Ներկայացնում ենք Փրինսթոնի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հարոլդ Ջեյմսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Հարոլդ Ջեյմս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապացուցում է իր սերը մաքսատուրքերի հանդեպ, բայց աշխարհը դեռ սպասում է, թե նա կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկի: Որպես առաջին թիրախներ Թրամփը նշել էր Չինաստանը, Կանադան և Մեքսիկան, բայց դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք նա ցանկանում է մեծ հաղթանակներ տոնել, թե ավելի պայմանական միջոցառումներ, որոնք կապված են քաղաքականության այլ խնդիրների հետ (օրինակ՝ TikTok-ի ձեռքբերումը): Առայժմ վստահ կարելի է ասել միայն, որ նրա վարչակազմը կօգտագործի մաքսատուրքերը զիջումներ կորզելու համար:
Սակայն խնդիրը բարդ է, քանի որ մաքսատուրքերը սերտորեն փոխազդում են տնտեսական քաղաքականության այլ բաղադրիչների հետ, օրինակ՝ փոխարժեքի: Բարձր մաքսատուրքերը տեսականորեն պետք է նվազեցնեն ներմուծման պահանջարկը և բարձրացնեն փոխարժեքը, ինչը, ի վերջո, կրկին կէժանացնի արտասահմանյան ապրանքները: Ահա թե ինչու Թրամփն ավելի վաղ պնդում էր, որ մաքսատուրքերը ամերիկացիներին իրականում ոչինչ չեն արժենա՝ պատճառաբանելով, որ վճարելու են Ամերիկայի առևտրային գործընկերները։
Բայց առևտրի և փոխարժեքի քաղաքականությունը վարում են տարբեր գործակալություններ (առևտրի և գանձապետարանի գերատեսչությունները) և նրանց փոխազդեցությունը հաճախ կոնֆլիկտային է: 1930-ականներին աշխարհը խորապես բաժանված էր, քանի որ առևտրային բանակցողները պնդում էին, որ ոչինչ չեն կարող անել, քանի դեռ փոխարժեքները չեն հաստատվել, մինչդեռ դրամավարկային պաշտոնյաները պնդում էին, որ փոխարժեքի կարգավորում հնարավոր չէ, եթե չկա ընդհանուր բաց առևտուր: Արդյունքում պրոտեկցիոնիզմը սրվեց։
Իրավիճակը բարդացավ, երբ առաջին պլան մղվեց մեկ այլ մեխանիզմ՝ վճարային հաշվեկշիռը: Մեծ առևտրային դեֆիցիտ ունեցող երկիրը, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է ինչ-որ կերպ վճարի ներմուծման համար, այդ պատճառով նա հույսը դնում է օտարերկրացիների վրա, որոնք կգնեն իր արժեթղթերը կամ ներդրումներ կանեն իր ընկերություններում: Օտարերկրյա միջոցների այս ներհոսքը դեպի ԱՄՆ շատ բարձր մակարդակի վրա են, քանի որ ամերիկացիները շատ քիչ են խնայում։ Երկիրը խնայողություններ է ներմուծում մնացած աշխարհից՝ իր առևտրային դեֆիցիտը վճարելու համար: Եթե այդպես չլինի, ամերիկացիները ստիպված կլինեն ավելի քիչ սպառել, ինչը կհամարվի կենսամակարդակի անկում:
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739340406_3761349.jpg)
Լուսանկարը` REUTERS
Մաքսատուրքերի բարձրացումը վտանգում է այս պայմանավորվածությունը, քանի որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ՝ իր ապագա աճը խթանելու համար: Նախկին նախագահ Ջո Բայդենը հասկանում էր, որ օտարերկրյա կապիտալն անհրաժեշտ է «վերակառուցելու» համար, և Թրամփը պետք է հասկանա, որ առանց դրա չի կարող իրականացնել իր խոստացած «Ոսկե դարը»: Հավանաբար դա է պատճառը, որ Սպիտակ տանը նրա առաջին հյուրերից էին Մասայոշի Սոնը՝ ճապոնական ներդրումային հսկա SoftBank-ի նախագահը, Oracle-ի նախագահը և OpenAI-ի գործադիր տնօրենը՝ «մեծ փողերն ու բարձրորակ մարդիկ», որոնք կանգնած են 100 միլիարդ դոլար արժողությամբ նոր ձեռնարկության՝ Stargate-ի հետևում որը ստեղծելու է արհեստական բանականության ենթակառուցվածք:
Հեգնանքն ակնհայտ է։ Ինքնիշխանությունը վերականգնելու և «ազգային հաջողության նոր դարաշրջան» սկսելու Թրամփի հայտը կախված է տեխնոլոգիայի և գլոբալացված ֆինանսների հենց այդ նույն համակցումից, որը քայքայեց ամերիկյան միջին խավը և ամերիկացիներից շատերին դարձրեց Թրամփի ընտրազանգված: Բայց համաշխարհային կապիտալից այս կախվածությունը պարզապես հեգնական չէ. այն նաև խոցելի է դարձնում Ամերիկան: Եթե օտարերկրյա փողերի հոսքը դադարի, Թրամփի խոստացված հրաշքը մղձավանջ կդառնա։
Վաղ նախազգուշացումներից մեկը կլինի այն, որ պարտատոմսերի շուկաները կանհանգստանան՝ արդյո՞ք Ամերիկա ունակ է մարելու իր կուտակած մեծ պարտքը: 2022 թվականից ի վեր, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը նմանատիպ խաղադրույք արեց աճի վրա, պարտատոմսերի շուկան այնպես ուժգին արձագանքեց, որ նույնիսկ ամերիկացիները դա չեն կարող անտեսել:
Հիմնական համաշխարհային պահուստային արժույթը թողարկելու «հսկա արտոնությունը» չի նշանակում, որ կարելի է անել բացարձակապես ամեն ինչ: Շուկայի տրամադրությունները կարող են փոխվել, և երբ դա տեղի է ունենում, սովորաբար բավականին դրամատիկ է լինում, ինչպես 1931-ին կամ 1971-ին: Վստահելիությունը կարող է մի գիշերվա ընթացքում դառնալ կասկածի և տարակուսանքի զոհ՝ հատկապես մի աշխարհում, որտեղ ԱՄՆ դոլարը օգտագործվում է տարբեր քաղաքական նպատակների համար:
Օտարերկրյա ֆինանսավորումը նույնպես կարող է նվազել, եթե խոստացված պայծառ ապագան հանկարծ ուռճացված թվա կամ եթե տեխնոլոգիան հիասթափեցնի: Շատ ներդրողներ արդեն անհանգստանում են, որ այսօրվա տեխնոլոգիական բաժնետոմսերի բարձր արժեքը փուչիկ է: Աճի այս պոտենցիալ նոր շարժիչի վրա մեծ խաղադրույքը կպահանջի հսկայական ներդրումներ, բայց եթե փուչիկը պայթի, շատ նախագծեր կդառնան անարժեք ակտիվներ:
Օտարերկրյա ֆինանսավորման ավարտի մեկ այլ պատճառն այն է, որ որոշ կառավարություններ փորձում են թույլ չտալ իրենց երկրի քաղաքացիներին և ընկերություններին ներդրումներ կատարել ԱՄՆ-ում: Սա նոր առևտրային պատերազմի կամ դոլարային ուժեղ ռեժիմի հնարավոր պատասխաններից մեկն է: Եթե ֆրանսիական գինին, գերմանական մեքենաները կամ չինական մեքենաները, ինքնաթիռները և արևային մարտկոցները չկարողանան մրցունակ կերպով վաճառվել Ամերիկայում, այդ կառավարությունները կսկսեն մտածել այլ տարբերակների մասին, իսկ Սոնի նման մարդիկ կարող են ավելի շատ խոչընդոտների հանդիպել՝ փորձելով աշխատատեղեր և ներդրումներ բերել ԱՄՆ:
![](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739340406_6388646.jpg)
Լուսանկարը` REUTERS
Կառավարությունների համար կապիտալի անդրսահմանային հոսքերի վրա ազդելու ամենահեշտ ձևերից մեկը օտարերկրյա ներդրումների հարկման վերանայումն է: ԱՄՆ տեխնոլոգիական հսկաներն արդեն բողոքում են Թրամփին, որ անբարենպաստ հարկային վերաբերմունքի են արժանանում հատկապես Եվրոպայում, ուրեմն հարկային քաղաքականությունը ևս կարող է զենք դառնալ: ՏՀԶԿ-ի կողմից բանակցված գլոբալ կորպորատիվ նվազագույն հարկը ակնհայտորեն վտանգված է, քանի որ Թրամփը և Կոնգրեսի հանրապետականները կարծես ցանկանում են հնարավորինս նվազեցնել կորպորատիվ հարկերը:
Եթե այդպես անեն, եվրոպացիները կարող են է՛լ ավելի լուրջ պատճառներ ունենալ հակահարված տալու՝ ավելացնելով հարկերը ոչ միայն Եվրոպայում օտարերկրյա ընկերությունների, այլ նաև ԱՄՆ-ում ներդրումներ անող իրենց կորպորացիաների և քաղաքացիների վրա: Արդյունքում եվրոպական միջոցների մի մասը կմնա Եվրոպայում, և ԱՄՆ-ի համար ավելի դժվար կլինի հավասարակշռել իր ընթացիկ հաշիվը:
Տնտեսական նորաձևությունը վարակիչ է. ժամանակի հարց է, թե երբ ինչ-որ մեկը կհետևի Թրամփի տրամաբանությանը և կառաջարկի «Եվրոպան կրկին հզոր դարձնելու» ծրագիրը։ ԱՄՆ պարտքային ճգնաժամը կարող է լինել գլոբալիզմի դեմ նրա վարչակազմի արշավի հակադարձ արդյունքը։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: