«ԱԺ ընտրություններ` v1.0- v 4.0»` 1999 թվականի ընտրությունները - Mediamax.am

exclusive
14468 դիտում

«ԱԺ ընտրություններ` v1.0- v 4.0»` 1999 թվականի ընտրությունները



ՀՀ երկրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 մեծամասնական եւ 56 համամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 1999թ. մայիսի 30-ին:

Ընտրություններին մասնակցեցին 21 կուսակցություններ եւ դաշինքներ:

Օրենքով սահմանված 5%-ի սահմանագիծը հաղթահարեցին 6 կուսակցություն եւ դաշինք, իսկ տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ. «Միասնություն» դաշինք` 41,69% (29 պատգամավոր), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 12,09% (8), «Իրավունք եւ միաբանություն» դաշինք` 7,96% (6), ՀՅԴ` 7,86% (5), «Օրինաց երկիր» կուսակցություն` 5,28% (4), Ազգային Ժողովրդավարական միություն` 5,17% (4):


Լուսանկարը` Photolure

Խորհրդարանում ստեղծվեցին 6 խմբակցություններ ` «Միասնություն» (46 պատգամավոր), Կոմկուս (8 պատգամավոր), «Իրավունք եւ միաբանություն» (5 պատգամավոր), ՀՅԴ (8 պատգամավոր), «Օրինաց երկիր» (4 պատգամավոր), ԱԺՄ (4 պատգամավոր) եւ 3 պատգամավորական խմբեր`«Ագրարա-արդյունավերական ժողովրդավարական միություն» (11 պատգամավոր), «Հայաստան» (12 պատգամավոր) եւ «Ժողովրդական պատգամավոր» (16 պատգամավոր):

1999թ. հունիսի 10-ին, ՀՀ Սահմանադրության համաձայն, բացվեց ՀՀ երկրորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նստաշրջանը: ԱԺ նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, իսկ տեղակալներ՝ Ալբերտ Բազեյանը (հետագայում` Յուրի Բախշյանը) եւ Ռուբեն Միրոյանը:

Սկանդալներ

Նախընտրական շրջանը, ընդհանուր առմամբ, անցավ բավականին հանգիստ պայմաններում եւ սկանդալներ, որպես այդպիսիք, չարձանագրվեցին: Արտառոց իրադարձությունների շարքին կարելի է դասել միայն պատգամավորության թեկնածու Շանթ Հարությունյանի վրա կատարած հարձակումը, որի հետեւանքում նա ծեծի ենթարկվեց անհայտների կողմից:

Սենսացիա

Անկասկած, գլխավոր անակնկալն եղավ Վազգեն Սարգսյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի Ժողովրդական կուսակցության դաշինքը, որն անվանվեց «Միասնություն»:


Լուսանկարը` Photolure

1998թ. նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանը պարտվեց Ռոբերտ Քոչարյանին եւ չնայած հրապարակայնորեն չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, Հայաստանի կոմունիստական նախկին առաջնորդը «խուլ ընդդիմության մեջ էր»: 

ԿԸՀ դիմումների ներկայացման վերջին օրը՝ մարտի 30-ին, ՀՀԿ ներկայացուցիչ Յուրի Բախշյանը պաշտոնապես տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միավորումն իրականություն է: «Միասնությունը» միանգամից դարձավ ընտրական մրցավազքի գլխավոր ֆավորիտը:

«Միասնության» ցուցակը բաղկացած էր 145 անունից: Այն գլխավորում էին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը եւ Ալբերտ Բազեյանը:

Վազգեն Սարգսյան. “Կարեն Դեմիրճյանի հետ մեզ միավորում է ընդհանուր ցավը…”

«Երկու կուսակցություններն էլ` թե Հանրապետականը, եւ թե հատկապես Ժողովրդականը, լուրջ ձեւավորման փուլում են: Կուսակցությունների կայացման ընթացքում ընդգծված եւ որոշիչ է լինելու երկու անհատ-առաջնորդների դերը: Կարեն Դեմիրճյանը եւ ես հեշտությամբ չենք հանգել դաշինքի ձեւավորման գաղափարին: Հայաստանը մեկ գաղափարի երկիր է: Մենք տարբեր մարդիկ ենք, մեր աշխարհընկալումները մասամբ տարբեր են, բայց մեզ միավորում է ընդհանուր ցավը…


Լուսանկարը` Photolure

Այո, մենք հակառակ բարիկադներում էինք, բայց թշնամական բարիկադներ չէին դրանք, մեզ առաջնորդում էր նույն ցավը, ինչ այսօր: Մեր մեջ կար առողջ մրցակցություն, ինչը մաղթում եմ բոլորիս: Այս դաշինքը կայացել է եւ կայանալու է` դրդապատճառներն առողջ են, նպատակը` հստակ եւ միասնական»,- ասել էր Վազգեն Սարգսյանը 1999թ. մայիսի 18-ին «Հայաստանի Հանրապետության» թերթին տված հարցազրույցում:

Նախընտրական շրջան

Երկու ամենաազդեցիկ քաղաքական գործիչների կողմից այդպիսի հզոր միության ձեւավորումը, անշուշտ, կտրուկ փոխեց ուժերի դասավորությունը քաղաքական դաշտում: Քչերի մոտ կասկածներ կային, որ «Միասնությունը» կստանա խորհրդարանում մանդատների մեծամասնությունը:

«Այս դաշինքը շատերը անվանեցին մեզալյանս եւ շատ իզուր: Անգամ պաշտոնական տվյալներով Կարեն Դեմիրճյանը, ով առանց որեւէ պատրաստվածության եւ PR-ի մտավ 1998թ. նախագահական արտահերթ ընտրությունների պայքարի մեջ, ստացել էր ձայների մոտ 40%-ը: Ոչ պաշտոնական տվյալներով, նա հաղթել էր Ռոբերտ Քոչարյանին արդեն իսկ առաջին փուլում, սակայն հաղթանակը նրանից գողացել էին: Իրազեկ մարդիկ փաստում են, որ Վազգեն Սարգսյանը, ով բավականին նպաստել էր ընտրությունների կեղծմանը, հենց դրանից հետո սկսեց լուրջ մտածել հեռանկարների մասին: Շատ գայթակղիչ էր ուժեղացնել սեփական հավակնությունները Դեմիրճյանի չծերացող խարիզմայով: Բայց Կարեն Սերոբիչի համար էլ երիտասարդ պաշտպանության նախարարի հետ միավորումը շատ օգտակար կլիներ: Ժողովրդական համակրանքի 67-ամյա առաջնորդը շատ լավ հասկանում էր` նա կարող է հաղթել ցանկացած ընտրությունում, սակայն քանի դեռ իր մեջքին չկա իրական ուժ, օրինական հաղթանակը նրան ոչ ոք չի տա»,- գրում էր ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Մեկնաբանելով Դեմիրճյան-Սարգսյան դաշինքը` Կոմկուսի ներկայացուցիչները նշում էին, որ այն իրենց հավելյալ քվեներ կբերի, քանզի ընտրողները ազատվել են Կարեն Դեմիրճյանի կոմունիստական անցյալի պատրանքներից:


Լուսանկարը` Photolure

ՀՅԴ-ն չեզոք գնահատական տվեց դաշինքի ձեւավորմանը: Մասնավորապես, Վահան Հովհաննիսյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «դաշինքի ձեւավորումը գուցեեւ լավ է, ամեն դեպքում քաղաքական գզվռտոցը տգեղ ձեւեր չի ընդունի»:

“Առավոտ” թերթի օնլայն տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյան. “Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին դիմավորում էին անկեղծ ոգեւորությամբ”

1999թ. ամենախայտառակ ընտրություններն էին ընտրացուցակների տեսանկյունից: Հիմա էլ բացահայտումներ են արվում, օրինակ, որ Ֆադեյ Սարգսյանի անունը դեռ կար ցուցակներում, կամ, որ մեկ բնակարանում 100 հոգի մարդ կարելի է գրանցել: Սակայն վստահեցնում եմ, որ այս ամենն ոչինչ է նրա համեմատ, թե ինչ էր կատարվում ցուցակների հետ 1999թ.:

Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միավորման մասին.

Այդ միավորումը իսկապես մեծ անակնկալ էր թվում: Ընդհանրապես, Կարեն Դեմիրճյանն այդ իմաստով բավականին անկանխատեսելի քաղաքական գործիչ էր: Սակայն, միեւնույն ժամանակ, դա նաեւ մեկնաբանվում էր որպես ծրագրված կամ իշխանությունների հետ փոխհամաձայնեցված խաղի արդյունք: Ես հիշում եմ, որ Վազգեն Մանուկյանը կասկածներ ուներ, որ Կարեն Դեմիրճյանին մտցրեցին քաղաքականություն հենց իր դեմ: Այդ տեսակետի կողմնակիցները նաեւ ասում էին, որ, իհարկե, Կարեն Դեմիրճյանը չհամաձայնվեց 1998թ. նախագահական ընտրությունների վերջնական արդյունքի հետ, բայց չորդեգրեց ակտիվ պայքարի կուրս: Այն հանգամանքը, որ մեկ տարի հետո երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն գնում է դաշինքի իշխանական գործչի հետ, նույնպես դիտվում էր այդ նույն պայմանավորվածությունների տրամաբանության ներքո: Այդպես է, թե ոչ, չեմ կարող պնդել, քանի որ կան այդ վարքագիծը թե հերքող եւ թե հաստատող փաստարկներ:

Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի տրամաբանությանը, ապա ստիպված եմ հիշեցնել այն ժամանակ բավական շատ շրջանառվող վարկածը՝ կապված ներիշխանական հակասությունների հետ: Ինչքան էլ Վազգեն Սարգսյանը հրապարակավ պնդում էր, որ “իմ ու Քոչարյանի միջեւ որեւէ խնդիր չկա”, բայց առնվազն իր այդ քայլը վկայում էր հակառակի մասին:

Այնուամենայնիվ, մի բան ակնհայտ է: Այդ դաշինքը, մանավանդ գյուղերում եւ մարզերում, դիմավորում էին անասելի ոգեւորությամբ, եւ դա ոչ ձեւական էր, ոչ էլ սարքած: Այսօր դա կարող է ծիծաղելի թվալ, բայց Դեմիրճյանին դիմավորելիս՝ մարդիկ նույնիսկ ասում էին. “Նայիր, մինչեւ հիմա քո ժամանակ առած կոստյումն եմ հագնում”: Մարդիկ իսկապես իր հետ էին կապում իրենց խորհրդային տարիների լավ հիշողությունները եւ գուցե ենթադրում էին, որ մի անձը կարող է փոխել ամեն ինչ:

Դիտորդներն եւ նրանց գնահատականները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ բաղկացած 12 երկարաժամկետ եւ 168 կարճաժամկետ դիտորդներից, ինչպես նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 24 դիտորդներից, հայտարարել էր, որ 1999թ. ընտրությունները, ընդհանուր առմամբ, իշխանությունների կողմից մի քայլ առաջ էին դեպի ԵԱՀԿ պարտավորությունների կատարումը:


Լուսանկարը` Photolure

ԵԱՀԿ զեկույցում նշվում էր, որ ընտրարշավի ժամանակ հարգվում էր հավաքների եւ խոսքի ազատությունը, նախկինում արգելված կուսակցություններին թույլատրվել էր մուտք գործել քաղաքական ասպարեզ, քաղաքական կուսակցությունների լուսաբանումը պետական հեռուստատեսությամբ եւ այլ լրատվամիջոցներում հավասարակշռված էր եւ հիմնականում չեզոք, իսկ նախընտրական քարոզարշավն անցել էր հանգիստ, առանց լուրջ խախտումների: Այդուհանդերձ, զեկույցում նշվում էր, որ բոլոր ուժերի ծրագրերը նույնատիպ էին, եւ պայքարը հիմնականում անձերի, այլ ոչ թե քաղաքական պլատֆորմների միջեւ էր:

“Թեեւ ընտրական գործընթացը 1999 թ-ին, ընդհանուր առմամբ, ցույց տվեց ակնհայտ բարելավում 1995, 1996 եւ 1998թթ. ընտրությունների համեմատ, որոնք անցել էին էական խախտումներով, նախորդ ընտրությունները համարժեք համեմատության համար հարթակ չեն հանդիսանում: Միակ չափանիշը ԵԱՀԿ պարտավորություններն են, որոնք ամրագրված են 1990թ. Կոպենհագենի փաստաթղթում: Այս համատեքստում անհրաժեշտ է իրականացնել ավելի մեծ բարեփոխումներ”,- նշում էին ԵԱՀԿ-ի դիտորդները՝ շեշտելով, որ մի շարք լուրջ խնդիրներ դեռ լուծված չեն:


Լուսանկարը` Photolure

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ֆոլին նույնպես հայտարարել էր, որ ընտրությունները նախորդների համեմատ ավելի լավն էին, սակայն Հայաստանին անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել ընտրական համակարգի բարելավման ուղղությամբ, որպեսզի վերանան դիտորդների կողմից մատնանշված թերությունները:

Գնդակահարված հույսեր

Ցավոք, 1999թ. գլխավոր իրադարձությունը դարձան ոչ ընտրությունները, այլ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որի կատարողները գլխատեցին «Միասնություն» եւ ոչնչացրին շատերի հույսերը: 

Վերջաբան

ՀՀ երկրորդ գումարման Ազգային Ժողովը սկսեց աշխատանքը 1999թ. հունիսի 10-ին եւ ավարտեց 2003թ. մայիսի 14-ին:  1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո նոյեմբերի 2-ին գումարված արտահերթ նստաշրջանում ընտրվեց ԱԺ նոր ղեկավարություն: Խորհրդարանի նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը եւ Գագիկ Ասլանյանը:

1995թ. ընտրությունների մասին կարդացեք այստեղ:

Արամ Արարատյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին