Ներկայացնում ենք Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Ջոզեֆ Ս. Նայ կրտսերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Ջոզեֆ Ս. Նայ կրտսեր
Կանխատեսումը միշտ բարդ գործ է, բայց կրկնակի դժվար է, երբ խոսքը ԱՄՆ նորընտիր նախագահի մասին է։ Դոնալդ Թրամփը ոչ միայն անորոշ է խոսում եւ հաճախ փոխում իր դիրքորոշումը. նա անկանխատեսելիությունը համարում է սակարկության օգտակար գործիք։ Այդուհանդերձ, կարելի է փորձել հասկանալ, թե ինչպիսին է լինելու Թրամփի արտաքին քաղաքականությունը նրա նախընտրական հայտարարություններից, բարձր մակարդակի նշանակումներից եւ պաշտոնավարման առաջին ժամկետից:
Վաշինգտոնում հաճախ ասում են, որ «կադրերը քաղաքականություն են»: Թեեւ մենք արդեն գիտենք, թե ում է տեսնում Թրամփը առանցքային պաշտոններում, խնդիրն այն է, որ նրանց հայտարարված տեսակետները երբեմն հակասում են միմյանց: Քանի որ Թրամփն ամեն ջանք գործադրում է՝ խուսափելու ավանդական հանրապետականներից, որոնք շրջապատել էին իրեն առաջին ժամկետի ընթացքում, այս անգամ նրա ընտրության ընդհանուր հայտարարը անձնական հավատարմությունն է: Բայց նույնիսկ դա չի օգնում մեզ կանխատեսել քաղաքականությունը։
Դիտարկենք Չինաստանի հարցը։ Պետքարտուղարի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Թրամփի ընտրյալները՝ սենատոր Մարկո Ռուբիոն եւ կոնգրեսական Մայքլ Վալցը, հայտնի «բազեներ» են, որոնք Չինաստանը համարում են գերիշխող սպառնալիք, որին պետք է ուժեղ հակահարված տալ: Նախընտրական արշավից գիտենք նաեւ, որ Թրամփը ցանկանում է նոր մաքսատուրքեր սահմանել դաշնակից երկրներից ներմուծվող ապրանքների վրա, իսկ Չինաստանից ապրանքների համար՝ է՛լ ավելի բարձր մաքսատուրքեր:
Թրամփն արդեն հայտարարել է Մեքսիկայից, Կանադայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի մասին, ուրեմն, անշուշտ, պետք է ակնկալենք, որ նոր տուրքեր էլ կսահմանվեն: Սակայն սակագների դրույքաչափերը, տեւողությունը եւ բացառությունները մնում են անորոշ եւ ենթակա են ինչպես ներքին քաղաքական ճնշումներին, այնպես էլ Թրամփի անձնական քմահաճույքներին: Ինչպես վերջերս ասաց ֆինանսների նախարարի պաշտոնում նորանշանակ Սքոթ Բեսենթը՝ «Կարծում եմ, որ նրա արածի մեծ մասը ուղղված է էսկալացիայի հանուն դեէսկալացիայի, եւ իմ նպատակը նրա վարչակազմում կլինի փրկել միջազգային առեւտուրը»:
Նույնքան անորոշ է, թե ինչպես Թրամփը կարձագանքի Ամերիկայի առեւտրային գործընկերների պատասխան գործողություններին: Եթե «ակն ընդ ական» առեւտրային պատերազմները բարձրացնեն մաքսատուրքերը եւ գները, ապա գնաճի վերադարձը կարող է ներքին քաղաքական հակազդեցություն առաջացնել: Թրամփը հպարտանում է գործարքներ կնքելու իր հմտությամբ, այդ պատճառով կարող է փոխզիջումների գնալ: Արդյո՞ք նա իր չինացի գործընկերոջը՝ Սի Ցզինպինին, կառաջարկի ԱՄՆ-ի ավելի թույլ աջակցություն Թայվանին՝ առեւտրային գործարքի դիմաց եւ դա հաղթանակ կհայտարարի: Ամերիկայի ասիական դաշնակիցներից մի քանիսին անհանգստացնում է հենց այս սցենարը:
Դատելով Թրամփի նախընտրական հայտարարություններից եւ Սպիտակ տանը նրա նախորդ պաշտոնավարումից՝ պետք է ակնկալենք նաեւ, որ նա արժեզրկելու է բազմակողմանիությունն ու դաշինքները։ Նա կրկին խոստացել է դուրս գալ կլիմայի Փարիզյան համաձայնագրից, ավելացնել ներքին արդյունահանումը եւ նավթի ու գազի արտահանումը։ Թեեւ ԱՄՆ-ում վերականգնվող էներգիայի գինը նվազում է, դեռ պարզ չէ՝ արդյոք նրա քաղաքականությունը կչեղարկի շուկայական այս բարենպաստ ազդեցությունը՝ նվազեցնելով այդ ճյուղերի հարաբերական մրցունակությունը:
Լուսանկարը` REUTERS
Մերձավոր Արեւելքում Թրամփն իր նախընտրական հայտարարություններով անվերապահորեն աջակցում էր Իսրայելին եւ մինչ օրս հպարտանում է, որ բանակցել է Աբրահամի համաձայնագրի շուրջ, որը կարգավորեց հարաբերությունները Իսրայելի եւ արաբական չորս երկրների միջեւ: Երբ Բայդենի վարչակազմը փորձեց այս ձեռքբերման հիմքով համոզել Սաուդյան Արաբիային ճանաչել Իսրայելը, սաուդցիները նախապայման դրեցին. Իսրայելը պետք է քայլեր ձեռնարկի Պաղեստին պետության ստեղծման ուղղությամբ: Սակայն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի աջակողմյան կոալիցիան կտրականապես դեմ է երկու պետություն ստեղծելու բանաձեւին, իսկ 2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելում հանրային աջակցությունը նման արդյունքին (որն արդեն իսկ ցածր էր), անկում ապրեց: Թրամփը, անկասկած, ցանկանում է շարունակել իր նախկին հաջող գործունեությունը տարածաշրջանում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես է նա անելու դա:
Անդրադառնալով Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին՝ Թրամփը քարոզարշավի ժամանակ ասել էր, որ «մեկ օրում» կավարտի Ուկրաինայում պատերազմը։ Մենք գիտենք, որ դա տեղի չի ունենա. բայց չափազանց անորոշ է, թե ինչպես է Թրամփը բանակցելու զինադադարը: Հնարավորություններից մեկն է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը եւ թուլացնել դիրքերը, որպեսզի այն ընդունի ռուսական պայմանները: Կամ էլ Թրամփը կարող է ժամանակավորապես շարունակել աջակցությունը Ուկրաինային՝ միաժամանակ շարժվելով դեպի «կորեական լուծում»:
Լուսանկարը` REUTERS
Երկրորդ սցենարի դեպքում ներկայիս առաջնագիծը կդառնա ապառազմականացված գոտի՝ համալրված ՄԱԿ-ի կամ եվրոպացի խաղաղապահներով, որոնց Ռուսաստանը պետք է դուրս մղի, եթե ցանկանում է վերսկսել պատերազմը: Ուկրաինան կարող է շարունակել ինքնիշխանություն հաստատել այնպիսի տարածքների նկատմամբ, ինչպիսին Դոնբասն է, բայց, ամենայն հավանականությամբ, չի կարողանա միանալ ՆԱՏՕ-ին։ Փոխարենը մի քանի ենթախմբեր («Ուկրաինայի բարեկամներ») կարող են առաջարկել օգնել իրեն, եթե Ռուսաստանը խախտի ապառազմականացված գոտին։ Անհասկանալի է՝ արդյոք Թրամփը կօգտագործի սակարկելու իր ուժը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ՝ նման փոխզիջման հասնելու համար։ Բայց գործարքը, անշուշտ, գրավիչ է, եթե նրա համար կարեւոր է, թե ինչ ժառանգություն կթողնի:
Թեեւ նախընտրական հայտարարությունների եւ կադրերի վրա հիմնված կանխատեսումները մեզ անորոշության մեջ են թողնում, մենք կարող ենք առնվազն տեսնել Թրամփի տեղը ԱՄՆ արտաքին քաղաքականության պատմական ավանդույթներում։ Հիշենք նրա առաջին երդմնակալության ելույթը, երբ նա հայտարարեց, որ «այս պահից առաջին տեղում լինելու է Ամերիկան... մենք չենք ուզում որեւէ մեկին պարտադրել մեր ապրելակերպը, այլ թույլ կտանք, որ այն փայլի որպես օրինակ»: Այս տեսակետը համընկնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության «քաղաքը բլրի վրա» մոտեցմանը, որը երկար պատմություն ունի: Այն չի նշանակում մեկուսանալ, այլ խուսափել ակտիվությունից։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: