«ԱԺ ընտրություններ` v1.0- v 4.0»` 2003 թվականի ընտրությունները - Mediamax.am

exclusive
10499 դիտում

«ԱԺ ընտրություններ` v1.0- v 4.0»` 2003 թվականի ընտրությունները



ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2003 թ. մայիսի 25-ին (131 պատգամավոր, 75-ը` համամասնական ընտրակարգով, 56-ը` մեծամասնականով): Ինչպես եւ 1999 թվականին, ընտրություններին մասնակցեցին 21 կուսակցություններ եւ դաշինք:
 
Խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ անցնում էր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեն, սակայն ընտրողները չաջակցեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հանրաքվեի հանված նախագծին:  

Հատկանշական է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱԺ ընտրություններն անց էին կացվում ոչ միայն նախագահական ընտրությունների հետ նույն տարում, այլեւ երկրի ղեկավարի ընտրությունից ընդամենը 2 ամիս անց:

Երրորդ գումարման խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին ընտրողների ցածր մասնակցությամբ` ընդամենը 51%:

Ընտրությունների արդյունքում 5 տոկոսանոց շեմը հաղթահարեցին 6 կուսակցություններ եւ դաշինք. “Հայաստանի Հանրապետական կուսակցություն” – 23,66% (23 պատգամավոր), “Արդարություն” դաշինք` 13,71% (14 պատգամավոր), “Օրինաց Երկիր” կուսակցություն`12,60% (12 պատգամավոր), ՀՅԴ` 11,45% (11 պատգամավոր), “Ազգային միաբանություն”`8,91% (9 պատգամավոր), “Միավորված աշխատանքային կուսակցություն”` 5,67% (6 պատգամավորներ): 

Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն` ՀՀԿ` 40 պատգ., «Օրինաց երկիր»` 20, «Արդարություն»`14, ՀՅԴ` 11, «Ազգային միաբանություն»` 8, «Միավորված աշխատանքային կուսակցություն` 6, եւ մեկ պատգամավորական խումբ` «Ժողովրդական պատգամավոր»`16 պատգամավոր: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէր 14 պատգամավոր:

Ընտրությունների արդյունքում ոչ մի կուսակցություն չկարողացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալ եւ միայնակ ձեւավորել կառավարություն:

Այդ պատճառով, երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ առավել քանակությամբ քվեներ ստացած երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն քաղաքական կոալիցիա կազմեցին եւ համատեղ կառավարություն ձեւավորեցին:   

Սկանդալներ

Նախընտրական մրցավազքը եւ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները անցնում էին մի քանի կարեւոր իրադարձությունների ֆոնի ներքո: Դրանցից կարելի է առանձնացնել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեն, ընդդիմության շաբաթական հանրահավաքները, նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ՀՀ նախագայի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանի Սահմանադրական դատարանում ներկայացված հայցի դատական գործընթացը, Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա քաղաքացիության վիճարկումը:

Հիմնական սկանդալ կարելի է համարել ընտրությունների օրը Արարատի մարզի Շահումյան գյուղի ընտրատեղամասում գրանցված զինված միջադեպը, որի արդյունքում սպանվել էր մեկ մարդ եւ վիրավորվել էին երկուսը:  

Գալուստ Սահակյան vs Վահան Հովհաննիսյան 

ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանը մեղադրել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին` խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի նորմալ հունը խախտելու փորձերի մեջ:  Ըստ Սահակյանի, Վահան Հովհաննիսյանը երեք տասնյակ մարդկանց ուղեկցությամբ ներխուժել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի թիվ 30 ընտրատարածք եւ այնտեղ կռիվ սարքել: Ավելի ուշ Վահան Հովհաննիսյանն ասում էր, որ ինքը բաց քվեարկությունն է կանխել, եւ եթե կան մարդիկ, ովքեր բաց քվեարկությունը նորմալ են համարում, ապա ինքը հավելելու բան չունի:


Գալուստ Սահակյան vs Վահան Հովհաննիսյան 

«Կուրտիզանուհիներն» ըստ Գալուստ Սահակյանի

Նախընտրական մարաթոնի ժամանակ սուր մրցակցությունը ծավալվեց ոչ միայն իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլեւ հենց իշխանության կողմնակիցների միջեւ, եւ կրկին առանձնացավ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանը: Նախընտրական պայքարի ժամանակ բանը հասել էր նրան, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդես եկավ հակառակորդների հարվածներին պատասխան չտալու կոչով, անգամ եթե այդ հարվածները «գոտկատեղից ցածր» լինեն: Չնայած դրան, Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիրը» «վերածվել են կուրտիզանուհիների, որոնք փորձում են բավարարել ե՛ւ ժողովրդին, ե՛ւ իշխանություններին»:

Մի քանի շաբաթ անց ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը եւ ՀՅԴ-ն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ստեղծեցին կոալիցիա եւ Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը չպետք է նեղանան «կուրտիզանուհի» մակդիրի վրա, քանի որ կուրտիզանուհի էր նաեւ, օրինակ, Կամելիաներով կինը…

Գեղամ Մանուկյան` Կոալիցիայի գաղափարը պատկանում էր ՀՅԴ-ին

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանը 2003թ. ժամանակ ՀՅԴ մամուլի խոսնակն էր եւ ԱԺ երրորդ գումարման պատգամավոր: 


Գեղամ Մանուկյանը

«Կոալիցիա ձեւավորելու իրական գաղափարը պատկանում էր Դաշնակցությանը: Իմ անձնական արխիվում ունեմ այն թուղթը, որի վրա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ դաշնակցականները սեւագրել էին կոալիցիոն սխեման: Անգամ «կոալիցիա» բառը Հայաստանում առաջին անգամ հնչեցրեց հենց ՀՅԴ-ն: Հանձնարարել էինք Կիրո Մանոյանին, որպեսզի տեղեկանք պատրաստի` ուսումնասիրելով կոալիցիա ձեւավորելու միջազգային փորձը:

Ի՞նչ շանսեր ուներ ընդդիմությունը եւ կարող էր արդյո՞ք լուրջ պայքար մղել իշխանության հետ 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Արդյունքները ցույց տվեցին, որ իրականում` ոչ: Անձերի պայքարը մարդկանց համար համոզիչ չէ, ավելի կարեւոր է ծրագրային պայքարը: Հիշում եմ, այն ժամանակվա ՀՅԴ-ի ծրագիրը շատ հեղափոխական էր եւ ընդդիմադիր, եւ այն արտացոլվեց կառավարության մեր գործունեության մեջ»:

Հայկական ԶԼՄ-ներն ընտրությունների մասին

«Դատելով այս ամենից, մեր ապագա կառավարությունը կուսակցական ցուցակներում հաղթական տեղեր զբաղեցրած խոշոր բիզնեսմեններով կներկայացվի: Իսկ դա նշանակում է, որ սոցիալիստական քաղաքական տնտեսության կանոններով, միայն հիմա է մեզ մոտ ծագում իրական իմպերիալիզմը, երբ արդյունաբերական, բանկային եւ հանցագործ կապիտալները միաձուլվում են առկա իշխանությունների հետ. Ահա եւ հիմա, վերջապես, կսկսվի դաժան գիշատիչի քմծիծաղով կապիտալիզմը, որի մասին մեզ մի ժամանակ խստորեն զգուշացնում էր սովետական քարոզչությունը, եւ որի մասին, ինչպես արգելված պտղի, մենք լռակյաց եւ թաքուն երազում էինք: Դե ինչ, տեսնենք, թե որքան քաղցր կլինի այն», - ընտրությունների նախօրեին գրում էր «Առավոտ» օրաթերթը:

«Գոլոս Արմենիի» օրաթերթի կանխատեսումները նույնպես լավատեսական չէին.
«Նոր խորհրդարանը կլինի նախորդ երկուսի շարունակությունը, լուռ-հնազանդ իշխանամետ մեծամասնության գերիշխող ներկայացուցչությամբ, որը հնազանդ կերպով կսեղմի կոճակները: Ինչպես եւ նախորդ խորհրդարանում, նորում օրենսդրական գործունեության ունակ ամենաշատը 10-15 մարդ կլինի: Մի քանի պոպուլիստներ կլինեն ռադիկալներից եւ իշխանամետներից, որոնք առանց գործին էական օգտի միշտ դաշտում կլինեն: Մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելները կհասնեն իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչներին»: 

Դիտորդներն եւ նրանց գնահատականները

Հատկանշական է, որ դիտորդների գնահատականները նման էին նախագահական ընտրությունների գնահատականներին: Եւ կրկին, ԱՊՀ-ից դիտորդները հայտնեցին, որ խորհրդարանական ընտրությունները «օրինական եւ ժողովրդավարական էին, եւ ընտրություններին նախապատրաստման, քվեարկության կազմակերպման եւ անցկացման ժամանակ «զանգվածային բնույթ չկրող անէական խախտումներ էր գրանցվել: Միաժամանակ, ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԽԽՎ դիտորդները ընդգծել են, որ չնայած վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների համեմատ արձանագրված նկատելի առաջընթացին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: 


Լորդ Ռասել-Ջոնսթոնը
Լուսանկարը` www.telegraph.co.uk

Եվրոպացի դիտորդները հույս էին հայտնել, որ «անպատժելիության մթնոլորտին վերադարձ չի լինելու, ինչի սկիզբը դրվել էր վերջերս կայացած նախագահական ընտրություններին»: 

Միջազգային դիտորդները նկատել էին, որ ընտրություններին ընտրողների ցածր մասնակցությունը վկայում է մարդկանց մոտ ընտրական գործընթացի հանդեպ վստահության զգալի նվազման մասին: 

ԵԽԽՎ Դիտորդական առաքելության ղեկավար Լորդ Ռասել-Ջոնսթոնը ՀՀ ԿԸՀ-ի` ընտրություններին ընտրողների մասնակցության մասին տեղեկությունների վերաբերյալ կասկած էր արտահայտել. «Ինձ զարմացնում է այն, որ ընտրատեղամասերի փակումից կես ժամ առաջ ընտրողների մասնակցությունը 43% էր, իսկ քվեարկության ավարտից հետո այդ ցուցանիշը աճեց եւ դարձավ 51%», - ասել էր նա:

ԱՄՆ-ը կոչ էին արել Հայաստանի ղեկավարությունը «օպերատիվ արձագանքել» միջազգային դիտորդների եւ առաքելությունների առանցքային եզրահանգումներին: ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դուգլաս Դեվիդսոնը ասել էր, որ «ընտրությունների երկակի գնահատականը, հատկապես հիասթափեցնող է, հաշվի առնելով այն հսկայական առաջընթացը, որը գրանցել էր Հայաստանը վերջին 11 տարիների ընթացքում` ժամանակակից հասարակության կառուցման գործում, ինչով այդ երկրի ժողովուրդն եւ կառավարությունը կարող են իսկապես հպարտանալ»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյան` Լորդ Ռասել-Ջոնսթոնը շոկի մեջ էր

Հովհաննես Հովհաննիսյանն 2003թ. հանդիսանում էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: Ընտրությունների օրը նա հանեց իր թեկնածությունը եւ հայտարարեց, որ հրաժարվում է հետագա պայքարից 45-րդ մեծամասնական ընտրատարածքում:


ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը
Լուսանկարը` Photolure

«2002-2003թթ. Հայաստանում այսպես ասած «Եվրոպական բում էր»` մենք անդամակցեցինք Եվրախորհրդին, սկսում էինք ակտիվ համագործակցությունը Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ: Եվ այդ ֆոնի վրա ես վստահ էի, որ Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները պիտի անցնեն Հայաստանի ստանձնած պարտագրություններին համապատասխան: Սակայն, ես խորը հիասթափություն ապրեցի, երբ ծանոթացա իշխող կուսակցությունների համամասնական ցուցակներին: Նրանց մեջ ընդգրկված էին նոր մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեին քաղաքականության հետ` այսպես ասաց «կիսաօլիգարխիկ էլեմենտներ»:

Երջանկահիշատակ Լորդ Ռասել-Ջոնսթոնը, որը շատ բան էր արել Հայաստանի համար, ուղղակի շոկի մեջ էր: Եվրոպական կարճաժամկետ եւ երկարաժամկետ դիտորդների զեկույցները շատ կոշտ գնահատականներ էին պարունակում, բայց դրանից էականորեն բան չփոխվեց: 2003թ. երկու փուլով անցկացրած նախագահական ընտրությունները շատ ծանր նստեցին եւ պետության, եւ ժողովրդի վրա: Դրանից հետո մարդիկ բավականին մեծ հիասթափություն ապրեցին: Իմ կարծիքով, հենց դա էր պատճառը, որ այդպիսի խայտառակ ցածր մասնակցություն էր գրանցվել»:

Հետընտրական զարգացումները

Ինչպես եւ 1995 թվականին, ընդդիմությունը կրկին քննարկում էր նոր խորհրդարանի բոյկոտի հարցը: Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ իշխանությունները «կեղծել են ընտրությունները»:

Ընտրությունների հաջորդ օրը «Արդարությունը» հանդես եկավ հայտարարությամբ` չճանաչելով ընտրությունների արդյունքները: Շտաբի պետ Ստեփան Զաքարյանն ասել էր, որ խորհրդարանական ընտրությունները անցել էն «նախագահականից շատ ավելի վատ»: Ըստ Զաքարյանի, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին ժողովրդավար եւ արդար, իրենք կստանային ձայների ավելի քան 50%-ը:

Ի վերջո, «Արդարության» քաղխորհրդը որոշում կայացրեց չհրաժարվել պատգամավորական մանդատներից, սահմանափակվելով խորհրդարանի առաջին նիստի բոյկոտելով:

Վերջաբան

Երրորդ գումարման Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները 2003թ. հունիսի 12-ին եւ ավարտեց 2007թ. ապրիլի 9-ին: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, իսկ նախագահի տեղակալներ` Տիգրան Թորոսյանը եւ Վահան Հովհաննիսյանը: 2006թ. մայիսի 22-ին Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց իր հրաժարականը: Հունիսի 1-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը:

1995թ. ընտրությունների մասին կարդացեք այստեղ:

1999թ. ընտրությունների մասին կարդացեք այստեղ:

Արամ Արարատյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին