Թուրքիայի վերադարձը «մեծ խաղին» եւ հարաբերությունները Մոսկվայի հետ - Mediamax.am

643 դիտում

Թուրքիայի վերադարձը «մեծ խաղին» եւ հարաբերությունները Մոսկվայի հետ


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհուրդը հունվարի վերջին քննարկում էր անցկացրել ժամանակակից Թուրքիայի վերաբերյալ՝ Ռուսլան Պուխովի խմբագրությամբ Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի կողմից հրատարակված «Թուրքական երթուղի» գրքի շնորհանդեսի շրջանակներում։

Քննարկման մասնակիցները կիսվել են Թուրքիայում ներկա իրավիճակի գնահատականներով։ Ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի կայքում հրապարակված նյութի հիման վրա։

Վերադարձ «մեծ խաղին»

Ելույթ ունեցողների կարծիքով՝ Թուրքիան իր պատմության կարեւոր պահ է վերապրում, որը կապված է թե՛ իր սեփական վերափոխման, թե՛ միջազգային ասպարեզում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունների հետ։ Թուրքիայի քաղաքական էլիտան նպատակադրված է կտրուկ բարձրացնել երկրի դերը, եւ սա միավորում է բոլորին՝ թե՛ իշխանության մեջ գտնվողներին, թե՛ ընդդիմությանը։

Անկարան պատմական հնարավորություն է տեսնում՝ շրջել մոտավորապես հարյուր տարվա էջը, երբ Թուրքիան չէր մասնակցում «մեծ խաղին» որպես լուրջ ինքնուրույն դերակատար։ 20-րդ դարի մեծ մասը եւ 21-րդ դարի սկիզբն անցել են այն իրավիճակում, երբ Թուրքիան գործում էր այլ տերությունների ուղեծրով։ Այժմ այն ջանասիրաբար հաղթահարում է հետամնացության բարդույթը, որն առաջացել էր կայսրության փլուզումից հետո, եւ հոգեբանորեն պատրաստ է մասնակցել տեղային հակամարտություններին (եւ անգամ նախաձեռնել դրանք)՝ ավելի ու ավելի քիչ ուշադրություն դարձնելով խոշոր խաղացողներին։

Հավակնությունները կապված են ոչ միայն արտաքին ուրվագծի, այլեւ ներքին զարգացման հետ։ Թուրքերը ընդհանուր առմամբ խիստ քաղաքականացված են, մոտիվացված են ազգային նվաճումների համար, ազգային հեղինակությունն ու հպարտությունը զարգացման բավական կարեւոր գործոն է հանդիսանում։

«Լաքապատել» կայսերական պատմությունը

Թուրքական արտաքին քաղաքական վարքագծի եւ նպատակադրման հիմքում ընկած է պատկերացումը որոշակի «հետօսմանյան» տարածքի մասին, որտեղ Անկարան հատուկ բարոյական եւ պատմական իրավունքներ, ինչպես նաեւ ընդլայնված հնարավորություններ ունի։ Թեեւ Թուրքիայում հրաժարվում են երկրի միջազգային գործողությունների հիմքում «նեոօսմանիզմի» մասին որեւէ ենթադրությունից, Օսմանյան կայսրության հիշողությունը ծառայում է որպես հիմք ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքական ինքնության համար։ Թուրքիայում կա միտում «լաքապատելու» սեփական կայսերական պատմությունը եւ հաշվի չառնելու դրա ընկալումը երկրներում, որոնք ժամանակին ենթարկվել են Բարձր Դռանը։ Տարածված փաստարկն այն է, որ քանի որ կայսրությունը գոյություն է ունեցել մի քանի դար, եւ դրանում ապրող ժողովուրդները «չեն ցրվել», ուրեմն նրանք իրենց այնքան վատ չեն զգացել, որքան այժմ փորձում են ներկայացնել։

Լուսանկարը` REUTERS


Նրանք կարծում են, որ իրենց դրական են վերաբերվում Բալկաններում եւ Մերձավոր Արեւելքում (նախկին կայսրության տարածքներում), ընդհանուր մուսուլմանական աշխարհում (որպես նախկին խալիֆայություն), Կենտրոնական Ասիայում եւ ընդհանրապես թյուրքալեզու պետություններում, ինչպես նաեւ Աֆրիկայում, որտեղ Թուրքիան գաղութային անցյալ չունի։ Պրակտիկան հաճախ հերքում է այս պատկերացումը, բայց թուրքական գիտակցության մեջ այն բավական խորը արմատացած է։

Հավակնությունների եւ զգուշավորության համադրությունը

Թուրքիայի տնտեսական դրությունը սասանված է, երկիրը վաղուց անկայունություն է ապրում։ Հարաբերական տնտեսական թուլությունը, որը գիտակցում է ղեկավարությունը, տարբեր հավակնությունների հիմնական սահմանափակիչն է։ Չնայած թվացյալ անխուսափելի նպատակասլացությանը, ցանկացած գնով արդյունքի հասնելու ցանկությանը, Անկարան ի վիճակի է գիտակցել՝ երբ է իր ձգտումը հանդիպում անհաղթահարելի խոչընդոտների եւ վտանգավոր դառնում։ Այդ ժամանակ Թուրքիան կարող է կանգ առնել եւ փորձել փոխել մարտավարությունը։ Հավակնությունների եւ պահպանվող զգուշավորության համադրությունը նրա ուժեղ կողմն է։

Ի՞նչն է օգնում հասնել նպատակներին՝ չնայած անբարենպաստ տնտեսական իրավիճակին։

Նախ, այն ամենը, ինչ անում են թուրքերը, հասկանալի է, մատչելի, արտահայտվում է պարզ բանաձեւերով։

Երկրորդ, նրանք կարողանում են բարձր արդյունավետություն ապահովել ռեսուրսների լուրջ սահմանափակման պայմաններում։

Երրորդ, պարադոքսալ կերպով ստեղծագործական մտածողության եւ համառության համադրությունը Թուրքիային դարձնում է խաղացող, որը կխաղա մինչեւ խաղի վերջին րոպեն եւ նույնիսկ դրանից հետո, երբ խաղը, թվում է, ավարտվել է: Սիրիան դրա օրինակն է։

Չորրորդ, պետական ծառայողների ցանկացած մակարդակում առկա է պետական շահի ընկալում, հայրենասիրություն։

Հարաբերությունները Ռուսաստանի հետ

Թուրքիայի ոճն է՝ զգայուն արձագանքել ընթացիկ իրավիճակին՝ արագ բացահայտելով բոլոր բացվող հնարավորությունները եւ փորձելով օգտագործել դրանք։ Իրավիճակայնությունը չի նշանակում գործողությունների անհամակարգություն՝ քայլերը միշտ մտածված են, անգամ եթե կարճաժամկետ են:

Ռուս-թուրքական հարաբերությունները խիստ հետաքրքիր եւ բարդ երեւույթ են։ Կողմերի շահերը շատ հարցերում ոչ միայն չեն համընկնում, այլեւ հակասում են միմյանց։ Այնուամենայնիվ, կապը սերտ է, միմյանցից փախչելու տեղ չկա, փոխարենը կա անհրաժեշտություն պահպանել փոխգործակցությունը ցանկացած պայմաններում։ Եվ մինչ այժմ դա հաջողվում է անել, թեեւ տարածությունն ավելի շուտ նեղանում է։

Թուրքերի վերաբերմունքը Ռուսաստանին ոչ գծային է։ Մի կողմից՝ երկրում բացակայում է ուժ կամ սոցիալական խումբ, որը հստակ ռուսամետ կլիներ, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման համար լուրջ, փաստարկված պահանջարկ չկա։

Մյուս կողմից՝ վառ արտահայտված հակառուսական տրամադրություններ, որոնք կազդեին քաղաքականության վրա, Թուրքիայում եւս չեն նկատվում։ Ընդհակառակը, բնակիչների մեծամասնությունը ողջունում է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը, որովհետեւ դրանք շահավետ են ե՛ւ թուրքական պետությանը, ե՛ւ քաղաքացիներին։ Փոխարենը հակաարեւմտյան տրամադրությունները հասարակության մեջ առկա են, ինչը կապված է շատ գործոնների հետ, վերջին ժամանակներում՝ Մերձավոր Արեւելքում ընդհանուր առմամբ եւ, մասնավորապես, Պաղեստինի իրավիճակով։

Հարաբերությունները Արեւմուտքի հետ

Վերջին գործոնը սահմանափակիչ է ծառայում ընդդիմադիր կուսակցությունների համար, որոնք ավանդաբար հանդես են գալիս արեւմտամետ դիրքերից։ Էրդողանի հակառակորդները հիմա էլ կոչ են անում ամրապնդել հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության հետ (թեեւ դրան միանալու գաղափարը, որը երկար ժամանակ ծառայում էր որպես թուրքական քաղաքականության հիմնական թեզ, այժմ դադարում է իրատեսական դիտարկվել)։ Բայց, նախ՝ այս հարաբերությունների սահմաններն ամբողջովին հասկանալի են, երկրորդ՝ արեւմտյան վեկտորի ուժեղացումը ավտոմատ կերպով հակառուսական քաղաքականության չի հանգեցնում։ Թուրքիայում, ինչպես եւ գրեթե ամենուր այժմ, գործում է ցանկացած հնարավորությունների օգտագործման եւ դաշինքային սահմանափակումների հաղթահարման դիրքորոշումը։

Լուսանկարը` REUTERS


Հեռանկարում Թուրքիայի անցումը ավելի ինքնուրույն դիրքերի Միացյալ Նահանգների եւ ընդհանուր առմամբ Արեւմուտքի նկատմամբ անխուսափելի է թվում։ Նախ եւ առաջ՝ ԱՄՆ-ի կիրառական նշանակությունը Թուրքիայի համար նվազել է։ Նախկինում հենց ամերիկյան հովանավորությունն էր օգնում Անկարային լուծել հիմնական էթնոքաղաքական խնդիրները, իսկ այժմ այն դրանք ստեղծում է՝ աջակցելով քրդերին Թուրքիայի սահմանների մոտ եւ չխոչընդոտելով թուրքական ներքին ընդդիմության այլ ներկայացուցիչներին (նախկինում ամերիկյան աջակցությունը վճռորոշ էր հեղաշրջումների եւ այլ բողոքների ճնշման համար)։

Հյուսիսային հարեւանից (ԽՍՀՄ/Ռուսաստան) պաշտպանության հարցն այժմ չի դրվում, ինչպես որ մարել է նաեւ ԵՄ անդամակցության թեման։ Այս ամենը տարածաշրջանային ինքնուրույն հավակնությունների հետ մեկտեղ Թուրքիային մղում է դեպի դաշնակիցներից ավելի ու ավելի անկախ գիծ ձեւակերպելուն։ Սա, սակայն, չի նշանակում, որ տեսանելի ապագայում կարելի է սպասել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների որակական փոփոխությունների: Անդամակցությունը ՆԱՏՕ-ին Անկարայի համար շատ կարեւոր է։ Տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը նույնպես կարեւոր է Թուրքիայի համար, թեեւ քրդական գործոնի պատճառով այն նաեւ հակառակ կողմն ունի։ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն ունի ռազմատեխնիկական պայմանագրերի հսկայական քանակություն, աշխարհում ոչ մի տեղ, թերեւս, չկա ամերիկյան ռազմական եւ հետախուզական ավելի մեծ ներկայություն, քան Թուրքիայում։

Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարները

Ռուսաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարները կախված են մի քանի հանգամանքներից։ Դրանք են.

- Սիրիայի ապագան՝ ռուսական ներկայությունն այնտեղ, ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, երկրում իրավիճակի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող Թուրքիայի պատրաստակամությունը քննարկել Մոսկվայի շահերը։

- Իշխանության տրանզիտը Թուրքիայում եւ Էրդողանի հեռանկարները։ Առայժմ բոլոր սցենարները բաց են՝ ներկայիս նախագահի հեռանալուց եւ իշխանությունը ընդդիմությանը փոխանցելուց մինչեւ դրա պահպանումը հաջորդ ժամկետով։
Թուրքիայում ներքաղաքական գործընթացը առաջիկա երկու-երեք տարում խոստանում է լինել հագեցած։

- Մոնտրյոյի կոնվենցիան եւ Սեւծովյան ավազանի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Տարածաշրջանում ռազմական հակամարտությունը, երկրների եւ դաշինքների ակտիվության մեծացումը փորձություն են դառնում թուրքական քաղաքականության համար։ Առայժմ Անկարան անշեղորեն հետեւում է կոնվենցիային, բայց ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կանոնները փոխելու ձգտումն աճում է։

- Թյուրքական պետությունների կազմակերպության զարգացումը եւ դրա հեռանկարները։ Սա վերաբերում է այն պետություններին, որոնք Ռուսաստանի առաջնահերթ շահերի ծիրում են։

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ Թուրքիան Ռուսաստանի ամենանշանակալի գործընկերներից մեկն է թե՛ հիմա, թե՛ ապագայում, հավասարակշռված հարաբերությունների կառուցումը պետք է լինի ՌԴ արտաքին քաղաքականության եւ տնտեսական կապերի առաջնահերթությունը։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին