Ներկայացնում ենք Project Syndicate-ի համար Թուրքիայի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուի գրված հոդվածը՝ կրճատումներով:
Ահմետ Դավութօղլու
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հաագայում անցավ արտակարգ լարվածության պայմաններում: Սպիտակ տուն վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը բազմիցս մեղադրել էր Եվրոպային, որ այն օգտագործում է ամերիկյան ռազմական միջոցները՝ լուրջ մտահոգություններ առաջացնելով Դաշինքի ապագայի վերաբերյալ: Իրանի միջուկային օբյեկտներին գագաթնաժողովից ընդամենն երեք օր առաջ հարվածելու նրա որոշումը, որը կայացվել էր առանց ՆԱՏՕ-ի դաշնակիցներին նախապես տեղեկացնելու, միայն ուժեղացրեց այդ վախերը:
Թրամփի հարվածները Իրանին հիշեցրին 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո միջամտությունները Աֆղանստանում եւ Իրաքում, երբ ՆԱՏՕ-ն սովորական ռազմական սպառնալիքներին դիմակայելուց հետո փաստացի ընդգրկվեց նաեւ ահաբեկչության դեմ պայքարին: Թեեւ դաշինքը աջակցեց Աֆղանստանի պատերազմին ԱՄՆ-ի առաջնորդությամբ, Իրաքի ներխուժումը շատ ավելի վիճահարույց էր՝ Սադամ Հուսեյնի մոտ զանգվածային ոչնչացման զենքերի առկայության մասին հստակ ապացույցների բացակայության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հստակ մանդատի բացակայության պատճառով: Հակասություններն այնքան սրվեցին, որ այն ժամանակվա ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը վիճահարույց հայտարարություն արեց «Հին» եւ «Նոր» Եվրոպաների մասին:
Բայց ներկայիս իրավիճակն ավելի մտահոգիչ է: Եթե 2003-ին Միացյալ Նահանգները գոնե փորձում էին խորհրդակցել իրենց դաշնակիցների հետ, այժմ Թրամփը նրանց անտեղյակ է պահում: Ցնցող է, բայց ՆԱՏՕ-ի շատ առաջնորդներ հարձակման մասին տեղեկացան միայն դրա ավարտից հետո: ՆԱՏՕ-ն երկրորդ պլան մղելով՝ Թրամփը Դաշինքին փաստացի պասիվ դիտորդի դեր վերապահեց:
Թեեւ Իսրայելը եւ Իրանը ընդունեցին Թրամփի առաջարկը զինադադարի մասին, ՆԱՏՕ-ի անդամները վտանգավոր իրավիճակում հայտնվեցին: Դա հատկապես մտահոգիչ է Թուրքիայի համար, որը սահմանակից է Իրանի հետ եւ խոցելի է տարածաշրջանային սրացման դեպքում:

Լուսանկարը` REUTERS
Թրամփի վարքագիծը վտանգում է ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունը: Ի վերջո, ոչ մի երաշխիք չկա, որ Իսրայելը չի խախտի զինադադարը, ինչպես դա արեց Գազայում մարտի ամսին: ՆԱՏՕ-ի անդամները այժմ պետք է պատասխանեն կարեւոր հարցի. Դաշինքը կարո՞ղ է գոյատեւել, եթե անդամ պետությունները միակողմանի ռազմական գործողություններ են սկսում, որոնք վտանգում են մյուսներին:
ՆԱՏՕ-ի ապագան կախված է նրա առաջնորդների արձագանքից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օրինակ, պետք է հստակ մատնացույց անի
այն ռիսկերը, որոնք տարածաշրջանային անկայունությունը ներկայացնում է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության դիրքորոշման համար՝ հատկապես հաշվի առնելով Իրանի հետ Թուրքիայի սահմանակից լինելը: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական տեղեր ունեցող երկրների առաջնորդներ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը կարող են կարեւոր դեր խաղալ ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ համակարգման ամրապնդման մեջ:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարող է առանցքային դեր խաղալ ՆԱՏՕ-ԵՄ հարաբերությունների ձեւավորման մեջ, իսկ Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի նախագահները կարող են վերակենդանացնել դիվանագիտությունը եւ վերականգնել դաշինքի բարոյական կողմնացույցը:
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը կարող է ճամփաբաժան դառնալ՝ կամ Դաշինքը կմնա աշխարհի ամենահզոր պաշտպանական կազմակերպությունը՝ հիմնված իր անդամների ընդհանուր նպատակների եւ ներդրումների վրա, կամ կդառնա ամերիկյան-իսրայելական ռազմավարական շահերի պարզ գործիք:

Լուսանկարը` REUTERS
Իրաքի պատերազմից առաջ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը մերժվեցին որպես «Հին Եվրոպայի» ներկայացուցիչներ՝ ամերիկյան միջամտությանը դիմադրելու համար: Եթե ժամանակին նրանց նախազգուշացումները լսեին, Իրաքի պատերազմի աղետալի հետեւանքներից հնարավոր կլիներ խուսափել, եւ Իրանի տարածաշրջանային ազդեցությունը, հավանաբար, այսօր շատ ավելի նվազ կլիներ:
Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր դիվանագիտական ուղիները սպառելուց առաջ սկսված պատերազմները կործանարար են դառնում բոլոր մասնակիցների համար: Ուկրաինայում Ռուսաստանի սխալ հաշվարկները ցույց են տալիս, որ պատերազմ սկսելը հեշտ է, իսկ ավարտելը՝ շատ ավելի բարդ:
Այսօր, երբ Թրամփի գործողությունները սպառնում միջազգային իրավունքի հետագա քայքայմանը, եվրոպական առաջնորդները պետք է դիմադրություն ցուցաբերեն: Եթե ՆԱՏՕ-ն չկարողանա պահպանել իրավունքի գերակայությունը, այն կարող է կորցնել գլոբալ անվտանգության հիմնաքարի իր դերը:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: