Ներկայացնում ենք գրող, New York Review of Books-ի նախկին խմբագիր Իեն Բուրումայի հոդվածը:
Իեն Բուրումա
Pax Americana-ի («Ամերիկյան աշխարհի») վերջն արդեն տեսանելի է: Թեեւ սա երկար ժամանակ «ամերիկյան իմպերիալիզմի» դեմ պայքարող շատ ձախերի նպատակն էր, բոլորովին զարմանալի չէ, որ ջախջախիչ հարվածը համաշխարհային կարգին հասցրեց ԱՄՆ-ի աջ ծայրահեղականներից կազմված վարչակազմը: Ամերիկայի ծայրահեղ աջերը միշտ մեկուսացվածության ավելի մեծ կողմնակից էին, քան լիբերալ իսթեբլիշմենթը: Հարցն այն է, թե ինչպես կարձագանքեն Եվրոպայում եւ Արեւելյան Ասիայում Ամերիկայի հիմնական դաշնակիցները:
Եվրոպական առաջնորդները շտապ հանդիպումներ հրավիրեցին, որտեղ շատ խիզախ խոսքեր ասացին: Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը X-ում գրել էր, որ «ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք», եւ որ «սա մեր՝ եվրոպացիներիս խնդիրն է՝ ընդունել այս մարտահրավերը»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը խոստացավ աշխատել Ֆրանսիայի՝ միջուկային զենք ունեցող մեկ այլ եվրոպական երկրի հետ՝ Ուկրաինայում արդարացի հրադադարի հասնելու համար: Ամենանշանակալիցը Գերմանիայի ապագա կանցլեր եւ նախկինում համոզված ատլանտիստ Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունն էր այն մասին, որ Եվրոպային անհրաժեշտ է «անկախանալ ԱՄՆ-ից»:

Լուսանկարը` REUTERS
Կարող ենք միայն հույս փայփայել, որ Դոնալդ Թրամփի կողմից Ամերիկայի ավանդական դաշնակիցների դավաճանությունը, Ուկրաինայի նվաստացումը, աջակողմյան ծայրահեղականության խրախուսումը եւ ավտոկրատ առաջնորդների հանդեպ բարյացակամ վերաբերմունքը եվրոպական եւ արեւելաասիական ժողովրդավարություններին կդրդեն նոր պաշտպանական դաշինքներ ձեւավորել:
Նոր կարգի անհրաժեշտությունն անվիճելի է: Բայց անվիճելի են նաեւ խոչընդոտները:
ԵՄ-ն ռազմական տերություն չէ, եւ կասկածելի է, որ Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի գլխավորած «կամեցողների կոալիցիան» կկարողանա փոխհատուցել ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներից հրաժարումը: Նույնիսկ եթե եվրոպական երկրները գտնեն ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ին փոխարինող ռազմական դաշինք ստեղծելու տարբերակը, դա տարիներ կպահանջի: Եվ դա չի ստացվի առանց Գերմանիայի՝ բլոկի խոշորագույն տնտեսության առաջնորդության:
2011 թվականին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադեկ Սիկորսկին Բեռլինում գերմանական լսարանին ասել էր, որ «ավելի շատ վախենում է գերմանական անգործությունից, քան գերմանական իշխանությունից»: Շատ եվրոպացիներ այն երկրներում, որոնք ժամանակին տուժել են նացիստական օկուպացիայից, հավանաբար, կհամաձայնեին այս կարծիքի հետ: Բայց այն կարող են չկիսել շատ գերմանացիներ, որոնց անհանգստացնում է ռազմական տրամադրությունների վերածնունդը:
Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայում իրավիճակն ավելի բարդ է: Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, Ամերիկայի ասիական դաշնակիցներից ոչ մեկը միջուկային զենք չունի: Եվ այնտեղ չկա ՆԱՏՕ-ի համարժեք՝ Չինաստանի աճող գերակայությունից պաշտպանվելու համար: Ամերիկայի ամենահարուստ դաշնակիցը՝ Ճապոնիան, լիովին կախված է ԱՄՆ-ի անվտանգային երաշխիքներից, ինչպես եւ Հարավային Կորեան, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի միջուկային բռնապետության մշտական սպառնալիքի ներքո:
Ամերիկայի աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի նաեւ Հարավարեւելյան Ասիայի երկրների համար, որոնք ձգտում են պաշտպանվել չինական ագրեսիայից:
Եվ կա նաեւ Թայվանը, որը ԱՄՆ-ի հետ անվտանգության պաշտոնական համաձայնագիր չունի: Եթե Թրամփը պատրաստ է զոհաբերել Ուկրաինան՝ Պուտինի հետ գործարք կնքելու համար, նա կարող է համաձայնել փոխանակել Թայվանի ժողովրդավարությունը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բիզնեսի համար:

Լուսանկարը` REUTERS
Եթե Pax Americana-ն ավարտվի Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայում, Չինաստանի կողմից իր հարեւաններին վասալների վերածելը կանխելու միակ միջոցը կլինի «ասիական ՆԱՏՕ-ի» ստեղծումը այնպիսի ժողովրդավարությունների, ինչպիսիք են Հարավային Կորեան, Թայվանը, Ինդոնեզիան, Մալայզիան եւ Ֆիլիպինները, կիսա-ժողովրդավարությունների (Սինգապուր եւ Թաիլանդ) եւ, գուցե, նույնիսկ որոշ ավտոկրատիաների (Վիետնամ) կողմից:
Ճապոնիան միակ բավականաչափ հզոր երկիրն է, որը կարող է գլխավորել այդպիսի անհամասեռ կոալիցիան: Բայց Ասիայի շատ երկրներ վախենում են նման դեր վերապահել մի երկրի, որը երկար ժամանակ կառավարել է Պահպանողական կուսակցությունը, որի առաջնորդները դժկամորեն են ընդունում իրենց նախորդների սարսափելի գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Եվ ճապոնացիների մեծ մասը, ինչպես եւ շատ գերմանացիներ, պատրաստ չեն նման սցենարի:
Pax Americana-ն Ասիայում եւ Եվրոպայում մի օր պետք է ավարտվեր: Վիճակը, որում շատ հարուստ երկրներ անվտանգության հարցերում լիովին կախված են մեկ գերտերությունից, երբեք առողջ երկարաժամկետ համաձայնություն չի եղել: Բայց դրա դադարեցման ժամանակը եւ եղանակը չէին կարող ավելի վատը լինել, քան այսօր: Հենց այն պահին, երբ եվրոպական եւ ասիական ժողովրդավարությունները պետք է դիմակայեն Ռուսաստանին, Չինաստանին, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի ավտոկրատիաների թշնամական կոալիցիային, նրանց պաշտպանը սպառնում է հետ կանչել իր աջակցությունը՝ քիչ ժամանակ թողնելով հուսալի պաշտպանության վերականգնման համար:

Լուսանկարը` REUTERS
Ամերիկայի լքված դաշնակիցները կարող են խուճապի մատնվել եւ ապաստան փնտրել, աղերսելով մեծ տերություններից մեկի պաշտպանությունը: Հարավկորեացիները եւ Հարավարեւելյան Ասիայի բնակիչները կարող են դիմել Չինաստանին: Բրիտանացիները կարող էին հիմնվել ԱՄՆ-ի հետ իրենց «հատուկ հարաբերությունների» վրա, մինչդեռ գերմանացիները եւ, թերեւս, նույնիսկ ֆրանսիացիները, եթե Մարին Լը Պենը հաղթի հաջորդ նախագահական ընտրություններում, կարող են դիմել Ռուսաստանին: Իսկ Ճապոնիան, անտեր մնալով, կարող է հաղթահարել միջուկային զենքի հանդեպ ունեցած իր պոստ-հիրոսիմյան ալերգիան:
Սրանցից ոչ մեկն ակնհայտ չէ: Հնարավոր է, որ եվրոպացիները կգործեն: Հնարավոր է, որ Թրամփի հաչոցն ավելի վատ է, քան նրա կծելը: Հնարավոր է, որ ամերիկացիները չեն հեռանա Ասիայից: Բայց ոչ ոք չպետք է հույս ունենա, որ այս ամենից որեւէ մեկը տեղի կունենա: Եվրոպայի եւ Ասիայի հիմնական ժողովրդավարությունները այժմ ավտորիտարիզմի դեմ միակ ամրոցն են: Եվ քաղաքական ազատության պաշտպանության բեռը հիմնականում կդրվի երկու երկրների վրա՝ Գերմանիայի եւ Ճապոնիայի, որոնք ժամանակին ջանք չէին խնայում այն ոչնչացնելու համար:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Project Syndicate, 2025
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: