ԱՄՆ սենատորը պատմել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ բանակցությունների մասին - Mediamax.am

968 դիտում

ԱՄՆ սենատորը պատմել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ բանակցությունների մասին


Սենատոր Սթիվ Դեյնսը
Սենատոր Սթիվ Դեյնսը

Լուսանկարը` REUTERS

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ սենատոր Սթիվ Դեյնսը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ սենատոր Սթիվ Դեյնսը

Լուսանկարը` REUTERS

Սթիվ Դեյնսի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 2025թ. մայիսի 30-ին
Սթիվ Դեյնսի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 2025թ. մայիսի 30-ին

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում The Wall Street Journal-ում հրապարակված հանրապետական սենատոր (Մոնտանա նահանգ) Սթիվ Դեյնսի A Peace Deal for Armenia and Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սթիվ Դեյնս

Նախագահ Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու շեմին է: Դա կլինի ակնառու ձեռքբերում ու եւս մեկ քայլ դեպի կայունություն եւ տնտեսական օգուտներ:

Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք երբեմն Խորհրդային Միության մաս էին կազմում, հակամարտում 1980-ական թվականների վերջից՝ բռնության պարբերական բռնկումներով: Խաղաղության հասնելու բազմաթիվ փորձերը կարճատես կամ անհեռատես էին: ԱՄՆ նախկին վարչակազմերը չկարողացան առաջնահերթություն տալ տարածաշրջանին եւ խաղաղության բանակցություններին:

Թրամփի վարչակազմն առաջընթաց է գրանցել՝ համատեղելով նախագահի «խաղաղություն ուժի միջոցով» մոդելը գործնական, ստեղծագործական դիվանագիտության եւ երկու կողմերի համար ավելի լուսավոր օրերի խոստման հետ:

Այս տարի ես այցելել եմ երկու երկրները պարոն Թրամփի թիմի անդամների հետ: Մենք ուսումնասիրել ենք տարածաշրջանի տնտեսական ներուժը եւ նպաստել ենք խաղաղության բանակցությունների ամենաբարդ հարցերի քննարկմանը:

Սթիվ Դեյնսի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 2025թ. մայիսի 30-ին Սթիվ Դեյնսի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 2025թ. մայիսի 30-ին

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Ես հանդիպել եմ ե՛ւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ե՛ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ մենք քննարկել ենք գործնական լուծումները: Երկու առաջնորդներն էլ գիտակցում են պահի հրատապությունը եւ բացվող լուրջ հնարավորությունները:

Չափազանց երկար ժամանակ Ռուսաստանը հանդիսացել է որպես տարածաշրջանային միջնորդ՝ օգտագործելով իր դիրքը հակամարտությունը հավերժացնելու եւ իր հարավային հարեւաններին թույլ ու մեկուսացված վիճակում պահելու համար: Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը թոթափում են ռուսական գերիշխանության լուծը եւ շրջվում են դեպի անկախ տեսլական, որը համադրվում է ԱՄՆ-ի առաջնահերթություններին:

Տարածաշրջանը կորոշի իր սեփական ապագան՝ հիմնված ԱՄՆ-ի հետ գործընկերության վրա, որը կարող է բարգավաճման հիմք դնել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ դրանից շատ հեռու:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ սենատոր Սթիվ Դեյնսը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ սենատոր Սթիվ Դեյնսը

Լուսանկարը` REUTERS


Միջին միջանցքի աշխարհագրությունը այն օժտում է եզակի ռազմավարական եւ տնտեսական կարեւորությամբ: Գտնվելով ԱՄՆ-ի այնպիսի հակառակորդների միջեւ, ինչպիսիք են Իրանը եւ Ռուսաստանը, դա միակ հողակտորն է, որով Արեւմուտքը կարող է անարգել առեւտուր անել Կենտրոնական Ասիայի հետ: Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը ունեն նավթի, բնական գազի, ածխի, ուրանի եւ այլ հիմնական ռեսուրսների զգալի պաշարներ: Դրանք լրացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի շքիթի, պղնձի, ոսկու, քրոմիտի, մանգանի, արծաթի, ցինկի եւ այլ կրիտիկական հանածոների խոշոր պաշարները: Թրանսանատոլիական խողովակը կարող է մեծացնել թողունակությունը՝ տարածաշրջանի ավելի շատ էներգետիկ պաշարներ Եվրոպա տեղափոխելու համար, որպեսզի մայրցամաքը այլեւս երբեք կախում չունենա Ռուսաստանից: Իսկ Հարավային Կովկասի հանքային պաշարները կարող են ազատել ԱՄՆ-ին Չինաստանից կախվածությունից:

Թրամփի վարչակազմի վճռականությունը օգնել է ստեղծել պատմական հնարավորություն այս երկու երկրների համար: Համաձայնագիրը կփոխի աշխարհաքաղաքականության ընթացքը այնպես, որ դա օգուտ կբերի ոչ միայն Հարավային Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, այլեւ ԱՄՆ-ին եւ մեր դաշնակիցներին առաջիկա տասնամյակների համար:

Տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ կայունության հասնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է առանց հապաղելու ավարտեն աշխատանքը համաձայնագրի վրա:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին