ԱՄՆ-ն եւ Իրանի միջեւ «միջանկյալ» համաձայնագիրը հնարավոր է - Mediamax.am

exclusive
306 դիտում

ԱՄՆ-ն եւ Իրանի միջեւ «միջանկյալ» համաձայնագիրը հնարավոր է


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածը` գրված Project Syndicate-ի համար:

Իեն Բրեմեր

Ամերիկացի եւ իրանցի բանագնացները Օմանում անցկացրել են միջուկային բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերի դիրքորոշումները հիմնարար հարցերի շուրջ դեռեւս հեռու են միմյանցից, նրանք տարբեր ակնկալիքներ ունեն, եւ նրանց ժամանակը սպառվում է։ Բայց առաջին անգամ երկար տարիների ընթացքում լավատեսության առիթ կա։ Այս պահի առանձնահատկությունը ոչ թե դիրքորոշումների անսպասելի մերձեցումն է, այլ այն ընդհանուր ըմբռնումը, որ դիվանագիտությունը նախընտրելի է հակամարտությունից։

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական բնույթ ունի, եւ ԱՄՆ հետախուզության վերջին գնահատականները վկայում են, որ ներկայում այն իսկապես միջուկային զենք չի ստեղծում։ Այնուամենայնիվ, Իրանի ուրանի հարստացման գործունեությունը զգալիորեն ընդլայնվել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ը դուրս բերեց Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (ՀՀԳԾ)։ Այսօր Իրանը շեմային միջուկային պետություն է՝ բավարար քանակությամբ 60%-ով հարստացված ուրանով, որպեսզի արտադրի վեց միջուկային մարտագլխիկ (եթե այն հարստացվի մինչեւ 90%), եւ ունակ է «սրընթաց անցում» կատարել ռումբին մոտավորապես վեց ամսվա ընթացքում (թեեւ զենքի ստեղծումը, հավանաբար, կտեւի մեկից երկու տարի)։


Արեւմուտքի մեծ մասի համար այսպիսի իրավիճակն անընդունելի է։ Եթե մինչեւ հունիսի վերջ դիվանագիտական առաջընթաց չգրանցվի, ԱՄՆ-ը ստիպված կլինի գործի դնել ՄԱԿ-ի պատժամիջոցների «վերականգնման» մեխանիզմը։ Բայց դա կոչնչացնի դիվանագիտական ջանքերի մնացորդները, կխրախուսի Իրանին դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից եւ կբարձրացնի ռազմական հակամարտության ռիսկը։

Թրամփը համապարփակ գործարք է ցանկանում, որը դուրս կգա ՀՀԳԾ-ի շրջանակներից՝ սահմանափակելով ուրանի հարստացումը, զսպելով հրթիռային ծրագիրը եւ փոխելով Իրանի տարածաշրջանային վարքագիծը։ Բայց սա պատրանք է։ Իրանը չի համաձայնի իր միջուկային ծրագրի լիարժեք փակմանը, էլ չասած տարածաշրջանային դաշինքներից հրաժարարմանը՝ այն էլ առաջիկա շաբաթներին։ Թեհրանը չի հրաժարվի նաեւ ուրանի հարստացումից կամ բալիստիկ հրթիռների ստեղծումից, որոնք կենտրոնական դերակատարություն ունեն Իրանի զսպման ռազմավարության մեջ։

Բայց նույնիսկ այս սահմանափակ միջավայրում դիվանագիտական ուղին փակված չէ։ Երկու կողմերն էլ շահագրգռված են կնքել պակաս հավակնոտ համաձայնագիր՝ ռազմական հակամարտությունից խուսափելու համար։ Թրամփը հակված չէ նոր պատերազմներ սկսել։ Իրանի հարցում «բազեի»՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հրաժարականը ցուցադրական էր։ Ինչպես նաեւ Թրամփի հայտարարությունը Եմենի հութիների
հետ զինադադարի մասին։

Թրամփը նախընտրում է գործարքային ելքը, ինչպես եւ նրա Ծոցի դաշնակիցները, եւ նա գտնում է, որ լավագույն ժամանակն այսօր է, երբ Իրանը էապես թուլացած է։ Քանի որ նրա վարչակազմի ջանքերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կրակի դադարեցման հասնելու հարցում դանդաղում են, իրանական հարցը նրան առաջարկում է լավագույն՝ եւ, հավանաբար, միակ շանսը դիվանագիտական հաջողության հասնել մինչեւ տարեվերջ։

Լուսանկարը` REUTERS


Թեեւ Իրանը սկզբում մերժել էր պաշտոնական շփումները, նրա առաջնորդները ի վերջո հավանություն տվեցին Օմանի միջոցով անուղղակի բանակցություններին՝ ուղղակի բանակցությունների պատրաստակամություն ակնարկելով, եթե այնտեղ առաջընթաց լինի։ Իրանական ռեժիմն ընդունում է, որ շարունակվող տնտեսական եւ դիվանագիտական մեկուսացումը հանգեցնում է ավելի մեծ խնդիրների։ Իրանցի պաշտոնյաները պատժամիջոցների վերացումը դիտարկում են որպես անհրաժեշտ պայման տնտեսության դանդաղ փլուզումը կանգնեցնելու եւ հասարակական հնարավոր անհանգստությունը զսպելու համար։

Թեեւ իրանցիները Թրամփին դիտարկում են որպես թշնամական սուբյեկտ, ոմանք դիվանագիտական «հաղթանակների» հասնելու նրա ցանկությունը եւ նոր պատերազմներ սկսելու հարցում դժկամությունը հնարավորություն են համարում «շունչ քաշելու» համար ժամանակ շահել՝ առանց խոշոր զիջումների։ Թեեւ Իրանը ուղղակիորեն չի վերահսկում հութիներին, հաղորդումների համաձայն, այն ճնշում է գործադրել նրանց վրա, որպեսզի համաձայնեն կրակի դադարեցմանը։ Սա բարելավել է միջուկային բանակցությունների մթնոլորտը։

Խոչընդոտ է մնում Իրանի ուրանի հարստացման կարողությունը։ Թեհրանը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի առաջարկը՝ հարստացված ուրան ներկրել իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար, այլ ոչ թե հարստացնել այն երկրի ներսում։ Իսլամական հանրապետությունը հարստացումը դիտարկում է որպես անվիճելի ինքնիշխան իրավունք։ Այնուամենայնիվ, այն բաց է մնում պակաս հավակնոտ գործարքի համար, որը կսահմանափակեր հարստացումը, կապահովեր վերահսկողությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից։

Սպիտակ տան վերջին հայտարարությունները նույնպես վկայում են ավելի մեծ ճկունության մասին։ Մայիսի 4-ին Թրամփը հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակն է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, այլ ոչ թե վերացնել նրա քաղաքացիական միջուկային ներուժը։ Մայիսի 7-ին փոխնախագահ Ջ. Դ. Վենսը կրկնել էր, որ Իրանը «կարող է ունենալ քաղաքացիական միջուկային էներգետիկա»։ Սա կարող է թույլ տալ կնքել «նեղ համաձայնագիր», որի հիմնական նպատակը կլինի դիվանագիտության պահպանումը ամռանից հետո։

Սա, իհարկե, Ամերիկայի համար ամենանախընտրելի տարբերակը չէ։ Թրամփը հայտնի է անհամբերությամբ եւ կասկածանքով կվերաբերվի նման գործարքին։ Բայց համապարփակ համաձայնագիրը միմյանց խորապես չվստահող կողմերի միջեւ չի կարող համաձայնեցվել երկուսուկես ամսվա ընթացքում։ Նրանից հետո, երբ Թրամփը սպառնաց ռմբակոծել Իրանը, եթե բանակցությունները ձախողվեն, ավելի համեստ գործարքը ռազմական հակամարտության միակ կենսունակ այլընտրանքն է։ Բարեբախտաբար, Թրամփը միշտ պատրաստակամություն է ցուցաբերել հեռանալ մաքսիմալիստական դիրքերից, եթե հնարավորություն ունի հայտարարելու քաղաքական հաղթանակի մասին։

Լուսանկարը` REUTERS


Առաջընթացի դեպքում ԱՄՆ-ը կհետաձգեր պատժամիջոցների վերականգնումը կա՛մ ոչ պաշտոնական կերպով՝ ճնշում գործադրելով իր եվրոպական դաշնակիցների վրա, կա՛մ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւի որոնման միջոցով՝ ժամկետը երկարաձգելու համար։ ԱՄՆ-ի դաշնակիցները Եվրոպայում, եւ նույնիսկ Ռուսաստանն ու Չինաստանը կարող էին աջակցել այդպիսի քայլին, եթե այն ձեւակերպվեր որպես ճգնաժամից խուսափելու միջոց։ Այս մոտեցումը կպահպաներ պատժամիջոցների վերականգնման հնարավորությունը՝ դիվանագիտական ուղին բաց պահելով եւ կանխելով անմիջական էսկալացիան։

Ռազմական տարբերակը կմնար սեղանին։ ԱՄՆ-ը ընդլայնել է իր ուժերի տեղակայումը տարածաշրջանում, ինչը ծառայում է թե՛ որպես բանակցային լծակ, թե՛ որպես նախապատրաստություն հնարավոր օդային հարվածների համար բանակցությունների ձախողման դեպքում։

Հաջողության երաշխիքներ չկան։ Իրանը կարող է մերժել ԱՄՆ-ի պայմանները կամ ժամանակ ձգել՝ հուսալով նոր զիջումներ կորզել։ Թրամփը կարող է որոշել, որ զիջումները բավարար չեն, եւ փոխել ուղղությունը դեպի պատժամիջոցների վերականգնում։ Եթե բանակցությունները ձախողվեն, եւ ԱՄՆ-ը կամ Իսրայելը հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա, Իրանը կպատասխանի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական թիրախներին հարվածելով եւ իր
միջուկային ծրագրին ռազմական բաղադրիչ կհաղորդի։

Այս բոլոր սցենարները իրատեսական են։ Բայց, չնայած առկա ռիսկերին, դիվանագիտության ընթացիկ փուլը միջուկային դեէսկալացիայի ամենալուրջ հնարավորությունն է ՀՀԳԾ-ի փլուզումից 7 տարի անց։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Project Syndicate, 2025
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին