Շոն Բեյքեր. «Անորայի նման հաջողությունն անսպասելի էր» - Mediamax.am

603 դիտում

Շոն Բեյքեր. «Անորայի նման հաջողությունն անսպասելի էր»


Քվենտին Տարանտինոն եւ Շոն Բեյքերը
Քվենտին Տարանտինոն եւ Շոն Բեյքերը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմն այս տարի դարձավ «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր «հերոսը»՝ 5 մրցանակ ստանալով: Ձեզ ենք ներկայացնում The Talks պարբերականին ռեժիսորի տված հարցազրույցի թարգմանությունը (կրճատումներով):

- Ինչպե՞ս է փոխվել Ձեր կինո ստեղծելու գործընթացը վերջին 20 տարիների ընթացքում:

- Ես փորձում եմ այն անփոփոխ պահել, պահպանել «պարտիզանական», անկախ մտածելակերպը՝ միաժամանակ բաց մնալով պատահականությունների եւ երջանիկ համընկնումների համար: Միշտ ասում եմ՝ դուք վերահսկում եք 90 տոկոսը, իսկ 10 տոկոսը թողնում եք կինոաստվածների կամքին, քանի որ հենց երջանիկ պատահականություններն են ստեղծում ֆիլմերը:

- Ավելի դժվար չի՞ դառնում պահպանել այդ անկախ մտածելակերպը, երբ հաջողության եք հասնում:

- Իսկապես, մի փոքր ավելի բարդ է դառնում: Բայց ես աշխատում եմ անհավանական թիմի հետ, որը կիսում է իմ ցանկությունը՝ մնալ եզրին եւ Հոլիվուդի «մեքենայից» դուրս: Դա այն է, ինչ ես սովորել եմ Ջիմ Ջարմուշից: Պարտադիր չէ կիրառել այն ամենը, ինչ ձեզ սովորեցրել են կինոդպրոցում:

Լուսանկարը` REUTERS


Գոյություն չունի ֆիլմ ստեղծելու միայն մեկ եղանակ՝ ցանկացած մարդ կարող է ֆիլմ նկարահանել, եւ դա անելու միլիոնավոր ձեւեր կան: Մենք փորձում ենք խառնել եւ խախտել կանոնները:

- Ապագայի համար ի՞նչ գաղափարներ ունեք: Թե՞ պետք է ամբողջությամբ ավարտեք նախագիծը՝ նախքան հաջորդին անցնելը:

- Հենց որոշում եմ, թե ինչ եմ անելու մեկ նախագծի հետ, չեմ կարող մտածել որեւէ այլ բանի մասին: Ես որոշ գաղափարներ ունեմ, բայց վերջին շրջանում պետք է կենտրոնանայի «Անորայի» վրա: Բայց շուտով նոր գործընթաց կսկսեմ, որը սովորաբար պահանջում է հետազոտական աշխատանք, եւ պետք է մի քանի ամիս ծախսեմ որեւէ վայր գնալու եւ տեսնելու համար, թե արդյոք այնտեղ պատմություն կա ինձ համար:

- Համայնքի հետ կապը ձեր ստեղծագործական գործընթացի անբաժանելի մասն թվում, առնվազն «Անորայի» դեպքում:

- Ֆիլմը կենտրոնացած է Բրուկլինի շուրջ, այնպիսի թաղամասերի, ինչպիսիք են Բրայթոն-Բիչն եւ Քոնի-Այլենդը: Մարդիկ Քոնի-Այլենդում նկարահանում են  տասնամյակներ շարունակ: Շատ ռեժիսորներ են արել դա, ուստի ինձ համար մարտահրավեր էր՝ փորձել պատկերել այդ աշխարհը մի փոքր այլ կերպ:

Լուսանկարը` REUTERS


Դա մի յուրահատուկ «գրպան» է՝ հեռու Մանհեթենից, որտեղ ապրում են ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, ուզբեկներ: Երբ քայլում եք Բրայթոն-Բիչ պողոտայով, հիմնականում ռուսերեն լեզու եք լսում: Դա մի համայնք է, որը պահպանել է իր մշակութային ժառանգությունը, դա դուր է գալիս, եւ ես ցանկանում էի դա ընդգծել:
Չէի ուզում ռուս գանգստերների մասին տիպիկ պատմություն պատմել:

- Դուք միշտ սիրել եք սեքս-աշխատողների պատմությունները ներկայացնել ոչ ստանդարտ ձեւով՝ սկսած 2012 թվականին նկարահանված «Աստղիկ» ֆիլմից:

- Այո, այս թեմայի նկատմամբ իմ հետաքրքրությունը ծագել է հենց «Աստղիկից»: Ես ծանոթացա սեքս-աշխատողների հետ, լսեցի նրանց պատմությունները եւ հասկացա, որ կարող եմ դրանք պատմել հանդիսատեսին: Մեկ ֆիլմը տարավ դեպի հաջորդը եւ այդպես շարունակ: Անկեղծ ասած, չէի մտածում, որ հինգ ֆիլմ անընդմեջ կնկարահանեմ այդ թեմայով: Պարզապես այդպես ստացվեց:

- «Անորայի» հաջողությունն անհավատալի է: Դա ձեզ զարմացրե՞ց:

- Ես դա չէի սպասում: Երբեք չէի մտածել, որ ֆիլմը «Ոսկե արմավենի» կստանա: Բայց հանկարծ դա իրականություն դարձավ՝ ես կանգնած էի բեմի վրա, իսկ մրցանակը ինձ հանձնում էր Ջորջ Լուկասը: Որոշ ժամանակ պահանջվեց հասկանալու Կաննում հաղթանակի արժեքը՝ այն թույլ է տալիս ինձ շարունակել նկարահանել ֆիլմերն այնպես, ինչպես ես եմ ցանկանում:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին