Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 28-րդ - Mediamax.am

exclusive
28557 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 28-րդ


Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

«Արարատ» - «Դինամո» Մինսկ 2:1:

Երեւան. «Հրազդան» մարզադաշտ. 20 հոկտեմբերի. 60 000 հանդիսատես:

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Ն.Պետրոսյան, Իշտոյան, Մարկարով (Պողոսով, 46), Զանազանյան (Բոնդարենկո, 46),  Ն.Ղազարյան: 

Գոլեր՝ 0:1 Պրոկոպենկո (24), 1:1 Ն. Ղազարյան (73), 2:1 Իշտոյան (80): 

Արսեն Կակոսյան

20 հոկտեմբերի: Տուր XXVIII: Մինսկ: Ռեւանշ հետնապահի նկատմամբ:

ԽՂՃԻ ԽԱՅԹ

Հինգերորդ օրն է, եւ չեն դադարում խոսակցություններն «Արարատի» մասին: Թղթերով լի թղթապանակով մտնում եմ մի հաստատություն, երկրորդը, երրորդը, բայց զրուցակիցներս շատ հմտորեն խոսակցությունը տեղափոխում են ֆուտբոլային հարթություն: Զգում եմ, որ ես նույնպես պետք է հետաձգեմ ընթացիկ գործերս եւ զբաղվեմ ֆուտբոլով: Լավ է, որ խղճի խայթ չեմ զգում… Մեկ ամիս առաջ Երեւան էր եկել «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի մարզական բաժնի խմբագիր Վալենտին Լյաշենկոն, եւ մենք պայմանավորվեցինք, որ առաջնության ավարտից հետո պետք է ներկայացնենք «Արարատի» սոցիալ-հոգեբանական նկարագիրը: «Իսկ եթե չհաղթե՞նք»,- հարցրեցի ես: «Կարեւոր չէ,- պատասխանեց նա,- նույնիսկ եթե թիմը զբաղեցնի վերջին տեղը, այդպիսի նյութը պարտադիր է: Մենք պարտավոր ենք պայքարել այն սկզբունքների համար, որոնցով ուժեղ է խորհրդային սպորտը, ընկերության եւ պատասխանատվության ոգու համար»:  

Եվ ահա որոշեցի, որ չարժե սպասել առաջնության ավարտին: Ժամանակն է նյութ հավաքել, թեկուզ տպավորություններ, մանրամասներ: Մեկնեցի օդանավակայան՝ դիմավորելու հաղթողներին: Ի՜նչ է կատարվում: Ճանապարհի կեսից ավելին մեքենան չանցավ: Խցանում: Ոչ ոք չէր հայտարարել ինքնաթիռի վայրէջքի ժամը եւ չվերթի համարը, ավելին, ինքնաթիռը վայրէջք էր կատարել նախատեսվածից ավելի շուտ, բայց երկրպագուների բազմությունն ասես հաշվի էր առել նաեւ դա: Մի խոսքով, ես բաց էի թողել ամեն ինչ եւ խղճի խայթ էի զգում. հարկավոր էր ավելի շուտ դուրս գալ տանից: Այնուամենայնիվ, ինչ-որ մանրամասներ գրի առա: Էջմիածնի մայրուղում սեղաններ էին դրել՝ գինով եւ Արարատյան դաշտի բարիքներով՝ խաղողով ու դեղձով: 



Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 Ինքնաթիռի մոտ գտնվողները պատմեցին, որ առաջինը ինքնաթիռից դուրս եկավ Զանազանյանը՝ բյուրեղապակյա Գավաթը ձեռքին: Դա ինձ խիստ զարմացրեց. երեւանցիների ավագին հրավիրել էին ԽՍՀՄ հավաքական, որպեսզի նա մեկ օր հետո խաղար Լեյպցիգում՝ ԳԴՀ-ի ազգային հավաքականի հետ: Պարզվում է, Սիմոնյանը Ե. Գորյանսկուն խնդրել էր Զանազանյանին թույլ տալ ընկերների հետ հայրենիք վերադառնալ. չէ՞ որ հնարավոր է նման բան մարզիկի կյանքում կատարվի միայն մեկ անգամ: Եվ Հովհանը, լիարժեք վայելելով իր ընկերախմբի հաղթանակը, մի քանի ժամ անց մեկնել էր Մոսկվա, այնտեղից՝ արտասահման:  

... Հսկայական ձվաձեւ սեղան, որի շուրջ նիստեր է անցկացնում Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահությունը: Հավանաբար, դա շատ պատվաբեր է. նստել այդ սեղանի շուրջ այնպիսի հարեւանների ընկերակցությամբ, ինչպիսիք են Վ. Համբարձումյանը, Ս. Մերգելյանը, Ա. Ղարիբյանը… Փոքր սրահ մտնելն այնքան էլ հեշտ չէր: Ակադեմիայի շարքային աշխատակիցները խմբվել էին դռների առջեւ՝ ակտիվորեն աշխատելով արմունկներով: Նվաճելով մի փոքր ոտնատեղ սայթաքուն մանրահատակի վրա՝ նրանք հետաքրքրությամբ զննում էին բյուրեղապակյա Գավաթը, իսկ հետո բարձր շշուկով հարցնում էին. «Ո՞ր մեկն է Իշտոյանը»: Դուռը կիսով չափ բացեց վայելուչ տեսքով մի գիտնական եւ տեղեկացավ իրադարձություններին: Իմանալով, որ հյուրընկալվել են ֆուտբոլիստներ՝ նա թերահավատորեն ժպտաց՝ հայտարարելով, որ դա «շատ անլուրջ» է, իսկ հետո ինձ հարցրեց. «Ո՞ր մեկն է Իշտոյանը»:        

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

Վիկտոր Համբարձումյանի եւ ակադեմիկոսների հետ հանդիպումը մեր կոլեկտիվի համար շատ կարեւոր էր: Վիկտոր Համբարձումյանը մեծ հեղինակություն էր վայելում, եւ նրա հետ հանդիպումը իսկապես պարտավորեցնող էր:

Հիշում եմ, մի անգամ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը մեզ ասաց` «Չկարծեք, թե սովորական ֆուտբոլային թիմ եք, գիտե՞ք, երբ հաղթում եք, աշխատավորները հանրապետության պլանը գերակատարում են, քանի որ «Արարատի» հաղթանակի շնորհիվ բարձր տրամադրություն են ունենում»… 

Չեմպիոնության համար պայքարում Կիեւի «Դինամոն», ըստ էության, «Արարատի» միակ մրցակիցն էր, եւ նրանք կրնկակոխ հետեւում էին մեզ միավորների համար պայքարում: Այդ պատճառով վերջին խաղերում միավոր չկորցնելը «կենաց-մահու» հարց էր: Մինսկի հետ հանդիպմանը բոլորս գիտակցում էինք դա. ես էլ փորձեցի անել ամեն հնարավորը հաղթելու համար…

Սնահավատ չեմ, բայց պայծառատեսությանը հավատում եմ: 1976 թ. առաջնության ժամանակ անմոռանալի գոլ եմ խփել Մինսկի դարպասը, եւ դա պայմանավորում եմ մի հանգամանքով: Հաշիվը 1:1 էր, հանդիպման ավարտին մնացել էր 3 րոպե, ես միայնակ դուրս եկա դարպասապահի առջեւ եւ չնայած որ պաշտպանը քաշում էր վերնաշապիկից, արդեն ընկած դրությունից խաղակոշիկիս ծայրով կարողացա գոլ խփել: Այդ խաղից առաջ ինձ մի կին էր զանգահարել եւ ասել, որ 2:1 հաշվով հաղթելու ենք եւ հաղթական գոլը ես եմ խփելու: Նույն տարվա աշնանը պատասխան խաղի ժամանակ նա նորից զանգահարեց ու ասաց, որ հաղթելու ենք 1:0 հաշվով , իսկ գոլը կրկին ես եմ խփելու: Շատ էի ուզում նրա հետ հանդիպել, բայց նա նախընտրեց գաղտնի պահել իր ով լինելը: Ինձ հետ նման բաներ հաճախ էին պատահում, երեւի նրանից էր, որ հավատում էի պայծառատեսներին:

Բայց ինձ համար ամենաանսպասելին նախագահ Վիկտոր Համբարձումյանն էր: Լսում էի նրա ողջույնի խոսքը, եւ խիղճս կրկին տանջում էր: Բանն այն է, որ նախօրեին «Արմենպրեսի» թղթակից Ռոբերտ Մելիքսեթյանը, ով ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանի հետ միասին ալբոմ էր պատրաստում «Արարատի» մասին, ինձանից խորհուրդ էր հարցրել. «Ի՞նչ ես կարծում, հարցազրույց վերցնե՞մ Վիկտոր Համազասպովիչից»: Ի պատասխան՝ ես մի դեպք էի պատմել իմ պրակտիկայից, որից հետեւում էր, որ մեր նախագահը շատ խիստ մարդ է, եւ նրան կարող է զայրացնել այդ անլուրջ առաջարկը: Եվ իմ գործընկերը չէր եկել ակադեմիկոսների ու ֆուտբոլիստների հանդիպմանը: Ափսոս: Համբարձումյանին լսելը կատարյալ հաճույք է: Նա սկսեց նրանից, որ մեր օրերում ոչ մի գիտնական, նույնիսկ եթե նա հանճար է, գիտության մեջ հաջողության չի կարող հասնել, եթե միայնակ գործի: Այսօր միայն հավաքական գիտական ստեղծագործությունը կարող է նշանակալի արդյունքների հանգեցնել: Եվ «գիտական ստեղծագործություն-ֆուտբոլային ստեղծագործություն» զուգահեռը նրա շուրթերից հնչեց բնական, համոզիչ, ծանրակշիռ:

Ապա նախագահը դատողություններ արեց համեստության մասին: Նա գիտե՞ր արդյոք, որ դա ոչ պակաս կարեւոր խնդիր է ֆուտբոլիստների շրջանում: Արարատցիներին ուղղորդելով նոր խիզախությունների՝ նա նրանց կոչ արեց համեստ լինել առօրյայում եւ «շատ համեստ», երբ խնդիր կլինի հաղթել ուժեղ հակառակորդին: Օրինակ բերեց իր պատանեկությունից, երբ երազում էր գոնե պահակ լինել Պուլկովոյի աստղադիտարանում…


Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:


Պատասխան խոսքով հանդես եկավ Անդրեասյանը: Ինձ դուր եկավ, ինչպես էր նա խոսում եւ պահում իրեն: Հասարակ, անկաշկանդ, համեստ, բայց արժանապատվորեն: Ասես ամբողջ կյանքում հանդես էր եկել ակադեմիկոսների առջեւ: Հիշեցի վերջին խոսակցությունս Ծաղիկյանի հետ: Նա փորձառու, հետեւողական անձնավորություն է, իսկ այն հանգամանքը, որ համեմատաբար վերջերս է մտել ֆուտբոլային միջավայր, նրան թույլ է տալիս ավելի լավ տեսնել, ավելի սուր զգալ: Այդ պատճառով ես միանգամից հավատացի Ծաղիկյանին, երբ նա ասաց, որ ֆուտբոլը ֆուտբոլիստի մեջ զարգացնում է մի հաճելի բնավորության գիծ՝ հավասար վերաբերմունք բոլորի նկատմամբ: Նրանց բնորոշ չէ քծնանքը, կեղծավորությունը, շողոքորթությունը: Երբեմն, եթե ֆուտբոլիստը բավականաչափ դաստիարակված չէ, նա կարող է անցնել այն սահմանը, որից հետո սկսվում է գոռոզությունը, ամբարտավանությունը եւ արհամարհական վերաբերմունքը հեղինակությունների նկատմամբ:

Չեմ թաքցնի, ես կանխակալ վերաբերմունք ունեի Անդրեասյանի նկատմամբ: Մի բարձրաստիճան մարզական ղեկավար դժգոհել էր, որ Արկադին… մեղմ ասած, իր հետ խոսել է ոչ այնքան քաղաքավարի: Հետո պարզեցի, որ Անդրեասյանը, նախ, պատկերացում չի ունեցել այդ գործչի կոչումների եւ պաշտոնների մասին, երկրորդ, եթե նույնիսկ իմանար, միեւնույն է, նրան կասեր այն, ինչ մտածում է: Իսկ խնդիրն, ըստ իս, ծագել էր այն պատճառով, որ այդ պաշտոնյան սովոր էր քծնանքի եւ շողոքորթության…

Այնուամենայնիվ, որտեղի՞ց է ֆուտբոլիստի մոտ այդ հատկությունը: Երկար էի մտածում այդ մասին, բայց հասկացա հենց այն պահին, երբ ելույթ էր ունենում Անդրեասյանը. «Չէ՞ որ նրա համար, ինչպես եւ մյուս ֆուտբոլիստների համար, այստեղ հավաքված մարդիկ նախեւառաջ երկրպագուներ են, տրիբունաների մի փոքր մասնիկը, որոնց հետ նրանք սովոր են շփվել շատ յուրօրինակ կերպով՝ որոշակի հեռավորության վրա, հեռակա»:

Հիշում է Արկադի Անդրեասյանը

Գավաթը նվաճելուց հետո մեզ մոտ մեծ վստահություն առաջացավ մեր ուժերի նկատմամբ: Ավելացված ժամանակում տարած հաղթանակը մեզ վստահություն ներշնչեց, որ մենք ունենք բավարար ուժեր եւ բավարար փորձ` այդ ուժերը ճիշտ կերպով բաշխելու համար: Գիտակցում էինք, որ մինչեւ առաջնության ավարտը քիչ ժամանակ է մնացել, բախտը մեր կողմն է եւ անհրաժեշտ է այդ հանգամանքը առավելագույնս օգտագործել:

Երեկ գնացել էի թիմի ուսումնամարզական նոր բազա: Խոստովանեմ, ավելի լավ կարծիք ունեի ֆուտբոլիստների «տան» մասին: Հիշում եմ, գարնանը Սիմոնյանը լարվածությամբ էր խոսում բազայի մասին: Շատ հեռու է, հարմարությունները քիչ են, դաշտը վատն է, բայց ամենագլխավորը, ինչը նրան ճնշում էր, ծառերի ու ջրի բացակայությունն էր: Ոչ թե խմելու, այլ լողալու՝ գետի կամ լճակի: Այդ ժամանակ մտածեցի, որ նա չափազանց խիստ ու պահանջկոտ է. Երեւանի մերձակայքում որտե՞ղ կարելի է այդպիսի վայր գտնել: Մինչդեռ կարելի է ծառեր տնկել, լողավազան կառուցել: Հաճելի է գալ այստեղ հանգստանալու, բայց ֆուտբոլիստներն այստեղ ապրում են, եւ նրանց բացի գեղեցկությունից, անհրաժեշտ են նաեւ հարմարություններ: Մինչդեռ, չկա ամենակարեւորը՝ բարեկարգ մարզադաշտ: Եվ ֆուտբոլիստները նույնիսկ թեթեւ մարզումների համար ստիպված են մեկնել Երեւան՝ կամ Հանրապետական մարզադաշտ, կամ «Հրազդան»:

Լավ է, որ այդ օրը ոչ ոք ոչ մի տեղ չէր գնացել: Մտադիր էի խոսել Նիկիտա Պավլովիչի եւ առնվազն 5-6 խաղացողների հետ: Մեր զրույցից հետո մարզիչն ասաց. «Տղաներն այսօր համեմատաբար ազատ են, «որսա» նրանց եւ «դուրս քաշիր» ինչ պետք է»: Բայց «որսալ» ու խոսել հաջողվեց միայն Զանազանյանի հետ, եւ դրանում մեղավոր էր հենց ինքը: Ավագն այնքան հետաքրքիր զրուցակից էր, որ մենք նրա հետ նստեցինք մինչեւ մթնշաղ: Հովհանը նոր էր վերադարձել ԳԴՀ-ից եւ, բնականաբար, առաջինը խոսեցինք հավաքականի մասին: «Վատ խաղացին,- ասաց նա,- առաջին խաղակեսի ընթացքում մերոնք ընդհանրապես աչքի չընկան»: Պատասխանելով հարցին, թե ինքը ինչո՞ւ չէր խաղում, Զանազանյանը ցույց տվեց ոտքը: Ահավոր տեսարան էր. ոտնաթաթի երկու կողմերում գոյացել էին բռունցքի չափով ուռուցքներ: Ինչպե՞ս էր նա խաղացել Գավաթի եզրափակչում: Հանդիպման օրը, երբ բժիշկը Հովհանին արգելել էր դաշտ դուրս գալ, ավագը վճռականորեն հայտարարել էր. ինքը պետք է խաղա ցանկացած պարագայում: Բոլորն ականատես եղան, թե ինչպես էր պայքարում ավագը: Ինձ խոստովանեց. գնդակին յուրաքանչյուր հարվածից հետո աչքերն արցունքով էին լցվում: 

Հիշում է Նորայր Մեսրոպյանը

Ողջ կարիերայիս ընթացքում՝ 15 տարի խաղալով ձախ պաշտպանի դիրքում, երբեւէ չեմ հեռացվել դաշտից եւ ընդամենը մի անգամ եմ դեղին քարտ ստացել: Կոպիտ երբեք չեմ խաղացել: Փոխանակ ես հարձակվողներին խփեի, նրանք էին ինձ վնասում: Մի անգամ «Զենիթի» հետ հանդիպման ժամանակ առաջին խաղակեսում ոտքի բաց կոտրվածք ստացա, բայց մինչեւ վերջ խաղացի, հետո 3 ամիս գիպսի մեջ էի պառկած: Պատահել է, որ ծնոտս են ջարդել դաշտում, գլուխս… 

Բոլոր գծերի խաղացողներն իրար կեսխոսքից հասկանում էին: Հանդես գալով ձախ եզրում, ես ավելի շատ խաղում էի Անդրեասյանի եւ Կոլյա Ղազարյան հետ: Երբ օրինակ, ես գնում էի առաջ, որպեսզի մասնակցեի գրոհին, Արկադին իմ տեղն էր զբաղեցնում, որպեսզի պաշտպանությունում ազատ տարածքներ չառաջանան: Մարզիչի կարգադրություններն, իհարկե, չափազանց կարեւոր են, բայց ցանկացած խաղային դրվագում դու ես որոշումներ կայացնում: Բացի այդ, խաղացողները պետք է դաշտում խոսեն միմյանց հետ, հատկապես` դարպասապահը եւ պաշտպանները: Ալյոշան միշտ մեզ հուշումներ էր անում:

- Հովհա՛ն,- հարցրեցի ես,- տղաները շա՞տ էին հուզված խաղից առաջ: Կարողացե՞լ էին ինչպես հարկն է քնել:

- Այո,- աշխուժացավ նա,- եւ գիտե՞ք ինչը մեզ փրկեց: Խաղալիքները: Մոսկվայում «Արարատին» էին տրամադրել հավաքականի Նովոգորսկի մարզական բազան: Իսկ այնտեղ առկա էին մեծ քանակությամբ հիանալի, հնարամիտ խաղալիքներ: Տղաներին ոչ մի կերպ հնարավոր չէր կտրել դրանցից: Ոչ ոք չէր ցանկանում գնալ ճաշելու, ընթրելու, ոչ ոք չէր մտածում հանգստանալ, կենտրոնանալ պատասխանատու հանդիպումից առաջ: Մոռանալով աշխարհում ամեն ինչի մասին՝ ֆուտբոլիստները խաղալիքներով պատերազմի էին դուրս եկել: Մանկական զվարճա՞նք: Այո, բայց իմաստը հենց դա էր. մարզիկներին կտրել կպչուն մտքերից դժվարին մրցապայքարից առաջ, թուլացնել լարվածությունը, անհանգստությունը: Կարճ ասած՝ բուժում խաղերով: Նոր եւ բավականին արդյունավետ ուղղություն բժշկության ասպարեզում, որն այդպես էլ կոչվում է՝ «խաղային թերապիա»:


Արկադի Անդրեասյանը եւ Հովհաննես Զանազանյանը:
Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 ...  Հոկտեմբերի 20-ի առավոտյան՝ Մինսկի դինամոյականների հետ հանդիպման օրը, Նիկիտա Պավլովիչն ինձ դիմավորեց հետեւյալ բառերով. «Այսօր բոլոր հարվածները ես իմ վրա եմ վերցնում»:

Այո, բայց Սիմոնյանից երեկ էի հարցազրույց վերցրել, իսկ Մարկարովի հետ մենք պայմանավորվել էինք խոսել այսօր: Բացի այդ, ես քիչ առաջ հանդիպել էի Էդիկին, եւ նա համաձայնել էր զրուցել, բայց... անհրաժեշտ էր մարզչի թույլտվությունը:

- Միայն Մարկարո՞վն է պետք,- կրկին հարցրեց Սիմոնյանը: - Միայն կարճ, լա՞վ, կես ժամը հերի՞ք է: 

Կես ժամն, իհարկե, հերիք չէր այդչափ հետաքրքիր եւ խելացի զրուցակցի համար: Ես նախապատրաստել էի, այսպես կոչված, ավանդական, պարտադիր հարցերի մի ամբողջ ցուցակ, բայց երբ հասանք կեսին, երեսուն րոպեն արդեն անցել էր: Ես այդ ժամանակ չէի մտածում, որ մի քանի ժամ անց իսկապես խղճի խայթ կզգամ, որ ինձ մեղավոր կզգամ, բայց այդ մասին՝ քիչ հետո: Այժմ, քանի դեռ ուշ չէ, կփորձեմ վերծանել նոթատետրում կատարված խզբզոցները՝ Մարկարովի որոշ պատասխանները գրանցելով օրագրիս մեջ: 

- Էդի՛կ, գո՞հ եք արդյոք «Արարատ» տեղափոխվելու Ձեր որոշումից:

- Այո, իհարկե, իմ բախտը բերել է: Թիմն ինձ լավ է ընդունել: Մենք ստացել ենք արծաթե մեդալներ, իսկ այժմ նվաճել ենք Գավաթը: 

- Ինչպիսի՞ դրական որակներ է սերմանում ֆուտբոլը մարդու մեջ:

- Խիզախություն, արիություն, կամքի ուժ:

- Իսկ բացասակա՞ն:

-  Ամբարտավանություն: Ամեն ինչի պատճառը հանրաճանաչ լինելն է: Եթե ֆուտբոլիստը վատ է դաստիարակված, համարեք՝ կորած է: Ես դեռ չեմ հանդիպել մի մարզիկի, որին ամբարտավանությունը չի կործանել: 

-  Ձեզ երբեւէ հեռացրե՞լ են դաշտից:

- Ի՞նչ եք ասում: Ես ոչ մի անգամ նույնիսկ նախազգուշացում չեմ ստացել:

- Իսկ հաճա՞խ են ձեզ հարվածում դաշտում:

- Որքան կամենաք:

- Եվ Դուք ոչ մի անգամ չե՞ք պատասխանել:

- Ոչ մի անգամ: Թեեւ, մի անգամ չհամբերեցի, բայց դա հարկադրված քայլ էր՝ ինքնապաշտպանություն:

- Դա վաղո՞ւց է եղել:

- Մոտ 10 տարի առաջ, բայց խիղճս մինչ օրս տանջում է ինձ: Պաշտպաններից մեկն ինձ կրնկակոխ հետապնդում էր, հրում, խփում ոտքերիս: Ընդմիջմանը մոտեցա նրան եւ խնդրեցի. «Բավական է, որքան խփեցիր ինձ, արի՛ մի փոքր խաղանք»: Իսկ նա պատասխանեց. «Խաղա՛, դեռ էլի կստանաս»: Չեմ թաքցնի, վախեցա: Մտածեցի, որ լուրջ վնաս կպատճառի: Եվ երբ հերթական անգամ հարձակվեց ինձ վրա, դիտմամբ այնպես շրջվեցի, որ հենց ինքը վնասվածք ստացավ:

- Ինչպե՞ս եք վերաբերվում երկրպագուներին: Ձեր վրա ազդո՞ւմ է տրիբունաների աղմուկը: 

- Երկրպագուներին ես մեծապես պարտական եմ: Նրանք ինձ բազմիցս աջակցել են դժվարին պահերին: Բայց խաղի ընթացքում ես «անջատվում» եմ եւ ոչինչ չեմ լսում: Տրիբունաների արձագանքը զգում եմ, բայց դա անձամբ իմ վրա չի ազդում: 


Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

- Ի՞նչ կդառնայիք, եթե նորից սկսեիք կյանքը:

- Առանց ֆուտբոլի ես ինձ չեմ պատկերացնում:

- Նշանակում է, կցանկանայի՞ք մարզիչ աշխատել:

- Իհարկե, երազում եմ այդ մասին:

- Ագրեսիվ հակառակորդը Ձեզ դրդում է առավել ագրեսիվությա՞ն, թե ճնշում, ընկճում է:  

- «Ճնշել»՝ սխալ է ասված, չէ՞ որ մենք պատանիներ չենք, այլ՝ փորձառու ֆուտբոլիստներ: Իսկ եթե ի նկատի ունեք խաղի տեմպը, ապա՝ ելնելով իրավիճակից: Սովորաբար, եթե ագրեսիվ է բարձր դասի թիմը, ապա փորձում ենք գցել տեմպը, հավասարեցնել խաղը: Եթե գիտենք, որ հակառակորդը ավելի ցածր դասի է, ապա արագացնում ենք տեմպը: Այդպես է եղել Ալմա-Աթայում, Ռոստովում…

- Ի՞նչ կասեք այսօրվա հանդիպման մասին, ինչպե՞ս այն կանցնի:

- Պետք է հաղթենք: Մինսկի դինամոյականները կփորձեն մեր նկատմամբ անհատական «խնամակալություն» հաստատել, բայց որքանով դա նրանց կհաջողվի, հայտնի չէ: 

... Սովորական ժամին սովորական երթուղով մեկնեցի «Հրազդան»: Մարզադաշտն արդեն լեփ-լեցուն էր, բայց խաղը չէր սկսվում: Պարզվեց, ամենավերջին պահին հանդիպումը ժամը 18:00-ից տեղափոխել էին 19:00-ին:

Ի սկզբանե ոչ մի բան աղետ չէր կանխատեսում: «Արարատը» միանգամից գտավ իր խաղը, երկրպագուներին ուրախացրեց գեղեցիկ համախմբված ֆուտբոլով: Մերոնց մոտ ամեն ինչ ստացվում էր արդյունավետ, տեսարժան: Բայց ահա անցավ 20 րոպե, եւ իմ հարեւանն անհանգստացավ. «Նրանք ի՞նչ է, որոշել են ցուցադրական ֆուտբո՞լ խաղալ: Իսկ ո՞վ պետք է գոլ խփի»: Մեկ րոպե անց գոլի հեղինակ դարձան հյուրերը: Ա՜յ քեզ կատակ: Թվում էր՝ հոգ չէ, հիմա կհետեւի պատասխան գնդակը: Չափազանց նկատելի էր մերոնց առավելությունը: Բայց խնդիրն էլ հենց դա էր, որ խաղացողները սկսեցին նյարդայնանալ, իրար խառնվել, շտապել: Զանազանյանի փոխանցումները դարձան զարմանալիորեն ոչ դիպուկ, Իշտոյանը վրիպեց բազմաթիվ անգամներ, իսկ Մարկարովի ոտքերից գնդակը պարզապես փախչում էր: Մի խոսքով, սկանդալ: Եվ այդ ժամանակ ես հասկացա. իզուր չէ, որ Սիմոնյանն այդպես դժկամորեն համաձայնեց ինձ մոտ թողնել Մարկարովին: Ըստ երեւույթին, նույնիսկ բազմափորձ վետերանին կարող է հոգեբանական հավասարակշռությունից հանել սովորական օրակարգի խախտումը: Եվ երբ ընդմիջումից հետո Էդիկը դաշտ դուրս չեկավ, վերջնականապես համոզվեցի, որ անմասն չեմ նրա վատ խաղին եւ թիմի անհաջողությանը: Թեեւ, խաղի ավարտն ինձ սփոփեց:

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին