Ներկայացնում ենք Մոլդովայի Հանրապետության նախկին փոխվարչապետ եւ արտգործնախարար Նիկու Պոպեսկուի եւ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի գիտաշխատող Գիորգոս Վերդիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Նիկու Պոպեսկու, Գիորգոս Վերդի
Երբ մտածում ենք պատերազմի ապագայի մասին, գայթակղիչ է պատկերացնել մի աշխարհ, որտեղ գերիշխում են առաջադեմ տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող անօդաչու թռչող սարքերը, գերձայնային հրթիռները եւ դրանց ամեն մի շարժումը համակարգող արբանյակները: Սակայն Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ միայն բարձր տեխնոլոգիական հնարավորություններով պատերազմներ չեն հաղթում: Հաղթանակը կախված է նաեւ ցածր տեխնոլոգիական լուծումներից եւ երկուսի արագ եւ էժան ինտեգրումից:
Արեւմտյան տերությունները վաղուց ենթադրում էին, որ իրենց տեխնոլոգիական առավելությունը հաղթանակ կապահովի ապագայի ցանկացած հակամարտության մեջ: Բացատրությունը պարզ է. եթե զենքդ ավելի խելացի, արագ եւ ճշգրիտ է, հաղթանակը քոնն է:
Բայց Ուկրաինայի պատերազմը բացահայտեց այս մտածողության սահմանները: Բարձր տեխնոլոգիական համակարգերը գուցե եւ կործանարար եւ արդյունավետ են, բայց դրանք հաճախ միայն ժամանակավոր ռազմավարական առավելություն են ապահովում: «Հիմար» տեխնոլոգիան՝ պարզ, էժան ու մատչելի, նույնքան կարեւոր է:
Վառ օրինակ են ԱԹՍ-ները: Թեւավոր հրթիռները տեխնոլոգիական հրաշքներ են, բայց Ուկրաինայում հենց սակավարժեք առեւտրային ԱԹՍ-ներն են թերթերի վերնագրերում: Սա ակնհայտ դարձավ այս ամսվա «Սարդոստայն» գործողության ժամանակ, երբ Ուկրաինան օգտագործեց ցածր տեխնոլոգիական FPV ԱԹՍ-ները միլիարդավոր դոլարների արժողությամբ ռուսական ինքնաթիռները ոչնչացնելու համար։
Սովորական քվադրոկոպտերները վերափոխել են հետախուզությունը, թիրախավորումը եւ նույնիսկ անմիջական հարձակումները: Դրանց արդյունավետությունը պայմանավորված է ոչ թե գերժամանակակից բաղադրիչներով, այլ քանակով, ցածր գնով եւ հազարավոր նորարարների հնարամտությամբ, որոնք կարող են արագ փոխել արտադրման ձեւը եւ մեծացնել քանակը: Երբ Ռուսաստանը հակազդեցության նոր ձեւեր է ներկայացնում, ի հայտ են գալիս ԱԹՍ-ների նոր տարբերակներ. նորարարության շարունակական ցիկլ, որը պահպանում է դրանց արդյունավետությունը։

Լուսանկարը` REUTERS
ԱԹՍ-ները միակ օրինակը չեն: Երկու կողմերի զինված ուժերը ապավինում են տասնամյակների հնության տանկերին, օգտագործված բեռնատարներին, մոտոցիկլետներին, սկուտերներին եւ ճանապարհների վրա ձգված ձկնորսական ցանցերին, որոնք պաշտպանում են ԱԹՍ-ների հարձակումից՝ ցածր տեխնոլոգիական լուծում, որը հայտնի է որպես «հակա-ԱԹՍ թունելներ»: Տանկերի վրա տեղադրվում են մետաղալարե ցանցեր, որոնք գրեթե չեն տարբերվում սովորական այգու ցանկապատերից. «վանդակավոր զրահ», որը պաշտպանում է հակատանկային կառավարվող հրթիռներից: Նույնիսկ 6 միլիոն դոլար արժողությամբ «Լեոպարդ» տանկերին է անհրաժեշտ է ուկրաինական ավտոտնակներում ստեղծված ժամանակավոր վանդակ՝ ավելի թանկ ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար։
Այս նոր իրականության մեջ ամենահաջող բանակները ոչ թե լավագույն սարքավորումն ունեցողներն են, այլ նրանք, որոնք արագ հարմարվում են նորարարությանը եւ համատեղում են առաջադեմ տեխնոլոգիաները այն ամենի հետ, ինչ կարելի է գտնել գյուղերի գոմերում, շինանյութերի խանութներում կամ օգտագործված մեքենաների խանութներում։
Ուկրաինան դրա վառ օրինակն է։ Երբ Ռուսաստանը սկսեց էլեկտրոնային սարքեր օգտագործել՝ անլար ԱԹՍ-ները «խլացնելու» համար, ուկրաինացի զինվորները պատասխանեցին՝ միացնելով դրանք օպտիկամանրաթելային մալուխներին. ցածր տեխնոլոգիական, տգեղ, բայց շատ արդյունավետ շրջանցիկ լուծում։
Մի քիչ արդիականացնելով առկա զենքերը՝ զինված ուժերը դրանք դարձնում են շատ ավելի կործանարար, քան իրենց բարձր տեխնոլոգիական համարժեքները: Բազում մարտերում այս «վերամշակված» սարքավորումն ավելի մեծ վնաս է հասցրել, քան մի քանի ճշգրիտ ուղղորդվող հրթիռները: Օրինակ՝ սավառնող ռումբերը սովորական «հիմար» ռումբեր են, որոնց ավելացրել են կայունացուցիչներ եւ ուղղորդման համակարգեր: Տեսքը ֆուտուրիստական չէ, բայց զգալիորեն փոխել է մարտադաշտի դինամիկան Ռուսաստանի օգտին:
Մեկ միլիոն ցածր տեխնոլոգիական ԱԹՍ-ները երբեմն կարող են անել ավելին, քան 1000 բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ները, հատկապես, երբ «խելացի» համակարգերը սակավ են, թանկ եւ դանդաղ են արտադրվում: Մարտադաշտը պարզ, գործնական սարքերով հեղեղելու ունակությունը կարող է ջախջախել նույնիսկ ամենակատարյալ պաշտպանությունը: Խորհրդային դարաշրջանի 50-ամյա տանկը կամ Toyota բեռնատարը, որը հինգ օրում կհասնի ռազմաճակատ, ավելի օգտակար է, քան ամենաժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մարտական տանկը, որի մատակարարման համար երկու տարի է պահանջվում:
Սա չի նշանակում, որ բարձր տեխնոլոգիաները կարեւոր չեն, կամ որ կառավարությունները պետք է դադարեցնեն ներդրումներ կատարել հետազոտությունների եւ զարգացման մեջ: Պակաս կարողունակ հակառակորդների դեմ այս զենքերը կարող են վճռորոշ առավելություն ապահովել: Սակայն երբ խոսքը հավասարազոր հակառակորդի մասին է, հաջողությունը կախված է հարմարվողականությունից, ստեղծագործական մտածողությունից եւ հուսալի մատակարարման գծերից:
Արեւմուտքի մարտահրավերը, մասնավորապես, Եվրոպայի վերազինման հարցում, նորարարության իրական իմաստը վերանայելն է: Առավել առաջադեմ լուծումներին հետեւելու փոխարեն կառավարությունները պետք է գտնեն այն զենքերը, որոնք կարող են արտադրվել մեծ քանակությամբ, արագ տեղակայվել եւ տեղում ձեւափոխվել: Դրա համար անհրաժեշտ են ինչպես հարմարվողականություն, այնպես էլ ապացուցված, հուսալի սարքավորումների մեծ պաշարներ, մինչ մշակվում են հաջորդ սերնդի համակարգերը: Նույնքան կարեւոր է նաեւ թույլ տալ զորքին տեղում նախաձեռնությունը ստանձնել, ինչն արդյունավետ բանակների առանձնահատկություն է՝ ԱՄՆ-ից մինչեւ Իսրայել եւ Ուկրաինա:
Քանի որ պաշտպանական բյուջեները ամբողջ Եվրոպայում աճելու են, կարեւոր է չհիմնվել ծախսելու անցյալ մոդելների վրա: Առաջադեմ ռազմական սարքավորումների մեջ ներդրումներին պետք է ուղեկցեն ավելի մեծ ճկունությունն ու որոշումների արագ կայացումը: Հետազոտություններից եւ զարգացումներից զատ՝ կառավարությունները պետք է զենքի ձեռքբերման այնպիսի գործընթացներ ունենան, որոնք կարող են արագ արձագանքել մարտադաշտի նորարարություններին:

Լուսանկարը` REUTERS
Այս նպատակով եվրոպական կառավարությունները պետք է իրենց պաշտպանական բյուջեների 10-ից 15%-ը հատկացնեն զարգացող տեխնոլոգիաներին: Դա նշանակում է, որ պետք չէ յուրաքանչյուր եվրոն նախապես հատկացնել, այլ փոխարենը հարմարվել ֆինանսական ճկունությանը, որը նպաստում է ստեղծագործական մտածողությանը մարտադաշտում եւ դրանից դուրս։
Խելացի բյուջետավորումից բացի՝ պետք է վերանայել գնումների գործընթացը, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ տեղակայել նոր տեխնոլոգիաները։ Արեւմտյան զինուժի ավանդական, դանդաղ համակարգերը հարմար չեն այս դարաշրջանին, երբ հաղթանակը կախված է հարմարվողականության տեմպից։
Եվրոպական կառավարությունները պետք է քննարկեն այլընտրանքային պայմանագրային գործընթացները, որոնք զգալիորեն կկրճատեն գնումների ժամկետները։ Օրինակ՝ ԱՄՆ Պաշտպանության նորարարությունների ստորաբաժանումը արագացրել է գնումները ոչ ավանդական մատակարարներից՝ նախատիպային պայմանագրեր կնքելով ընդամենը 60 օրվա ընթացքում։
Եվ վերջապես, արեւմտյան զինվորականները պետք է խորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ստարտափների հետ։ Ուկրաինայի դիմադրողականության մեծ մասը կարելի է վերագրել հարյուրավոր փոքր ընկերություններին, որոնք օգնել են զինուժին հարմարվել եւ արտադրել ամեն ինչ՝ տանկերի պաշտպանիչ վանդակներից մինչեւ մարտադաշտի կապի համակարգեր։ Ուկրաինայի «Երկաթե հրաձգարան» փորձարկման ծառայությունը, որը ստեղծվել է օգնելու նոր տեխնոլոգիաներին հասնելու մարտական պատրաստվածությանը, պաշտպանական ոլորտում նորարարությունները արագացնելու արժեքավոր օրինակ է։
Արեւմտյան պաշտպանական հաստատությունները պետք է օրինակ վերցնեն Ուկրաինայից եւ ակտիվորեն համագործակցեն մասնավոր հատվածի հետ՝ ավանդական կապալառուներին լրացնելու համար։ Արագ զարգացող մարտական միջավայրում եվրոպական զինված ուժերը պետք է կոշտ բյուրոկրատական ժամանակացույցերը եւ անփոփոխ բազմամյա բյուջեները փոխարինեն ճկուն համակարգերով, որոնք կարող են արձագանքել իրական ժամանակում։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: