Նոր աշխարհում պատերազմի եւ խաղաղության միջեւ սահմանները ջնջվել են - Mediamax.am

exclusive
1357 դիտում

Նոր աշխարհում պատերազմի եւ խաղաղության միջեւ սահմանները ջնջվել են


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Մարկ Լենարդի հոդվածը:

Մարկ Լենարդ

Եվրոպայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընկալվում է որպես քաոս տարածող՝ Միդասի հակադարձ արդյունքով. ինչին նա դիպչում է, ավելի վատն է դառնում, քան նախկինում էր։ Այնուամենայնիվ, չնայած նրա հնաոճ հայացքներին շատ հարցերի վերաբերյալ, նա մեր դարաշրջանի կատարյալ մարմնավորումն է։

2021 թվականին ես գրեցի «Անխաղաղության դարաշրջան» գիրքը, որտեղ պնդում էի, որ պետք է սկսենք վերաիմաստավորել միջազգային հարաբերությունների կանոնները հիպերկապակցվածության դարաշրջանի համար։ Նշում էի, որ բոլոր հաստատությունները եւ համաձայնագրերը, որոնք պետք է մեզ միավորեին, փոխարենը զենքի էին վերածվում։ Այսօրվա համաշխարհային քաղաքականությունը ձախողված ամուսնության է նման։ Քանդված ամուսնության մեջ համատեղ կյանքի ընթացքում ստեղծվածը՝ ամառանոցը, տնային կենդանին կամ երեխաները, կարող են օգտագործվել մեկ օտարված զուգընկերոջ կողմից՝ մյուսին վնասելու համար։ Նմանապես, առեւտուրը, համացանցը, էներգիայի աղբյուրները, մատակարարման շղթաները, միգրացիոն հոսքերը, կենսական կարեւորության հումքը եւ առաջատար տեխնոլոգիաները կարող են օգտագործվել աշխարհաքաղաքական ազդեցություն գործելու եւ ցավ պատճառելու համար։

Այս նոր աշխարհում պատերազմի եւ խաղաղության միջեւ սահմանները ջնջվել են։ Մենք սխալվում էինք, կարծելով, թե Սառը պատերազմի ավարտից հետո խաղաղության ոսկե դար ենք ապահովել։ Իրականում բռնությունը ամենուր էր, բայց այն պատժամիջոցների, արտահանման վերահսկողության, էներգիայի անջատման, ընտրություններին միջամտության եւ միգրացիայի տեսք ուներ։

Գրքիս լույս տեսնելուց ընդամենը մի քանի ամիս անց Վլադիմիր Պուտինը ներխուժեց Ուկրաինա։ Դրանից հետո աշխարհի ուշադրության մեծ մասը կենտրոնացել է պատերազմի ավանդական տարրերի եւ ռուսական տանկերից, ինքնաթիռներից ու հրթիռներից պաշտպանվելու անհրաժեշտության վրա։ Վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները դասեր էին քաղում անցյալից, այլ ոչ թե կենտրոնանում իրավիճակի նորարար լինելու վրա։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի պատերազմը միշտ եզակի է եղել՝ տասնիններորդ եւ քսանմեկերորդ դարերի տարօրինակ հիբրիդ՝ զինվորներով եւ խրամատներով, բայց նաեւ պատժամիջոցներով, անօդաչու թռչող սարքերով, արհեստական բանականությամբ եւ սոցիալական ցանցերում ազդեցության համար պայքարով։

Լուսանկարը` REUTERS


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը արձագանքեցին ռուսական ագրեսիային՝ փորձելով վերականգնել հին կարգը։ Բայց հատկապես Թրամփի վերընտրությունից հետո ակնհայտ դարձավ, որ մեզ անհրաժեշտ է նոր հայացք աշխարհին։ Թրամփի վարչակազմը բոլոր հին համոզմունքները գցեց բլենդերի մեջ եւ դրանք հեղուկի վերածեց։ Անհետացել է պատերազմի եւ խաղաղության, դաշնակիցների եւ թշնամիների, ազգային եւ մասնավոր շահերի, ձախի եւ աջի միջեւ հստակ տարանջատումը։

Երբ Թրամփը առեւտրային պատերազմ է սկսում մնացած աշխարհի դեմ, փորձում է օգտակար հանածոներ շորթել Ուկրաինայից եւ սպառնում է Գրենլանդիայի եւ Պանամայի տարածքային ամբողջականությանը, միջազգային կարգի հին կանոնները այլեւս չեն գործում։

Ցավոք, խոսքը պարզապես «անկարգության» մասին չէ: Այն կենթադրեր, որ որոշակի համաձայնություն կա այն մասին, թե ինչպես է «կարգը» ներկայանում։ Այդպիսի համաձայնություն չկա։ Միջազգային կարգի մասին մտորումները լիովին հնացել են։ Տարիներ շարունակ կառավարությունները դժվարությամբ էին հաղթահարում ճգնաժամերը՝ սկսած 2008 թվականի ֆինանսական փլուզումից մինչեւ սիրիական փախստականների ճգնաժամը եւ համաճարակը, եւ սա քաղաքական գործիչներին զրկում էր իրենց քաղաքացիների վստահությունը շահելու հնարավորությունից։

Շատերը դիմում էին արտակարգ միջոցների, բայց այնքան շատ բացառություններ են արվել, որ միջազգային կանոնների ժողովածուն շվեյցարական պանիր է հիշեցնում։ Այն վերածվել է բացառությունների, ոչ թե կանոնների վրա հիմնված կարգի։

Թրամփը հասկանում էր դա։ Նա օգտագործում էր հիասթափությունը էլիտաներից, որոնք ձեւացնում էին, թե ունեն բոլոր պատասխանները, բայց չէին կատարում խոստացածը։

Լուսանկարը` REUTERS


Քանի որ եվրոպացիները վերազինվում են՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար, նրանք նաեւ պետք է հասկանան, թե ինչպես գոյատեւել «անխաղաղության» դարաշրջանում, որը մոտեցնում են Թրամփը, Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ այլ ուժեղ առաջնորդներ։ Ամենամեծ խնդիրներից մեկը կլինի փոխկախվածությունը կրկին ապահով համարելը։ Աջակցությունը Ուկրաինային եւ տնտեսական մոդելների վերաիմաստավորումը կարող են անհրաժեշտ, բայց ոչ բավարար լինել առեւտրային պատերազմների դիմակայելու համար։ Մենք նաեւ պետք է լրջորեն մտածենք միգրացիոն, սոցիալական եւ առողջապահական քաղաքականությունների, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես են քաղաքական գործիչները հաղորդակցվում ընտրողների հետ։ Այլ կերպ ասած, եվրոպացիներին անհրաժեշտ է քաղաքականություն վարելու նոր ձեւ՝ այնպիսին, որը մարդկանց մոտ կվերականգնի վերահսկողության զգացումը։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին