նկատմամբ Թրամփի վստահության նշանն էր, - ասում է Ջագափթայը։ - Եթե Սիրիան կայուն լինի, Թուրքիայում բնակվող ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականներից շատերը կվերադառնան։ Դա, իր հերթին, կօգնի լուծել Թուրքիայի ներսում ազգայնական խնդիրները եւ պոտենցիալ հաղթանակ կդառնա Էրդողանի համար»։
Թոմ Բարաքը՝ Թրամփի ընկերներից մեկը, Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը եւ Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակը, կարեւորագույն միջնորդ է։ Թրամփը հանձնարարել է Բարաքին՝ լիբանանյան ծագումով մեղմախոս, բայց կոշտ գործելաոճ ունեցող մասնավոր կապիտալի միլիարդատիրոջը, երկկողմ հարաբերությունները «հիանալի»-ից բարձրացնել «բացառիկ» կարգավիճակի։
Անկարան զայրացած է Շարաայի ղեկավարած Սիրիայում Իսրայելի բազմակի միջամտություններից, այդ թվում՝ հարավային տարածքների գրավումից եւ ռազմական ենթակառուցվածքներին հարվածներից։
Բարաքը նույնպես քննադատել է Իսրայելին «եւս մեկ չափազանց շփոթեցնող քայլի» համար, երբ Իսրայելը տասնյակ ավիահարվածներ հասցրեց Սիրիային՝ բացատրելով, որ գործում է դրուզ կրոնական փոքրամասնությանը պաշտպանելու համար։
ԱՄՆ պաշտոնյայի կողմից Իսրայելին ուղղված այս հազվադեպ հրապարակային քննադատությունը արժանացավ պաշտպանության նախարար Իսրայել Կացի զուսպ հերքմանը. «Քննադատողները լավատեղյակ չեն փաստերին»։
Թրամփ-Էրդողան հարաբերությունների երկրորդ մեծ փորձությունը Թուրքիայի վաղեմի ցանկությունն է՝ գնելու տասնյակ F-35 «անտեսանելի» կործանիչներ, ինչի մասին Էրդողանը դրական էր արտահայտվել Հաագայում Թրամփի հետ հանդիպումից հետո՝ ասելով. «Ինշալլա՛հ, առաջընթաց կգրանցենք»։
Սակայն խոչընդոտները լուրջ են։ Գործարքը կասեցվել էր 2020 թվականին այսպես կոչված CAATSA (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին օրենք) ներքո, երբ Էրդողանը երկու ռուսական S-400 հակաօդային պաշտպանության մարտկոց գնեց։

Թուրք պաշտոնյաները ակնարկել են, որ S-400-ները այդ ժամանակվանից ի վեր մնում են չբացված արկղերում։ Սակայն «եթե օգտագործվեն, դա նույնն է, թե Ռուսաստանը USB կրիչը միացնի ՆԱՏՕ-ի համակարգչային համակարգին, - ասել է արեւմտյան մի պաշտոնյա։ - Դա մեզ համար բացարձակապես անընդունելի է»։
Բարաքը նկատել է, որ լուծումը, այդ թվում՝ պատժամիջոցները վերացնելու համար անհրաժեշտ Կոնգրեսի հաստատումը, կարող է տեղի ունենալ մինչեւ այս տարվա վերջ։
Մինչդեռ Թուրքիան ձգտում է նորացնել իր ավիապարկը՝ գնելով Eurofighter ինքնաթիռներ։ Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան ստորագրել են նախնական բազմամիլիարդանոց գործարք՝ Անկարային Typhoon ինքնաթիռներ վաճառելու վերաբերյալ։
F-35-ների առումով «հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ համաձայնվեն որոշակի զիջումների իրենց հայեցակարգային դիրքորոշումներում, - ասում է Ստամբուլի EDAM վերլուծական կենտրոնի տնօրեն Սինան Ուլգենը: - Թուրքիան ստիպված կլինի պարտավորվել երբեք գործնականում չօգտագործել S-400-ը, եւ վստահության դեֆիցիտը մեղմելու համար մշտադիտարկում թույլ տալ... Բայց ԱՄՆ-ն էլ պետք է ճկունություն ցուցաբերի»։
Խաղադրույքները բարձր են: Եթե խնդիրը լուծվի, Lockheed Martin-ը բազմամիլիարդանոց պատվեր կստանա: Թուրքական ընկերությունները նույնպես կարող են ներգրավվել F-35 ծրագրի մեջ՝ վերականգնելով շահավետ պայմանագրերը։
«Ճանապարհ երկար է լինելու, - զգուշացրեց Սթայնը, - F-35-ներ գնելու համար Թուրքիան կարիք ունի ռազմական ֆինանսավորման, որը պետք է հաստատվի Կոնգրեսում: Սակայն Թուրքիան ժողովրդականություն չի վայելում Կոնգրեսում, իսկ հույներն ու իսրայելական լոբբին դեմ կլինեն գործարքին»։
Վերլուծաբանները պնդում են, որ ցանկության դեպքում ճանապարհ էլ կգտնվի, եւ ակնկալում են, որ F-35-ի գործարքը մի օր կիրականացվի՝ նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի Թրամփի գործադիր հրամանագիրը։
Ավելի դժվար է լուծել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ աճող լարվածությունը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջերս հայտարարեց, որ Անկարան կարող է միջամտել, եթե Սիրիան բաժանելու հետագա փորձեր լինեն. այս հեռանկարը բարձրացնում է տարածաշրջանի երկու ամենահզոր բանակների միջեւ ուղղակի բախումների հավանականությունը։

Լուսանկարը` REUTERS
Կա նաեւ Իրանի գործոնը։ Թուրքիան լեզուն կծեց, երբ հունիսին ԱՄՆ-ն ռմբակոծեց Իրանի միջուկային օբյեկտները՝ միայն մեղմ դիտողություն անելով։ Սակայն Անկարան կարող է լիովին խզել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, եթե Իսրայել-Իրան պատերազմի երկրորդ փուլ լինի, եւ Թեհրանին եւս մեկ հարված հասցվի, որը ամենավատ դեպքում կհանգեցնի իրանցի փախստականների զանգվածային հոսքին դեպի Թուրքիա։
Չագափթայը նշել է, որ «Թրամփը պետք է միջամտի» Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ «Փոխադարձ հակակրանքը մեծ է. առաջնորդները միմյանց չեն սիրում, ո՛չ էլ անվտանգության մարմինները, ո՛չ էլ ժողովուրդը։ Միայն Թրամփը կարող է միջնորդել… Սա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենամեծ ականապատ դաշտն է»։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: