Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի REUTERS-ին տված հարցազրույցից:
Սիրիայի ափամերձ տարածքներում բռնության մասին
Սիրիան ազատագրելու մեր ռազմական գործողությունն իրականացնելուց առաջ մենք բազմաթիվ կապեր էինք հաստատել ալավիական, դրուզական եւ քրիստոնեական համայնքների հետ: Մեր միջեւ վստահության կամուրջներ կառուցեցինք, եւ դա մեզ շատ օգնեց: Մենք նաեւ մեր ուժերին հրահանգեցինք հաշվի առնել որոշակի տարածքներ մուտք գործելու զգայունությունը:
Սիրիայի ճակատամարտում պարտված եւ հին պետությունից օգուտ ստացած բազմաթիվ կողմեր Սիրիա վերադառնալու ծրագրեր էին մշակում՝ պառակտումներ եւ հակամարտություններ հրահրելով:
Սա ափամերձ տարածքում խնդիրներ ստեղծելու առաջին փորձը չէր: Դրանցից վերջինը մոտ մեկուկես ամիս առաջ էր: Մենք այն չեզոքացրեցինք քաղաքական եւ հարաբերությունների միջոցով, եւ դրանք որեէ էական վնաս չպատճառեցին:
Մենք ռազմական ուժերին ուղղորդեցինք դիմակայել ռազմական բարդություններին, սակայն բազմաթիվ կողմեր մտան Սիրիայի ափամերձ տարածք, որոնց մի մասը տեղական, մյուս մասն էլ արտաքին ծագում ուներ:

Լուսանկարը` REUTERS
Մենք ձեւավորել ենք փաստահավաք հանձնաժողով եւ վերջնաժամկետ ենք սահմանել փաստերը քննելու եւ մեր տեսած տեսանյութերի իսկությունը պարզելու համար: Մեկ այլ հանձնաժողով էլ գործուղեցինք խաղաղություն պահպանելու, մարդկանց հաշտեցնելու համար, քանի որ արյունը ծնում է ավելի մեծ արյուն: Այս հանձնաժողովը բաղկացած է տարածաշրջանի բնակիչներից, ներառյալ այնտեղի երկու խոշոր համայնքները
Սիրիայում արտաքին ուժերի դերակատարության մասին
Հստակ հայտարարություններ եղան տարածաշրջանային որոշ երկրներից, որոնք ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Սիրիայում: Կան որոշ կողմեր, որոնք Սիրիայի նոր իրականությունը չեն ընկալում եւ փորձում են վերահաստատել իրենց՝ դիմելով միայն այս էժան միջոցներին: Մենք տեսել ենք նրանց ներկայությունը ավելի քան մեկ պետությունում, բայց դեռ չունենք հստակ ապացույցներ, որոնց վրա կարող ենք եզրակացություններ անել կամ գործնական քայլեր ծրագրել:
Բռնությունից հետո ալավիներին հանգստացնելու միջոցառումների մասին
Ես շատ հանձնաժողովներ եմ ուղարկել մարդկանց հանգստացնելու եւ նրանց հետ բերելու համար: Մեծ թվով մարդիկ վերադարձել են ափամերձ շրջաններ: Նրանք վախեր ունեին, որոնք փարատվեցին, երբ մենք հեռացրինք խմբավորումները եւ այնտեղ պատահականորեն հայտնված որոշ մարտիկներին: Աստված կամեցող, բոլորը կվերադառնան իրենց տները:
Կառավարությունում ալավիների եւ այլ համայնքների դերի մասին
Մենք չենք ցանկանում Սիրիայում պաշտոններ բաժանել իբրեւ նվերներ համայնքներին, էթնիկ խմբերին եւ այլ կողմերին: Մենք պաշտոնները բաշխում ենք ըստ մարդկանց փորձառության:
Իսրայելի մեղադրանքների մասին
Մենք փորձում ենք հնարավորինս համբերատար եւ իմաստուն լինել: Եթե վախեր կան, ապա մենք առաջին իսկ օրից հայտարարել ենք, որ Սիրիան սպառնալիք չի լինի տարածաշրջանի կամ աշխարհի որեւէ պետության համար: Իսկ եթե կան առավելապաշտական ձգտումներ, ապա ողջ աշխարհը դատապարտեց սիրիական տարածքում Իսրայելի առաջխաղացման քայլերը:
Թրամփի վարչակազմի հետ կապերի մասին
Ուղղակի հաղորդակցություն չի եղել: Միջնորդների միջոցով՝ այո:
ԱՄՆ վարչակազմը դեռ նոր է, եւ սիրիական հարցը նրա առաջնահերթությունների ցանկում չէ: Կարծում եմ, որ այս հարցը պետք է ուղղել նրանց: Սիրիայի դուռը բաց է ցանկացած պետության հետ հաղորդակցության համար:
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանը խոշոր պետություն է, եւ Սիրիան նրա հետ ունի սերտ կապեր: Ազատագրման ճակատամարտի ընթացքում մենք հաշվի առանք դա: Մենք հանդուրժեցինք ռմբակոծությունը եւ ուղղակիորեն չթիրախավորեցինք նրանց, որպեսզի տեղ թողնենք երկխոսության համար ազատագրումից հետո:
Մենք համաձայնության եկանք Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ նախկինում կնքված համաձայնագրերը վերանայելու հարցում, բայց դեռ ժամանակ չենք ունեցել խորանալ մանրամասների մեջ:

Լուսանկարը` REUTERS
Մենք Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ պառակտում չենք ցանկանում, ինչպես նաեւ չենք ցանկանում, որ ռուսական ներկայությունը Սիրիայում վտանգ կամ սպառնալիք լինի աշխարհի որեւէ երկրի համար: Մենք ցանկանում ենք պահպանել խորը ռազմավարական հարաբերությունները:
REEUTERS-ը նշում է, որ երբ Ահմեդ ալ-Շարաային հարցրել՝ արդյո՞ք Սիրիան խնդրանք է ներկայացրել Ռուսաստանին՝ Բաշար ալ-Ասադին հանձնելու վերաբերյալ, նա ասել է. «Կցանկանայի ձեռնպահ մնալ այս հարցին պատասխանելուց»:
Ասադի կողմից նախկինում օգտագործվող պալատում գտնվելու մասին
Անկեղծ ասած, իմ կրծքավանդակը սեղմվում է այս պալատում: Ես զարմացած եմ, թե որքան չարիք է եղել այստեղի ամեն անկյունում: Ես վճռական եմ վերափոխելու այս պալատը, որպեսզի այն բարիք ապահովի Սիրիայի համար:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: