Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Օլեսյա Վարդանյանի Пока Москва занята. К чему приведет дрейф Армении от России на Запад հոդվածի հայերեն թարգմանությունը:
Օլեսյա Վարդանյան
Հայաստանի ձյունածածկ լեռների ֆոնին հատկապես վառ է աչքի ընկնում Եվրամիության աստղերով կապույտ դրոշը։ Երկու տարուց ավելի է, ինչ Ադրբեջանին սահմանակից տարածքները պարեկում են ԵՄ դիտորդների մեքենաները, որոնք վերահսկում են իրավիճակը մարտական դիրքերի երկայնքով։ Լեռնային գյուղերի շատ բնակիչների համար նրանք առաջին տեսած «կենդանի» եվրոպացիներն են։
Արեւմտյան դիտորդների հայտնվելը մեծ իրադարձություն դարձավ ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրամիության համար։ Բրյուսելն առաջին անգամ պատրաստ եղավ իր ներկայացուցիչներին ուղարկել Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն միությունների`ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ երկիր։
Երեւանի համար ԵՄ այս որոշումը առաջին հաստատումն էր, որ հին ժամանակներն անցել են, եւ Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտոնական կապերն այլեւս խոչընդոտ չեն արեւմտյան կառույցների հետ մերձեցման համար՝ նույնիսկ պաշտպանության եւ անվտանգության զգայուն հարցերում։
Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայությունը, զուգորդված Երեւանի՝ իր ավանդական արտաքին քաղաքական առաջնահերթությունները վերանայելու ցանկության հետ, քանդում են հաստատված կարգը եւ մեկնարկում արեւմտյան աշխարհի հետ Հայաստանի մերձեցման գործընթացը։ Թեեւ այն անշտապ է ընթանում, բայց արդեն հասել է այնպիսի ծավալների, որոնք Հարավային Կովկասի ամենափոքր երկիրը չէր տեսել Խորհրդային Միության փլուզումից ի վեր։
Մտածիր դանդաղ, որոշիր արագ
Տարեսկզբից Հայաստանին հաջողվել է մի քանի կարեւոր քայլ կատարել դեպի Արեւմուտք։ Ամանորյա տոներից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքի ընդունման գործընթացը։ Մի քանի օր անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրելու։
Լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ
Ոչ մեկը, ոչ մյուսը դեռ չի ենթադրում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզում։ Հրապարակային հայտարարություններում Հայաստանի ղեկավարությունը շարունակում է խոսել բազմավեկտոր արտաքին քաղաքականության եւ ուժային բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների զարգացման մասին։ Սակայն գործնականում խոսքը գնում է Արեւմուտքի հետ կապերի աստիճանական խորացման մասին: Երեւանում սպասում են հարմար պահի՝ նոր դաշնակցային հարաբերությունները պաշտոնականացնելու համար։
Երեւանը վաղուց պատրաստ էր բեկման։ Հայ պաշտոնյաները սկսեցին հնարավոր տարբերակների քննարկումը 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո։ Այն ժամանակ, ըստ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի, Երեւանը խիստ վախեցած էր Մոսկվայի նոր միութենական պետության մասին խոսակցություններից։ Բելառուսից հետո Ռուսաստանի հետ ռազմական եւ տնտեսական կապեր ունեցող Հայաստանը կարող էր հայտնվել գլխավոր հավակնորդների ցուցակի առաջին հորիզոնականում: Նոր Խորհրդային Միությանն անդամակցելու հեռանկարը Երեւանի սրտով չէր՝ ստիպելով ավելի սերտ կապեր փնտրել Արեւմուտքի հետ։
Այն ժամանակ եվրոպացի եւ ամերիկացի գործընկերները զարմացրեցին Երեւանին կտրուկ քայլերից խուսափելու խնդրանքով։ Արեւմուտքում մտավախություն կար, որ Ռուսաստանի հետ խզումը կփլուզի Հայաստանի տնտեսությունը, երկիրը կթողնի առանց էժան գազի եւ նույնիսկ կարող է հանգեցնել նոր պատերազմի Ադրբեջանի հետ: Արեւմտյան առաջնորդները, զբաղված լինելով Ուկրաինային աջակցելով, կասկածում էին, որ կկարողանան բավարար օգնություն ցուցաբերել նաեւ Հայաստանին։
Արդյունքում ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն գերադասեցին խուսափել բարձրագոչ հայտարարություններից՝ կենտրոնանալով հայկական պետության ամենախոցելի հատվածների հզորացման վրա։ Դա ներառում էր Ռուսաստանից առավել մեծ կախում ունեցող տնտեսության ոլորտների աջակցությունը եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետեւանքների վերացումը, որը թուլացրեց Հայաստանը եւ էլ ավելի մեծացրեց նրա կախվածությունը Մոսկվայից:
Իսկ այդպես կարելի՞ էր
Դեպի Արեւմուտք Հայաստանի շարժին բազմաթիվ հետեւողներ կան։ Այս ուղղությամբ յուրաքանչյուր լուրջ քայլից առաջ հայ պաշտոնյաները նախապատրաստական աշխատանքներ են տանում հարեւանների հետ։ Օրինակ՝ փորձում են նախօրեին այցելել Թեհրան՝ տարածաշրջանում արեւմտյան ազդեցության ուժեղացման վերաբերյալ Իրանի մտավախությունները հանդարտեցնելու համար։
Հայ պաշտոնյաներն ասում են, որ նմանատիպ մեթոդներով փորձում են կանխել նաեւ Ռուսաստանի հետ խնդիրները։ Սակայն, ի տարբերություն Իրանի, Մոսկվաում չափազանց շատ ազդեցության կենտրոններ կան, ինչի պատճառով նախապես բացատրվելու Երեւանի ջանքերը հաճախ ձախողվում էին՝ ավարտվելով պետական հեռուստաալիքներով հրապարակային մեղադրանքներով եւ վիրավորական հաղորդումներով:
Լուսանկարը` REUTERS
Բայց որքան երկար է շարունակվում Հայաստանի շարժը դեպի Արեւմուտք, այնքան ավելի զուսպ են դառնում Մոսկվայի հայտարարությունները։ Օրինակ՝ ի պատասխան եվրաինտեգրման մասին նոր օրինագծի քննարկմանը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «հիպոթետիկ» որակեց Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը եւ կասկած հայտնեց, որ Երեւանը կցանկանա կորցնել այն տնտեսական նախապատվությունները, որոնք իրեն տալիս է անդամությունը ԵԱՏՄ-ին։ Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, կոչ արեց փաստաթղթերի վերնագրերից եզրակացություններ չանել, այլ սպասել կոնկրետ գործողությունների։
Մոսկվայի նման զսպվածության պատճառն ամենևին այն չէ, որ նա որոշել է հաշտվել նոր իրականության հետ կամ արդարացված է համարում Հայաստանի վրդովմունքը Ղարաբաղի կորստի ժամանակ իրեն չաջակցելու համար։ Պատճառն այն է, որ Ուկրաինայում պատերազմն ավելի ու ավելի է շեղում Ռուսաստանի ուշադրությունը մյուս հարևաններից։
Լուսանկարը` REUTERS
Այնտեղ, որտեղ Մոսկվան մի ժամանակ պայմաններ էր թելադրում, հիմա ստիպված է լինում պայմանավորվել։ Հայաստանի արևմտամետ քայլերը հանդուրժելու Ռուսաստանի պատրաստակամությունը զարմացնում է նույնիսկ Մոսկվայի հետ սերտ կապեր պահպանող տեղացի գործիչներին։ «Եթե մենք այն ժամանակ իմանայինք, որ այդպես կարելի է», - ինձ ասել է Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը։
Հայաստանն այս միտման վառ օրինակն է։ Անցած տարվա ընթացքում նրան երկու անգամ հաջողվեց համոզել Մոսկվային կրճատել իր ռազմական ներկայությունը երկրում։ Ռուս սահմանապահները նահանջում են ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Իրանի սահմանների երկայնքով, իսկ ավելի վաղ թողել էին իրենց դիրքերը Երևանի օդանավակայանում, որտեղ տեղակայված էին տասնամյակներ շարունակ։
Հայաստանը ոչ միայն չաջակցեց ռուսական ներխուժմանը Ուկրաինա, այլև փաստացի դադարեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում՝ հասկացնելով, որ պատրաստ է ընդհանրապես դուրս գալ այս ռազմական դաշինքից, որն այլևս չի ապահովում հասանելիություն ռուսական էժան զենքին։ Եթե դա տեղի ունենա, Մոսկվան ոչ միայն հարված կստանա իր հեղինակությանը, այլև երկարաժամկետ ռիսկերի առջև կկանգնի տարածաշրջանում իր ռազմական ներկայության համար:
Որոշ հարցերում Երևանի բանակցային դիրքերը նույնիսկ ամրապնդվել են։ Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Ռուսաստան երկրորդային ներմուծման հիմնական աղբյուրներից մեկը։ Հայաստանի միջոցով ներկրվում է սնունդ, տեխնիկա, մեքենաներ, իսկ վերջերս նույնիսկ մի ամբողջ ինքնաթիռ են փորձել տեղափոխել՝ ենթադրաբար ռուս մեծահարուստ հաճախորդի համար։ Հայ պաշտոնյաները պատմում են, որ 2022 թվականի գարնանը, երբ Արևմուտքը նոր էր սկսում պատժամիջոցներ սահմանել, Մոսկվան նրանց խնդրեց աջակցել երկրորդային ներմուծման հաստատմանը։ «Գուցե այս կերպ մենք կապ կպահպանենք արտաքին աշխարհի հետ»,- ռուս բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը փոխանցել էր հայ փոխնախարարը։
Այս ֆոնին Հայաստանի շարժը դեպի Արևմուտք կարող է տհաճ լինել Ռուսաստանի համար, բայց, ըստ երևույթին, Մոսկվան պատրաստ է հանդուրժել այն։ Հատկապես, որ ռուսական դաշինքների հետ Հայաստանի պաշտոնական հարաբերությունների խզում չի նախատեսվում։
Հայկական հավակնությունները
Երևանը կարող է գոհ լինել նրանից, թե ինչ են ապահովել Արևմուտքի հետ նոր շփումները։ Հայաստանը էժան վարկեր է ստացել շինարարական լայնածավալ նախագծերի, էներգետիկ անվտանգության բարելավման ծրագրերի և իր պաշտպանունակության ամրապնդմանն աջակցելու համար։ Բացի դիտորդական առաքելությունից, ԵՄ-ն նախաձեռնել է կարճաժամկետ այցերի համար մուտքի արտոնագրերի չեղարկման գործընթաց և Հայաստանին միջոցներ է հատկացրել Խաղաղության հիմնադրամից, որը ստեղծվել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին երկրների անվտանգությանն աջակցելու համար: Ընդամենը երեք տարի առաջ այս ամենն անհնար էր թվում։
Հայաստանի ղեկավարությունը մտադիր է ավելիին հասնել։ Առայժմ ավելի շատ աջակցություն գալիս է Միացյալ Նահանգներից, սակայն Երևանն իր երկարաժամկետ հույսերը կապում է Եվրամիության հետ: 2023 թվականի աշնանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, վարչապետ Փաշինյանը առաջին անգամ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպայի հետ մերձենալ այնքան, որքան դրան պատրաստ է Եվրոպան։
Ճիշտ է, դրանից հետո Բրյուսելի կողմից Երևանի համար կոնկրետ նախաձեռնություններ չեն հնչեցվել։ Հայաստանը պաշտոնապես մնում է ԵՄ Արևելյան գործընկերության մաս, բայց 2009 թվականին ստեղծված այս նախաձեռնությունը վաղուց կորցրել է իր ինքնությունը՝ անջատված Բելառուսի և առաջին պլան դուրս եկած պատերազմող Ուկրաինայի պատճառով:
Հայ գործընկերների հետ հանդիպումներից հետո եվրոպացի չինովնիկները խոսում են Երևանի չափազանցված սպասումների մասին։ Եվրոպական ինտեգրումը բարդ գործընթաց է, որը ժամանակ և ջանքեր է պահանջում։ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելու կտրուկ քաղաքական որոշումներից հետո Եվրոպան սկսեց հաշվարկել, թե ինչ կարժենան հաջորդ ինտեգրացիոն քայլերը։ Որպեսզի Հայաստանը ընդգրկվի Բրյուսելի ծրագրերում, Երևանը պետք է զգալի ջանքեր գործադրի, և փաստ չէ, որ դա արագ արդյունք կապահովի։
Մինչեւ վերջ պարզ չէ, թե որքան սթափ է գնահատում Երևանը իր շանսերը։ Սակայն այնտեղ միանշանակ պատրաստ են շարունակել շարժվել դեպի Եվրոպա, նույնիսկ եթե դա ենթադրում է հարաբերություններ առանց կոնկրետ պարտավորությունների։
ԵՄ անդամակցության ձգտումը երկրի սահմանադրության մեջ ամրագրելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Մոլդովայի որոշումից հետո Հայաստանում նմանատիպ նախաձեռնություն առաջարկվեց։ Փաշինյանի կողմնակիցները նույնիսկ ստորագրահավաք էին սկսել, սակայն նախաձեռնությունը կանգ առավ Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջների պատճառով։
ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի ընդունումը կարող է Հայաստանի իշխանությունների համար միջոց դառնալ ոչ այնքան այդ քայլի անհրաժեշտության շուրջ ներքին վեճերին վերջ տալու, որքան եվրաինտեգրման ուղղությամբ աշխատելու պետական ապարատին խրախուսելու համար։ Հետխորհրդային մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ-ի հետ բանակցություններում հաջողությունը մեծապես կախված է ազգային բյուրոկրատիայի՝ եվրոպական բարդ պահանջները կյանքի կոչելու ունակությունից։
Իսկ այս հարցում Հայաստանը խնդիրներ ունի։ Անգամ հայ պաշտոնյաներն իրենք են հաճախ քննադատում սեփական բյուրոկրատիան՝ փքված և անարդյունավետ լինելու համար: Իսկ ներկայիս իշխանությունների կառավարման յոթ տարվա ընթացքում քիչ բան է փոխվել։ Առաջընթացի բացակայությունն արդարացնում են մարդկանց զանգվածաբար աշխատանքից ազատելու ցանկության բացակայությամբ, ինչը, իշխանությունների կարծիքով, դժվար թե կադրերի որակյալ փոխարինում ապահովի։
Սակայն հայ հասարակությունը գնալով ավելի քիչ է պատրաստ նման բացատրություններ ընդունել: Փաշինյանի վարկանիշը վերջին մի քանի տարիների ընթացքում անշեղորեն նվազում է, և հիմնական պատճառներից մեկը շարունակում է մնալ բարեփոխումների բացակայությունը։
Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, որ հասարակության մեջ փոփոխությունների մեծ պահանջ կա։ Փորձելով պատասխանել դրան՝ Փաշինյանն անձամբ է զննում շինհրապարակներն ու տեսախցիկի առջև նկատողություն անում նախարարներին։ Փորձելով մերձենալ ժողովրդի հետ՝ վարչապետը սկսեց հեծանիվ վարել, TikTok օգտահաշիվ ստեղծեց և իր կնոջ հետ YouTube-ում վիդեոբլոգ բացեց։ Աշնանը նա սափրեց մորուքը, որը կրում էր 2018 թվականի հեղափոխությունից հետո և պաշտոնանկ արեց կառավարության էական մասը՝ իր վարչապետության նոր փուլի մասին խոսակցություններ առաջացնելով:
Եվրոպային մերձենալու ցանկությունն իսկապես կարող է խթանել հայկական պետական ապարատի աշխատանքը։ Եթե սեփական նախաձեռնությամբ դժվար հասանելի խնդիր են մնում, ապա եվրոպական չափանիշների ներդրումը կարող է որոշ ոլորտներում կարգուկանոն հաստատելու գործիք դառնալ: Հնարավոր է, հենց այս հարցում Հայաստանի իշխանությունների մոտ մի բան կստացվի:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: