Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրման մարտահրավերները - Mediamax.am

1215 դիտում

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրման մարտահրավերները


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` AP

Լուսանկարը` Նոննա Պողոսյան


Ներկայացնում ենք Հարավ-արեւելյան եւ միջազգային ուսումնասիրությունների գերմանական կենտրոնի (ZOIS) կայքում հրապարակված The Political and Cultural Fate of Karabakh Armenians in Armenia հոդվածի հայերեն թարգմանությունը:

Իվայլո Դինեւ, Նադյա Դուգլաս

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած հայերի մեծ մասը եկել է Հայաստան՝ որպես իր «մայր» պետություն։ Հարցումները ցույց են տալիս, որ նրանք ունեն ամուր ղարաբաղա-հայկական ինքնություն եւ ձգտում են ունենալ իրենց քաղաքական ու մշակութային ներկայացվածությունը: Սակայն Հայաստանի կառավարությունն այլ ծրագրեր ունի:

Ադրբեջանի ռազմական հարձակումը 2023 թվականի սեպտեմբերին հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքի վերաինտեգրմանը Ադրբեջանին եւ Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթի։ Ոմանք տեղափոխվեցին Ռուսաստան կամ Եվրոպա, սակայն մեծ մասը փորձեց նոր կյանք սկսել Հայաստանում: Այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուր 30 մարդուց առնվազն մեկը փախստական է Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանի կառավարությունը պատասխանատվություն է ստանձնել նրանց հայ հասարակությանը ինտեգրելու համար: Հայ հասարակության մեջ սկզբնական կարեկցանքը հսկայական էր, իսկ կառավարության աջակցությունը գնահատվում էր մեծահոգի: Այնուամենայնիվ, պետական օգնության ծրագրերը ծանրաբեռնել են պետական բյուջեն, ու պարզ չէ, թե որքան ժամանակ կպահպանվի այս աջակցությունը: Հայաստանի երեք միլիոն բնակչությունից 24,8%-ն ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ուղղված միջազգային օգնությունը բավարար չէ։ Բայց նյութական աջակցության հարցից զատ՝ հայրենի հողից արմատախիլ լինելն ինչպե՞ս է ազդել Լեռնային Ղարաբաղի հայերի քաղաքական եւ մշակութային ինքնության վրա։ Այս հրապարակումը լույս է սփռում ղարաբաղա-հայկական ինքնության ճակատագրի, ձուլման վտանգի եւ Հայաստանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի փոքրամասնության կարգավիճակ ստանալու հավանականության վրա:

Ազգային եւ քաղաքական ինքնություն

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տվյալների համաձայն՝ 2024 թվականի մայիսի դրությամբ Հայաստանից հեռացել է 17 269 Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձ, որից 7 138-ը վերադարձել է։ Սա տեղի է ունեցել ի հեճուկս վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը մնա Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների հանձնակատարի նախկին բյուրոն 2024 թվականի ապրիլին հայտարարեց, որ տեղահանվածների ավելի քան 30 տոկոսը մտածում է երրորդ երկրներ արտագաղթելու մասին։ Սկզբունքորեն, Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը իրավունք ունեն դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։

Լուսանկարը` Նոննա Պողոսյան


Այնուամենայնիվ, Հայաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, 79 000 տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայերից, ովքեր ավարտել էին գրանցման գործընթացը մինչեւ 2024 թվականի մարտը, քաղաքացիություն ստանալու համար դիմել է ընդամենը 1 437-ը։

Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո էլիտաները փորձել են ստեղծել վտարանդի կառավարություն։ Նրանք դարձել են Փաշինյանի իշխանության աչքի փուշը, եւ նրանց գաղափարները բռնի կերպով մերժվել են։ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանի կազմում չի կարող լինել Ղարաբաղ պետություն, եւ որ Հայաստանը գումար չի տրամադրի Ղարաբաղի քաղաքական ինստիտուտները պահպանելու համար։ Քաղաքական մակարդակով նկատելի է Լեռնային Ղարաբաղի հայերի դժգոհությունը Հայաստանի իշխանություններից, մասնավորապես սոցիալական ցանցերում։

Նախորդ նույնականացման օրինաչափություններ

Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայիս ազգային եւ մշակութային ինքնությունը հասկանալու համար իմաստ ունի հայացք գցել անցյալին։ ZOiS-ի հետազոտական ծրագրի շրջանակներում վերլուծվել են Լեռնային Ղարաբաղից (2011 եւ 2020 թթ.) եզակի հարցումների տվյալները՝ նույնականացման օրինաչափությունների էվոլյուցիան ուրվագծելու ու Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ եզրակացություններ անելու նպատակով:

Հարցումները ցույց են տվել Լեռնային Ղարաբաղի հայերի մոտ առկա ուժեղ էթնիկ, լեզվական եւ կրոնական միատարրությունը: Գործնականում բոլորը իրենց նույնականացնում են իրենց որպես հայ եւ հանդիսանում են հսկայական ազգային հպարտության կրողներ: Այն փաստը, որ հարցվածների մեծամասնությունը ապրել է նույն վայրում ավելի քան 20 տարի (Պատկեր 1) բացատրում է մարդկանց միջեւ ամուր կապերը եւ նրանց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո պետությանը:


Հարցումը նաեւ ցույց է տվել հպարտության բարձր մակարդակ իրենց էթնիկ խմբի (Պատկեր 2) եւ պատմական անցյալի հանդեպ, ինչը վկայում է խմբային ուժեղ ինքնության մասին:



Չլուծված տարածքային հակամարտությունը բացասաբար է ազդել հարցվածների տեղաշարժի եւ այլ պետությունների հետ կապերի վրա։ Ճանապարհորդական փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը խնդրահարույց էր, իսկ տարածաշրջանում եւ դրանից դուրս ճանապարհորդելը դժվարացել էր բարդ լոգիստիկայի ու սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Միայն 5.4%-ն է պատասխանել, որ ունի ընտանիքի անդամ, որն ապրել է դե ֆակտո պետության սահմաններից դուրս, 8.1%-ն ունեցել է միջազգային անձնագիր, իսկ հարցվածների 3%-ից քիչը մեկ անգամից ավել է մեկնել  այլ երկրներ, Հայաստանից զատ (պատկեր 3):



Ինչ վերաբերում է քաղաքական հայացքներին, ապա Լեռնային Ղարաբաղի բնակիչների մոտ դրանք տարբեր են։ Հարցումը ցույց է տվել, որ հարցվածների գրեթե հավասար քանակությամբ խմբեր նախընտրում են երեք տարբեր քաղաքական համակարգեր՝ դե ֆակտո պետություն, խորհրդային համակարգ եւ արեւմտյան եւ հայաստանյան ժողովրդավարություն: Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայերի հայացքները տարբեր էին նույնիսկ այն հարցում, թե արդյո՞ք նրանք ցանկանում են անկախանալ, թե միանալ Հայաստանին:

Այս առումով հստակ փոխկապակցվածություն կար (պատկեր 4) անկախ պետությանն աջակցելու ու ազգային հպարտության բարձր մակարդակի միջեւ, որը հաճախ արմատավորված է զոհի զգացումով:

Տվյալները հաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը մի քանի տասնամյակ ապրել են մեկուսացման մեջ եւ ձեւավորել որոշակի մշակութային ինքնություն, որը տարբերվում է հայկական մայր պետության ինքնությունից: Այս բացահայտումը կասկածի տակ է դնում առաջիկա տարիներին Լեռնային Ղարաբաղի հայերի սահուն ինտեգրումը հայաստանյան մեծամասնությանը:



Մշակութային իրավունքներ, փոքրամասնության կարգավիճակ եւ ձուլման վտանգ

Ներկայում Լեռնային Ղարաբաղի հայերի հիմնախնդիրը իջեցվել է հումանիտար խնդիրների մակարդակի եւ այլեւս միջազգային ուշադրության կենտրոնում չէ։ Այդուհանդերձ, Ղարաբաղի հայ ներկայացուցիչները դիմել են Հայաստանի իշխանություններին, որպեսզի իրենց հնարավորություն տրվի ստեղծել համայնքային կյանք՝ իրենց մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար: Այս ցանկությունները հաշվի չառնելը եւ Լեռնային Ղարաբաղի հայերի քաղաքական ներկայացուցչության բացահայտ ճնշումը կարող են վնասել հայաստանյան մեծամասնության եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ հարաբերություններին: Դա կխոչընդոտի նաեւ վերջիններիս ինտեգրմանը։

Լուսանկարը` AP


2011 եւ 2020 թվականների երկու փուլով անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ղարաբաղի հայերը հպարտ էթնիկ խումբ են՝ պատկանելության եւ ինքնության ուժեղ զգացումով: Այն փաստը, որ նրանք երկար ժամանակ ապրել են հարաբերական մեկուսացման մեջ, դժվարացնում է նրանց ինտեգրումը ժամանակակից հայաստանյան հասարակության մեջ։ Այնուամենայնիվ, ձուլման վտանգը գոյություն ունի, եւ համայնքի համար մշակութային ու քաղաքական ինքնությունը պահպանելու հեռանկարները ներկայում մեծ չեն: Շատերը, հատկապես երիտասարդները, կհամակերպվեն Հայաստանին ինտեգրվելու գաղափարի հետ։ Սակայն մեծամասնության համար, ում քաղաքական հայացքներն ու անձնական ճակատագրերն այդքան սերտորեն կապված են իրենց հայրենի տարածաշրջանի հետ, ինտեգրումը մնում է երկրորդ կարգի լուծում:

Հարցումն իրականացվել է ՀՀ ԳԱԱ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի (առաջին փուլ) եւ Երեւանի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից (երկրորդ փուլ): Երկու հարցումները մշակվել եւ անցկացվել են հետազոտողների բազմազգ թիմի ղեկավարությամբ:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին