Հայաստանի բանակը 1919-1920 թվականներին - Mediamax.am

exclusive
63215 դիտում

Հայաստանի բանակը 1919-1920 թվականներին


Ալեքսանդրապոլի բերդը
Ալեքսանդրապոլի բերդը
Salmson 2 A2 ինքնաթիռը
Salmson 2 A2 ինքնաթիռը
Voisin III ինքաթիռները
Voisin III ինքաթիռները

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը: 

 

Արծրուն Հովհաննիսյան

 

Նախորդ հատվածում ներկայացվածը լավագույնս ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության բանակը չէր կարող ունենալ լավ հրետանային միջոցներ. 

 

1. Հիմնականում երկրորդական համարվող կովկասյան բանակում հրետանու գործը ավելի վատ էր, քան եվրոպական ճակատում:

 

2. Ամրոցների հրետանին առհասարակ, ինչպես նշվեց, վատ վիճակում էր:  

 

3. Հայկական բանակում գրեթե իսպառ բացակայում էր ծանր հրետանին: 

 

4. Դաշնակիցներից չի ստացվել հրետանու համար շոշափելի օգնություն: 

 

1920թ. Մեծ Բրիտանիայից Հայաստանին է փոխանցվել 44 հին հրանոթ: 

Ռուսական հրամանատարության կողմից հայկական կորպուսի տնօրինությանն էր հանձնված 2-րդ, այլ տվյալներով` 3-րդ կովկասյան ավիաջոկատը, որը եւ դարձավ հայկական բանակի օդուժի հիմքը: Հայկական բանակի ավիաջոկատի հիմնադրման ամսաթիվ է համարվում 1918թ. օգոստոսի 15-ը: Ավիաջոկատի առաջին հրամանատարն էր պորուչիկ Վոիպովը, որին 1919թ. սկզբներին փոխարինեց հետագայում լավ հայտնի Արթուր Վասիլի Ղուլյան-Ռիլսկին (երբեմն նշվում է նաեւ Գուլյան): Սկզբնապես հայկական միակ ավիաջոկատն ուներ երեք ինքնաթիռ, երեքն էլ տարբեր մակնիշների` «Nieuport», «Morane-Saulnier L» եւ «Voisin III» կամ «Voisin V»: 

 

Voisin III ինքաթիռները Voisin III ինքաթիռները

 

Պահեստամասեր չկային, եւ թռիչքներ գրեթե չէին կատարվում: Քամին պոկել էր անգարի կտուրը, որի հետեւանքով ջախջախվեցին ինքնաթիռներից երկուսը: «Voisin III»-ը մասնակցեց հայ-վրացական պատերազմին, սակայն նույնպես շարքից դուրս եկավ Ալեքսանդրապոլում վառոդի պահեստի պայթյունի ժամանակ: Այսպիսով, ավիաջոկատը, փաստորեն, դադարեց գոյություն ունենալ: Սա նշանակում է, որ ավիաջոկատի փոխանցումից հետո հայ ավիատորները վերանորոգել էին այդ ինքնաթիռները եւ փորձել կիրառել: 1919թ. փետրվարի 28-ի թվագրմամբ կա մեկ հետաքրքիր զեկուցագիր, որը ռազմական նախարարն ուղարկել է նախարարների խորհրդին: Զեկույցում մասնավորապես նշված է, որ տվյալ ժամանակաշրջանի դրությամբ օդուժում կա ընդամենը մեկ գործող օդանավ, եւ մի քանի ամսից երկու կոտրվածից կարելի է հավաքել մեկը: Բոլոր սարքերը հնացած են ու մաշված: Ջոկատի կազմն է` 5 օդաչու, 1 դիտորդ-օդաչու, 1 մեխանիկ-հրահանգիչ, 3 շարժիչագործ, 6 շարժիչագործի օգնական, 2 վարորդ, 2 վարորդի օգնական, 10 վարպետ: Այս ամենով պայմանավորված` նախարարն առաջարկում է կազմալուծել ջոկատը, իսկ որոշ ծառայողների` գործուղել Ֆրանսիա կրթություն ստանալու  եւ նոր սարքերի ձեռքբերման համար: Ուսումը կտեւի 1-2 տարի, եւ դրանից հետո ձեռք կբերվեն ժամանակակից սարքեր: Նախարարը զեկուցում է նաեւ, որ ֆրանսիացի կապիտան Ա. Պուադեբարուն կարծում է, թե ավիաջոկատը, այնուամենայնիվ, հարկավոր է սահմանի պահպանման համար: Վերջում նախարարը խնդրում է թույլ տալ ուսման համար գործուղել 5-6 սպա եւ 15-18 զինվոր, իսկ Ֆրանսիայից գնել ինքնաթիռներ ու սարքավորումներ: 

 

Կարսի ազատագրումից հետո` 1919թ. մարտից, փաստորեն սկսվեց նոր ջոկատի կազմավորումը: Կարգի բերվեցին թռիչքադաշտը, անգարներն ու պահեստամասերը, ստեղծվեցին ինքնաթիռների նորոգման ու հավաքման արհեստանոցներ: Սկսվեց նոր ինքնաթիռների սարքավորումը: 1919թ. վերջին հավաքվեցին երեք «Morane-Saulnier L», երեք «Voisin» եւ մեկ «Nieuport», որոնց վերջնական շահագործման համար, սակայն, դեռեւս անհրաժեշտ էր ձեռք բերել թեւերի համապատասխան երեսպատման նյութեր, եւ Հայկական ավիաջոկատը կունենա 7-8 թռչող սարք: Ավելի ուշ Ֆրանսիայից ձեռք բերվեց երկու «Salmson 2 A2» ինքնաթիռ, որոնք տվյալ ժամանակի համար թռիչքային մեծ արագություն ունեին` 200 կմ/ժ, եւ նախատեսված էին հետախուզական թռիչքների, ըստ հարկի նաեւ ռմբակոծում իրականացնելու համար: 

 

Salmson 2 A2 ինքնաթիռը Salmson 2 A2 ինքնաթիռը

 

1920թ. տարբեր երկրներից Հայաստան էին ժամանում նաեւ ավիացիայի ոլորտի տարբեր մասնագետներ: Հայաստանն Անգլիայից գնել էր ինքնաթիռներ, որոնք սակայն 1920թ. սկզբից կանգնած էին Բաթումում եւ Հայաստան չէին փոխադրվում: Առաջին հայ օդաչուներից էին նաեւ Ռուբեն Բաբայանը, Նիկոլայ Խորոզովը: Վերը նշված երկու ֆրանսիական ինքնաթիռը Բաթումից Հայաստան է ուղարկվել 1920թ. հունիսի 16-ին գնացքի համապատասխան` 303532 եւ 804592 վագոններով, դրանց ուղեկցում էր Ղուլյան-Ռիլսկին: 

 

Ընդհանուր առմամբ հայկական ռազմական ինքնաթիռների քանակը հասել է 12-ի, դրանք 1920թ. հայ-թուրքական պատերազմում կատարել են շուրջ 30 ռմբանետում: Կարսի անկման օրերին ավիաջոկատում, փաստորեն, դեռ կար երկու ինքնաթիռ, որից մեկն էր միայն գործում: Այդ մասին բավականին ցայտուն մանրամասնում է Կարսի օդանավային ջոկատի զինվոր, ապագա մեծ խորհրդային ավիակոնստրուկտոր Արամ Ռաֆայելյանցը: Նա նշում է, որ 1920թ. հոկտեմբերի 30-ին՝ մոտավորապես ժամը  12-ին, Կարսի անկման անխուսափելիության պայմաններում նրանք ավիաջոկատից օդ բարձրացրին միակ սարքին ինքնաթիռը: Օդաչուներն էին կապիտան Ա. Ղուլյանը եւ պորուչիկ Ն. Խորոզովը: Այդ սարքը, օդ բարձրանալով, նախ փորձեց իր գնդացրային կրակով օգնել հայկական զորքերին, իսկ հետո ուղեւորվեց Երեւան: Մյուս սարքը նրանք փորձել են տանել երկաթգծի կայարան եւ տեղափոխել Ալեքսանդրապոլ, սակայն չի ստացվել: Նշվածից կարելի է կատարել որոշակի եզրակացություններ: Ինչպես տեսնում ենք, ֆրանսիայից բերված ինքնաթիռների հետ ջոկատը պիտի ունենար արդեն մոտավորապես 9-10 ինքնաթիռ, իսկ Ա. Ռաֆայելյանցը հայտնում է, որ հոկտեմբերի 30-ին Կարսում եղել է երկու ինքնաթիռ (մեկը` սարքին, մյուսը` անսարք): Եթե հաշվի առնենք, որ ըստ մեր ունեցած տեղեկության` մինչեւ հոկտեմբերի 20-ը ինքնաթիռներն ակտիվորեն վերանորոգվում էին, նշանակում է նաեւ ակտիվորեն կիրառվել են: Սովորաբար այս ժամանակի համար առաջին մարտական խնդիրը համարվում էր հետախուզությունը, որի համար էլ հավանաբար ակտիվորեն կիրառվել են սարքերը: Մոտավորապես 30 ռմբանետմանը կարող էր բաժին հասնել մինչեւ եռակի-քառակի անգամ մարտական թռիչքներ հետախուզության համար: Կարելի է եզրակացնել նաեւ, որ հավանաբար սարքերից որոշ քանակություն եղել է նաեւ Ալեքսանդրապոլում, եւ հոկտեմբերի 30-ի դրությամբ ռազմաճակատին մոտիկ եղել են ոչ բոլոր սարքերը: Սա բնական էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալեքսանդրապոլում օդանավակայան կար, եւ գեներալ Մ. Սիլիկյանի շտաբն էլ այստեղ էր: Ռազմաճակատի հրամանատարը հետախուզության համար կարող էր ուղարկել իր ենթակայության տակ եղած ինքնաթիռը: Պատերազմական իրադրությունում երբեմն ինքնաթիռներն օգտագործվում էին նաեւ կապի ապահովման համար: 

 

1918թ. օգոստոսին ձեւավորվեց ռադիոհեռագրական բաժանմունքը: Գտնվեց 2 ռադիոկայան` մեկը Քանաքեռի հրետանային պահեստում, մյուսը` Բաշ-Ապարանում: 1919թ. սեպտեմբերին ռադիոբաժանմունքը վերափոխվեց ռադիոդիվիզիոնի` ավտոմոբիլային, դաշտային եւ 2 փոքր ռադիոկայանով: Բացի այդ, դաշտային ռադիոկայանի առանձին մասերից սարքավորվեց ժամանակավոր բազիսային ռադիոկայան: Երեւանի տեխնիկական ընկերությունը սարքավորեց եւ ռազմական գերատեսչությանը հանձնեց հզոր ռադիոկայան: Ռադիոհեռագրական ծառայության համար մասնագետներ պատրաստելու նպատակով դիվիզիոնին առընթեր բացվեց հատուկ դպրոց: 

 

Սեւանա լճի փոքր նավատորմը կազմավորվեց 1919թ. մայիսին: Կազմավորողն ու հրամանատարն էր ռուսական ծովակալության սպա Սերգեյ Թումանյանը: Այդ նավատորմի բազան սարքավորվեց Ելենովկա գյուղում (այժմյան Սեւան քաղաքում): Հիմնվեց նավահանգստային դարբնոց, փականագործական եւ ատաղծագործական արհեստանոցներ: Կառուցվեց «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավը, որի տարողությունը 1000 փութ էր, զինված էր մեկ թնդանոթով, երկու գնդացրով եւ ուներ լուսարձակ: Նավատորմը նախատեսված էր զորք եւ ռազմական բնույթի բեռներ փոխադրելու համար: Բացի «Աշոտ Երկաթ» ռազմանավից, նավատորմն ուներ նաեւ մի քանի շարժիչային թիանավ, իսկ 1920թ. սեպտեմբերին Շահթախթից Սեւանա լիճ փոխադրվեց ռուսական նավատորմի «Սեստրիցա Նյուշա» նավը, որը Հայաստան էր բերվել դեռեւս Առաջին աշխարհամարտի տարիներին Վանա լիճ փոխադրելու համար: Այն վերանվանվեց «Գեղանուշ»: 

 

Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրներն իսպառ բացակայում էին: Հարկ եղավ զորքերի մատակարարման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին: Հաղորդակցությունն իրականացվում էր շաբաթը 1-2 անգամ` թուրքերի թույլտվությամբ, Ալեքսանդրապոլով, ընդ որում` կառավարության տնօրինության ներքո կային 3-4 շոգեքարշ եւ 2 ապրանքատար գնացք: Բացի այդ, թուրքերն արգելում էին որեւէ ռազմական գույք անցկացնել: 

 

Ալեքսանդրապոլի բերդը Ալեքսանդրապոլի բերդը

 

Դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի հետեւանքով հաղորդակցությունն արգելափակվեց մինչեւ 1919թ. մարտ ամիսը: Ընդ որում՝ այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց վրացիների կողմից: Ահա այսպիսի անելանելի պայմաններում էր կազմավորվում հայկական բանակը: Միաժամանակ աշխատանք էր տարվում զորքին անհրաժեշտ գույքով ապահովելու համար: Սկսած 1919թ. գարնանից՝ երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ չափերով: Սպառազինության պակասը լրացվում էր համբարակային վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին: Երեւանի եւ Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր եւ այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրապոլի ու Կարսի կարի արհեստանոցները` ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ եւ այլն: 

 

1920թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ բնականաբար սպառազինությունն ունեցել է առանցքային նշանակություն: Ինչպես նշեցինք, այո՛, Անգլիայից եկած հրացաններն ունեին որոշակի խնդիրներ, սակայն դրանք չէին կարող որոշիչ լինել, եթե պատերազմը վարվեր ինչպես հարկն էր: 1870-1871թթ. ‎‎‎‎ֆրանս-պրուսական պատերազմում պրուսական բանակը ֆրանսիական բանակի նկատմամբ փայլուն հաղթանակ տարավ: Տաղանդավոր եւ նվիրյալ զորավարներին ու պատրաստված զինվորներին բոլորովին չխանգարեց այն հանգամանքը, որ գերմանական բանակը զինված էր ավելի հին եւ ֆրանսիական բանակի հիմնական «Chassepot» հրացաններին զիջող «Dreyse» հրացաններով: Բացի այդ, հայկական բանակում անգլիական հրացանները դեռ հիմնական չէին, իսկ եթե զինվորները դրանցից օգտվելու կարգը դեռ չգիտեին՝ արդեն հրամանատարների մեղքն էր: 

 

Ամփոփելով փաստենք, որ հայկական բանակը 1918-1920թթ. զինված էր իր ժամանակի համար բավականին արդիական զենքերով, սակայն, այնուամենայնիվ, կային որոշ խնդիրներ: Մասնավորապես սակավ էր գնդացիրների եւ հրետանային միջոցների քանակը, ընդ որում` ոչ թե հակառակորդի համեմատ, այլ նվազագույն պահանջների համար, ստորաբաժանումների խնդիրների լուծման համար: Հատկապես ծանր էր թեկուզ եղած քանակի զենքերի համար զինամթերքի մատակարարման գործում: Սպառազինության համար որպես թերություն կարելի է համարել նաեւ որոշակի բազմազանությունը: Նորանկախ երկրի համար լրացուցիչ ջանքեր էին պահանջում այդ զենքերի զինամթերքի մատակարարման, զենքերի սպասարկման եւ դրանց օգտագործման հմտությունների յուրացման լրացուցիչ խնդիրները: Ընդհանրացնելով այս ամենը` պետք է փաստենք, որ բանակի սպառազինությունը երկուսուկեսամյա մշտական ռազմական գործողությունների համար եթե անգամ գերազանց չէր, ապա բավարար էր: 1920թ. թուրք-հայկական պատերազմում ցավալի պարտությունը սպառազինության հետ ոչ մի կապ չուներ:

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:


Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:


Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 
Չորրորդ մասը կարդացեք այս հղումով:


Հինգերորդ մասը կարդացեք այս հղումով:

 
Վեցերորդ մասը կարդացեք այս հղումով:

 
Յոթերորդ մասը կարդացեք այս հղումով:



Ութերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Իններորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Արծրուն Հովհաննիսյան

 

Շարունակելի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին