Ներկայացնում ենք Բոկկոնի համալսարանի Եվրոպական քաղաքականության մշակման ինստիտուտի տնօրեն Դենիել Գրոսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Դենիել Գրոս
«Եթե կա մի խնդիր, որը կարող են լուծել եվրոպացիները, դա Հարավսլավիայի խնդիրն է», - պնդում էր Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժակ Պոոսը 1991 թվականին: Խորհրդային Միությունը պաշտոնապես եւ հիմնականում խաղաղ ձեւով լուծարվել էր այդ տարվա վերջին, բայց Բալկաններում էթնիկ լարվածությունն աճում էր, եւ Պոոսը վստահ էր, որ քանի որ Հարավսլավիան եվրոպական երկիր էր, հենց Եվրոպան, ոչ թե Միացյալ Նահանգները, պետք է կառավարի այնտեղ աճող ճգնաժամը: «Սա Եվրոպայի ժամն է», - հպարտությամբ ասում էր նա: Հաջորդող տարիներին Հարավսլավիան ենթարկվեց արյունալի քայքայման գործընթացի, իսկ Եվրոպան ապացուցեց, որ ի վիճակի չէ շատ բան անելու:
Այսօր մեկ այլ եվրոպական երկիր է մասնատվում՝ Ուկրաինան։ Այսպիսով, Պոոսի տրամաբանությամբ, Եվրոպային է մնում «փրկել» այն: Արդյո՞ք Եվրոպան այս անգամ ավելի արդյունավետ կլինի:
Որոշ ճշմարտություն կա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կոպիտ մեղադրանքներում, երբ նա ասում է, որ անվտանգության հարցում Եվրոպան բավականաչափ ինքնաբավ չէ: Իրականում Եվրոպայում ոչ ոք պատրանք չունի, որ Եվրոպան միայնակ կարող է լուծել ուկրաինական «խնդիրը». առաջատար դերը միշտ ակնկալվում էր ԱՄՆ-ից։ Բայց այս իրողությունը չպետք է խարխլի Եվրոպայի օգնությունը Ուկրաինայում։
Ըստ Քիլի ինստիտուտի, որը հետեւում է Ուկրաինայի աջակցությանը, Եվրոպան (ներառյալ Եվրամիությունը, նրա անդամ երկրները, Նորվեգիան եւ Միացյալ Թագավորությունը) առաջ է անցել ԱՄՆ-ից եւ դարձել ուկրաինական օգնության առաջատար աղբյուր՝ անցյալ տարվա վերջի տվյալներով մոտ 128 մլրդ դոլարով՝ ԱՄՆ-ից 88 մլրդ դոլարի դիմաց։ Այս գումարը ներառում էր նույնքան ռազմական օգնություն, որքան ԱՄՆ-ն էր տրամադրել (մոտ 60 մլրդ եվրո): Ավելին, Եվրոպան արդեն իսկ խոստացել է եւս 120 մլրդ եվրո, որը կհատկացվի առաջիկա մի քանի տարիներին, մինչդեռ ԱՄՆ-ի ապագա օգնությունը կասկածի տակ է:
Եթե հաշվի առնենք դոնորների տնտեսությունների եւ ռազմական բյուջեների չափը, երկու ներդրումներն էլ այդքան տպավորիչ չեն: ԱՄՆ-ում, որի արտադրանքը կազմում է տարեկան 27 տրիլիոն դոլար, 88 միլիարդ դոլարը երեք տարվա համար չնչին գումար է, իսկ 60 մլրդ դոլարը ԱՄՆ ընդհանուր ռազմական ծախսերի ընդամենը 7,5%-ն է: Եվրոպայի տնտեսությունը ավելի փոքր է, սակայն Ուկրաինային տրվող ընդհանուր օգնությունը (ներառյալ Նորվեգիան եւ Մեծ Բրիտանիան) ՀՆԱ-ի 0,6%-ից պակաս է: Եզրակացությունը պարզ է. ֆինանսական նկատառումները անհաղթահարելի խոչընդոտ չեն Ուկրաինայի «փրկության» համար:
Իրավիճակը բարվոք է Ուկրաինայի համար նաեւ քաղաքական առումով: Թեեւ պատերազմը շարունակվում է գրեթե երեք տարի, հանրային աջակցությունը Ուկրաինային պահպանվել է: Եվրոպացիների ոգեւորությունը Ուկրաինային օգնություն ուղարկելու նկատմամբ նվազել է, քանի որ «Դավիթն ընդդեմ Գողիաթի» պատումը, որն այդքան ոգեւորիչ էր պատերազմի սկզբում, այլեւս ազդեցիկ չէ, սակայն եվրոպական գրեթե բոլոր երկրներում հանրության մեծամասնությունը կողմ է շարունակել Ուկրաինայի աջակցությունը:

Լուսանկարը` REUTERS
ԵՄ քաղաքական գործիչներն ինքնին ակնհայտ են համարում, որ Ռուսաստանի հաղթանակը սպառնում է Միության գոյությանը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հատկապես հստակ է արտահայտվել այս հարցում եւ գլխավորել է պատժամիջոցների եւ այլ միջոցների աննախադեպ մի շարք, որոնց նպատակն է ստիպել Ռուսաստանին փոխել քաղաքականությունը:
Ամենակարեւորն այն է, որ Եվրոպայում ազգային քաղաքականություն մշակողների մեծ մասը կիսում է այն համոզմունքը, որ Ուկրաինային աջակցելը բխում է իրենց երկրների շահերից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հստակորեն արտահայտել է իր արհամարհանքը ԵՄ-ի արժեքների ու նորմերի նկատմամբ, արդեն իսկ ստվերային պատերազմ է վարում Արեւմուտքի հետ։ Եթե նրան թույլ տան ուժով վերցնել ուկրաինական տարածքները, ի՞նչը կխանգարի նրան առաջ տանել Եվրոպայի քարտեզը վերագծելու իր հավակնությունները:

Լուսանկարը` REUTERS
Այս վտանգը մտահոգում է ոչ միայն Ուկրաինայի ամենամոտ հարեւաններին, այլեւ նրանց, ում համար, Նեւիլ Չեմբերլենի տխրահռչակ արտահայտությամբ, Ուկրաինան հեռավոր երկիր է, որի մասին քիչ բան գիտենք: Այս ընդհանուր սպառնալիքի ընկալումը բացատրում է, թե ինչու 2023-ի վերջին ԵՄ անդամ 26 կառավարություններ ընդունեցին Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունները սկսելու որոշումը: Նման քայլը հնարավոր էր միայն միաձայն հավանության դեպքում, սակայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրաժարվեց աջակցել, ուստի ԵՄ առաջնորդները նրան խնդրեցին լքել սենյակը քվեարկության ժամանակ:

Լուսանկարը` REUTERS
Այս դրվագը ընդգծեց, թե ինչպես ԵՄ կանոնները, որոնք հաճախ միաձայնություն են պահանջում, կարող են թույլ չտալ ժամանակին եւ արդյունավետ արձագանքել ներքին մարտահրավերներին եւ արտաքին սպառնալիքներին: Բայց այն նաեւ ցույց տվեց, որ եթե ճնշող մեծամասնությունը վճռական է, կարող է խուսափել փոքր երկրների չարագործներից: ԵՄ անդամ երկրների մեծ կոալիցիան այժմ դիտարկում է ԵՄ պայմանագրերից դուրս պաշտպանական նախագծերի համար 500 մլրդ եվրոյի համատեղ հիմնադրամ ստեղծելու հարցը, որպեսզի այն վետոյի չենթարկվի:
Ոչ մի եվրոպական աջակցություն չի կարող լիովին փոխարինել ԱՄՆ-ի քաղաքական եւ ռազմական կշիռը։ Բայց եթե Թրամփը փորձի բանակցել «խաղաղության համաձայնագրի» շուրջ, որը ձեռնտու է Պուտինին՝ Ուկրաինայի հաշվին, Եվրոպան պետք է պատրաստ լինի ոտքի կանգնել եւ Ուկրաինային տրամադրել քաղաքական եւ ֆինանսական աջակցություն, որն անհրաժեշտ է դիմադրելու համար: Թեեւ Եվրոպան չի կարող որոշել պատերազմի ելքը, այն կարող է էապես բարելավել Ուկրաինայի հեռանկարները։ Այդ վճռականությունը կազդի թե՛ Թրամփի, թե՛ Պուտինի հաշվարկների վրա։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: