Մատաղիսից Թալիշ տանող շուրջ 10 կմ ճանապարհի մի մասն անցնում ենք խրամուղով: Սովորականից ավելի երկար թվացող ճանապարհը, ասում են, այսպես անվտանգ է դարձել:
Թալիշում լռություն է, որն ընդամենը վայրկյաններ է տեւում. հետո աղմուկ-աղաղակով ուշադրությունդ գրավում են ապրիլյան պատերազմի վերքերն ու ավերված տներըˋամեն մեկն իր խորհրդավոր պատմությամբ, անշունչ կենդանությամբ…
Գյուղի կենտրոնում շինարարություն է: Վերակառուցում են գյուղապետարանի շենքը, քիչ այն կողմˋ հանդիսությունների նոր սրահ կառուցում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մի քանի դուռ թակելուց հետո, վերջապես, մեկը բացվում է.
-Լրագրող ե՞ք: Ապրեսյանենց տուն գնացեք, ինքն ու կինը տանն են,- անգիրի պես ու առանց պատասխանի սպասելու ասում է ճերմակ մորուքով տղամարդը, ինձ ցույց տալիս Ապրեսյանի տան տեղըˋ ընթացքում լրացնելով, որ ինքը խոսել չի կարող.
- Վերականգնման ծրագրին տեղյակ չեմ, չեմ էլ ուզում իմանամ: Իմ տունը սա է, ես Թալիշը չեմ թողել ապրիլին, չեմ թողելու նաեւ հիմա…

Լուսանկարը` Մեդիամաքս
ԼՂՀ Նախագահի հրամանով Լեւոն Ապրեսյանը հանդիսանում է Թալիշի վերականգնողական ու վերաբնակեցման ծրագրիˋ կառավարության լիազոր ներկայացուցիչը:
Ապրեսյանների տան դռան զանգն եմ սեղմում ու սպասում, բայց բացող չկա: Մի քանի քայլ հետ գնալուց հետո հիշում եմ Թալիշից չհեռացած տղամարդու ասածըˋ «ձեզ սուրճ կհյուրասիրեի, բայց լույս չունենք»: Հետ եմ գնում ու թակում եմ դուռը:
Ապրեսյանը բացում է: Տանն ինքն ու կինն են: Սկսում է պատմել Թալիշի վերականգնման ծրագրի մասինˋ գլխավոր հատակագիծը պատրաստ է: Ընտրվել է անվտանգ ու անտեսանելի մի հատված, որտեղ հին տները պետք է քանդվեն, ավերակները վերացվեն ու նոր տներ կառուցվեն:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է 50 տուն կառուցել: Բոլորը կլինեն միանման ու, որ ամենակարեւորն է, նկուղային հատվածում կունենան ապաստարան, որը կկրկնօրինակի առաջին հարկի կառուցվածքը:
Երկրորդ փուլով տների թիվը կհասցվի 120-ի՝նախքան ապրիլյան պատերազմը Թալիշում 120 ընտանիք է բնակվել»,-պատմում է Ապրեսյանն ու հավելումˋտներն իրենց կահույքով ու ապրելու պատրաստ վիճակով, որպես փոխհատուցում, կտրվեն թալիշցիներին, իսկ շինարարության առաջին փուլի ավարտից հետո կսկսի վերաբնակեցման փուլային ծրագիրը:
«Գործընթացն արդեն մեկնարկել է: Հիմա համակարգվում են շինանյութի տեսակների ընտրության, ֆինանսական ու կազմակերպչական այլ հարցերը, ինչին կհաջորդի շինարարության մեկնարկը: Նախատեսվում է ստեղծել նոր թաղամաս, որտեղ անցյալի ավերակներից հետքեր չեն մնա»:
Խոսելով Թալիշի անվտանգության մասին, Լեւոն Ապրեսյանը նշում է, որ, խախտումներ հիմնականում լինում են դիրքերի ուղղությամբ, իսկ գյուղում համեմատաբար խաղաղ է. ուշագրավ դեպքը, որ արձանագրվել է 2016-ի ապրիլի հետո, այս տարվա փետրվարի 24-25 հրետակոծությունն է եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Թալիշի վերականգնումն ու բնակեցումը խիստ անհրաժեշտ է: Որպես զինվորական եմ ասումˋ շատ կարեւոր է, որ դիրքում կանգնած զինվորը հետ նայելուց թիկունքում իր ապրող գյուղն ու բնակչին տեսնի»,- եզրափակում է Լեւոն Ապրեսյանը:
«Թալիշում ծառայելը պատիվ է…»
Խրամուղիներով ու նորաբաց ճանապարհներով գնում ենք դիրքեր: Ինչպես միշտ, առաջին դիմավորողը դիրքապահ շունն է, որը հոտոտելուց ու ներս թողելուց հետո էլ ոչ մի րոպե աչքը չի կտրում հյուրերից:

Լուսանկարը` Մեդիամաքս
Դիրքի ավագն ուղեկցում կացարան: Տղաների մի մասը, ֆոտոխցիկը տեսնելուց հետո, փորձում են անհետանալ իմ տեսադաշտիցˋ հարցազրույց տալու «բարդ ու անցանկալի» գործը թողելով սերժանտ Հովհաննիսյանին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կրտսեր սերժանտ Հովհաննիսյանն իննը ամսի էˋ ծառայության մեջ է: Ասում էˋ այս ամիսների ընթացքում մի բանում համոզվեցˋ բանակում ծառայելն անհրաժեշտ է յուրաքանչյուր տղայի համար:
«Շատ բան է փոխվում մտածելակերպում, ավելի հասուն ու պատասխանատու ես դառնում ինքդ քո ու շրջապատիդ նկատմամբ: Հատկապես սահման պահելու ընթացքում ես հասկանում, որն է իրական ծառայությունը, պատասխանատվության անբացատրելի զգացում կա, որը մեզ չի լքում», - ասում է կրտսեր սերժանտը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծառայության բարդությունների մասին հարցը միանգամից ընդհատում է. «Տեսանելիության սարքերի շնորհիվ ˋ հիմա մեր աշխատանքը շատ է հեշտացել: Ամեն ինչ հանգիստ է անցնում, ճիշտ է, հակառակորդը խախտումներ անում է, բայց պետք եղած դեպքում իրեն արժանի պատասխանն է ստանում»:
Մինչ տղաները մարտական հերթապահություն են իրականացնում, դիրքի ավագը ճաշ է պատրաստում:
Ծառայակցի ընկերները նկատում ենˋ «միայն համով ճաշեր չի, որ պատրասում է. անցած տարի պատերազմին է մասնակցել»:
Ավագը լուռ շարունակում է գործը: Սպասում եմ, թե կխոսի: Կիսաեփ ճաշը խառնում է, փակում կաթսան ու կարճ պատասխան տալիս.
«Թալիշում ծառայելը պատիվ է…»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հասկանում եմˋ պատերազմից խոսել չի ուզում, բայց պատմում է ծառայության ընթացքում ստացած դասերի ու դրանց կարեւորության մասինˋ ոչ մի րոպե չմոռանալով, որ ընկերը շուտով կհանձնի հերթափոխն ու կգա ճաշելու:
Ճաշի ամեն մի բաղադրիչ ձեռքը վերցնելիս հիշում է իր մոր, դիրքապահ ընկերների մայրերի խոհարարական խորհուրդներըˋ բոլորից եկած սերը, ջերմությունն ու կարոտը միախանում մի կաթսայում. իսկ ճաշի ժամին ամենքի միտքն իր տուն է հասնում…
Մեդիամաքս
/>
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: