Իր նախագահության ողջ ընթացքում Բայդենը աչք է փակել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի վրա - Mediamax.am

1279 դիտում

Իր նախագահության ողջ ընթացքում Բայդենը աչք է փակել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի վրա


Իլհամ Ալիեւը եւ Ջո Բայդենը
Իլհամ Ալիեւը եւ Ջո Բայդենը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք The Boston Globe թերթում հրապարակված The world needs to hold Azerbaijan accountable at COP29 հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ստեֆան Պեչդիմալջի

Նախագահ Ջո Բայդենը մտավ Սպիտակ տուն՝ պնդելով, որ կլիմայի փոփոխությունն ու մարդու իրավունքները լինելու են իր արտաքին քաղաքականության առանցքը, բայց չկատարեց այդ խոստումը: Ոչինչ դա այնքան ակնհայտ չի դարձնում, որքան նրա քաղաքականությունը Ադրբեջանի նավթային պետության նկատմամբ, երկրի, որը, չնայած մարդու իրավունքների եւ բնապահպանական իր սարսափելի ցուցանիշների, հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հաջորդ համաժողովը՝ COP29-ը, որը կսկսվի նոյեմբերի 11-ին:

Ադրբեջանը հմտորեն օգտագործեց աշխարհաքաղաքականությունը եւ իր բնական ռեսուրսները՝ աշխարհի առաջնորդների հետ սեղանի շուրջ նստելու համար, եւ միաժամանակ օգտագործեց պատմական ռեւիզիոնիզմի պատրվակը, որպեսզի բարելավի իր համաշխարհային իմիջը՝ հատկապես էթնիկ հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքից հետո: Բնապահպանության կեղծ պատրվակով էր, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերին անօրինական կերպով շրջափակեց Լաչինի միջանցքի, որը Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն էր, եւ հանգեցրեց այդ բնիկ ժողովրդի էթնիկ զտմանը՝ 1915-ի Հայոց ցեղասպանությունից ի վեր հայերի ամենամեծ տեղահանմանը։

Հաշվի առնելով այս ծանր պատմությունը՝ միջազգային հանրությունը պետք է օգտագործի COP29-ը, որպեսզի պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին հայ ժողովրդի դեմ իրագործած ռազմական հանցագործությունների, ինչպես նաեւ կառավարության քննադատների եւ ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների համար: Սակայն ըստ նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված նախագահ Բայդենի վերջին նամակի, որում նա ասում է, որ «անհամբեր սպասում է մեր ընդհանուր կլիմայական նպատակների առաջխաղացմանը նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ի շրջանակներում եւ պատրաստ է աջակցել Ադրբեջանին, որ միջոցառումը հաջողություն ունենա», պարզվում է, որ Բայդենը քաղաքականությունը վեր է դասում մարդու իրավունքներից եւ բնապահպանությունից։

Լուսանկարը` REUTERS


Ամերիկահայերը շատ լավ գիտեն Բայդենի բնավորության այդ գիծը։ Իր նախագահության ողջ ընթացքում նա աչք է փակել Ադրբեջանի չարաշահումների եւ ագրեսիվ պահվածքի վրա՝ որպես աշխարհաքաղաքական փոխզիջում նավթի եւ Իրանին մոտ լինելու համար: 2021-ին եւ դրանից հետո ամեն տարի նա հրաժարվեց Ազատության աջակցության ակտի 907-րդ կետից, որն արգելում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, չնայած 2020-ին Բաքուն Լեռնային Ղարաբաղի համար անօրինական պատերազմ սկսեց Հայաստանի հետ:

Այդ պատերազմում Ադրբեջանը վերագրավեց տարածքը, որը 1990-ականների սկզբին Հայաստանի վերահսկողության տակ էր եւ հանգեցրել էր մոտ երեք տասնամյակ տեւած սառեցված հակամարտությանը: Պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործեց քիմիական զենք, ներառյալ սպիտակ ֆոսֆորով զինամթերք, եւ այրեց անտառները՝ անուղղելի վնաս պատճառելով շրջակա միջավայրին, իսկ ադրբեջանական զորքը կամայականորեն մահապատժի էր ենթարկում գերի ընկած հայ զինվորներին, ինչը Ժնեւի կոնվենցիաների ուղղակի խախտում է: Սպիտակ տունը շարունակում է լռել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ քաղբանտարկյալների, այդ թվում՝ հայ բարերար Ռուբեն Վարդանյանի եւ Լեռնային Ղարաբաղի այլ նախկին ղեկավարների մասին։

Չնայած ճնշող ապացույցներին՝ Բայդենը պատասխանատվության չենթարկեց Ադրբեջանին, չկիրառեց որեւէ պատժիչ միջոց, օրինակ՝ տնտեսական պատժամիջոցներ։ Դժվար է լուրջ ընդունել նախագահին, երբ նա խոսում է ժողովրդավարության արժեքների պահպանման եւ ավտորիտարիզմի արհավիրքի մասին, իսկ հետո Ադրբեջանին պարգեւում COP29-ը հյուրընկալելու անվճար անցագիր: Բայդենի լռությունն ու մեղսակցությունը Ադրբեջանի հանցագործություններին սխալ եւ հակասական ուղերձ է հղում աշխարհի ինքնակալներին:

Բարեբախտաբար կան մարդիկ, ինչպիսին Լուիս Մորենո Օկամպոն է՝ իրավապաշտպան եւ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազը։ Նա բարձրաձայնեց՝ մերկացնելով Ադրբեջանի խաբեությունը, որն օգտագործում է նման համաժողովները իր վարկը վերականգնելու համար:

Կոնգրեսի 60 անդամներ՝ Նյու Ջերսիի դեմոկրատ ներկայացուցիչ Ֆրենք Փալոնեի եւ Մասաչուսեթսի դեմոկրատ սենատոր Էդ Մարքիի գլխավորությամբ, վերջերս ստորագրեցին երկկուսակցական նամակ՝ կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդ վերցնելու եւ հայկական տարածքն ապօրինի գրավելու համար։

Թեեւ այս գործողությունները դրական են, այնուհանդերձ փաստը մնում է փաստ․ Ադրբեջանը, որը մեծապես կախված է նավթից եւ գազից, որոնք կազմում են արտահանման ընդհանուր եկամուտների մոտ 95 տոկոսը, ստացել է կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի հարցերով իրավարար դառնալու հնարավորությունը: Երբ աշխարհի առաջնորդները հավաքվեն Բաքվում, նրանք կայցելեն մի երկիր, որտեղ աշխարհի ամենաաղտոտված վայրերից մեկն է՝ Կասպից ծովը եւ Ապշերոն թերակղզին, որը ավերվել է նավթի արտահոսքից: Նրանք կայցելեն նաեւ մի երկիր, որը Human Rights Watch-ի եւ Freedom House-ի կարծիքով ուժգնացնում է բռնաճնշումները քաղաքական ընդդիմախոսների եւ մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ, այդ թվում՝ Անար Մամադլիի՝ կլիմայի արդարադատության ոլորտում իր աշխատանքի համար:

Լուսանկարը` REUTERS


Մարդու իրավունքների պաշտպանությունն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարը մեծ առումով իրարամերժ չեն: Դա է պատճառներից մեկը, որ COP29 գագաթնաժողովը այդքան հակասական է: Չնայած Ադրբեջանը պնդում է, որ համաժողովը լինելու է «Խաղաղության COP», այն տեղի է ունենալու Ադրբեջանում մարդու իրավունքների կասկածելի վիճակի եւ հանածո վառելիքի աճող կախվածության ֆոնին: Այդ իսկ պատճառով աշխարհի առաջնորդները, ներառյալ Բայդենը, պարտավոր են հստակ դարձնել իրավիճակը եւ օգտագործել COP29-ը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր գործողությունների համար:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին