Արցախի էթնիկ զտման 100-ամյա հետագիծը Հակոբյանի եւ Մոլլիկայի գրքում - Mediamax.am

Փետրվար 26, 2026
145 դիտում

Արցախի էթնիկ զտման 100-ամյա հետագիծը Հակոբյանի եւ Մոլլիկայի գրքում


Լուսանկարը` David Mdzinarishvili/REUTERS

Արսեն Հակոբյանը
Արսեն Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրի Սուվարյանը եւ Պավել Ավետիսյանը
Յուրի Սուվարյանը եւ Պավել Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Աբրահամյանը
Լեւոն Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրի Սուվարյանը
Յուրի Սուվարյանը
Հարություն Մարությանը
Հարություն Մարությանը
Տղան վազում է Շուշիոում (2009թ.)
Տղան վազում է Շուշիոում (2009թ.)

Լուսանկարը` David Mdzinarishvili/REUTERS

Երեխաները խաղում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (2009թ.)
Երեխաները խաղում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (2009թ.)

Լուսանկարը` David Mdzinarishvili/REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ինչու՞ Արցախում այլեւս հայեր չկան. այս հարցի պատասխանը Արցախի երկրորդ պատերազմի, նախապատերազմական ու հետպատերազմական շրջանների զարգացումների մարդաբանական քննության միջոցով փորձել են ցույց տալ գիտնականներ Արսեն Հակոբյանն ու Մարչելլո Մոլլիկան։ 

Աշխատանքն ամփոփող գիրքը՝ «Կոնֆիլկտ, տարածք եւ անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն»-ը (Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War), լույս է ընծայել Palgrave Macmillan հեղինակավոր հրատարակչությունը։ 

2026թ. փետրվարի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի էր ունեցել գրքի շնորհանդես-քննարկումը։ 

Աշխատանքի ամփոփ նկարագիրը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Արսեն Հակոբյանի եւ Իտալիայի Մեսսինայի համալսարանի մարդաբանության եւ ազգաբանության ասոցացված պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկայի գիտական համագործակցությունը նոր չէ։ Դեռեւս 2021 թվականին Palgrave Macmillan գիտական հրատարակչությունը լույս էր ընծայել նրանց համատեղ առաջին աշխատանքը՝ «Սիրիահայերը եւ թուրքական գործոնը․ Քեսաբը, Հալեպը եւ Դեյր էզ Զորը սիրիական պատերազմում» (Syrian Armenians and the Turkish Factor Kessab, Aleppo and Deir ez-Zor in the Syrian War) գիրքը, որտեղ նոր դիտանկյունից քննվում է` ինչպես է ինքնությունն ու պատկանելիությունը դառնում անդրսահմանային հարվածների թիրախ, ինչպես է վերարտադրվում Ցեղասպանության հիշողությունը՝ թուրքական գործոնի միեւնույն սպառնալիքներով։

Կարելի է ասել, որ «Կոնֆիլկտ, տարածք եւ անդրազգայնություն. ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» աշխատությունը նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Արսեն Հակոբյանի վերջին հոդվածներից մեկն էլ նվիրված էր այսպես կոչված «Ղափանի դեպքերին», որտեղ հեղինակը բացահայտել է Սումգայիթում հայերի ջարդերի համար Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղեկատվական ու գաղափարական հենք նախապատրաստելու կեղծ գործընթացը։ 


Հեղինակների վերջին աշխատանքն ամբողջացնում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը՝ քննելով այն մարդաբանության ոլորտում, եւ իր տեսակով առաջինն է 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո։ 

Գիրքը բաղկացած է երկու հիմնական մասից. առաջինում Լեռնային Ղարաբաղը ներկայացվում է հնագույն ժամանակների ծագման շրջանից մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմ՝ իր պատմական, կրոնական, աշխարհաքաղաքական ուղղություններով։ Առանձնակի ուշադրություն է առնված Շուշիի պատմությունը։ Գրքի երկրորդ մասում դեպքերի ուսումնասիրությամբ անդրադարձ է կատարվում քաղաքներում, մշակութային կենտրոններում եւ վանքերում զարգացող կոնֆլիկտի, ժառանգության, անդրազգայնության հարցերին, քաղաքային ժառանգության խորհրդանշական դերին։ 

Հիմնական քննարկումն առնչվում է սոցիալական պրակտիկաների ձեւավորմանն ու վերափոխմանը՝ հաշվի առնելով ներքին (էնդոգեն) եւ արտաքին (էկզոգեն) դինամիկաների դերը Լեռնային Ղարաբաղի հայերի վարքագծի եւ հակամարտության սցենարի համատեքստում։ ԼՂԻՄ-ի ստեղծման, խորհրդային շրջանում առկա, բայց լռեցվող կոնֆլիկտի, շարժմանը նախորդած հայերի ջարդերի, արցախյան առաջին ազատամարտի, ԼՂՀ-ի ստեղծման ու կայացման ընթացքի, 2020 թվականի պատերազմի ու 2023 թվականին Արցախի էթնիկ զտման իրողությունները դիտարկվում են մեկ ամբողջական հետագծով՝ ուսումնասիրության առանցքում ունենալով Արցախի խոշոր քաղաքների իրադարձությունները։ 

Գաղափար եւ իրականացում

Շնորհանդեսի ընթացքում Արսեն Հակոբյանը պատմել է, թե ինչպես է ծնվել գրքի գաղափարը.

«Արդեն ավարտել էինք Սիրիական պատերազմին վերաբերող մեր գրքի աշխատանքները, ընդ որում, գրքի վերջաբանում անդրադարձել էինք 2020 թվականի Տավուշի հուլիսյան դեպքերին եւ Սիրիայից բռնության արտահանման [ահաբեկիչ զինյալների տեղափոխման-հեղ.] առաջին փորձերի շուրջ իրադարձություններին՝ ցույց տալով հնարավոր հետագիծը, թե դեպի ուր կարող են զարգանալ իրադարձությունները։ Իսկ 2020թ. սեպտեմբերին սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը»,- նշել է գիտնականը։ 
Արսեն Հակոբյանը Արսեն Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատերազմին անմիջապես նախորդող օրերին Արսեն Հակոբյանը Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտարշավով՝ Հրանուշ Խառատյանի գլխավորությամբ Արցախում դաշտային աշխատանքներ էր իրականացնում, որոնք ըստ էության դարձան վերջինը։ 

«Ես աշխատում էի Շուշիում, եւ նախապատերազմյան Ղարաբաղում վերջին ազգագրական նկարագրությունը, ազգագրական փաստերի հավաքագրումը դարձավ մեր նոր գրքի մեթոդաբանական կարեւոր անկյունաքարերից մեկը»։ 
Տղան վազում է Շուշիոում (2009թ.) Տղան վազում է Շուշիոում (2009թ.)

Լուսանկարը` David Mdzinarishvili/REUTERS


Պատերազմական շրջանում նույն հրատարակչությունից՝ Palgrave Macmillan-ից, առաջարկ են ստացել շարունակելու խնդրի հետազոտումը, որովհետեւ ռազմական գործողությունների ժամանակ քաղաքները կրկին թիրախ էին դարձել։ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գիտնականները սկսել են գրքի նախագծի ձեւավորումը, եւ հետագայում երկու դրամաշնորհային մրցույթներում հաղթելու շնորհիվ գրքի հրատարակությունը դարձել է հնարավոր։ 

Քննարկվող հիմնական խնդիրներ

Գիրքը քաղաքային մարդաբանության վերաբերյալ է, որտեղ քաղաքներն ու տարածքները ներկայանում են ոչ թե զուտ որպես ֆիզիկական տարածք, այլ  մարդկանց ապրելու միջավայր՝ հիշողություններով, զգացմունքներով։ Այդ աշխարհները կոնֆլիկտի բերումով քանդվում են, վերափոխվում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ որ ուսումնասիրում ենք քաղաքների դիտանկյունից, տեսնում ենք որ առաջին բողոքի շարժումները սկսվում են քաղաքներում՝ Հադրութ, Ստեփանակերտ, Երեւան։ Առաջին բռնության դեպքերը եւս տեղի են ունենում քաղաքներում՝ Սումգայիթ, Կիրովաբադ եւ Բաքու։ Դրանք առանձին քննարկման առակա են աշխատության մեջ. Բաքվի ջարդերով ավարտվում է Ադրբեջանի հայության քաղաքային ջարդերի շղթան, որն էլ հետագայում վերաճում է պատերազմական գործողությունների»,-նշել է գիտնականը։ 

Գրքում քաղաքները ներկայացվում են իրենց պատմական զարգացման ընթացքով, խորհրդանշական իմաստներով, ԼՂԻՄ-ում առկա կոնֆլիկտներով։ Քննարկվում է պատերազմի անդրազգային (տրանսնացիոնալ) կողմը՝ հյուսիսայից Սիրիայից բռնության արտահանումից մինչեւ պատերազմի ժամանակ սփյուռքի հայկական համայնքների նկատմամբ հարձակումները՝ որպես համակարգված քաղաքականության մաս։ 
Երեխաները խաղում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (2009թ.) Երեխաները խաղում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (2009թ.)

Լուսանկարը` David Mdzinarishvili/REUTERS


«Եթե մի կողմից դրան դիմադրում է ինքնակազմակերպվող հայկական սփյուռքը, ապա հակառակ կողմում դա պետականորեն կազմակերպված անդրազգային ցանցն էր՝ ոչ միայն սիրիական բռնություն, այլեւ «Գորշ գայլեր», ադրբեջանական սփյուռքային կառույցներ, որոնք ինչպես ցույց են տալիս նաեւ վերջին բացահայտումները, կապված են ադրբեջանական վարչակազմի հետ»,- մանրամասնել է Արսեն Հակոբյանը՝ հատուկ ընդգծելով եւս մեկ կարեւոր բացահայտում. 

«Ներկայացրել ենք նաեւ պատերազմի օրերին Ստամբուլի հայերի, Թուրքիայի հայ միգրանտների ծանր դրությունը. նրանք հարկադրված լքել էին Ստամբուլը՝ ճնշումների, հոգեբանական իրողությունների թելադրանքով»։ 
Լեւոն Աբրահամյանը Լեւոն Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրքում առանձնահատուկ քննության են առնվել նաեւ կարեւոր սրբավայրերի դերակատարություններն ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական զարգացումների ժամանակ։ Դրանց առանձնահատուկ նշանակությունը հայերի համար քննվում է նաեւ Նախիջեւանում մշակութային ցեղասպանության հիշողության դիտանկյունից։ 

Լուսանկարը` REUTERS


«Քննել ենք Դադիվանքի շուրջ զարգացումները, որը դարձել էր մի ամբողջ միջազգային հարաբերությունների առարկա մշակութային ժառանգության փրկության առումով՝ Հայ Առաքելական եկեղեցու, ռուսական եկեղեցու ու ռուսական միջնորդական առաքելության ներգրավվածությամբ՝ որպես անկլավ պահպանվելով մինչեւ 2023 թվականի անկումը: Մյուս կողմից էլ Ամարասն է՝ որպես սահմանային վանք։ Քննարկում ենք նաեւ, թե ճգնաժամային իրավիճակներում հայ եկեղեցին ինչպիսի պրակտիկաներ ձեւավորեց մշակութային պահպանության ուղղությամբ՝ սկսած արտակարգ ուխտագնացություններից մինչեւ Դադիվանքի վեց վանականների հոգեւոր ծառայություն»,- մանրամասնել է Արսեն Հակոբյանը։

Հիմնական մարտահրավերներ, բացթողումներ, առանձնահատկություններ

Իտալացի պրոֆեսոր Մոլլիկայի խոսքով՝ աշխատանքի հիմնական մարտահրավերներից մեկը քննվող նյութից մեկուսացած մնալու խնդիրն էր, որը գրեթե անհնար էր հատկապես Արսեն Հակոբյանի պարագայում, քանի որ նա իրադարձությունների կենտրոնում էր։ 


Պրոֆեսորը նաեւ անդրադարձել է սոցիալական գիտությունների ոլորտում ֆինանսավորման խնդիրներին, որոնք հետազոտողների առաջ որոշակի սահմանափակումներ են դնում։ Նման սահմանափակումների պատճառով էլ, օրինակ, ստիպված էին գրքի վերջնական տարբերակից դուրս թողնել կրոնական տարածությանն ու խորհրդանիշներին վերաբերող գլուխը, ինչը սակայն, պրոֆեսորի գնահատմամբ, խիստ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի խնդրի դիտարկման համատեքստում։ 

«Աշխատանքի բանալի բառերից մեկն անդրազգայնությունն է, որի գաղափարն արդեն իսկ սահմանել էինք մեր նախորդ գրքում, կատարել որոշակի կանխատեսումներ, որոնք իրականացան։ Դա վերաբերում էր հիմնականում արտաքին խաղացողների դերակատարությանը»,- նշել է Մարչելլո Մոլլիկան ՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում զարգացումների վրա միջազգային տարբեր գործոնների ազդեցության դիտարկմամբ որոշակիորեն շեղվել են զուտ մարդաբանական հետազոտությունից եւ տեղափոխվել միջազգային հարաբերությունների դաշտ, կատարել նաեւ պատմական շեշտադրումներ, ինչը լայն դիտահորիզոն եւ միջմասնագիտական մոտեցում է հաղորդել աշխատությանը։ 

«Չենք կարող հասկանալ Լեռնային Ղարաբաղն առանց Լեռնային Ղարաբաղի պատմության»,- ընդգծել է նա։ 
Յուրի Սուվարյանը եւ Պավել Ավետիսյանը Յուրի Սուվարյանը եւ Պավել Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քննարկման ընթացքում Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանն ընդգծել է, որ արցախյան կոնֆլիկտի շղթան մարդաբանական հետազոտությունների տեսանկյունից քիչ է ուսումնասիրված եւ դրանով իսկ այս գիրքն առավել արժեքավոր է։ Նա առանձնահատուկ ընդգծել է, որ շատ լավ ներկայացված է Շուշին՝ աշխարհագրորեն փոքր տարածք զբաղեցնող, բայց Լեռնային Ղարաբաղի բոլոր զարգացումներում շատ մեծ դերակատարություն ունեցած վայրը։ 

«Գիրքը շատ մարդկային դեմք ունի, այն մարդու, այլ ոչ թե միայն երեւույթի մասին է՝ չնայած անհատական որեւէ կենտրոնացում չկա։ Հեղինակների մասնագիտական քննությունը ցույց է տալիս բուն պատերազմը, դրա հետեւանքը, ինչպես է այն գալիս որպես շարունակություն նախորդող ընթացքից. ամբողջ խորհրդային շրջանում հասունանում էր այն, ինչ պետք է տեղի ունենար հետխորհրդային շրջանում»,- նշել է նա։ 

Հաշվի առնելով հեղինակների ընտրությունը՝ քննել առավելապես ԼՂԻՄ-ի քաղաքները եւ հասկանալով, որ գիրքը ծանրաբեռնված էր, Հրանուշ Խառատյանն, այնուամենայնիվ, ափսոսանք է հայտնել, որ քննության հիմնական առարկա չեն դարձել հայկական պատմական անկլավ դարձած Բաքուն եւ Սումգայիթը, որոնք ուղղակիորեն ազդել են կոնֆլիկտի վրա։ 
Յուրի Սուվարյանը Յուրի Սուվարյանը


«Ես չեմ դադարի կրկնել, որ մինչ օրս Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածի հերոսացումն առնվազն 9 հուշարձանով՝ կառուցված 1988-89 թվականներին, առկա են այսօրվա Ադրբեջանի նախագահի կայքում՝ որպես հպարտ ցուցադրություն այն «հերոսության», որը տեղի է ունեցել Սումգայիթում 1988-ին»,-նշել է նա՝ ընդգծելով, որ նման օրինակները երեւույթի ընդհանուր պատկերը շատ լավ են ցույց տալիս։ 

Վերջաբանի փնտրտուքը

Գրքի թիրախային լսարանն ակադեմիական շրջանակներն են, ինչպես նաեւ լրագրողները, հետազոտողները, հանրային գործիչները։ Ներկայումս այն չունի բաց հասանելիություն, առկա է միայն անգլերենով, եւ հնարավոր է ձեռք բերել առցանց կամ դրան ժամանակավոր հասանելիություն ստանալ առցանց գրադարանների միջոցով։  

Հետազոտության համար հիմք ծառայած աղբյուրները բազմազան են, հատկապես առանձին դրվագների ուսումնասիրության համար կարեւոր աղբյուրագիտական նյութ են դարձել լրատվամիջոցների հրապարակումները։ 

Ուրախությամբ արձանագրենք, որ հետազոտողների համար օգտակար են եղել նաեւ Մեդիամաքսի «Շարժում 88/25» հատուկ նախագիծը, «Հայր Դերենիկ. «Արցախի սահմանն անցանք, բայց մնացինք Դադիվանքում»», «Պատմության էջը ետ շրջելու ու ցամաք հացի արժեքի մասին. սերժանտ Մաթեւոսյան» պատմությունները։ 
Հարություն Մարությանը Հարություն Մարությանը


Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները շարունակում են զարգանալ, ի հայտ են գալիս նոր մանրամասներ, շարունակվում է մշակութային բնաջնջումը, սակայն աշխատանքի համար պետք էր որեւէ ավարտ սահմանել, վերջակետ դնել։ 

Գրքի առաջին մասում հեղինակները որոշել են կանգ առնել այն կետում, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձերբակալվեց եւ ուղարկվեց Բաքու՝ բանտարկության։ Իսկ ամբողջ գրքի համար որպես վերջաբան մեկ այլ լուծում են ընտրել.

«Իրադարձությունների վերլուծության ընթացքում մի հետաքրքիր երեւույթ բացահայտեցինք. թե´ Ամարասի, թե´ Դադիվանքի, թե´ Գանձասարի բանալիները չեն հանձնվել»,- նշել է Արսեն Հակոբյանը. «Աշխատանքն ավարտել ենք հույսով, որ այդ չհանձնված բանալիները մի օր վերադարձի հնարավորություն կտան»։ 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի



Մեր ընտրանին