Հայաստանը՝ թշնամիների եւ դաշնակից-մրցակիցների միջեւ - Mediamax.am

1771 դիտում

Հայաստանը՝ թշնամիների եւ դաշնակից-մրցակիցների միջեւ


Լուսանկարը` Emile Ducke/The New York Times

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times

Ռիմա Գալստյանը
Ռիմա Գալստյանը

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times


Ներկայացնում ենք The New York Times-ի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Where Asia Meets Europe, Allies Become Rivals in a Tangle of Interests հոդվածի հայերեն թարգմանությունը:

Անտոն Տրոյանովսկի

Պայթյունավտանգ կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը, որոնց նպատակները հաճախ նույնական են համարում, պայքարում են առեւտրային ուղիների եւ ազդեցության համար: Արեւմտյան երկրներին դա կանգնեցնում է անսովոր երկընտրանքի առաջ։

Ռուսաստանի ներքին հետախուզական գործակալությունը պարեկում է ոլորապտույտ գետը՝ տեսախցիկներով, դիտաշտարակներով եւ եռաշար փշալարավոր ցանկապատերով:

Բայց Ռուսաստանը գրեթե 200 մղոն հեռու է: Իսկ հունվարին ռուս սպաները կսկսեն հեռանալ։

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times


Սա Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանն է՝ 30 մղոն երկարությամբ գոտի, որը գլխապտույտ աշխարհաքաղաքական տեղաշարժի առանցքն է: Այստեղ՝ Կովկասում, լեռնային շրջանում, որտեղ Եվրոպան հանդիպում է Ասիային, Ռուսաստանը եւ Իրանը ավելի ու ավելի հաճախ մրցակիցներ են դառնում, իսկ արեւմտյան երկրները, ի զարմանս իրենց, ընդհանուր շահեր են գտնում Թեհրանի հետ:

Շահերի եւ ազդեցությունների այս բարդ, բազմազգ թնջուկը մարտահրավեր է դաշինքների վերաբերյալ արեւմտյան ավանդական պատկերացմանը եւ կարող է կրկին գլխիվայր շրջվել ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վերընտրմամբ:


Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իր հազվադեպ հարցազրույցներից մեկում ընդունեց, որ Ռուսաստանն ու Իրանը տարբեր շահեր են հետապնդում տարածաշրջանում, այլ ոչ թե «ռազմավարական գործընկերություն» դավանում՝ միավորվելով Միացյալ Նահանգների դեմ:

«Մենք դաշնակիցներ չենք, - ասաց պարոն Սոբհանին, - մենք ունենք որոշակի տարաձայնություններ եւ որոշ փոխադարձ շահեր։ Դա չի նշանակում, որ դաշնակից ենք»։

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times


Հայաստանը՝ Հայաստանը քրիստոնյա մեծամասնությամբ դեմոկրատական երկիրը, Ռուսաստան-Իրան մրցակցության կենտրոնում է: Հայաստանին անհանգստացնում է պատերազմի վերսկսման հեռանկարը իր ոխերիմ թշնամու՝ Ադրբեջանի հետ, որն այս շաբաթ մեծ քայլ է անում համաշխարհային ասպարեզում՝ հյուրընկալելով աշխարհի առաջնորդներին ՄԱԿ-ի ամենամյա կլիմայական համաժողովում, որը հայտնի է որպես COP:

Նախորդ տարի Հայաստանը դիտարկում էր Իրանին որպես իր ինքնիշխանության հիմնական երաշխավոր, մինչդեռ Ադրբեջանը, որը մեծամասնությամբ մահմեդական, աշխարհիկ անձնիշխանություն է, խորացնում է ռազմական կապերը Իրանի թշնամու՝ Իսրայելի հետ:

Ռուսաստանը ձգտում է զսպել Իրանի ընդլայնվող ազդեցությունը Հայաստանում՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունում, որը գտնվում է առեւտրային ճանապարհների խաչմերուկում եւ որը Մոսկվային անհրաժեշտ է արեւմտյան ներկրումները փոխարինելու համար: Իրավիճակը բարդանում է նրանով, որ մի քանի արեւմտյան երկրներ, որոնք ներկայումս հակամարտում են Իրանի հետ, հասկանում են, որ իրենց շահերը Կովկասում (կանխել պատերազմը եւ նվազեցնել ռուսական ազդեցությունը) համահունչ են Թեհրանի շահերին:

Մարկուս Ռիտերը, որը գլխավորում է Հայաստանի սահմանները հսկող Եվրոպական միության առաքելությունը, ասում է, որ իրանցիները «այստեղ՝ տարածաշրջանում, հայերի լավագույն բարեկամներն են»։ Մինչ Ռուսաստանն եւ Ադրբեջանը տրտնջում են եվրոպական ներկայությունից, նրա խոսքով՝ Իրանը կարծես ընդունում է այն:

«Այստեղ շատ բարդ է», - նշում է Ռիտերը։

Հայերը վախենում են, որ Թրամփի գալիք նախագահության օրոք Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի կոշտ քաղաքականությունը ռիկոշետով կանդրադառնա իրենց երկրի դեմ եւ կքաջալերի Ադրբեջանին: Նրանք անհանգստանում են նաեւ, որ եթե Իրանի եւ Իսրայելի միջեւ ներկայիս հակամարտությունը, որը սրվում է Գազայում եւ Լիբանանում ռազմական գործողություններով, վերածվի լայնածավալ պատերազմի, Թեհրանը պակաս ունակ կլինի պաշտպանելու Հայաստանը:

Մինչեւ վերջերս շատ հայեր Ռուսաստանը համարում էին իրենց երաշխավորը։ Ռուսաստանը ապաստան էր մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը Հայաստանում պահպանեց իր ռազմաբազան եւ սահմանապահներին։ 2020 թվականին, երբ Ադրբեջանը 44-օրյա պատերազմ մղեց Հայաստանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի անկլավը հետ գրավելու համար, նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությունը եւ ռուս խաղաղապահների տեղակայումը վերջ դրեցին մարտերին։

Բայց հետո Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, ինչը նրան շեղեց եւ թուլացրեց Կովկասում: Երբ անցյալ տարի Ադրբեջանը կրկին հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, ռուսական ուժերը չխառնվեցին եւ ավելի ուշ հեռացան:

Տարածաշրջանի ապագայի շուրջ լարվածությունը հայկական բարակ հողաշերտի մասին է՝ Սյունիքի մարզի, որը իջնում է դեպի հարավ՝ մինչեւ Իրանի հետ սահմանը: Մայրաքաղաք Երեւանից եկող ճանապարհն անցնում է հողաթմբերի, գնդացիրների բների եւ հայկական դրոշների կողքով։ Երկու կողմից ադրբեջանական տարածքն է։

Ոլորապտույտ ճանապարհը խցանում է իրանական բեռնատարների հոսքը։

Ներկա պահին այս ճանապարհը Պարսից ծոցից դեպի հյուսիս առանցքային ուղի է եւ կարեւոր է իրանական ապրանքները Ռուսաստան եւ Եվրոպա արտահանելու համար: Բայց հենց այստեղ են Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում ստեղծել դեպի Թուրքիա արեւելք-արեւմուտք երթուղին, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս. ճանապարհ, որը, հայերը վախենում են, Ադրբեջանը կարող է վերցնել բռնի ուժով:

«Բավականին յուրօրինակ իրավիճակ է,- ասում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրանագետ Ալեն Շադունցը։ - Մի կողմից Իրանը այլ ոլորտներում ձգտում է ռազմավարական գործընկերության Ռուսաստանի հետ, բայց Հարավային Կովկասում ակնհայտորեն շահերի եւ դիրքորոշումների անհամաձայնություն կա»:

Հայաստանը մերժում է իր տարածքում որեւէ ճանապարհային կամ երկաթուղային միջանցքի գաղափարը, որն այն չի վերահսկում։ Իրանը նույնպես դեմ է դրան՝ վախենալով իր հյուսիսային սահմանի արգելափակումից: Երբ օգոստոսին Ռուսաստանի արտգործնախարարը կոչ արեց Հայաստանին ընդունել միջանցքը, Իրանը ի նշան բողոքի ԱԳՆ հրավիրեց Ռուսաստանի դեսպանին, ինչը Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ տարաձայնության հազվադեպ դրսեւորում էր:

«Մենք չենք կարող հանդուրժել միջազգային սահմանի փոփոխություն»,- ասում է Իրանի դեսպան Սոբհանին։

Իրանը եւ Ռուսաստանը անհամատեղելի դիրքորոշում ունեն նաեւ Մերձավոր Արեւելքում, որտեղ Պուտինը փորձել է Ռուսաստանին որպես միջնորդ ներկայացնել Իսրայելի եւ Իրանի միջեւ, այլ ոչ թե կանգնել Թեհրանի թիկունքին: Այդուհանդերձ, Մոսկվայի պաշտոնյաները պնդում են, որ երկու երկրները միասնաբար ընդդիմանում են, այսպես կոչված, արեւմտյան գերիշխանությունը:

«Ռուսաստանն ու Իրանը դաշնակիցներ են բառի լայն իմաստով, - ասում է ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, - ինչը բոլորովին չի բացառում որոշ տարբերություններ մանրամասնություններում»:

Հայաստանի հարավային սահմանին, սակայն, Ռուսաստանի եւ Իրանի մրցակցությունն իրական ժամանակում է։ Ռուսաստանի ներքին հետախուզական գործակալությունը դեռեւս պարեկում է սահմանը։

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times


«Թայմզ»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ականատես եղան սահմանամերձ Ագարակի 75-ամյակի տոնակատարությանը։ Բնակավայրն իր ծագումով պարտական է խորհրդային պղնձի հանքին:

Ռուսները հայերի հետ հավաքվեցին քաղաքային գրասենյակում՝ կեսօրից առաջ կենացներ խմելու: Քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը 10 տարվա «Արարատ» կոնյակով լի գավաթ բարձրացրեց ռուսների պատվին.

«Շնորհակալություն, որ այստեղ եք, շնորհակալություն, որ աշխատում եք մեզ հետ»,- ասաց նա։ Ներկա ռուս դիվանագետ Իգոր Տիտովը գովաբանեց «հերոս եւ աշխատասեր» տեղացիներին:

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times


Սա կարծես անցնող դարաշրջանի առկայծում էր: Անցյալ ամիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Պուտինի հետ համաձայնության է եկել, ըստ որի Ռուսաստանը մինչեւ հունվար դուրս կբերի իր սահմանապահներին Ագարակի սահմանակետից։ Այս տարվա սկզբին Փաշինյանը հայտարարեց, որ սառեցնում է Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքին։

Քաղաքապետ Անդրեասյանը հասկացրեց, որ անվտանգության խնդրում այլ ուղղությամբ է նայում։

«Մենք գիտենք, որ եթե ինչ-որ բան պատահի, Իրանը հաստատ մեզ հետ կլինի,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել է իրանցի պաշտոնյաների հետ։ - Բոլորն էլ հաստատում են, որ եթե, Աստված մի արասցե, մեկը հարձակվի Սյունիքի վրա, մենք ձեր կողքին կկռվենք»։

Քաղաքապետ Անդրեասյանն ասաց, որ իր քաղաքի հարաբերություններն Իրանի հետ ծաղկել են 2022-ից հետո, երբ Թեհրանը հյուպատոսություն բացեց տարածաշրջանի մայրաքաղաք Կապանում (որտեղ Ռուսաստանը հիմա փորձում  է նույն բանն անել):

Պարոն Սոբհանին հրաժարվեց ասել, թե ինչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի՝ պատասխանելով՝ «Դա չի լինի»։

Ադրբեջանն ասում է, որ խաղաղություն է ուզում։ Այն նաեւ փորձել է սանձել լարվածությունը Իրանի հետ, որը բռնկվեց անցյալ տարի Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո:

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը անցյալ շաբաթ ասաց՝ «մենք հասել ենք մեր ուզածին», եւ հավելեց, որ «արեւմտյան որոշ մայրաքաղաքներում իսլամաֆոբներն ու ադրբեջանաֆոբները դրդում են Հայաստանին նոր պատերազմ սկսել»։

Բայդենի վարչակազմը դրդել էր Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղ բանակցություններ վարել։ Որոշ ներկա եւ նախկին հայ պաշտոնյաներ ասում են, որ վերջերս առաջընթաց է գրանցվել, սակայն Թրամփն անկանխատեսելի կերպար է: Նրանք երկյուղում են ԱՄՆ-ի պակաս ուշադրությունից եւ ավելի կոշտ դիրքորոշումից Իրանի նկատմամբ, որն իրենց կարծիքով կառուցողական դեր է խաղում Կովկասում:

Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Արեգ Քոչինյանը, որը Երեւանում վերլուծական կենտրոն է ղեկավարում, ասաց. «Մյուս շրջանների «վատ տղաները» կարող են հանկարծ այս տարածաշրջանում այդքան էլ վատը չլինել»։ Նա հավելեց, որ ԱՄՆ-ի ուշադրության եւ ճնշման նվազումը Իրանի վրա «կարող է տարածաշրջանում կայունացնող ուժի վակուում առաջացնել»։

Եվրոպական երկրներն ունեն իրենց հավասարակշռող գործոնը։ ԵՄ ղեկավարները խորացնում են կապերը Ադրբեջանի հետ՝ չնայած մարդու իրավունքների հետ խնդիրներին, քանի որ նավթով եւ գազով հարուստ երկիրը ռուսական էներգիային այլընտրանք է տրամադրում։ Նրանք նաեւ գիտակցում են երկրի կարեւորությունը Իսրայելի համար, որն իր նավթի մեծ մասը ստանում է Ադրբեջանից, զենք է վաճառում Ադրբեջանին եւ ռազմավարական արժեք է տեսնում Իրանի հետ սերտ կապերի մեջ:

ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասաց, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը կառուցում են բունկերներ, խրամատներ եւ հրետանային դիրքեր՝ «վատագույն սցենարին նախապատրաստվելու համար»։
Ռիմա Գալստյանը Ռիմա Գալստյանը

Լուսանկարը` Emile Ducke/The New York Times


Իրանի հետ Հայաստանի նեղ սահմանի կեսին՝ Ադրբեջանից մոտավորապես 10 մղոն հեռավորության վրա, գտնվում է խորհրդային ժամանակների լքված Մեղրի կայարանը, որտեղ մոլախոտերում կանգնած են ժանգոտ գնացքի վագոնները՝ ժամանակի մեջ սառած: Երկաթգիծը խորհրդանշում է սովետական իշխանության օրոք փոխկապակցված Կովկասը եւ հիշեցնում է, որ տարածաշրջանը դեռեւս առանցքային կետ է հանդիսանում:

Մոտակայքում բնակվող 79-ամյա Ռիմա Գալստյանն ասաց, որ վախենում է ադրբեջանական ներխուժումից։ Նա ասաց, որ Իրանը նախկինում պաշտպանել է տարածքը՝ միաժամանակ խոստովանելով, որ «մենք շատ էինք սիրում ռուսներին»։ Բայց ամեն ինչ փոխվել է։

«Ես հիմա ոչ մեկին չեմ վստահում», - ասում է նա:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին