Ռուսաստանի եւ Իրանի ռազմական գործակցությունը. նոր միասնական ճակատ - Mediamax.am

2192 դիտում

Ռուսաստանի եւ Իրանի ռազմական գործակցությունը. նոր միասնական ճակատ


Ռուսաստանի եւ Իրանի նապագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էբրահիմ Ռայիսին
Ռուսաստանի եւ Իրանի նապագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էբրահիմ Ռայիսին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ, 2019-2022թթ․ Իրանում ՏԱՍՍ-ի թղթակից Նիկիտա Սմագինի Carnegie politika կայքում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը:

Նիկիտա Սմագին

Ռուսաստանն ու Իրանը շատ առումներով դաշնակից չեն. նրանց կառավարիչները չեն վստահում միմյանց, երկրները մրցակցում են էներգետիկ շուկայում, Իրանի շիա հեղափոխական գաղափարախոսությունը հեռու է ռուսական պահպանողականությունից: Բայց ռազմական հարցերում ակտիվ համագործակցությունը եւ համընկող շահերը նրանց գնալով ավելի շատ են վերածում Միացյալ Նահանգների դեմ ուղղված միասնական ճակատի։

Առայժմ Մոսկվան միայն սահմանափակ մասնակցություն ունի Վաշինգտոնի դեմ Թեհրանի մերձավորարեւելյան պայքարում: Սակայն Կրեմլում վստահ են, որ ԱՄՆ-ն իր դեմ պատերազմ է մղում Ուկրաինայի ձեռքերով։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը լիովին իրավունք ունի ԱՄՆ-ի հետ պրոքսի պատերազմ սկսել աշխարհի ցանկացած կետում, եւ Մերձավոր Արեւելքն ամենահարմար հարթակն է թվում։

Իրանական նորարարություն

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման հարցում Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության մասին վաղուց է հայտնի. ԶԼՄ-ները բազմիցս գրել են Ալաբուգայում իրանական ԱԹՍ-ներ արտադրող ռուսական գործարանի մասին։ Բայց գործընթացը տեղում չի դոփում։ Մոտ ապագայում Ռուսաստանը կարող է սկսել Ուկրաինայի դեմ օգտագործել իրանական նոր Shahed-101 կամիկաձե ԱԹՍ-ներ, որոնք արդեն հայտնի են դարձել Մերձավոր Արեւելքում։

Պաղեստինա-իսրայելական սրացման ֆոնին իրանամետ ամբողջ Դիմադրության ճակատը գործի անցավ՝ ուժեղացնելով հարձակումները Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի օբյեկտների վրա։ Նման բան առաջին անգամ չէր տեղի ունենում, բայց եթե ավելի վաղ հարձակումներն իրականացվում էին պարզունակ հրթիռներով եւ անօդաչու սարքերով, որոնք հեշտությամբ խոցվում էին ամերիկյան կամ իսրայելական հակաօդային պաշտպանության կողմից, ապա վերջերս գործի է դրվել Shahed-101-ը:

Այն չափսերով շատ ավելի փոքր է, քան նախորդ մոդելները, ինչը սահմանափակում է հարվածային ուժը: Փոխարենը թռիչքի հեռահարությունը հասնում է 600 կիլոմետրի, իսկ փոքր չափսերը դժվարացնում են դրա հայտնաբերումն ու խոցումը։ Shahed-101-ն ավելի հեշտ է տեղափոխել եւ աննկատ գործարկել:

Լուսանկարը` REUTERS


Նոր մոդելի կիրառման արդյունքներն ակնհայտ են։ Նախ՝ հունվարի 4-ին Սիրիայում, իսկ հետո՝ հունվարի 23-ին՝ Իրաքում իրանական անօդաչու թռչող սարքերը հաղթահարեցին ամերիկյան հակաօդային պաշտպանությունը: Առաջին դեպքում սպանվեցին ԱՄՆ-ի դաշնակից Սիրիական դեմոկրատական ուժերի 6 ներկայացուցիչներ, իսկ երկրորդում՝ Այն-ալ-Ասադ բազայում վիրավորվեցին ամերիկացի զինծառայողները։

Իսկ հունվարի 29-ին Սիրիայի եւ Հորդանանի սահմանին գտնվող Tower 22 ամերիկյան բազայի վրա Shahed-101 հարվածի հետեւանքով զոհվեցին երեք ամերիկացի զինվորականներ եւ ավելի քան 30-ը վիրավորվեցին։ Դա առաջին դեպքն էր պատմության մեջ, երբ ամերիկացի զինվորականները սպանվեցին հարվածային ԱԹՍ-ի հարձակումից։

Միացյալ Նահանգները պատասխանեց Սիրիայում եւ Իրաքում իրանամետ խմբավորումների դիրքերին զանգվածային հարվածներով, բայց դժվար թե հարցը դրանով փակվի։ Shahed-101-ը ցույց է տվել, որ կարող է հաղթահարել ամերիկյան հակաօդային պաշտպանությունը, եւ Իրանի հարձակումների վերջը չի երեւում: Ավելին, մոտ ապագայում այդ անօդաչու սարքերը կհայտնվեն նաեւ ՌԴ բանակի տրամադրության տակ։

Դատելով բազմաթիվ արտահոսքերից՝ Ռուսաստանն Իրանից կստանա մի քանի հազար Shahed-101, ինչպես նաեւ դրա կատարելագործված Shahed-107 մոդելը: Ավելին, այդ անօդաչու սարքերը տեղայնացվելու են Ռուսաստանում, այն նախատեսում են արտադրել Ալաբուգայի նույն գործարանում։ Եվ եթե Սիրիայում եւ Իրաքում իրանամետ խմբավորումներն յուրաքանչյուր հարձակման համար օգտագործում են միայն մեկ կամ երեք ԱԹՍ, ապա ռուսական բանակը դժվար թե սահմանափակվի այդքանով։

Արդյունքում ռուս-ուկրաինական պատերազմը եւ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ մերձավորարեւելյան առճակատումը ավելի ու ավելի են հաղորդակցվող անոթներ հիշեցնում: Ռազմական տեխնոլոգիաները «քոչում» եմ երկու ուղղություններով։ ՀԱՄԱՍ-ն խոցում է իսրայելական տանկերը կվադրոկոպտերների միջոցով, ինչը փորձարկվել է ինչպես ուկրաինացի, այնպես էլ ռուս զինվորականների կողմից: Ռուսաստանն իր հերթին համաձայնել է Իրանին մատակարարել առաջադեմ ռազմական ինքնաթիռներ՝ կործանիչներ եւ ուղղաթիռներ։

Լուսանկարը` REUTERS


Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հակաօդային պաշտպանությունը հաղթահարած իրանական անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն Ուկրաինայում ամերիկյան համակարգերի դեմ։ Փաստացի հենց այդ պատճառով Իսրայելը չի շտապում իր «երկաթե գմբեթը» փոխանցել ուկրաինական բանակին։ Իրանն ուշադիր ուսումնասիրում է իր անօդաչու թռչող սարքերի օգտագործումն ուկրաինական ճակատում, ինչը նշանակում է, որ կարող է տեղեկանալ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի թույլ կողմերի մասին    ։

Սրա հեկ մեկտեղ Մոսկվան եւ Թեհրանը բոլոր ուղղություններով հավատում են ի դեմս ԱՄՆ-ի ընդհանուր թշնամու դեմ պայքարին։ Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում կռվում է ոչ թե Կիեւի, այլ Վաշինգտոնի դեմ։ Իրանի համար «մահ Ամերիկային» կարգախոսը մի քանի տասնամյակ պաշտոնական գաղափարախոսության մաս է կազմում։

Պատերազմը որպես բարոյական իրավունք

Հիմա ԱՄՆ-ի դեմ իրանա-ռուսական միացյալ ճակատն առավել ցայտուն դրսեւորվում է Սիրիայում։ Այստեղ Թեհրանն ու Մոսկվան հանդես են գալիս որպես միասնական մեխանիզմ՝ ամերիկացիներին արաբական այդ երկրի տարածքից դուրս մղելու համար։ Իրանամետ ուժերը հրթիռներ են արձակում ամերիկյան թիրախների ուղղությամբ, իսկ ռուսական ինքնաթիռները օդում ճնշում են ԱՄՆ-ին՝ վտանգավոր մանեւրելով ամերիկյան ինքնաթիռների եւ անօդաչու սարքերի հարեւանությամբ:

Մերձավոր Արեւելքը բազմաթիվ այլ հնարավորություններ է տալիս փոխգործակցության հետագա ընդլայնման համար: Իր արտաքին քաղաքականության մեջ պուտինյան Ռուսաստանը հաճախ գործում է հետեւյալ սկզբունքով․այն, ինչ կարելի է Միացյալ Նահանգներին, կարելի է նաեւ մեզ։ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչում, աջակցություն Դոնբասում անջատողականների ապստամբությանը, ներխուժում Ուկրաինա. Մոսկվան անընդհատ արդարացնում է այս ամենը նրանով, որ Վաշինգտոնն էլ է նման բաներ արել։

Լուսանկարը` REUTERS


Եթե Կրեմլը ուկրաինական դիմադրությունը համարում է ամերիկյան պրոքսի պատերազմ Ռուսաստանի դեմ, ապա լիովին իրավունք ունի աշխարհի ցանկացած այլ վայրում պրոքսի պատերազմ սկսել ԱՄՆ-ի դեմ։ Իսկ Մերձավոր Արեւելքն այստեղ ամենահարմար հարթակն է թվում։

ԱՄՆ-ի դիրքերն այս տարածաշրջանում միանշանակ չեն, իսկ ամերիկյան ուժերը բավականին խոցելի են թվում, ինչի մասին վկայում են իրանամետ ուժերի վերջին հաջող հարձակումները: Բացի այդ, Ռուսաստանն արդեն իսկ ռազմական ենթակառուցվածք ունի տարածաշրջանում՝ Սիրիայում, իսկ Ամերիկայի դեմ պայքարում՝ մերձավոր գործընկեր Իրանը։

Արդեն այսօր Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ տվյալների, փորձի եւ տեխնոլոգիաների փոխանակումը, համընկնող շահերի հետ միասին, ԱՄՆ-ի հետ պայքարը դարձնում է համակարգված, իսկ կողմերի ջանքերը՝ փոխլրացնող։ Այլ կերպ ասած, Վաշինգտոնի դեմ միասնական ճակատի ուրվագծերը գնալով ավելի պարզ են դառնում՝ Արեւելյան Եվրոպայից մինչեւ Պարսից ծոց:

Լուսանկարը` REUTERS


Առայժմ Միջին Արեւելքում ԱՄՆ-ի դեմ պրոքսի պատերազմն ընթանում է առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության։ Ընդ որում, Մոսկվայում դա ընկալվում է որպես իրեն ձեռնտու երեւույթ։ Իրանամետ ուժերի յուրաքանչյուր հաջող հարված ԱՄՆ-ի ռազմական թիրախներին միավոր է Ռուսաստանի օգտին «զրոյական գումարով» խաղում, ամերիկյան հակաօդային պաշտպանության դեմ անօդաչու թռչող սարքի յուրաքանչյուր հաջող արձակումը նյութ է ամերիկյան ուժերի թույլ կողմերն ուսումնասիրելու համար:

Առայժմ Ռուսաստանի ռազմական բոլոր ռեսուրսները կլանում է Ուկրաինայի հետ պատերազմը։ Բայց եթե ուկրաինական հակամարտությունը սառեցվի կամ պակաս ինտենսիվ դառնա, Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ակտիվանալու հավանականությունը մեծապես կաճի: Պատերազմից ուռճացած ռազմարդյունաբերական համալիրը եւ պատերազմ անցած մեծ թվով զինվորականներ կարող են լայն կիրառություն գտնել Մերձավոր Արեւելքում, որտեղ նրանց սիրով կընդունեն «ամերիկյան նեոգաղութատիրության» դեմ պայքարող իրանցի համախոհները։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին