2025թ. հունվարի 7-ին Meta-ի (Facebook-ի մայր ընկերութուն) հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում եւ Threads-ում բովանդակության մոդերացիայի ռազմավարությունում մի շարք արմատական փոփոխությունների մասին: Դրանք խիստ քննադատության են արժանացել տարբեր շրջանակների կողմից: Մտահոգությունները հիմնականում վերաբերում են սոցիալական հարթակներում ապատեղեկատվության ավելացման ու փոքրամասնությունների նկատմամբ ատելության խոսքի աճի հավանականությանը, ինչպես նաեւ փոփոխությունների քաղաքական ենթատեքստին:
«Ազատվել» հավատարմագրված փաստեր ստուգողներից
Հունվարի 7-ի իր ելույթում Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ իրենց քայլերից առաջինը դեռեւս 2016 թվականին գործարկված Երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի չեղարկումն է:
Այս ծրագրի շրջանակում ամբողջ աշխարհով մեկ ստեղծվել էր հավատարմագրված փաստեր ստուգողների ցանց, որի անդամները ստուգում եւ գնահատում էին Meta-ի հարթակներում հրապարակված բովանդակության ճշգրտությունը՝ նշելով դրանք որպես կեղծ (false), խմբագրված (altered), մասամբ կեղծ (partly False), առանց համատեքստի (missing context), երգիծանք (satire) կամ ճշմարտություն (true), որից հետո ապատեղեկատվություն պարունակող բովանդակության տեսանելիությունն իջնում էր:
Այս ծրագիրը Հայաստանում մեկնարկել էր 2021 թվականից, իսկ 2024 թվականի հուլիսից Meta-ի հայաստանյան գործընկեր էր դարձել CivilNet-ը: Վերջինիս Փաստերի ստուգման ստորաբաժանման ղեկավար Անի Գրիգորյանը media.am-ին հայտնել է, որ ծրագիրը դադարեցվելու է աստիճանաբար՝ նախ ԱՄՆ-ում, ապա այլ տարածաշրջաններում, իսկ CivilNet-ի համագործակցությունը Meta-ի հետ ամրագրված է պայմանագրով, որն ուժի մեջ է մինչեւ 2026 թվականի հունվարը։
Փոփոխությունների համար որպես պատճառ Ցուկերբերգը նշել է, որ ժամանակն է վերադառնալու արմատներին, այն է՝ ազատ արտահայտման հնարավորությանը, որն էլ եղել է իր կողմից սոցիալական այս հարթակները ստեղծելու շարժառիթը:
Լուսանկարը` REUTERS
Թեեւ Ցուկերբերգն ընդունել է, որ սոցիալական ցանցերում առկա է վնասակար բովանդակություն, օրինակ՝ թմրանյութեր, ահաբեկչություն, երեխաների շահագործում, նա նոր ռազմավարության ընդունումը բացատրել է մշակված մեխանիզմների սխալականությամբ, որոնք բերում են գրաքննության: Փաստերի ստուգման ծրագրից հրաժարման հիմնական հիմնավորումն այն է, որ փաստեր ստուգողները «քաղաքականապես խիստ կողմնակալ են եւ վստահության բարձրացման փոխարեն ավելի շատ վնասում են դրան»:
Այլընտրանքում՝ Իլոն Մասկի հետքերով
Որպես Երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի այլընտրանք՝ Meta-ն որդեգրելու է մրցակից սոցիալական հարթակի՝ X-ի (նախկին «Թվիթեր») մեխանիզմը, որի սեփականատերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր աջակցի դերում հանդես եկող Իլոն Մասկն է:
X հարթակում գործում է «Community Notes»՝ «Համայնքի նշումներ» համակարգը, որտեղ համայնքի անդամները բովանդակության տակ գրառումներ են անում դրա ճիշտ կամ կեղծ լինելու մասին, լրացնում համատեքստը: Եթե այս նշումները մյուս օգտատերերի կողմից գնահատվում են որպես օգտակար, ապա դրանք տեսանելի են դառնում բոլորին: Նշումներ կատարողները սովորական օգտատերեր են, որոնց օգտահաշիվները համապատասխանում են մի քանի կանոնների՝ բացված են առնվազն 6 ամիս առաջ, ունեն հաստատված հեռախոսահամար, 2023 թվականի հունվարի 1-ից հետո չունեն արձանագրված խախտումներ, ծրագրի անդամ մեկ այլ օգտահաշվի հետ փոխկապակցված չեն:
Այս փոփոխությունը մի շարք մասնագետներ որակում են անհիմն, եւ պնդում, որ այն նպաստելու է սոցիալական հարթակներում ապատեղեկատվության աճին:
Ազնիվ մղումնե՞ր, թե՞ քաղաքական որոշում
Քորնելի տեխնոլոգիական համալսարանի Անվտանգության, վստահության եւ ապահովության նախաձեռնության տնօրեն Ալեքսիոս Մանցարլիսը, որը 2015-2019 թվականներին ղեկավարել է Meta-ի փաստերի ստուգման արդեն նախկին գործընկեր IFCN-ը (Փաստերի ստուգման միջազգային ցանց), ապատեղեկատվության դեմ պայքարի ձեւաչափի փոփոխությունը համարում է ոչ թե ռազմավարական, այլ քաղաքական որոշում:
NiemanLab-ում հրապարակած հոդվածում Մանցարլիսն ընդգծում է, որ թեեւ Meta-ն տիրապետում է 8 տարվա տվյալների, որոնցով կարող է հիմնավորել փաստեր ստուգողների կողմնակալության մասին պնդումը, Ցուկերբերգը հայտարարված փոփոխությունները հիմնավորելիս որեւէ տվյալի հղում չի անում:
«Փոխարենը՝ նա գերադասում է անտեսել այն հետազոտությունը, որը ցույց է տալիս՝ ապատեղեկատվության դեմ արված քաղաքականապես անհամաչափ միջամտությունները կարող են լինել քաղաքական խմբերի կողմից ապատեղեկատվության անհամաչափ տարածման հետեւանք»,- նշել է նա՝ օրինակ բերելով հոդվածում տեղ գտած գրաֆիկներից մեկը:
Լուսանկարը` REUTERS
Ըստ ներկայացված տվյալների՝ 2020 թվականի ԱՄՆ ընտրությունների ժամանակ Twitter-ում Դոնալդ Թրամփի աջակիցներն ավելի շատ են հակված եղել տարածելու կեղծ տեղեկատվություն, քան Ջո Բայդենի աջակիցները, այն դեպքում, երբ տարածվող բովանդակությունը մակնշվել է որպես կեղծ թե´հավատարմագրված փաստեր ստուգողների, թե´քաղաքականապես բալանսավորված բազմության կողմից: Այս տվյալները հաշվի առնելու դեպքում բնական է դառնում, որ փաստեր ստուգողները կարող են ավելի շատ առնչվել պահպանողականների գրառումներին:
«Ցուկերբերգի կողմից ծրագրի դադարեցումը որպես խոսքի ազատության պաշտպանություն հիմնավորելը հատկապես նյարդայնացնող է հաշվի առնելով այն, որ փաստերի ստուգման պիտակները չեն հանգեցրել գրառումների հեռացման: Meta-ն իրավացիորեն ընդունել էր փաստերի ստուգման՝ որպես համատեքստային միջամտության մոտեցումը, որը թեեւ նվազեցնում էր դրա հասանելիությունը, սակայն չէր արգելափակում դրանք օգտատերերի համար»,- նշել է Մանցարլիսը:
Ըստ նրա՝ անգամ եթե ենթադրենք, թե Ցուկերբերգի փոփոխությունները խոսքի ազատության ազնիվ մղումից են բխում, ապա նա առնվազն պետք է հաշվի առներ այն հետազոտությունները, որոնք ցույց են X-ում գործող մեխանիզմի բացերը, մասնավորապես, այն, որ բովանդակության ներքո նշումներ կատարողների շարժառիթը մեծ մասամբ քաղաքական հակառակորդներին գերազանցելն է, եւ բացի այդ, նշումների 90%-ը երբեք տեսանելի չի դառնում հարթակում:
Լուսանկարը` REUTERS
Ռազմավարության փոփոխության որոշման քաղաքական լինելու մասին պնդումների օգտին է նաեւ այն, որ Մարկ Ցուկերբերգն իր հայտարարությունում նշել է նախագահ Թրամփի հետ համագործակցության մասին:
«Մենք աշխատելու ենք նախագահ Թրամփի հետ՝ հետ մղելու ամբողջ աշխարհի այն կառավարություններին, որոնք հետապնդում են ամերիկյան ընկերություններին եւ ավելի շատ գրաքննություն են պահանջում»,- ասել է նա:
Բացի այդ, Ցուկերբերգի հայտարարությունից րոպեներ անց Հանրապետական կուսակցության հետ փոխկապակցված Fox News-ն ուղիղ եթերում հյուրընկալել է Meta-ի միջազգային հարցերով նորանշանակ նախագահ, հանրապետական գործիչ Ջոել Քափլանին, որն էլ մանրամասնել է փոփոխության պատճառները, նաեւ խոսել Թրամփի վարչակազմի հետ համագործակցության հնարավորությունների մասին:
Կարճ ժամանակ անց էլ Թրամփը Fox News Digital-ին տված բացառիկ հարցազրույցում գերազանց է գնահատել Meta-ի պրեզենտացիան:
Սահմանափակումների մեղմացում սեռային թեմայով հրապարակումներում
Meta-ի հայտարարած բովանդակության մոդերացիայի մյուս փոփոխությունները վերաբերում են այն զտիչ համակարգերին, որոնք ինքնաշխատ եղանակով արգելափակում էին բովանդակությունը՝ կանոնների խախտում արձանագրելու դեպքում: Ցուկերբերգի խոսքով՝ մշակված զտիչները, հաճախ, սխալներ են գործում ու այդպիսով սահմանափակում կարծիքի ազատությունը: Այսուհետ, ինքնաշխատ զտման մեխանիզմը կգործի միայն ամենածանր խախտումների դեպքում, իսկ ավելի թեթեւ խախտումների պարագայում Meta-ն կդիտարկի հնարավոր խախտումը օգտատերերի կողմից արված բողոքի հիման վրա:
«Հանելու ենք մի շարք սահմանափակումներ այնպիսի թեմաների վերաբերյալ, որոնցից են, օրինակ, ներգաղթը եւ սեռը: Այն, ինչ սկսվեց որպես ավելի ներառական լինելու շարժում, հետզհետե ավելի շատ է օգտագործվում արգելափակելու համար կարծիքներ եւ տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց»,- նշել է Ցուկերբերգը:
Այս փոփոխությունը մեծ դժգոհություն է առաջացրել հատկապես LGBTQ+ համայնքի շրջանում: Կա մտահոգություն, որ սահմանափակումների մեղմացումը կարող է ավելացնել ատելության խոսքը համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:
Լուսանկարը` Jennifer Daniel
Այս առնչությամբ փոփոխված կանոններում գրված է. «Մենք թույլ ենք տալիս մտավոր հիվանդության կամ աննորմալության մասին հայտարարությունները, երբ դրանք հիմնված են սեռի կամ սեռական կողմնորոշման վրա՝ հաշվի առնելով տրանսգենդերության եւ համասեռամոլության մասին քաղաքական եւ կրոնական դիսկուրսը»:
Հայտարարված փոփոխությունների թվում են նաեւ Meta-ի հարթակներում ավելի շատ քաղաքացիական բովանդակության արտացոլումը, որը վերջին տարիներին պակասեցվել էր: Բացի թվարկվածից, Meta-ն նաեւ իր վստահության եւ անվտանգության, բովանդակության մոդերատորության թիմերը Կալիֆոռնիայից, տեղափոխելու է Տեխաս: Ըստ Ցուկերբերգի՝ դա կօգնի թիմի հանդեպ վստահության բարձրացմանը:
Սահմանափակումների մեղմացումը մի կողմից կարող է դրական լինել բազում այն օգտատերերի համար, որոնք մոդերացիա իրականացնող համակարգի սխալի պատճառով արգելափակվել են, կորցրել դիտելիությունը կամ այլ սահմանափակումների ենթարկվել, սակայն մյուս կողմից՝ դրա անխուսափելի հետեւանքը կլինի ապատեղեկատվության եւ ատելության բովանդակության ավելի ազատ տարածումը:
Գայանե Ենոքյան
Այս հոդվածը պատրաստվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: