Ներկայացնում ենք Իրանի արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների դպրոցի տնօրեն Մոհամադ Ռեզա Դեհշիրիի Security on Land and at Sea: Ten Rules for Operating Transport Corridors հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մոհամադ Ռեզա Դեհշիր
Առեւտրային միջանցքները՝ որպես երկրների, տարածաշրջանների եւ նույնիսկ մայրցամաքների միջեւ ապրանքների եւ ծառայությունների փոխադրման հիմնական ուղիներ, վճռորոշ դեր են խաղում միջազգային տնտեսական փոխգործակցության մեջ: Վերջին աշխարհաքաղաքական զարգացումներն ու ճգնաժամերը խաթարել են գլոբալ եւ տարածաշրջանային մի քանի առեւտրային ուղիներ՝ ընդգծելով «միջանցքների պատերազմը» «դիվանագիտության միջանցքներով» փոխարինելու եւ տրանսպորտային միջանցքները տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման միջոց դարձնելու հրատապ անհրաժեշտությունը։
Մերձավոր Արեւելքը՝ աշխարհի ամենազգայուն եւ ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջաններից մեկը, վերջին տարիներին մի շարք ծանր ճգնաժամեր է ապրել։ Ապրանքների տարանցման հեշտացումը, տրանսպորտային ենթակառուցվածքներում ներդրումները, բազմագործառույթային առեւտրային միջանցքների ցանցի ստեղծումը եւ տարածաշրջանի երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների բարելավումը ոչ միայն օգուտ կբերի նրանց տնտեսություններին, այլեւ կնվազեցնի տարաձայնությունները:
Մերձավոր Արեւելքում կապը պահպանելու եւ կայուն անվտանգությունն ապահովելու համար տրանսպորտային միջանցքներ շահագործող բոլոր երկրները պետք է ներդնեն եւ պահպանեն հետեւյալ 10 կանոնները։
Աշխարհաքաղաքականության կենտրոնական տեղը
Տրանսպորտային միջանցքների օգտագործումը պետք է հիմնված լինի հարակից երկրների աշխարհագրության, տնտեսական կարիքների եւ աշխարհատնտեսական նկրտումների վրա: Օրինակ՝ Իրանը, Մերձավոր Արեւելքում իր յուրահատուկ աշխարհաքաղաքական եւ առանցքային ռազմավարական դիրքով, ինչպես նաեւ առեւտրի հարուստ փորձով, մեծ ներուժ ունի տարբեր ենթաշրջանների միջեւ տրանսպորտային կապերը հեշտացնելու համար: Գտնվելով Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք առեւտրային միջանցքների խաչմերուկում՝ այն կարող է կապել Մերձավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիան, Անդրկովկասն ու Հարավային Ասիան եւ ծառայել որպես կամուրջ Արեւելք-Արեւմուտքի եւ Հյուսիս-Հարավի միջեւ: Իրանը ցամաքային եւ ծովային սահման ունի 15 երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Իրաքի, Թուրքիայի, Աֆղանստանի եւ Պակիստանի, ինչպես նաեւ Պարսից ծոցի հարավի արաբական վեց երկրների հետ։
Կապը որպես զենք կիրառելու հակաարդյունավետությունը
Տրանսպորտային միջանցքների կիրառումը որպես գործիք՝ որոշ երկրների մարգինալացման կամ նրանց վրա ճնշում գործադրելու համար, հակաարդյունավետ է: Տարածաշրջանը բեւեռացնելու կամ միջանցքների վերաբերյալ տարածաշրջանային կոնսենսուսը վերացնելու ցանկացած փորձ միջնաժամկետ հեռանկարում զգալիորեն կնվազեցնի դրանց արդյունավետությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կխաթարի անվտանգությունն ու կայունությունը:
Օրինակ, IMEC տարանցիկ երթուղին (Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տնտեսական միջանցք, որն անցնում է Հնդկաստանից Եվրոպա Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Իսրայելի եւ Հունաստանի միջով) չպետք է բացառի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան: Միջանցքը պետք է հասանելի լինի այս երկրներին եւ հնարավորություն ընձեռի օգտվելու փոխկախվածության առավելություններից՝ ամրապնդելով տարածաշրջանային կայունությունը։
Ներառականություն
Միջանցքները պետք է ներառական լինեն, որպեսզի բոլոր շահագրգիռ երկրները կարողանան իրենց դերն ունենալ կապի պահպանման գործում: Բացառող-ներառող մոտեցումն անարդյունավետ է:
Օրինակ, Միջին միջանցքի տարածաշրջանային հավասարումներից Իրանի եւ Ռուսաստանի բացառումը կզրկի նրանց տարանցման արտարժութային եկամուտներից եւ կստիպի շրջանցիկ ուղիներ փնտրել: Այս համատեքստում Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի մաս, կխոչընդոտի Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքների ազատ հոսքին։
Քաղաքականացումից խուսափելը
Կապի քաղաքականացումը կհանգեցնի զրոյական գումարով խաղի։ Այս տեսանկյունից միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու որոշ երկրների փորձերն անիմաստ են։ Ապաքաղաքականացված մոտեցումը թշնամության եւ առճակատման փոխարեն կհանգեցնի համագործակցության եւ կակտիվացնի տնտեսական համագործակցությունը՝ պետությունների քաղաքական մասնակցության բացակայության պայմաններում կամ աննշան մասնակցությամբ:
Միջտարածաշրջանային հարաբերություններ
Կապի համար անհրաժեշտ է տարբեր տարածաշրջանների փոխկապակցվածությունը: Ընդլայնված հարեւանության քաղաքականությունը կուժեղացնի միջտարածաշրջանային կապերը եւ կօգնի հզոր տնտեսական եւ առեւտրային ցանց ստեղծել:

Լուսանկարը` REUTERS
2002 թվականին Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Իրանը նախաձեռնեցին «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը (INSTC)՝ որպես բազմագործառույթային նախագիծ՝ տարբեր տարածաշրջանների միջեւ առեւտրային համագործակցությունը ընդլայնելու նպատակով: INSTC-ն ունի 7200 կմ երկարություն եւ Պարսից ծոցի, Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի միջոցով կապում է Հնդկական օվկիանոսը Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ: Այն կարող է տարածվել Բալթյան, Հյուսիսային եւ Արկտիկայի տարածաշրջանների վրա: 2016 թվականին Իրանն առաջարկեց լրացուցիչ տարածաշրջանային նախաձեռնություն՝ զարգացնելու Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքը (ՄՏՀ), որը կներառի նաեւ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը (Սեւ ծովի Փոթի եւ Բաթումի նավահանգիստները), Բուլղարիան եւ Հունաստանը: Այս բազմագործառույթային միջանցքը կսկսվի Իրանում Բանդար Աբբասից (Չահբահար եւ Մուքրան նավահանգիստներ) եւ կտարածվի մինչեւ Հայաստան կամ Ադրբեջան՝ միացնելով չորս հիմնական ավազանները՝ Պարսից ծոցը, Օմանի ծովը, Կասպից ծովը եւ Սեւ ծովը:
Ծախսերի եւ օգուտների վերլուծություն
Տրանսպորտային միջանցքների հզորացման միջոցով տարածաշրջանային առեւտրի եւ փոխադրումների խթանումը պահանջում է տարանցիկ ուղիների եւ տրանսպորտային ծախսերի կրճատում: Օրինակ՝ INSTC միջանցքով ապրանքների փոխադրումը խնայում է 20 օր, իսկ Հնդկաստանից Եվրոպա ծովային տարանցման արժեքը 40%-ով ցածր է, քան Միջին միջանցքով։ Ուստի վերջինիս օգտագործումը կմեծացնի բեռնափոխադրումների ծախսերն ու ժամանակը։
Կենտրոնանալ նմանությունների, այլ ոչ թե տարբերությունների վրա
Երկրների բազմազանությունը եւ նրանց տարբեր տեսլականներն ու քաղաքականությունը չպետք է խոչընդոտեն տրանսպորտային կապի հաստատմանը: Տարբերությունները կառավարելու համար անհրաժեշտ կլինի վերասահմանել ազգային շահերը եւ օգտագործել համընդհանուր, այլ ոչ թե տարբեր մոտեցումներ:
Առավելագույնի հասցնել ստեղծարարությունը եւ տարբերակների ճկունությունը
Այս բարդ դարաշրջանում հնարավոր ճգնաժամերը կստիպեն երկրներին փնտրել նոր մոտեցումներ՝ որոշել առաջնահերթությունները, բացահայտել նոր հնարավորությունները, գնահատել երթուղու հասանելիությունն ու նպատակների իրագործելիությունը, մշակել առաջատար նախագծեր եւ գործարկել համագործակցության պաշտոնական եւ ոչ պաշտոնական ուղիները: Հետեւաբար, բոլոր նախաձեռնությունների եւ տարբերակների նկատմամբ բաց լինելը կհեշտացնի եւ կամրապնդի կապը տարածաշրջանում:
Իրադարձությունների փոխկապակցվածություն
Տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունները հաճախ փոխկապակցված են «թիթեռի էֆեկտի» պատճառով, ուստի տրանսպորտային միջանցքները չպետք է առանձին դիտարկվեն: Օրինակ՝ Մերձավոր Արեւելքով, Եվրասիայով եւ Անդրկովկասով անցնող միջանցքները վերջին տարիներին լայնածավալ բացասական փոփոխությունների են ենթարկվել՝ Ուկրաինայի պատերազմի, Անդրկովկասում եւ Սեւ ծովում լարվածության եւ հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Կարմիր ծովի միջանցքում վայրիվերո փոփոխությունները պետք է դիտարկել որպես Եմենի հութիների արձագանք Իսրայելի ագրեսիային եւ Պաղեստինում Գազայի օկուպացմանը:
Երկ- եւ բազմակողմանիություն
Ե՛վ երկկողմանիությունը, եւ՛ բազմակողմանիությունը կապի սյուներ են: Այս երկուսի փոխլրացումն առանցքային գործոն է տրանսպորտային միջանցքների կայունությունն ապահովելու համար։ Երկ- եւ բազմակողմանիությունը ներառում է եռակողմ, կամավոր բազմակողմ եւ «փոքրակողմ» հարաբերությունները:

Լուսանկարը` REUTERS
Օրինակ՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունները լրացնում են BRICS-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում բազմակողմ մարմինների հարաբերությունները։ Այս տեսանկյունից շատ նախաձեռնություններ փոխլրացնող են. օրինակ՝ Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ (ITI) միջանցքը ECO միջանցքի մի մասն է, Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքը (KTI) Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) մաս է կազմում, ինչպես նաեւ Պարսից ծոց-Սեւ ծով Միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի, Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքի (այսինքն՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի (TRACECA) եւ չինական Գոտի եւ ճանապարհ նախաձեռնության (BRI)։
***
Մի քանի խոշոր տրանսպորտային նախագծեր կարող են էապես փոխել աշխարհի տնտեսական քարտեզը։ Այս առումով երեք գործոն՝ վստահության ամրապնդում, համագործակցություն եւ փոխլրացում, հիմնական են Մերձավոր Արեւելքում տրանսպորտային միջանցքների գործունեության կայուն անվտանգության ապահովման համար: Վստահության ամրապնդման միջոցառումները կնպաստեն տարածաշրջանի բոլոր դերակատարների դրական ներգրավմանը նոր նախաձեռնությունների մշակման եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման գործում: Վերոնշյալ 10 կանոնների հիման վրա տրանսպորտային ցանցի ընդլայնման ուղղությամբ համագործակցությունն ու համակարգումը օգուտ կբերեն երկրների տնտեսական զարգացմանը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից: Միջանցքների փոխլրացումը կբարձրացնի տարածաշրջանային կապը եւ կնպաստի համահունչ եւ ճկուն տնտեսական դիվանագիտությանը: Տարածաշրջանի բոլոր խաղացողները, արտաքին ուժերը եւ միջազգային կառույցները պետք է դեր ունենան եւ պատասխանատվություն կրեն տրանսպորտային միջանցքների անվտանգ գործունեության համար։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: