Caucasus Watch-ը տարածաշրջանում Իրանի դերակատարության մասին զրուցել է դեսպան Էբրահիմ Ռահիմփուրի հետ, որը 2013-2021 թվականներին եղել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ Կասպից ծովի հարցերով հատուկ բանագնաց:
- Ի՞նչ տեղ է զբաղեցնում Կովկասն այսօր Իրանի առաջնահերթություններում։
- Կովկասը մեզ համար կարեւոր պատմաքաղաքական նշանակություն ունի։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ի հայտ եկած իրավահաջորդ պետությունները կազմեցին Իրանի նոր հարեւանությունը: Ինչպես միշտ, Թեհրանը գնաց կառուցողական ճանապարհով: Մենք երկու պատերազմ ապրեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղի շուրջ, որոնք փոխեցին տարածքային ստատուս քվոն։ Ուկրաինական պատերազմը փոխակերպում է ինչպես ամբողջ տարածաշրջանը, այնպես էլ, ընդհանուր շրջանակը, որում զարգանում է այս հակամարտությունը։
Եվրոպայի համար Կովկասի նշանակությունը կայանում է նրանում, որ այն գտնվում է նույն համատեքստում, ինչ ուկրաինական պատերազմը, որն ակնհայտորեն ավելի կարեւոր տեղ է զբաղեցնում հասարակական կարծիքում։ Եթե Եվրոպան չվերահաստատի այն կարմիր գիծը, որ միջազգային սահմանները պետք է այստեղ անառարկելի մնան, նրանք չեն կարողանա պնդել այս նույն սկզբունքն այնտեղ։ Սա համապատասխանում է Իրանի դիրքորոշմանը, քանի որ Թեհրանը չի կարող ընդունել տարածքային ստատուս քվոյի որեւէ վերանայում, այդ թվում, բնականաբար, մեր հարեւանությամբ։
- Հունիսին Ադրբեջանը եւ Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջեւանում։ Խոսակցություններ եղան Ղարաբաղում հնարավոր համատեղ զորավարժությունների մասին։ Որո՞նք են անվտանգության ընդհանուր սպառնալիքները երկու երկրների համար: Ո՞րն է համատեղ «հակաահաբեկչական» զորավարժությունների նպատակը: Ի՞նչ ուղերձներ էին պարունակում այս զորավարժությունները Երեւանի համար։
- Ձեր հարցին պատասխանելու համար նախ նշեմ, որ մենք տեղյակ ենք ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի, Թուրքիայի եւ ինչ-որ չափով Իսրայելի դերակատարության մասին։ Մեզ ավելի քիչ հասկանալի է Եվրոպայի դիրքորոշումն այս հարցում։ Իրանցի դիվանագետների համար բաց հարց է՝ «ո՞ր կողմում է Եվրոպան»:
Նախկինում մենք հաստատել ենք մեր սեփական կարմիր գծերը՝ զորավարժություններ անցկացնելով մեր երկու կովկասյան հարեւանների սահմանների երկայնքով։ Այս կերպ մենք սահմանների անձեռնմխելիության մասին մեր դիրքորոշումն ենք հայտնել Բաքվին եւ Մոսկվային։
Վերջին զորավարժությունը, որը դուք հիշատակեցիք, ռազմավարական կարեւորություն չուներ: Այդ կերպ Թեհրանը ցուցադրում էր իր ձգտումը հասնելու լարվածության թուլացմանը: Ընդհանուր ահաբեկչական սպառնալիք գոյություն չունի, չնայած մենք մտավախություն ունենք ադրբեջանական տարածքից իսրայելական սպառնալիքի վերաբերյալ:
- Վերադառնանք ձեր նշած 2022 թվականին Հայաստանի սահմանի երկայնքով Իրանի Հեղափոխության պահապանների զորավարժություններին։ Այն ժամանակ թերթերի վերնագրերում ասվում էր, որ Թեհրանը չի հանդուրժի Սյունիքում հայկական տարածքների գրավումը: Նույն ուղերձը փոխանցվել է նաեւ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու միջոցով։ Իրանի պաշտպանության նախարարները մասնակցում են Հնդկաստանի եւ Հայաստանի հետ ոչ պաշտոնական եռակողմ հանդիպումներին, որոնք, ենթադրվում է, ռազմական լոգիստիկ երաշխիքներ են տրամադրում դեպի ծով ելք չունեցող Հայաստանին: Ըստ չհաստատված տեղեկությունների, Երեւանն ու Թեհրանը համաձայնություն են ռազմական գնումների վերաբերյալ։ Արդյո՞ք Իրանը հանդես է գալիս որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։
- Ինչ վերաբերում է Հայաստանի, Հնդկաստանի եւ Իրանի «եռյակին», ասեմ, որ սա կայացած դիվանագիտական կառույց չէ։ Ակնհայտ է, որ Հայաստանը փորձում է հակակշիռ ստեղծել Ադրբեջանին։ Պակիստանն աջակցում է Ադրբեջանին, իսկ Հնդկաստանը՝ Հայաստանին:
Ինչ վերաբերում է Իրանի՝ որպես անվտանգության ապահովողի դերին, դա մեր արտաքին քաղաքականության պաշտոնական գիծը չէ, եւ մենք փորձում ենք չեզոք դիրք պահպանել։ Իրանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ մենք խաղաղության ու կայունության կողմնակիցն ենք։ Մենք ցանկանում ենք տարածաշրջանից դուրս տեսնել ոչ միայն Իսրայելը, այլեւ Թուրքիան։ Մենք փորձում ենք սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, քանի որ Թեհրանը նույնպես պատմականորեն տուժել է Մոսկվայի էքսպանսիոնիզմից։
- Լեւանտում (Գազա, Լիբանան) լարվածության աճից հետո հարց է առաջանում՝ արդյո՞ք տարածաշրջանում Իսրայելի ենթադրյալ ներկայությունը կարող է հանգեցնել ճգնաժամի տարածմանը Կովկասում: Որքանո՞վ է հավանական նման սցենարը։
- Հակամարտության տարածումը Լեւանտից դեպի Կովկաս քիչ հավանական է։ Իրանի դեմ Իսրայելի գործողությունները սադրիչ էին, բայց ոչ լայնածավալ։ Իրանն ուղղակիորեն եւ հստակ կերպով Բաքվին փոխանցել է իր մտահոգությունները։ Նախագահ Ալիեւը, կարծես, հասկացել է, որ եթե թույլ տա Իսրայելին գործել իր տարածքից, դա անցանկալի հետեւանքների կհանգեցնի։
Նախագահ Պեզեշկիանի դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ շատ կարեւոր է, սակայն տարածաշրջանում ազգային անվտանգության քաղաքականության վերաբերյալ վերջնական որոշումներն ընդունվում են ավելի բարձր մակարդակում։ Քանի որ նախագահն ադրբեջանական շրջանից է եւ խոսում է այդ լեզվով, հուսով ենք, որ նա կկարողանա նպաստել հարաբերությունների բարգավաճմանը։
- Ադրբեջանը դիմել է BRICS-ին միանալու համար: Իրանը հատուկ համաձայնագիր է ստորագրել Եվրասիական մաքսային միության հետ։ Հաշվի առնելով երկու ոչ արեւմտյան կառույցների զուգահեռ ընդլայնումը, Կովկասում Իրանի արտաքին քաղաքականության արմատական շեղում տեսնո՞ւմ եք: Արդյո՞ք 3+3 ավելի նեղ շրջանակով ֆորմատը լավ է, թե՞ գոյություն ունի բազմակողմ ֆորմատներում տարածաշրջանային տնտեսական շահերի համաձայնեցման ավելի մեծ հնարավորություն:
- Ադրբեջանի մուտքը BRICS ավելի շատ քաղաքական քայլ է, քան տնտեսական, որն արվել է Ռուսաստանին հաճոյանալու համար: Ռուսաստանն ու Իրանը երկրներ են, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։ Պատժամիջոցները դե ֆակտո միավորում են մեր երկրներին տնտեսական բլոկի մեջ, որտեղ Հնդկաստանն ու Չինաստանն ավելի շատ են շահում, քան Արեւմուտքը: Արեւմուտքը պատժամիջոցների ռեժիմի միջոցով խաթարում է սեփական տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում։ 3+3 ուժեղ ֆորմատ է, բայց մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու: Այս պահին պարզ չէ, թե արդյո՞ք այս ֆորմատը կարող է գործող կառույցի վերածվել:
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: