Դավութօղլու. ԱՄՆ-ին պետք է ոչ թե Կեսար, այլ Մարկոս Ավրելիոս - Mediamax.am

exclusive
964 դիտում

Դավութօղլու. ԱՄՆ-ին պետք է ոչ թե Կեսար, այլ Մարկոս Ավրելիոս


Լուսանկարը` REUTERS

Ահմեդ Դավութօղլուն
Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` REUTERS

Ահմեդ Դավութօղլուն եւ Հիլարի Քլինթոնը 2009 թվականին
Ահմեդ Դավութօղլուն եւ Հիլարի Քլինթոնը 2009 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ահմեդ Դավութօղլուն եւ Սերգեյ Լավրովը
Ահմեդ Դավութօղլուն եւ Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Թուրքիայի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ահմեդ Դավութօղլու

Դոնալդ Թրամփի առաջին պաշտովարման սկզբում ես պնդում էի, որ սա սովորական նախագահություն չի լինի ԱՄՆ-ում: Միջազգային կարգը, որն արդեն երերում էր հիմնարար թուլություններից եւ կարեւորագույն արժեքների եւ ինստիտուտների մասին վեճերից, կանգնած էր սեյսմիկ տեղաշարժի շեմին:

Թրամփի երկրորդ ժամկետի սկիզբը նշանավորվեց ավելի մեծ քաոսով. այն, ինչ մեկուսացված ցնցում էր թվում, վերածվեց լիակատար «համակարգային երկրաշարժի»: Թրամփի բորբոքված հռետորաբանությունը, հաճախ անհավասարակշռված գործադիր հրամանները եւ բռնակալական մոտեցումը Գազայի եւ Ուկրաինայի պատերազմների հարցում ցնցել են բազմակողմ համակարգի հիմքերը, որոնք ստեղծումը տեւեց չորս դար՝ անընդմեջ պատերազմներից եւ տառապանքներից մինչեւ Վեսթֆալիան հաշտությունը:

Վերջին երկու ամիսներին Թրամփի գործողություններն ու հայտարարությունները հուշում են, որ մենք մտնում ենք խորապես անորոշ դարաշրջան, երբ ճգնաժամերը ցանկացած պահի կարող են բռնկվել եւ սրվել։ Այժմ կարծես գերիշխում է մեկ սկզբունք. ով հզոր է, նա էլ ճիշտ է: Ի վերջո, միջազգային իրավունքի հիմքում ընկած է pacta sunt servanda սկզբունքը՝ պայմանագրերը պետք է հարգվեն:

Սպիտակ տուն վերադառնալուց հետո, սակայն, շաբաթների ընթացքում Թրամփը խախտեց, անվավեր ճանաչեց կամ հրաժարվեց բազմաթիվ համաձայնագրերից եւ պարտավորություններից, որոնք ստանձնել էին ԱՄՆ նախկին վարչակազմերը, այդ թվում՝ հենց իր վարչակարգը:

Թրամփի արտաքին քաղաքականության ավելի լայն նպատակն է, ըստ երեւույթին, տապալել գլոբալ կարգը, որը 80 տարի առաջ հաստատել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների սպիները կրող սերունդը, եւ սկիզբ դնել նեոգաղութային մրցակցության դարաշրջանին: Գրենլանդիան «այս կամ այն ձեւով» բռնակցելու, Պանամայի ջրանցքի վերահսկողությունը վերականգնելու եւ Կանադան 51-րդ նահանգ դարձնելու նրա սպառնալիքները, ինչպես նաեւ Գազայի բնակիչներին որպես անշարժ գույքի գործարքի խոչընդոտ ներկայացնելը վառ պատկերացում են տալիս նրա նեոկայսերական աշխարհայացքի մասին:

Չնայած իր օլիգարխիկ կառուցվածքին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն նախագահում են հինգ մշտական անդամները (P5), կանգնած է Թրամփի գլոբալ գերիշխանության ճանապարհին: Հետեւաբար նա որոշել է շրջանցել այն՝ հօգուտ P2 պայմանավորվածության, որը վերաբերում է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին եւ կրկնում է սառը պատերազմի ժամանակաշրջանի ԱՄՆ-ԽՍՀՄ երկկողմանի հարաբերությունները: Նա նաեւ բացահայտորեն անտեսել է Անվտանգության խորհրդի բանաձեւերը, ինչպես նաեւ մի շարք միջազգային կոնվենցիաները:

Ահմեդ Դավութօղլուն եւ Սերգեյ Լավրովը Ահմեդ Դավութօղլուն եւ Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS


Թրամփի «Առաջին հերթին Ամերիկան» օրակարգը կտրուկ հակադրվում է «Առաջին հերթին մարդկությունը» սկզբունքին, որի վրա հիմնված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ մշակված Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ կանխելու ֆաշիզմի վերածնունդը: Այդ հռչակագիրը եւ դրան հաջորդած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ստեղծումը մարմնավորում էին միջազգային կարգի ոգին, որը մարդկային արժանապատվությունը վեր է դասում աշխարհաքաղաքականությունից:

Մերժելով այս հիմնադիր գաղափարը՝ Թրամփը վտանգում է Անվտանգության խորհուրդը վերածել բիրտ ուժի գործիքի։ Եթե մնացած չորս մշտական անդամները նույնանման ազգայնական կեցվածք ընդունեին, արդյունքը կլիներ գերիշխանության համար վտանգավոր պայքարը:

Նմանապես, Թրամփի ջանքերը՝ կազմաքանդելու ՄԱԿ-ի առանցքային գործակալությունները, օրինակ ՄԱԿ-ի ՄԻԳ-ը, Մերձավոր Արեւելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալությունը (UNRWA), ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, քայքայում են միջազգային կարգի հիմքերը: Նրա ապակառուցողական մոտեցումը ոչ միայն խարխլում է ՄԱԿ-ի համակարգը, այլ նաեւ Pax Americana-ն, որը երկար ժամանակ գլոբալ կայունության հիմքն էր:

Ի տարբերություն նախորդ կայսերական համակարգերի՝ ԱՄՆ-ի գլխավորած հետպատերազմյան կարգը կանգնած էր երեք սյուների վրա՝ բազմակողմ հաստատություններ, որոնցում գերիշխում է ԱՄՆ-ն, գլոբալ անվտանգության ճարտարապետություն, որը կառուցված է ՆԱՏՕ-ի նման դաշինքների շուրջ, եւ տնտեսական կարգ՝ հիմնված ազատ առեւտրի եւ դոլարի՝ որպես աշխարհի հիմնական պահուստային արժույթի կարգավիճակի վրա:

Ի հակադրություն դրան՝ 21-րդ դարի Pax Americana-ի Թրամփի տեսլականը անվերահսկելի, տեխնոլոգիայով առաջնորդվող տոտալիտարիզմն է: Նրա ահաբեկչական մարտավարությունը, օրինակ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին նվաստացնելու բազմակի փորձերը, նպատակ ունեն ցնցելու եւ վախեցնելու աշխարհի առաջնորդներին եւ ստիպելու ընդունել 19-րդ դարի աշխարհի իր տեսլականը:
Ահմեդ Դավութօղլուն Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` REUTERS


Այս փոփոխությունը օդից չի ծնվել։ ԱՄՆ-ի գլխավորած կարգը տարիներ շարունակ փլուզվում էր: Սառը պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ռազմավարական առումով հետեւողական չէր. յուրաքանչյուր վարչակազմ ընդունում է խիստ տարբեր դոկտրիններ: Ջորջ Հ.Վ. Բուշի «Նոր աշխարհակարգի» կոչին հաջորդեց Բիլ Քլինթոնի մարդասիրական միջամտությունը: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը Ջորջ Բուշին նեոպահպանողական հիմնավորում տվեց Աֆղանստան եւ Իրաք ներխուժելու համար: Բարաք Օբամայի բազմակողմ, բայց հաճախ պասիվ դիվանագիտությունն իր հերթին առաջ բերեց ռեակցիոն շարժումներ, որոնք հանգեցրին Թրամփի առաջին նախագահությանը, ինչպես Ջո Բայդենի անհետեւողական եւ մեծ առումով անարդյունավետ արտաքին քաղաքականությունը (հատկապես Գազայում) ճանապարհ հարթեց Թրամփի վերադարձի համար:

Այժմ, երբ Թրամփն ավելի համարձակ է, քան երբեւէ, մենք ականատես ենք լինում Ամերիկայի ռազմավարական անհետեւողականության արդյունքներին. քրիստոնեական ազգայնականությամբ առաջնորդվող նեոգաղութային կարգ, որին սատարում են առաջադեմ տեխնոլոգիաները, ամրապնդում են իռացիոնալ ազդակներն ու լկտի հռետորաբանությունը:

2002 թվականի գարնանը Փրինսթոնի համալսարանում դասախոսություն կարդալիս ես խոսեցի Ամերիկայում սեպտեմբերի 11-ից հետո ծայրահեղ ազգայնականության աճի մասին եւ զգուշացրի, որ ԱՄՆ-ին պետք չէ Կեսարի նման առաջնորդ, որը գերիշխանություն է ցանկանում ռազմական հզորության միջոցով: Փոխարենը ԱՄՆ-ին անհրաժեշտ է Մարկոս Ավրելիոս՝ փիլիսոփա-պետական գործիչ, որն ունակ է ղեկավարել բարդ գլոբալ կարգը՝ իմաստությամբ, զսպվածությամբ եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքով:
Ահմեդ Դավութօղլուն եւ Հիլարի Քլինթոնը 2009 թվականին Ահմեդ Դավութօղլուն եւ Հիլարի Քլինթոնը 2009 թվականին

Լուսանկարը` REUTERS


Որոշ ժամանակ ես հավատում էի, որ Օբաման կարող է դառնալ այդպիսի առաջնորդ: Երբ 2009 թվականին նա ստանձնեց պաշտոնը եւ ընտրեց Թուրքիան որպես իր առաջին արտասահմանյան նպատակակետը, որին հաջորդեց Իրաքը, Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը, ես իրական հույս զգացի: Ավաղ, սխալվեցի։ Բայց իմ փորձը որպես Թուրքիայի արտգործնախարար եւ հետագայում վարչապետ ամրապնդեց համոզմունքս, որ հնարավոր է հավասարակշռել
դիվանագիտություն ու ուժը, ինչը կծառայի բոլոր երկրների, ոչ միայն մեծ տերությունների շահերին:

Արգենտինայից մինչեւ Թուրքիա՝ աշխարհի երկրները բախվում են նույն հիմնարար ընտրությանը, որին բախվում է ԱՄՆ-ն. արդյո՞ք կենթարկվենք անձնիշխան կայսրերին, որոնք իրենց իշխանության աճի հետ ավելի բռնաճնշող են դառնում, թե՞ կընտրենք առաջնորդների, որոնք Մարկոս Ավրելիոսի պես ձգտում են մտածված կառավարել: Դա մեր ժամանակի որոշիչ հարցն է, եւ մենք պետք է դրան միասին պատասխանենք։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին