Արեւմուտքը մեծ սխալ կգործի, եթե թերագնահատի BRICS-ը - Mediamax.am

exclusive
748 դիտում

Արեւմուտքը մեծ սխալ կգործի, եթե թերագնահատի BRICS-ը


Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru


Ներկայացնում ենք Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար ու փոխկանցլեր, Գերմանիայի Կանաչների կուսակցության նախկին առաջնորդ Յոշկա Ֆիշերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Յոշկա Ֆիշեր

Արեւմուտքը մեծ սխալ կգործի, եթե արհամարհի BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) վերջին գագաթնաժողովը Կազանում՝ Ռուսաստանի ոչ պաշտոնական «իսլամական» մայրաքաղաքում, որպես հակաարեւմտյան երկրորդական շոու՝ աննշան հետեւանքներով: Արեւմտյան կառավարությունները ուզում են հավատալ, որ հավաքը միասնության եւ բովանդակության պակաս ցուցադրեց, բայց իրականությունն ավելի բարդ է:

Չինաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան եւ Հնդկաստանը ստեղծեցին BRICs-ը 2006 թվականին (Հարավային Աֆրիկան միացավ 2010-ին)՝ որպես հակակշիռ G7-ին՝ Արեւմտյան առաջատար արդյունաբերական երկրների ակումբին, եւ ԱՄՆ-ի գերիշխանությամբ համաշխարհային կարգին: Թեեւ Արեւմուտքում այս նախաձեռնությունը երբեք լուրջ չի ընդունվել, BRICS-ը վերածվեց բազմակողմ հարթակի ոչ միայն Չինաստանի եւ Ռուսաստանի նման երկրների համար (որոնք ցանկանում են վերջ տալ Արեւմուտքի գերիշխանությանը եւ, Ռուսաստանի դեպքում, ստեղծել նոր, բացահայտ հակաարեւմտյան գլոբալ կարգ), այլ նաեւ ավելի չեզոք զարգացող տերությունների համար:

Ավելին, խմբավորումը վերջերս ընդլայնվել է՝ ներառելով ոչ միայն Իրանն ու Եթովպիան, այլեւ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք մեծապես շահագրգռված են լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների եւ արեւմտյան այլ կառավարությունների հետ (Սաուդյան Արաբիան ընդունել է միանալու հրավերը, բայց դեռ պաշտոնապես չի միացել): Հետեւաբար, BRICS-ը մոտեցել է իր նպատակին՝ դառնալ բազմակողմ հարթակ, որն անկախ է Արեւմուտքից եւ դոլարից կամ եվրոյից կախված բոլոր տնտեսություններից:

Այս առաջընթացի երկարաժամկետ նշանակությունը չպետք է թերագնահատել, հատկապես որ ավելի շատ զարգացող տնտեսություններ են ցանկություն հայտնել միանալ խմբին: Այս դարում BRICS+-ը կարող է դառնալ «մնացածների» զենքն Արեւմուտքի դեմ: Սա կլինի գլոբալացման ապշեցուցիչ դիալեկտիկական արդյունքը եւ վերջին տասնամյակներում Արեւմուտքի կողմից խրախուսված ազատ առեւտրի օրակարգը:

Լուսանկարը` Kremlin.ru


Երկարաժամկետ հետեւանքները հաշվի առնելով՝ Արեւմուտքը չպետք է շփոթի համաշխարհային կարգը կազմաքանդելու Ռուսաստանի ցանկությունը խմբի մյուս անդամների ռազմավարական նպատակների հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա մերձավոր շրջապատը գուցե ապրում են 19-րդ դարի երազանքների աշխարհում, բայց նույնը չի կարելի ասել Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի կամ նոր արաբ անդամների մասին: Նրանք չեն ձգտում անջատվել առկա գլոբալ կարգից կամ Արեւմուտքից, այլ ավելի շուտ մեծացնել իրենց համաշխարհային ազդեցությունը, ճանաչումն ու հեղինակությունը: Սա հատկապես վերաբերում է նոր գերտերությանը՝ Չինաստանին։

Արեւմուտքի համար այս իրավիճակը թե՛ մարտահրավեր է, թե՛ հնարավորություն՝ պայմանով, որ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունը չխորացնի արդեն գոյություն ունեցող գլոբալ խզման գծերը: Եթե Արեւմուտքը քաղաքական եւ մշակութային առումով միավորված մնա, այն կշարունակի առաջատար դեր խաղալ 21-րդ դարում՝ ի հեճուկս ժողովրդագրական մարտահրավերներին: Բայց Արեւմուտքը պետք է սովորի կիսել իշխանությունը:

Ապագաղութացումը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ մոտ 80 տարի առաջ: Երբ 1945 թվականին հիմնադրվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, այն ուներ ընդամենը 51 անդամ. այսօր՝ երկար, բուռն ժամանակաշրջանից հետո, երբ գլոբալ Հարավի նախկին եվրոպական գաղութներից ի հայտ եկան բազմաթիվ նոր ազգային պետություններ, այն ունի 193 անդամ: Այնուամենայնիվ, չնայած համատարած պաշտոնական ինքնիշխանությանը, իշխանության եւ հարստության իրական վերաբաշխում այդպես էլ տեղի չունեցավ:

1970-ականների վերջից սկսած Չինաստանը դուրս եկավ սեփական մաոիստական գաղափարական բանտից եւ սկսեց աստիճանաբար ինտեգրվել արեւմտյան գերիշխող համաշխարհային տնտեսությանը. գործընթացն արագացավ 2001-ին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելուց հետո: Երբ 1980-ականների վերջին Չինաստանը «բացվեց» եւ ավարտվեց Սառը պատերազմը, ծնվեց նոր աշխարհակարգ, եւ ուզենք, թե չուզենք՝ BRICS-ը այս պատմական փոփոխության արտահայտությունն է:

Նոր զարգացող շուկաների եւ զարգացող տնտեսությունների հավակնությունը համաշխարհային իշխանության եւ հարստության իրենց բաժնին լիովին հասկանալի եւ արդարացված է: Արեւմտյան աշխարհը պետք է դադարի պաշտպանողական եւ անգրագետ կերպով արձագանքել այս երկրների օրինական շահերին: Բայց ձեւավորվող տերությունները պետք է գիտակցեն, որ ավելի մեծ հզորությունն ու տնտեսական ազդեցությունը ավելի մեծ պատասխանատվություն է նշանակում:

Նոր, հավասարակշռված աշխարհակարգը նույնպես կպահանջի հաստատուն կանոններ՝ համընդհանուր արժեքների վրա հիմնված: Հակառակ դեպքում կսկսվի քաոս, բռնություն եւ պատերազմ։ Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը, այն է՝ Ռուսաստանը, առանց պատճառի ներխուժում է իր հարեւան երկիր (Ուկրաինա), դա կասկածի տակ է դնում ՄԱԿ-ի հիմնադիր սկզբունքները եւ տիրող աշխարհակարգը:

Լուսանկարը` Kremlin.ru


Միջուկային զենքի եւ արհեստական բանականության դարաշրջանում պատերազմի վերսկսումը աննախադեպ միջազգային սպառնալիք է: Թե՛ G7-ը, թե՛ BRICS+-ը կանգնած են նույն վտանգի առաջ. բոլորը նույն նավակի մեջ են՝ նույն ընդհանուր պարտականություններով: Այն փաստը, որ BRICS-ը ղեկավարում են կայսերական հավակնություններով երկու խոշոր ավտորիտար ուժեր, է՛լ ավելի հրատապ է դարձնում համաշխարհային դիվանագիտության անհրաժեշտությունը: Ապագան, որը հիմնված է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» գաղափարի վրա, ի վերջո, նշանակում է վերադարձ դեպի հայտնի անցյալ, որին ՄԱԿ-ի եւ նրա հիմնարար կոնվենցիաների ստեղծումը պետք է վերջ դներ:

Ի՞նչ կանոններ են մտադիր պահպանել BRICS+ երկրները: Աշխարհը պետք է լսի այս կարեւորագույն հարցի պատասխանը։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին