Ներկայացնում ենք Մերձավոր Արեւելքի ճշմարտության հիմնադրամի (EMET) հետազոտությունների տնօրեն, Յորքթաունի համալսարանի ավագ գիտաշխատող եւ Բեգին Սադաթ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոզեֆ Էփսթայնի An easy win: Washington has a historic opportunity to reap the benefits of regional peace in the South Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ջոզեֆ Էփսթայն
Հարավային Կովկասում, որտեղ 30 տարվա միջէթնիկական պատերազմի ընթացքում ավելի քան 30,000 մարդ է զոհվել, իսկ 1,3 միլիոնը՝ փախստական դարձել, Միացյալ Նահանգները պատմական հնարավորություն ունեն խաղաղություն հաստատելու եւ ազգային անվտանգության եւ տնտեսական օգուտ քաղելու՝ համոզելով Հայաստանին եւ Ադրբեջանին մեկընդմիշտ վերջ տալ տասնամյակների հակամարտությանը։
1991 թվականից ի վեր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք բերեցին անկախություն Խորհրդային Միության փլուզումից հետո, երկու երկրները կռվում են լեռնային մի տարածքի համար, որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ: Այդ ողջ ընթացքում Ռուսաստանը շահագործել է հակամարտությունը:
Բարեբախտաբար, երկու ժողովուրդները երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության համաձայնագրին: Ինչպես օրերս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «խաղաղության բոլոր նախադրյալները առկա են»։ 2022 թվականին կողմերը պայմանավորվեցին ընդհանուր սահմանների շուրջ, իսկ անցյալ տարվա ամռանը Հայաստանը վերադարձրեց միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածքում գտնվող չորս լքված գյուղերը։
Սակայն հանգստությունը փխրուն է: 2023 եւ 2020 թվականներին մարտերի վերջին երկու փուլերում պարտվելուց հետո Հայաստանը զգալիորեն վերազինվել է՝ երեք տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկելով իր պաշտպանական բյուջեն։ Ի պատասխան՝ Ադրբեջանը նախատեսում է 2025 թվականին ռազմական ծախսերը ավելացնել յոթ անգամ։
Այդուհանդերձ, Թրամփը դեռ կարող է միջամտել եւ հարաբերական հեշտությամբ խաղաղության պայմանագիր կնքել տարածաշրջանում, որն անմիջապես օգուտ կբերի ամերիկացիներին եւ կապահովի նրա արտաքին քաղաքականության երկու հիմնական նպատակները. ամրապնդել համաշխարհային էներգետիկ անվտանգությունը եւ հազվագյուտ մետաղների աղբյուրներ գտնել, որպես այլընտրանք Չինաստանին։
Տարածաշրջանում է Միջին միջանցքը՝ առանցքային առեւտրային ուղին, որը Ասիան կապում է Արեւմուտքին Կենտրոնական Ասիայով՝ շրջանցելով եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Իրանը: Կենտրոնական Ասիան ունի ոչ միայն նավթի մեծ պաշարներ եւ աշխարհի ամենամեծ գազի պաշարները, այլեւ բաղձալի հազվագյուտ տարրեր, ինչպիսիք են ուրանը, լիթիումը եւ տանտալը: Թեեւ միջանցքը ներկայում անցնում է Վրաստանով, Ռուսաստանի հետ Թբիլիսիի աճող կապերի հետ կապված մտահոգությունները նախընտրելի են դարձրել Ադրբեջանից Հայաստան այլընտրանքային երթուղին:
Արժեքը նվազագույն կլինի: Թրամփն ընդամենը պետք է օգնի լուծել խաղաղությանը խոչընդոտող երկու չլուծված հարցեր՝ փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ եւ բացել Զանգեզուրի միջանցքը՝ հայկական տարածքով տրանսպորտային երթուղին, որը կապում է Ադրբեջանը իր էքսկլավի՝ Նախիջեւանի հետ։
Ադրբեջանը Հայաստանից պահանջել է սահմանադրությունից հանել Ղարաբաղի հետ վերամիավորման կոչը՝ որպես խաղաղ համաձայնագրի նախապայման։ Փաշինյանն ազդարարել է, որ պատրաստ է անել այս փոփոխությունը (եւ կրկնել է դա անցած ամիս), բայց զարմանալի չէ, որ թշնամու թելադրանքով սահմանադրական փոփոխություններ կատարելու գաղափարը հայերի համար չափազանց անընդունելի է:
Թեեւ Փաշինյանը դեռեւս ամենամեծ ժողովրդականությունը վայելող քաղաքական գործիչն է, նրա վարկանիշը ընդամենը 28% է՝ մասամբ Ադրբեջանին արդեն արած զիջումների պատճառով: Այդպիսով սահմանադրական հարցը դարձել է խաղաղության հիմնական արգելքը։
Զանգեզուրի միջանցքի հարցն ավելի մոտ է լուծմանը։ Փաշինյանը վերջերս առաջարկել է երկաթուղի կառուցել Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու համար, ինչպես պայմանավորված էր 2020 թվականին: Հիմնական խոչընդոտն այն է, որ համաձայնագիրը նախատեսում է տեղակայել ռուս խաղաղապահ ուժեր, որոնք կապահովեն միջանցքը, թեեւ երկու կողմերն այժմ խոր անվստահություն ունեն Կրեմլի նկատմամբ:
Սահմանադրական փոփոխությունները խթանելու համար Թրամփը կարող է առաջարկել ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ կամ Երեւանին անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Այդ կերպ Փաշինյանը կկարողանա ցույց տալ, որ զիջումների գնալն օգնում է Հայաստանն ավելի մոտեցնել ԱՄՆ-ին։ Սակայն Հայաստանի դուրս գալը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, որը Փաշինյանն արդեն խոստացել է, պետք է նախապայման լինի ԱՄՆ անվտանգության ցանկացած երաշխիքի համար։ Միաժամանակ Վաշինգտոնը պետք է չեղարկի Ադրբեջանի ռազմական եւ տնտեսական օգնության էմբարգոն։

Լուսանկարը` Emmanuel Dunand/AFP/Getty Images
Ինչ վերաբերում է Զանգեզուրին, միջանցքը վերահսկելու համար ԱՄՆ-ն պետք է առաջարկի ռուսների փոխարեն իր խաղաղապահներին ուղարկել։ Սա ձեռնտու կլինի երկու կողմերին, քանի որ Միացյալ Նահանգները շատ ավելի նախընտրելի է, քան Ռուսաստանը կամ Իրանը: Մոսկվան եւ Թեհրանը մշտապես օգտագործել են տարածաշրջանի հակամարտությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Այս երկու քայլերի արդյունքում Միջին միջանցքի ամենափխրուն հատվածը կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ:
Ավելին, Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդումը կարող է Վաշինգտոնին հնարավորություն տալ մեծ հակակշիռ ստեղծել Իրանին: Ադրբեջանն արդեն բացառիկ սերտ պաշտպանական կապեր ունի Իսրայելի հետ՝ մասամբ որպես իրանական ազդեցությունը զսպելու ռազմավարություն, եւ արժանացել Երուսաղեմի ամենամոտ դաշնակցի կոչմանը մահմեդական աշխարհում:
Թրամփի համար ներքին խթան էլ կա. եթե նրան հաջողվի խաղաղություն հաստատել տարածաշրջանում, որն ավելի մեծ բարգավաճում կբերի Հայաստանին, նա կարժանանա շատ ակտիվ հայկական սփյուռքի աջակցությունը:
Վաշինգտոնը միակ շահառուն չի լինի։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շատ բան ունեն շահելու խաղաղությունից։ Հայաստանին այն թույլ կտա ինտեգրվել տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ ստեղծել ցամաքային ճանապարհ իր արտադրանքը Եվրոպա տեղափոխելու համար։ Այն նաեւ կհանգեցնի շահութաբեր տարանցիկ վճարների առեւտրից եւ պոտենցիալ գազային կամ նավթատար խողովակաշարերից, որոնք անցնում են Ասիայից Արեւմուտք:
Հակամարտության լուծումը կբարելավի Ադրբեջանի միջազգային հարաբերությունները։ Պատերազմն արդեն վաղուց վնասում է նրա կապերին տարբեր արեւմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, որը, հայկական հզոր սփյուռքի դրդմամբ, 1992 թվականին արգելել է Ադրբեջանին ցանկացած օժանդակություն կամ ռազմական օգնություն տրամադրել: Այս արգելքը պահպանվել է նույնիսկ այն բանից հետո, երբ ադրբեջանցիները միացել են ԱՄՆ-ի գլխավորած առաքելություններին Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում: Դադարեցնել հակամարտությունը, որն օգտագործվում է Ռուսաստանի եւ Իրանի կողմից որպես լծակ, կնշանակի նաեւ ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի անկախությունը:
Թերեւս ամենակարեւորը՝ երկու կողմերն էլ կարող են վերջ տալ իրենց հասարակությունները քայքայող ատելությանն ու պատերազմին եւ վերադառնալ նախկին համակեցությանը: Հարյուրավոր տարիներ ադրբեջանցիներն ու հայերը միասին խաղաղ ապրել են։ Շատ ադրբեջանցիներ եւ հայեր նույնիսկ ամուսնացել են միմյանց հետ, հաճախ խոսել միմյանց լեզուներով: Հայ ամենահայտնի բանաստեղծներից մեկը՝ Սայաթ-Նովան, իր ստեղծագործության զգալի մասը ադրբեջաներեն է գրել։

Լուսանկարը` REUTERS
Նման խաղաղություն վերահաստատելը հնարավոր է, բայց անխուսափելի չէ։ Իրականում այս հնարավորությունը կարող է հեշտությամբ վերանալ։ Թեեւ Փաշինյանը նվիրված է խաղաղություն հաստատելու գործին, նա ժողովրդականություն չի վայելում, իսկ Հայաստանի հաջորդ ղեկավարը կարող է չցանկանալ գնալ զիջումներին, որոնք անհրաժեշտ են տեւական համաձայնագրի համար։ Բայց առայժմ պահը հասունացած է լուծման համար, եւ սա կլինի փոքր ջանքերով եւ մեծ արդյունքով արտաքին քաղաքականության հենց այնպիսի ձեռքբերում, որը դուր կգա Թրամփին, քանի որ թույլ կտա խաղաղություն հաստատել՝ առանց նշանակալի ռեսուրսներ զոհաբերելու:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: