Մոսկվայի եւ Երեւանի «ներքին ալգորիթմերն» ու դիվանագիտական վեճի պատճառները - Mediamax.am

4641 դիտում

Մոսկվայի եւ Երեւանի «ներքին ալգորիթմերն» ու դիվանագիտական վեճի պատճառները


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Sputnik

Լուսանկարը` Sputnik

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի Спор с Ереваном ставит под вопрос политику России с соседями հոդվածի հայերեն թարգմանությունը:

Տիմոֆեյ Բորդաչեւ

ԽՍՀՄ-ի փլուզումը եզակի հնարավորություն ընձեռեց նրա կազմի մեջ մտնող հանրապետություններին փորձել իրենց ուժերը ինքնիշխան պետության կառուցման գործում: Նրանց՝ անկախության հասնելու ճանապարհը նույնիսկ չէր կարող համեմատվել նրա հետ, ինչ վերապրել էին եվրոպական տերությունների գաղութները:

Խորհրդային Միությունը գաղութային կայսրություն էր, եւ ինքնիշխանությունն ու սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու կարողությունն ընկան ազգային վերնախավերի ձեռքը բառիս բուն իմաստով ձրի, առանց երկարատեւ պայքարի ու զոհերի: Նման ուղեբեռով հնարավոր կլիներ զարգանալ համեմատաբար առանց խնդիրների միայն իսկապես հարմարավետ արտաքին պայմաններում: Ըստ էության, հենց դրա վրա էլ հույս էին դնում, երբ խոսում էին «պատմության վերջի» եւ միաբեւեռ աշխարհի մասին։

Լուսանկարը` Sputnik


Միջազգային կարգն այժմ թեւակոխել է ամենալուրջ վերակառուցման փուլ։ Այս գործընթացը վտանգավոր է նույնիսկ այնպիսի խոշոր տերությունների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը կամ Չինաստանը։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է շատ բան կորցնել։ Իսկ փոքր ու միջին երկրների համար միջազգային նոր հանգամանքները կարող են մահացու վտանգներ պարունակել:

Մանավանդ, որ նրանց ձեւավորման «ջերմոցային» բնույթը գրեթե ամենուր խանգարում էր վերնախավերին իրականության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք ձեւավորել։ Այս «ջերմոցային» պայմանները բնակչության եւ վերնախավի մոտ պատրանք էին ստեղծել, որ դրանք կարող են իրականում գոյություն ունենալ, իսկ ամենագլխավոր խնդիրը ընտրյալների շրջանակում հայտնվելն էր։ Ցանկացած ազգային ողբերգություն նախկին ԽՍՀՄ-ում այժմ կամ ապագայում այդ վստահության արդյունքն է։

Լուսանկարը` Sputnik


Ռուսաստանը իր հարեւանների նկատմամբ երբեք չի վարել Արեւմուտքում որդեգրած հետգաղութային քաղաքականություն։ Այս առումով նա իսկապես որոշ չափով մի կողմ է քաշվել իր ընկերների գործերից։ ԱՄՆ-ն, օրինակ, շատ ավելի վճռական է վարվում իր դաշնակիցների նկատմամբ. նույնիսկ ֆրանսիացիները չեն կարող իրենց լիովին ապահով զգալ: Իսկ գերմանացիների կամ իտալացիների հետ Վաշինգտոնն ընդհանրապես ավելորդ նրբանկատություն չի ցուցաբերում: Պայթեցված «Հյուսիսային հոսքը» հիանալի ապացույց է այն բանի, թե ինչ է տեղի ունենում ամերիկյան դաշնակիցների հետ, երբ նրանք փորձում են «թռչել» Ատլանտյան համերաշխությունից:

Ռուսաստանը ավելի քան 30 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի դիմել քաղաքական ռեժիմի փոփոխության այն պետություններում, որոնց հետ կապված է դաշնակցային պարտավորություններով։ Նման որոշումները բոլորովին մեր ոճի մեջ չեն։ Մոսկվայի պահանջներն ուրիշ են՝ ոչ թե ենթարկում, այլ չափահաս պետության մասին մեր պատկերացումներին համապատասխան վարքագիծ։

Լուսանկարը` REUTERS


Այս մոտեցումը կարող է ցավոտ լինել, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ այնքան սերտորեն կապված երկրի մասին, ինչպիսին Հայաստանն է։ ԽՍՀՄ տարածքում չկա արտաքին հարաբերությունների ոլորտում պետական ինքնիշխանության նկատմամբ մեր լիակատար հարգանքի եւ հասարակության եւ տնտեսության մակարդակով միահյուսման ավելի «հիբրիդային» համադրություն։ Ռուս-հայկական հարաբերություններում ներկայումս առաջացող խնդիրներն ու փոխադարձ որոշակի գրգռվածությունը պայմանավորված են դրանց բարդ բնույթով։ Դա լավագույնս ցուցադրում է, թե Մոսկվան եւ Երեւանը որքան էմոցիոնալ են ընկալում միմյանց պահվածքը։ Մեր հասարակությունների լավ հարաբերություններն այս դեպքում կարեւոր կապող գործոն են։

Բայց պետք է հասկանալ, որ ռուս-հայկական հարաբերությունների յուրահատկությունը անհնարին է դարձնում միայն ուղղակի դիմակայությունը մեր երկրների միջեւ։ Հայերը, ի տարբերություն Վրաստանի կամ Ադրբեջանի քաղաքացիների, չեն գնա Ռուսաստանի դեմ կռվելու՝ հանդես գալով Կիեւի ռեժիմի կողմում։ Պարզապես այն պատճառով, որ Հայաստանում, ի տարբերություն շատ երկրների, տարածված չէ ռուսատյացությունը՝ որպես ազգային առասպելի կարեւոր մաս։ Մենք երբեք կարիք չենք ունենա նման բարեկամ ժողովրդի հանդեպ բռնի որոշումների դիմելու։

Ավելին, Հայաստանն, իհարկե, ավելի կայուն տնտեսություն է եւ զարգացած հասարակություն ունի, քան նրա հակառակորդ Ադրբեջանը կամ հարեւան Վրաստանը։ Առաջին դեպքում մենք ընդհանրապես չգիտենք, թե որքան կայուն կլինի մոտակա 10-15 տարում, որը բծախնդիր դիտորդը կարող է որակել իբրեւ նավթային բռնապետություն, որը ոչինչ չի արտադրում: Երկրորդում խոսքը գնում է բացառիկ զգացմունքային եւ արտաքին ազդեցությունների նկատմամբ խոցելի հասարակության մասին։ Մենք տեսնում ենք, թե Հայաստանի տնտեսությունը որքան արագ սկսեց օգուտ քաղել 2022-2023 թվականների փոփոխություններից։ Մի քանի ամիսների ընթացքում գործարար ակտիվությունն աճել է ավելի քան 12%-ով, իսկ առեւտրի, ծառայությունների եւ շինարարության ոլորտներն աճել են 16-ից 23%-ով։

Լուսանկարը` REUTERS


Սակայն մեր երկրների եզակի հարաբերությունները մեզ բոլորովին չեն պաշտպանում սխալներից։ Այս սխալները կարող են դրամատիկ հետեւանքներ ունենալ միջազգային հանգամանքներից ավելի քիչ պաշտպանվածների համար։ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ համագործակցության ենթակառուցվածքի փակումը որոշակի դժվարություններ կստեղծի Ռուսաստանի համար, սակայն այն պայքարի ֆոնին, որը նա մղում է Եվրոպայում, դրանք առանցքային չեն լինելու։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի պես տերությունները ապրում են այլ հարթությունում։ Պատմությունը նրանց համար գործընթաց է, որի ընթացքում լինում են հաղթանակներ կամ պարտություններ, սակայն պետության գոյությունը երբեք հարցականի տակ չի դրվում։

Հայաստանը կարող է հայտնվել սկզբունքորեն նոր արտաքին քաղաքական իրավիճակում։ Բարդ շրջապատում գտնվող փոքր երկրի կոնստանտը ազգի, ոչ թե պետության, գոյությունն է։ Ժամանակակից աշխարհում անկախ պետականության փորձն այս դեպքում չափազանց փոքր է։ Տպավորություն կա, որ Հայաստանի իշխանությունը կարծես թե հասկանում է այս մարտահրավերի լրջությունը, սակայն, առայժմ համապարփակ լուծումներ չի տեսնում, եւ, ինչպես մեր դիտորդներից մեկն է նշել, փորձում է տարբեր միջոցների դիմել, որոնցից եւ ոչ մեկը բավականաչափ ամուր չէ։

Հերթական միջոցը Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններն են եւ ընդհանրապես Արեւմուտքի նկատմամբ բարեկամական ժեստերը։ Կան ավելի զարմանալի օրինակներ. փորձեր աջակցություն ստանալ Ֆրանսիայից, երբ Փարիզը չի կարողանում լուծել նույնիսկ իր սեփական խնդիրները ավանդաբար կառավարվող Արևմտյան Աֆրիկայում:

Այս պահվածքը Մոսկվային ստիպում է հարց տալ՝ ի՞նչ է ուզում պաշտոնական Երեւանը իրականում։

Այլ կերպ ասած, Ռուսաստանի եւ պաշտոնական Երեւանի միջեւ դիվանագիտական հակամարտությունը ոչ թե թշնամական մտադրությունների, այլ ներքին ալգորիթմները փոխադարձ չհասկանալու արդյունք է։ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ սխալներ է գործել եւ շարունակում է գործել։ Ռուսական կշտամբանքները Երեւանին այս փուլում լիովին արդարացված են։ Հայաստանի դժգոհությունն առ այն, որ Ռուսաստանը Բաքվի նկատմամբ իրեն ավելի վճռական չի պահում, նույնպես անհիմն չէ։

Հիմա բոլորովին հասկանալի չէ, թե ինչպես կարող է լուծվել ստեղծված վիճակը։ Առավել արմատական գնահատականները չեն բացառում հայերի կողմից Արցախի տարածքի ամբողջական կորստի հնարավորությունը եւ բուն հանրապետության անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի մասնակցության կրճատումը։ Դժվար թե դա անվտանգություն բերի Հայաստանին. մենք գիտենք, թե ինչպես է Արեւմուտքը պահում իր խոսքը նրանց հետ, ովքեր իրենց անվտանգությունը վստահել են իր անմիջական աջակցությանը:

Լուսանկարը` REUTERS


Ստեղծված իրավիճակը լուրջ առիթ է, որ մենք մտածենք դաշնակիցների նկատմամբ ռուսական քաղաքականության բնույթի մասին։ Առայժմ, ընդհանուր առմամբ, այն հետեւում է ցարական դիվանագիտության բաղադրատոմսերին՝ խնդիրներ մի՛ ստեղծեք մեր անվտանգության համար, մասնակցե՛ք մեր տնտեսությանը, իսկ մենք չենք խառնվի ձեր գործերին։

Բայց Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ նման արտաքին քաղաքական մշակույթը հղի է որոշակի ծախքերով։ Դեռեւս հայտնի չէ, արդյո՞ք դրան այլընտրանքներ կան, բացառությամբ դաշնակիցների եւ իրենց անվտանգության համար կարեւոր երկրների նկատմամբ կոշտ «ամերիկյան» մոտեցման։ Ամենեւին էլ ակնհայտ չէ, թե արդյո՞ք նման սխեման կգործի ապագայում։ Ամերիկացիները «պահում են» Եվրոպան, բայց խնդիրներ ունեն մնացած աշխարհի հետ:

Շարունակել ինքնիշխանության հարգման եւ ներքին գործերին չմիջամտելու Ռուսաստանի ավանդական քաղաքականությունը, նշանակում է գիտակցել, որ պատմության որոշակի հատվածներում մեր հարաբերությունները դաշնակիցների հետ կարող են խնդիրներ ստեղծել: Առաջին հերթին, ինքներս պետք է դա ընդունենք եւ փնտրենք, թե ինչպես փոխհատուցել հնարավոր վնասը այլ միջոցներով։ Մոտավորապես հենց դրանով է հիմա զբաղված ռուսական դիվանագիտությունը Հարավային Կովկասում։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին