Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 24-րդ - Mediamax.am

exclusive
25218 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 24-րդ


Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Արկադի Անդրեասյանը եւ Հովհաննես Զանազանյանը
Արկադի Անդրեասյանը եւ Հովհաննես Զանազանյանը

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

«Արարատ» - «Սպարտակ» - 3:1 (2:1):

Երեւան. «Հրազդան» մարզադաշտ. 16 սեպտեմբերի. 48 000 հանդիսատես:

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան (Ա.Հարությունյան, 85), Անդրեասյան, Բոնդարենկո (Պողոսով, 75), Իշտոյան, Ն.Պետրոսյան, Զանազանյան Ն.Ղազարյան: 

Գոլեր՝ 1:0 Անդրեասյան (5), 1:1 Ռեդին (37), 2:1 Իշտոյան (43), 3:1 Զանազանյան (50):

Զգուշացում՝ Մարտիրոսյան, Ն.Պետրոսյան:

Արսեն Կակոսյան

16 սեպտեմբերի: Տուր XXIV: Ընդունում ենք «Սպարտակին»

ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՇՈՒՆՉ ՔԱՇԵԼ

«Հրազդան» մարզադաշտի տրիբունաներն այսօր սպարտակցիներին դիմավորեցին խանդավառ ողջույններով: Երեւանցիների համակրանքն այդ ակումբի նկատմամբ հին է եւ ավանդական: Պատճառը միայն այն չէ, որ այստեղ տարբեր տարիներին հանդես են եկել Սիմոնյանը, Հովիվյանը, Համբարձումյանը: Միշտ էլ տպավորիչ է եղել թիմի խաղաոճը` ոգեշնչված, ռոմանտիկ, դիտարժան, ինչպես նաեւ բարձր տեխնիկան` հատկապես այն տարիներին, երբ մյուս թիմերի «սպառազինությունը» սահմանափակվում էր միայն ուժով եւ արագությամբ… Մի խոսքով, մենք միշտ երկրպագել ենք «Սպարտակին», ուրախացել ենք, երբ նա չեմպիոն կամ գավաթակիր է դարձել, վշտացել ենք նրա անհաջողություններից…
 
Այսօրվա հանդիպումը վճռորոշ էր: Հաջողության պարագայում (իսկ դրանում, ի դեպ, քչերն էին կասկածում) «Արարատը», որ ժամանակավորապես առաջատարի իրավասությունները հանձնել էր Կիեւի «Դինամոյին», պետք է հետ վերադարձներ դրանք:


Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից:
 
Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

Այս շրջանում գրեթե բոլոր հանդիպումներում հաղթում էինք: Արդյունքում, ամենաշատ միավորները հավաքեցինք եւ ամրապնդվեցինք առաջին տեղում:

Պետք է ընդգծեմ, որ 1973 թվականի առաջնությունն առանձնահատուկ էր, եւ բոլոր թիմերը հավասար էին: Խաղացողներին ուժեղ կամային հատկանիշներ էին հարկավոր այդ տեմպին դիմանալու համար: Առաջին տեղում հայտնվելով, մենք ապացուցեցինք, որ ունենք բոլոր անհրաժեշտ որակները չեմպիոն դառնալու համար:

Առաջնության ավարտը ամենապատասխանատու եւ բարդ շրջանն էր մեզ համար, քանի որ մրցաշարային աղյուսակի առաջատարն էինք: Վստահություն էինք, որ կարող ենք չեմպիոն դառնալ եւ դա պատահական չէր: «Արարատում» իշխում էր թիմային ոգին` ամեն ինչ պայմանավորված էր հենց թիմի եւ ոչ թե առանձին խաղացողների հաջողություններով:

«Արարատը» յուրօրինակ թիմ էր: Դա միայն մենք չէինք ասում, բոլորն էին դրանում համոզված` թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները, թե՛ վրացիները, թե՛ բելառուսները եւ թե՛ մյուս ազգերի ներկայացուցիչները: Մեր բոլոր հակառակորդներն էլ հիանում էին մեր թիմով: Երբ 1971թ.-ին 4:0 հաշվով  հաղթեցինք Թբիլիսիի «Դինամոյին», նրանց խաղացողներից Մուրտազ Խուրցիլավան խաղից հետո մտավ մեր հանդերձարան, բոլորիս թվաց`եկել է հաշիվ պահանջելու: Սակայն նա ասաց` «Տղանե՛ր, դուք դառնալու եք ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Կհիշեք, որ Մուրտազ Խուրցիլավան առաջինն է ձեզ ասել այդ մասին»:


Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Սպարտակցիները հիանալի գիտակցում էին արարատցիների տրամադրվածությունը, եւ այդ պատճառով առաջին իսկ րոպեներից հարձակման անցան: Եվ պատժվեցին այդ անխոհեմ քայլի համար: Արդեն հինգերորդ րոպեին Անդրեասյանը գոլ խփեց Մեսրոպյանի փոխանցումից: Խաղն ավելի բաց բնույթ ստացավ: Հանդիսականներն ակնկալում էին իսկական ֆուտբոլային ներկայացում տեսնել: Բայց ականատես եղան այնպիսի տեսարանի, որն անվանում են «հակաֆուտբոլ» եւ որը քայքայեց թե խաղացողների, թե մարզիչների, թե դատավորների, թե հատկապես երկրպագուների նյարդերը:  

Պապաեւն ու Անդրեասյանը դաշտի կենտրոնում սկսեցին վիճել: Դատավոր Յու. Սերգիենկոն չընդհատեց խաղը, բայց վազեց աքլորացած «մենամարտողների» կողմը` փորձելով բաժանել նրանց հոկեյի դատավորների մեթոդով: Արարատցիները տեսնելով, որ դատավորը վազում է ոչ այն ուղղությամբ, որտեղ ընթանում է խաղը եւ գտնվում է գնդակը, կանգնեցին` որոշելով, որ խաղն ընդմիջվել է: Եվ այդ պահին Ռեդինը եզրից հարվածելով`գնդակն ուղարկեց Աբրահամյանի դարպասը:

Անարդարության զգացողությունն այնքան ուժգին էր, որ երեւանցիները կորցրել էին վերահսկողությունը: Շփոթված Սերգիենկոն կրակի վրա յուղ էր լցնում: Նա մեկ հաշվում էր գոլը, մեկ չէր հաշվում` արարատցիների ճնշման ներքո:
 
Հիշում է Հովհաննես Զանազանյանը (Դ.Սմիրնովի եւ Ա.Զինինի «Սովետական ֆուտբոլի գաղտնիքները» գրքից)

…Սեպտեմբերին հյուրընկալում էինք Մոսկվայի «Սպարտակը»: Նիկիտա Պավլովիչը հոգով եւ սրտով սպարտակցի է. Ստարոստինն իր համար հարազատ հոր նման է: Ինչպես էր նա մտահոգվում, որ ստիպված է հանել իր թիմը հարազատ ակումբի դեմ: Սակայն խաղից առաջ նա մեզ ասաց.

- Տղանե՛ր, շատ եմ ձեզ խնդրում, արժանի կերպով կխաղաք:

Արդեն 5-րդ րոպեին գոլ խփեցինք, իսկ մոտ կես ժամից «Սպարտակը» հավասարեցրեց հաշիվը: Եվ ինչպե՜ս: Անդրեասյանը եւ Պապաեւը դաշտի կենտրոնում սկսեցին հարաբերությունները պարզել, բայց մրցավար Սերգիենկոն խաղը չկանգնացրեց, ցույց տալով, որ կարող ենք շարունակել այն: Այդ պահին, տրիբունաներում ինչ-որ մեկը սուլեց: Մենք կանգնեցինք, իսկ Ռեդինը վերցրեց գնդակը եւ ուղարկեց այն մեր դարպասը:

Մրցավարը սկզբից հաշվեց գնդակը, հետո խորհրդակցեց եզրային մրցավարի հետ ու այն չեղյալ հայտարարեց: Սկզբում մենք «վրա տվեցինք», ասելով, որ սուլիչ է եղել: Հետո` հակառակորդի խաղացողները, ասելով, որ նա արդեն հաշվել էր գնդակը: Քաշքշուկ: Խեղճ Նիկիտա Սիմոնյանի վրա ցավալի էր նայել: Ինչպիսի խայտառակություն հարազատ թիմի առջեւ:

Մոտ 10 րոպե հարաբերություններ էինք պարզում: Հետո խաղը վերսկսվեց, բայց գնդակը, այնուամենայնիվ, հաշվեցին: Ավարտեցինք առաջին խաղակեսը. Լեւոն Իշտոյանը անգամ գոլ խփեց:

Ընդմիջման ժամանակ Սիմոնյանն ինձ՝ որպես ավագի, ասում է.

- Հովհաննես, խնդրում եմ, այնպես արեք, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինի: Նորմալ խաղացեք, մի տաքացեք:

- Ամեն ինչ կանենք, Նիկիտա Պավլովիչ, - պատասխանում եմ:

Այդ պահին ինձ հրավիրում են միջանցք, որտեղ կանգնած է գլխավոր մրցավարը:

- Տղերք, վերադարձրեք ինձ էմբլեմը:

Պարզվում է, քաշքշուկի ժամանակ, ինչ-որ մեկը պոկել էր Սերգիենկոյի մրցավարի էմբլեմը: Ապացուցում էին, որ այդպիսի մրցավարությունով նա իրավունք չունի կրել այն:

Վերադարձա հանդերձարան:

- Ո՞վ է պոկել մրցավարի էմբլեմը:

Ոչ ոք չէր խոստովանում՝ չէին ուզում վերադարձնել անարդար գոլի պատճառով: Հասկանում եմ, որ էմբլեմը հենց այնպես շատ բարդ է պատռել, քանի որ այն շատ ամուր է կպցված: Ուժեղ ձեռքերով մարդ է արել: Իսկ ո՞վ ուժեղ ձեռքեր ունի: Դարպասապահը: Մոտենում եմ Աբրահամյանին:

- Ալյոշա, վերադարձրու էմբլեմը՝ մի խայտառակի Երեւանը:

Նա դժկամորեն ինչ-որ տեղից դուրս է հանում այն եւ հանձնում ինձ: Վերադարձրեցի էմբլեմը Սերգիենկոյին, իսկ հանդիպումը մենք հաղթանակով ավարտեցինք: Ես անգամ գոլի հեղինակ դարձա:


Արկադի Անրդեասյանը եւ Հովհաննես Զանազանյանը:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Այս դեպքում ինչպե՞ս կարելի է պահպանել ինքնատիրապետումը: Հոգեբանները հետեւյալ խորհուրդն են տալիս. «Երբ զգում եք, որ կարող եք պայթել, երեք անգամ հանգիստ շունչ քաշեք եւ արտաշնչեք: Դա հիասքանչ միջոց է: Այն մարդուն հնարավորություն է տալիս ակնթարթորեն տիրապետել նյարդերին: Ռիթմիկ շնչառությունը ֆիզիոլոգիապես կարգի է բերում վերահսկողությունից դուրս եկած օրգանիզմը»:

Խորհուրդը, միգուցե, գիտական է, բայց քիչ է համապատասխանում ֆուտբոլիստներին: Փորձեք հանգիստ շնչել եւ արտաշնչել արագ վազքի ընթացքում, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության պայմաններում:

Արարատցիները կիրառեցին սեփական «բժշկությունը»: Նրանք որոշեցին «պատժել» անարդարությունն անհապաղ գոլով: Եվ այնպիսի կարուսել պտտեցրին «Սպարտակի» տուգանային հրապարակում, որ այնտեղ իսկապես թեժացավ: Իշտոյանն այդ րոպեներին պարզապես անճանաչելի էր: Զգացվում էր, որ նա չի հանգստանա, մինչեւ գոլ չխփի: Եվ իսկապես խփեց: Նախավերջին րոպեին: Երկրորդ խաղակեսն այնպես անցավ, ասես երկու թիմերն էլ որոշել էին ներողություն խնդրել լեփ-լեցուն տրիբունաներից: Շտկված խաղ, հնարամիտ գրոհներ, գլխապտույտ հնարքների տեղատարափ, խաբս, «պատ», մի խոսքով, տեխնիկական եւ տակտիկական հնարքների ողջ զինանոցը, որը ֆուտբոլը ֆուտբոլ է դարձնում: Եվ երեւանցիները ջախջախեցին «Սպարտակին»: Երրորդ գոլը խփեց Զանազանյանը, բայց եւս երեք անգամ կարող էին հաջողության հասնել Իշտոյանը, Անդրեասյանը եւ Ղազարյանը: Մինչդեռ մոսկվացիները ոչ մի «հարյուր տոկոսանոց» հնարավորություն չստեղծեցին…

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

Մոսկովյան թիմերից ամենադժվարը «Սպարտակի» հետ խաղալն էր: Ակումբի ղեկավարները Մոսկվայում մեծ կշիռ ունեցող մարդիկ էին: Մրցավարները շատ զգույշ էին դատում «Սպարտակի» մասնակցությամբ խաղերը. նրանց հանդեպ ավելի ներողամիտ էին:

Հիշում եմ, խաղի ընթացքում Արկադի Անդրեասյանը Վիկտոր Պապաեւի հետ ինչ-որ վիճաբանություն ունեցավ: Մեզ թվաց` մրցավարը հնչեցրեց սուլիչը եւ դադարեցրեց խաղը, սակայն «Սպարտակի» ֆուտբոլիստները շարունակեցին խաղալ: Խաղը դադարեցված էր, բայց նրանք գնդակ ուղարկեցին մեր դարպասը: Ի զարմանս մեզ, մրցավարը հաշվեց այդ գոլը, բայց մենք չհուսահատվեցինք: Առաջին խաղակեսի ավարտին Իշտոյանին հաջողվեց գոլ խփել: Եւս մեկ գոլ խփեցինք երկրորդ խաղակեսում: Շատ էինք ճնշել «Սպարտակի» խաղացողներին եւ նրանք ոչինչ չէին կարողանում նախաձեռնել, կարելի է ասել` նրանց խաղն ընդհանրապես չերեւաց:

Շատ վրդովվեցինք մրցավարի այդ արարքից եւ նրա հետ բուռն վիճաբանության մեջ մտանք: Քաշքշուքից հետո մրցավարի էմբլեմը մնացել էր իմ ձեռքում: Խաղից հետո նա մոտեցել էր մեր ավագին եւ պահանջել հետ վերադարձնել այն: Հիշում եմ, Զանազանյանն եկավ ինձ մոտ եւ ասաց, որ վերադարձնեմ էմբլեմը: 

Ես որոշ ժամանակ աշխատել եմ որպես մրցավար: Շատ բարդ աշխատանք է: Այն ժամանակ թիմերը փորձում էին կաշառել ինձ, սակայն ես ֆուտբոլիստ էի եղել, եւ շատ լավ գիտեի`ինչ հետեւանք կարող է ունենալ մրցավարի անարդար որոշումը խաղացողի համար: Այդ իսկ պատճառով թողեցի մրցավարությունը:


Ալյոշա Աբրայամյան:

Լուսանկարը՝ Photolure:

Երկրպագու… երկրպագու… Ինչե՜ր միայն դու չտեսար այսօր: Հաշվարկվել է, որ մեկ խաղի ընթացքում դու, տրիբունայում նստած, կորցնում ես մեկ կիլոգրամ քաշ: Վստահ եմ, որ այսօրվա քո կորուստները հասան երեք կիլոգրամի, եթե ոչ ավել: Ոչինչ, կլրացնես, քանի որ սիրում ես քո թիմին, սիրում ես նրբորեն եւ քաջորեն: Բացի այդ, չէ՞ որ երբեմն ավելի վատ էլ է լինում…

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին