Զելենսկու հետ Թրամփի եւ Վենսի վեճի սղագրությունը. «Շատ դժվար կլինի գործերն այսպես վարել» - Mediamax.am

2013 դիտում

Զելենսկու հետ Թրամփի եւ Վենսի վեճի սղագրությունը. «Շատ դժվար կլինի գործերն այսպես վարել»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին լրագրողների ներկայությամբ Սպիտակ տանը բանավիճել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ:

Վեճից հետո Զելենսկին լքել է Սպիտակ տունը, իսկ հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը եւ մամուլի ասուլիսը չեղարկվել են:

Ստորեւ ներկայացված է Սպիտակ տանը տեղի ունեցած բանավեճի ամբողջական սղագրությունը:

Լրագրող. Լեհաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տասնամյակներ շարունակ ռուսական վերահսկողության տակ էր: Երբ երեխա էի, Միացյալ Նահանգներին նայում էի ոչ միայն որպես ամենահզոր, աշխարհի ամենահարուստ երկրի, այլեւ որպես բարի ուժի: Եվ երբ այսօր խոսում եմ իմ լեհ ընկերների հետ, նրանք անհանգստացած են, որ դուք չափից շատ եք մերձենում Պուտինի հետ: Ի՞նչ կասեք համար:

Թրամփ. Դե, եթե ես երկուսի հետ էլ չմերձենայի, դուք երբեք համաձայնագիր չէիք ունենա: Դուք ուզում եք, որ ես սարսափելի բաներ խոսեմ Պուտինի մասին, իսկ հետո ասեմ. «Բարեւ, Վլադիմիր: Ինչպե՞ս են մեր գործերը համաձայնագրի հետ»: Այդպես չի լինում: Ես ոչ մեկի հետ չեմ մերձենում: Ես Միացյալ Նահանգների կողմից եմ, եւ աշխարհի բարօրության համար ես խաղաղության կողմից եմ, եւ ես ուզում եմ վերջ տալ այս ամենին: Այն ատելությունը, որ նա ունի Պուտինի հանդեպ, ինձ համար շատ դժվար է գործարք կնքել այդպիսի ատելությամբ: Նա հսկայական ատելություն ունի, եւ ես դա հասկանում եմ, բայց ես չեմ կարող ասել, որ մյուս կողմը հիացած է նրանով: Այնպես որ, հարցը մերձեցման մեջ չէ:

Ես խաղաղության կողմից եմ: Ես ուզում եմ լուծել այս հարցը: Ես Եվրոպայի կողմից եմ: Ես ուզում եմ տեսնել՝ կարո՞ղ ենք արդյոք մենք դա անել: Դուք ուզում եք, որ ես կոշտ լինե՞մ: Ես կարող եմ ավելի կոշտ լինել, քան ցանկացած մարդ, ում դուք երբեւէ տեսել եք: Բայց դուք երբեք արդյունքի չեք հասնի այդ ձեւով: Ահա թե ինչպես է դա տեղի ունենում: Մեկ հարց էլ:

Վենս. Լսեք, չորս տարի ԱՄՆ-ում մենք ունեինք նախագահ, ով ելույթ էր ունենում մամուլի ասուլիսների ժամանակ եւ կոշտ խոսում Վլադիմիր Պուտինի մասին, իսկ հետո Պուտինը ներխուժեց Ուկրաինա եւ ավերեց երկրի զգալի մասը: Մենք արդեն փորձել ենք Ջո Բայդենի ճանապարհը՝ կուրծք ծեծելով եւ ձեւացնելով, թե ԱՄՆ նախագահի խոսքերն ավելի մեծ նշանակություն ունեն, քան ԱՄՆ նախագահի գործողությունները: Այն, ինչը Ամերիկան լավ երկիր է դարձնում, դա Ամերիկայի մասնակցությունն է դիվանագիտությանը: Հենց դա է անում նախագահ Թրամփը:

Զելենսկի. Կարո՞ղ եմ հարցնել:

Վենս. Իհարկե, այո:

Զելենսկի. Նա (Պուտինը) օկուպացրեց մեր տարածքները, արեւելյան մասը եւ Ղրիմը: Նա օկուպացրեց 2014 թվականին: Ես չեմ խոսում միայն նախագահ Օբամայի, հետո նախագահ Թրամփի, հետո նախագահ Բայդենի, այժմ նախագահ Թրամփի մասին, տա Աստված, որ նախագահ Թրամփը կկանգնեցնի նրան: Բայց 2015 թվականի ընթացքում նրան ոչ ոք չկանգնեցրեց: Նա պարզապես օկուպացրեց եւ վերցրեց: Նա սպանում էր մարդկանց:

Թրամփ. Ես այստեղ չեմ եղել:

Զելենսկի. Այո: Բայց 2014-ից մինչեւ 2022 թվականը: Իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ մահանում են շփման գծում: Ոչ ոք նրան չկանգնեցրեց: Դուք գիտեք, որ մենք նրա հետ խոսակցություններ ենք ունեցել, շատ խոսակցություններ, բազմաթիվ երկկողմ խոսակցություններ, եւ մենք ստորագրել ենք նրա հետ... 2019 թվականին ես ստորագրեցի նրա հետ պայմանագիր՝ Մակրոնի եւ Մերկելի հետ, մենք ստորագրեցինք հրադադար: Նրանք բոլորն ասում էին ինձ, որ նա նորից չի գնա: Մենք նրա հետ ստորագրեցինք գազային պայմանագիր, բայց դրանից հետո նա խախտեց հրադադարը: Նա սպանում էր մեր մարդկանց եւ չէր փոխանակում գերիներին: Մենք ստորագրեցինք գերիների փոխանակում, բայց նա դա չարեց: Ի՞նչ դիվանագիտության մասին եք խոսում, Ջեյ Դի: Ի՞նչ նկատի ունեք:

Լուսանկարը` REUTERS


Վենս. Ես խոսում եմ այն տեսակի դիվանագիտության մասին, որը վերջ կդնի ձեր երկրի ավերմանը, պարոն նախագահ: Ամենայն հարգանքով, պարոն նախագահ, բայց կարծում եմ, անհարգալից է ձեր կողմից գալ Օվալաձեւ գրասենյակ եւ փորձել քննարկել դա ամերիկյան լրատվամիջոցների առջեւ: Հիմա ձեր մարդիկ ստիպում են զորակոչիկներին գնալ առաջնագիծ, որովհետեւ դուք կենդանի ուժի խնդիրներ ունեք: Դուք պետք է շնորհակալություն հայտնեք նախագահին՝ դրան վերջ տալու փորձերի համար:

Զելենսկի. Դուք երբեւէ եղե՞լ եք Ուկրաինայում, որ տեսնեք, թե ինչ խնդիրներ ունենք:

Վենս. Եղել եմ:

Զելենսկի. Գոնե մեկ անգամ եկեք:

Վենս. Ես իրականում դիտեարկել եմ եւ տեսել եմ պատմություններ, եւ ես գիտեմ, թե ինչ է կատարվում: Դուք մարդկանց բերում եք քարոզչական շրջագայությունների, պարոն նախագահ: Համաձայն չե՞ք, որ բանակում մարդկանց հավաքագրման հետ կապված խնդիրներ եք ունեցել: Եվ դուք կարծում եք, որ հարգալի՞ց է գալ Միացյալ Նահանգների Օվալաձեւ գրասենյակ եւ հարձակվել այն վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի ավերումը:

Զելենսկի. Շատ հարցեր էին: Նախ եւ առաջ, պատերազմի ժամանակ խնդիրներ ունեն բոլորը, նույնիսկ՝ դուք: Բայց դուք հրաշալի օվկիանոս ունեք եւ հիմա դուք չեք զգում, բայց դուք դա կզգաք ապագայում:

Թրամփ. Դուք դա չգիտեք:

Զելենսկի. Տա Աստված, դուք պատերազմ չունենաք...

Թրամփ. Մի ասեք մեզ, թե ինչ ենք մենք զգալու: Մենք փորձում ենք լուծել խնդիրը: Մի ասեք մեզ, թե ինչ ենք մենք զգալու, որովհետեւ դուք այն դիրքում չեք, որ թելադրեք:

Զելենսկի. Ես ձեզ չեմ ասում... Ես պատասխանում եմ հարցին...

Թրամփ. Դուք այն դիրքում չեք, որ թելադրեք, թե ինչ ենք մենք զգալու: Մենք մեզ շատ լավ ենք զգալու:

Զելենսկի. Դուք ազդեցություն կզգաք...

Թրամփ. Դուք հիմա լավ դիրքում չեք: Ձեզ թույլ տվեցին շատ վատ դիրքում հայտնվել, եւ այդպես է ստացվել...

Զելենսկի. Պատերազմի սկզբից...

Թրամփ. Դուք լավ դիրքում չեք: Դուք հիմա խաղաքարտեր չունեք: Ձեզ մոտ հենց հիմա խնդիրներ են սկսվում:

Զելենսկի. Ես թուղթ չեմ խաղում...

Թրամփ. Դուք խաղում եք: Դուք ռիսկի եք ենթարկում միլիոնավոր մարդկանց կյանքը:

Զելենսկի. Ես նախագահ եմ...

Թրամփ. Դուք Երրորդ համաշխարհային պատերազմի հետ եք խաղում, եւ այն, ինչ դուք անում եք, շատ անհարգալից է այս երկրի նկատմամբ, որն աջակցում է ձեզ շատ ավելի, քան, շատ մարդկանց կարծիքով, պետք է աջակցեր...

Վենս. «Շնորհակալություն» ասե՞լ եք:

Զելենսկի. Շատ անգամ...

Վենս. Ի նկատի ունեմ՝ այս հանդիպման ընթացքում:

Զելենսկի. Նույնիսկ այսօր...

Վենս. Հոկտեմբերին դուք գնացել էիք Պենսիլվանիա եւ քարոզում էիք ընդդիմության օգտին: Մի քանի երախտագիտական խոսքեր ասեք ԱՄՆ-ին եւ նախագահին, ով փորձում է փրկել ձեր երկիրը:

Լուսանկարը` REUTERS


Զելենսկի. Խնդրում եմ, դուք կարծում եք, որ եթե դուք շատ բարձր խոսեք պատերազմի մասին...

Թրամփ. Նա բարձր չի խոսում, ձեր երկիրը մեծ փորձանքի մեջ է:

Զելենսկի. Կարո՞ղ եմ պատասխանել:

Թրամփ. Ոչ, ոչ, դուք արդեն շատ եք խոսել: Ձեր երկիրը մեծ փորձանքի մեջ է:

Զելենսկի. Ես գիտեմ...

Թրամփ. Դուք չեք հաղթում: Դուք լավ հնարավորություն ունեք դուրս գալ սրանից նորմալ կերպով՝ մեր շնորհիվ:

Զելենսկի. Մենք մնում ենք մեր երկրում, ամուր կանգնած ենք, պատերազմի սկզբից մենք մենակ էինք, եւ մենք երախտապարտ ենք: Ես ասացի, շնորհակալություն...

Թրամփ. Դուք մենակ չեք եղել...

Զելենսկի. Ես ասացի շնորհակալություն...

Լուսանկարը` REUTERS


Թրամփ. Մենք տվել ենք ձեզ, այս հիմար նախագահի միջոցով, 350 միլիարդ դոլար, մենք տվել ենք ձեզ ռազմական սարքավորումներ.... Եթե դուք չունենայիք մեր ռազմական սարքավորումները, այս պատերազմը կավարտվեր երկու շաբաթվա ընթացքում...

Զելենսկի. Երեք օրում: Ես լսել եմ դա Պուտինից՝ երեք օրում: Դա ինչ-որ...

Թրամփ. Գուցե ավելի քիչ...

Զելենսկի. Երկու շաբաթում.. Իհարկե:

Թրամփ. Շատ դժվար կլինի այսպես գործեր վարել:

Վենս. Դուք ասացիք «շնորհակալություն»:

Զելենսկի. Ես ասացի...

Վենս. Եկեք քննարկենք այս անհամաձայնությունները՝ ամերիկյան լրատվամիջոցների առջեւ դրանք պարզաբանելու փոխարեն, երբ դուք սխալ եք, մենք գիտենք, որ դուք սխալ եք:

Թրամփ. Տեսեք, ես կարծում եմ, որ ամերիկյան ժողովրդի համար օգտակար է տեսնել, թե ինչ է կատարվում: Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է: Դրա համար այսքան երկար շարունակեցի սա: Դուք պետք է երախտապարտ լինեք, դուք խաղաքարտեր չունեք: Դուք խաղաքարտեր չունեք...

Զելենսկի. Ես երախտապարտ եմ...

Թրամփ. Դուք այնտեղ խրվել եք:

Զելենսկի. Ես կարող եմ ձեզ կրկին ասել...

Թրամփ. Մարդիկ մահանում են: Ձեր զինվորները վերջանում են:

Զելենսկի. Լսեք...

Լուսանկարը` REUTERS


Թրամփ. Ձեր զինվորները վերջանում են: Հետո դուք մեզ ասում եք՝ ես զինադադար չեմ ուզում: Լսեք, եթե դուք կարողանայիք ստանալ հրադադար հենց հիմա, ասում եմ ձեզ, դուք պետք է ընդունեիք այն, որպեսզի գնդակները դադարեին թռչել եւ ձեր մարդիկ դադարեին մահանալ...

Զելենսկի. Հարցրեք մեր մարդկանց զինադադարի մասին: Ինչ են նրանք մտածում...

Թրամփ. Դա իմ հետ չէր, դա Բայդեն անունով մարդու հետ էր, ով խելացի չէր:

Զելենսկի. Դա ձեր նախագահն էր...

Թրամփ. Դա Օբամայի հետ էր, ով ձեզ սավաններ տվեց, իսկ ես ձեզ ջավելիններ (հակատանկային համալիրներ-Մեդիիմաքս) տվեցի: Այո, ես ձեզ ջավելիններ տվեցի բոլոր այդ տանկերը ոչնչացնելու համար: Օբաման ձեզ սավաններ տվեց: Թույլ տվեք ասել ձեզ, դուք խաղաքարտեր չունեք: Մեզ հետ դուք խաղաքարտեր ունեք, բայց առանց մեզ դուք ոչ մի խաղաքարտ չունեք:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին