«In You Without You». նոր գիրք «լուռ Բիթլ» Ջորջ Հարիսոնի մասին - Mediamax.am

exclusive
1250 դիտում

«In You Without You». նոր գիրք «լուռ Բիթլ» Ջորջ Հարիսոնի մասին


Ջորջ Հարիսոնը
Ջորջ Հարիսոնը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք իռլանդական Independent պարբերականում հրապարակված Why the sun is finally shining on ‘Quiet Beatle’ George Harrison’s legacy հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սեթ Ռոգովոյը իր «In You Without You» գրքում պնդում է, որ բիթլը, որը հեղինակել է խմբի ամենահաճախ լսվող եւ Ֆրենք Սինատրայի կարծիքով «վերջին 50 տարիների ամենամեծ սիրային երգը», արժանի է դուրս գալ Լենոնի եւ Մաքարթնիի ստվերից:

Ջորջ Հարիսոնը այնքան չապրեց, որ տեսնի սթրիմինգի դարաշրջանը: Նա մահացավ 2001 թվականին 58 տարեկան հասակում՝ Spotify-ի հայտնվելուց յոթ տարի առաջ: Նա չիմացավ, որ ինքն է, այլ ոչ թե Լենոնն ու Մաքարթնին, գրել Beatles-ի ամենահայտնի երգերը սթրիմինգային ծառայություններում, մասնավորապես, «Here Comes the Sun»-ը:

Ընդհանուր առմամբ, Հարիսոնը միանձնյա գրել է Beatles-ի 22 երգ եւ հեղինակել է այն, ինչ շատերը համարում են հետ-բիթլզյան լավագույն ալբոմը՝ 1970-ականների «All Things Must Pass» ալբոմը: Եվ այնուամենայնիվ, Հարիսոնին հաճախ տեսնում են թեթեւաքաշ, երբ համեմատում են իր նշանավոր խմբակիցների հետ: Շատերի համար, այսպես կոչված, «լուռ Բիթլը» երրորդ տեղում է այդ խմբի հիերարխիայում:

Նյույորքյան գրող Սեթ Ռոգովոյը, որը հայտնի է Բոբ Դիլանի մասին «Մարգարե, միստիկ, պոետ» իր խոհուն գրքով, կարծում է, որ Հարիսոնին վաղուց պետք էր վերագնահատել, եւ համոզիչ փաստ է ներկայացնում, որ Ջորջի ներդրումը Beatles-ում շատ ավելի մեծ էր, քան կարծում են բազում քննադատներ:

Անցնելով Beatles-ի կատալոգով՝ ալբոմ առ ալբոմ, Ռոգովոյը ցույց է տալիս, որ Լենոն-Մաքարթնիի ամենահայտնի ստեղծագործություններից շատերը մեծապես շահել են Հարիսոնի կիթառից եւ գաղափարներից: Նա պնդում է, որ խմբի սկզբնական շրջանում հենց Հարիսոնն էր ամենավիրտուոզ երաժիշտը, եւ որ փորձեր անելու նրա ցանկությունը չնվազեց, երբ խմբի համբավն ու ազդեցությունը աճեցին:

Նա պնդում է, որ թեեւ Էրիկ Քլեփթոնը եւ Ջիմի Հենդրիքսը արդարացիորեն գովերգվում են որպես լեգենդար կիթառահարներ, Հարիսոնի նվագը նույնքան բացառիկ էր, թեեւ ոչ այդքան ցուցադրական: Հարիսոնը կենտրոնացած էր կոմպոզիցիայի վրա: The Beatles-ի տարիներին նա վերցնում էր այն գաղափարները, որոնք մյուսները բերում էին ստուդիա, ողջ գիշեր քրտնաջան աշխատում դրանց վրա եւ հաջորդ օրը վերադառնում էր հիանալի երաժշտական ներածություններով կամ միջերգերով:

Ռոգովոյն ինքը նվիրյալ կիթառահար է, իսկ Հարիսոնի ոճի ու տեխնիկայի նկարագրությունները կարող էր գրել միայն մեկը, ով շատ ժամանակ է անցկացրել այդ վեց լարանի գործիքի հետ (կամ, ինչպես հաճախ Հարիսոնի դեպքում էր, դրա զրնգուն 12 լարային տարբերակի հետ)։

Լուսանկարը` REUTERS


Հարիսոնի երգերի շատ վերնագրեր կարող էին վերնագիր ծառայել այս գրքի համար, բայց «Within You Without You»-ն՝ «Sgt Pepper» ալբոմի հատկանշական երգը, ի ցույց է դնում Հարիսոնի հիացմունքը փիլիսոփայությամբ եւ հոգեւորությամբ, ինչպես նաեւ նրա երաժշտական լայն գիտելիքները, որոնք միաձուլեցին Հինդուստանի դասական երաժշտությունը փոփի ու ռոքի հետ։

Ամենասկզբից գրողը հասկացնում է, որ սա կենսագրություն չէ: Անշուշտ, գրքում տեղ են գտել Հարիսոնի կյանքի դրվագները՝ այդ թվում սիրավեպերն ու ամուսնությունները, բայց գրքի հիմնական ուշադրությունը երաժիշտ Հարիսոնն է: Հափշտակող գրելաոճը ունկնդրին ստիպում է նորովի լսել վաղուց ծանոթ երգերը: Դրանցից մեկը՝ «If I Needed Someone» «Rubber Soul» ալբոմից, հիանալիորն վերլուծված է, եւ Ռոգովոյը նշում է, որ այն հնդկական երաժշտության հանդեպ Հարիսոնի կրքի սկիզբն է․ մի բան, որն անմիջապես չես նկատում երգը լսելիս:

Գրքում համակողմանիորեն դիտարկվում է Հարիսոնի ամենահայտնի հեղինակային երգը՝ «Something»-ը։ Ռոգովոյը հիշեցնում է մեզ, որ Ֆրենք Սինատրան այն անվանել է «վերջին 50 տարիների ամենամեծ սիրային երգը», եւ հաճախ սխալմամբ նկարագրել որպես «Լենոնի եւ Մաքարթնիի իր ամենասիրելի երգը»։ Հետաքրքիր է, որ «Something»-ի ծնվելու համար երկար ժամանակ պահանջվեց։ Այն սկիզբ առավ դաշնամուրի վրա, բայց Հարիսոնը շուտով հիասթափվեց երգն ավարտելու իր անկարողությունից, թեեւ, ինչպես նշում է Ռոգովոյը, հենց այսպիսի պահերին էր, երբ քառյակի հավաքական ուժը ունակ էր խելքի բերել նույնիսկ ամենահամառ ստեղծագործությունը:

Կինոռեժիսոր Մայքլ Լինդսի-Հոգը գրքի հեղինակների զրուցակիցների թվում է, եւ նա խոսում խմբի կյանքում ամենավիճելի դրվագներից մեկի մասին. այն ճշգրիտ պատճառների մասին, թե ինչու Հարիսոնը լքեց խումբը «Get Back»-ի ձայնագրման ժամանակ:

Հարիսոնը՝ ամենաերիտասարդ բիթլը, ընդամենը 27 տարեկան էր, երբ խումբը փլուզվեց, եւ Ռոգովոյը ջանասիրաբար ուսումնասիրում է նրա հետագա սոլո կարիերան եւ հաճախակի համագործակցությունները: Մեծ ուշադրություն է հատկացված «All Things Must Pass»-ին՝ նրա սոլո ալբոմին, որի վերնագրային երգը ձայնագրվել է դեռեւս Beatles-ում։

Լուսանկարը` REUTERS


 «Մակերեսորեն,- գրում է Ռոգովոյը,- այնտեղ կա մարդկային գոյության պատահականության մասին հնդիկների գաղափարը, որը կարելի է շփոթել ֆատալիզմի հետ, բայց որը մեղմում է մարդկային վիճակի ձեն-բուդդիստական ընկալումը... Բայց ավելի լայն համատեքստում, քանի որ սա Հարիսոնի առաջին սոլո ալբոմն է Beatles-ից հետո, հնարավոր չէ այն չհասկանալ նաեւ որպես փոփոխությունների անխուսափելիության մասին հայտարարություն, այս դեպքում՝ հատկապես The Beatles-ի փլուզման մասին եւ ընդհանրապես՝ մարդկային բոլոր ջանքերի անցողիկ լինելու մասին»։

Հետաքրքիր մանրամասներ կան Հարիսոնի հետագա, պակաս հայտնի երաժշտության եւ Travelling Wilburys խմբի հետ աշխատանքի մասին, որի արդյունքում նա կրկին միավորվեց Բոբ Դիլանի հետ: 1970 թվականին նրանք գրեցին «I’d Have You Anytime» երգը, սակայն Դիլանի ազդեցությունը երիտասարդ Հարիսոնի վրա ակնհայտ էր դեռ նրա վաղ Beatles-յան ստեղծագործության մեջ:

Երբ մտածում ես, որ ոչինչ այլեւս հնարավոր չէ գրել Beatles-ի կամ նրանց անդամներից որեւէ մեկի մասին, «In You Without You» գիրքն ապացուցում է, որ ոմանք միշտ էլ ձեւ կգտնեն:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին