Օգնել Հայաստանի կանանց քայլել իրենց ողջ ներուժով, դառնալ ֆինանսապես ինքնաբավ եւ նպաստել սեփական երկրի բարեկեցությանը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) 2017 թվականին հենց այս նպատակով մեկնարկեց ՀԲԸՄ Կանանց հզորացման (EmpowerHer) նախաձեռնությունը: Այն օգնում է կանանց հասնելու սոցիալական եւ տնտեսական անկախության, այդ թվում՝ ներգրավվել անվճար ծրագրերի այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ձեռներեցությունը եւ ծրագրավորումը:
«Կին ձեռներեցներ»
ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության «Կին ձեռներեցներ» ծրագիրը սկսել է գործել 2017 թվականից: Այն օգնում է կանանց բացահայտել իրենց իրական ներուժը, բարելավել ձեռնարկատիրական գործունեությունը բիզնես դասընթացների, մենտորության ու խորհրդատվության միջոցով։
Ծրագրի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանն ասում է՝ նման նախաձեռնություն ունենալու գաղափարը ՀԲԸՄ պատմությունից է գալիս. «Դեռ միության հիմնադրումից՝ 1906 թվականից ի վեր, ժամանակի պահանջներին համաձայն՝ տարատեսակ նախաձեռնություններ են իրականացվել կանանց համար: «Կին ձեռներեցներ» ծրագիրը դրանցից մեկն է, որն արդեն բավականին մեծ պահանջարկ ունի: Մեկնարկից եւ մասնակից առաջին կանանց հաջողություններից հետո ծրագրին դիմելիությունը մեծացավ: Շատերն արդեն գիտեն՝ ինչի մասին է, ինչ հնարավորություններ է տալիս եւ մեկը մյուսի պատմությունից ոգեշնչված, մոտիվացված իր համայնքում փորձում է բիզնես գործունեություն սկսել»:
Լուսանկարը` ՀԲԸՄ
«Կին ձեռներեցներ» ծրագիրը կազմակերպվում է տարին 2 անգամ, իսկ մասնակիցների ընտրությունը կատարվում է հարցազրույցի 2 փուլով: Յուրաքանչյուր փուլում հստակ ընտրական չափորոշիչներ կան, որոնց հիման վրա էլ հետագայում ընտրում ենք մասնակիցներին:
«Ընտրված մասնակիցները բաժանվում են խմբերի եւ սկսում են դասընթացը: Զուգահեռ կարող է լինել 5-6 խումբ՝ հանրապետության տարբեր մարզերում: Դասընթացների տեւողությունը 3 ամիս է, սակայն մինչ դա մասնակիցները 1 ամսով նախակրթական օնլայն դասընթացների փուլ են անցնում, որի ընթացքում սովորում են, օրինակ, microsoft office-ի ամբողջական փաթեթը, էլեկտրոնային նամակագրություն, բիզնես էթիկա, բազային մաթեմատիկա, հարկային համակարգի եւ որակի ապահովման հմտություններ: Դրանից հետո անցնում են գործարարությանն առնչվող տեսական քննարկումներից եւ գործնական աշխատանքներից բաղկացած 3-ամսյա դասընթացին, որի ընթացքում ստանում են այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնեսը գրագետ եւ արդյունավետ վարելու համար։ Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն նաեւ բարելավել անգլերենի իմացությունը ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» եւ ՀԲԸՄ «ԱՆԻ» ծրագրերի միջոցով»,- մանրամասնում է ծրագրի ղեկավարը:
Լուսանկարը` ՀԲԸՄ
Տաթեւիկ Մանուկյանն ասում է՝ ծանոթանալով ձեռնարկատիրության, ֆինանսների կառավարման, մարքեթինգի եւ տեղական հարկային օրենսդրության հիմունքներին՝ մասնակիցները կարճ ժամանակում կարողանում են մշակել ճկուն եւ գրագետ բիզնես պլան, սահմանել իրենց բիզնեսի ուժեղ եւ թույլ կողմերը, մշակել ապրանքը շուկայում ճիշտ ներկայացնելու ռազմավարությունը եւ ավելին։ Ծրագրի ավարտին մշակված բիզնես պլաններից լավագույն 3-ն արժանանում են փոքր դրամաշնորհների, որոնք մասնակիցներն օգտագործում են իրենց բիզնեսը զարգացնելու համար։
Նշենք, որ «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է:
«Կին ծրագրավորողներ»
2020 թվականից ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը մեկնարկել է նաեւ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը, որն օգնում է կանանց ձեռք բերել նոր գիտելիքներ, մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ եւ աշխատաշուկայում դառնալ մրցունակ։
«Այս ընթացքում հասցրել ենք լավ արդյունքներ գրանցել: Ծրագիրն ավարտած մասնակիցներից 60-70 տոկոսն արդեն աշխատում են ՏՏ ոլորտի առաջատար տարբեր կազմակերպություններում: Այս պահին արդեն «Կին ծրագրավորողներ»-ի 6-րդ խումբն ենք մեկնարկել: Յուրաքանչյուր խմբի համար առաջարկում ենք տարբեր դասընթացներ՝ հիմնված տեղական եւ միջազգային շուկայի ուսումնասիրության վրա»,- նշում է ծրագրի ղեկավար Գայանե Աբգարյանը:
Լուսանկարը` ՀԲԸՄ
Նրա խոսքով՝ ծրագրին փորձում են մասնակից դարձնել այն կանանց, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել աշխատաշուկայից կամ բուհն ավարտելուց հետո չեն աշխատել եւ այս պահին ուզում են փոխել իրենց մասնագիտությունը. «Եթե ինչ-որ մեկն ունի բարձր եկամուտ կամ արդեն իսկ աշխատում է ՏՏ ոլորտում, չի կարող ընդգրկվել ծրագրում: Այսինքն՝ ծրագրի թիրախային խմբում այն կանայք են, որոնք չունեն անձնական բարձր եկամուտ եւ չունեն աշխատանք»:
«Կին ծրագրավորողներ»-ի մասնակիցների ընտրությունը կատարվում է 3 փուլով: Սկզբում պետք է դիմում-հայտ լրացնել եւ մոտիվացիոն նամակ ուղարկել՝ թե ինչու են ուզում տեղափոխվել ՏՏ ոլորտ:
«Դիմում-հայտի փուլն անցածներին տրամաբանական թեստի ենք հրավիրում, դրանից հետո ընտրված մասնակիցները եւս մեկ հարցազրույցի են մասնակցում: Մինչեւ հազարի հասնող դիմումներ ենք ունենում, բայց ընդունում ենք 75-100 մասնակից եւ կազմում 20 հոգանոց խմբեր: Դասընթացներն անցկացվում են հեռավար՝ շաբաթական 2 անգամ: Ժամանակ առ ժամանակ նաեւ լսարանային հանդիպումներ ենք կազմակերպում՝ գործնական աշխատանքների, քննական թեստերի համար: Մինչ բուն դասընթացները սկսելը մասնակիցներին առաջարկում ենք նաեւ ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի ձայնագրած դասընթացները՝ ֆինանսական գրագիտություն, բիզնես էթիկա, Word, Excel, Powerpoint, էլեկտրոնային նամակագրություն եւ այլն»,- նշում է Գայանե Աբգարյանը:
Լուսանկարը` ՀԲԸՄ
Քանի որ ՏՏ-ն ամենաարագ փոփոխվող ոլորտներից է, ընդունելության յուրաքանչյուր շրջանի առաջարկվող դասընթացները կարող են տարբերվել նախորդից, ՀԲԸՄ-ն պարբերաբար խորհրդակցում է ոլորտի մասնագետների ու գործատուների հետ եւ դասընթացներ կազմակերպում տվյալ պահի մասնագիտացումների պահանջարկի համաձայն։
Մինչ օրս դասավանդվել են React JS, Nօde JS, Angular JS, DevOps, PHP, Python, UI/UX Design, QA automation եւ QA manual, IT Project Management, Product Management, HR in Tech, 3D modeling: Բացի բուն մասնագիտական դասընթացներից՝ ծրագրի շահառուները հնարավորություն ունեն նաեւ ծանոթանալ ՏՏ ոլորտին, դրան առնչվող տարատեսակ ուղղություններին եւ ՏՏ ծրագրերի կառավարման գործիքներին:
ՀԲԸՄ-ն «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակում այս տարի առաջին անգամ կազմակերպում է «Ամառային դպրոց»՝ ծրագրին դիմող մասնակիցներին մասնագիտացման ընտրության հարցում առավել լավ կողմնորոշելու նպատակով:
«Ծրագրի 7-րդ խմբի ընդունելությանն ընդառաջ ՏՏ ոլորտ մուտք գործել ցանկացող կանանց ամառային դպրոցը հնարավորություն կտա ծանոթանալ առաջարկվող դասընթացների բովանդակությանն ու ընտրել իրենց կարողություններին, հետաքրքրություններին եւ ունակություններին համապատասխան մասնագիտացում։ Օրինակ՝ ծրագրավորման ո՞ր լեզուն է իրենց համար ավելի հետաքրքիր, իրենց հմտություններին ավելի մոտ եւ այլն: Ամառային դպրոցը 3 շաբաթ է տեւելու եւ լինելու է օֆլայն տարբերակով: Դպրոցի համար նախատեսված է 50 տեղ եւ մասնակիցները կընտրվեն միայն դիմում-հայտի հիման վրա»,- տեղեկացնում է ծրագրի ղեկավարը:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: