Կոլյա Ստեփանյանի «Որտեղ»-ը. պատերազմն ու խղճի ձայնը՝ առանց պաթոսի - Mediamax.am

Փետրվար 20, 2026
exclusive
դիտում

Կոլյա Ստեփանյանի «Որտեղ»-ը. պատերազմն ու խղճի ձայնը՝ առանց պաթոսի


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Կոլյա Ստեփանյանի արխիվ

Լուսանկարը` Individuum

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Կոլյա Ստեփանյանը
Կոլյա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորայր Մանվելյանը
Նորայր Մանվելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` «Վերնատուն»

Լուսանկարը` REUTERS


22-ամյա մոսկվաբնակ Կոլյա Ստեփանյանը ժամանում է Հայաստան ու ծնողներից գաղտնի ներկայանում զինվորական հաշվառման։ Կոլյայի եւ ընկերների համար Արցախյան երկրորդ պատերազմը տեւելու էր 70 օր։ Մարտական գործողությունների ավարտից հետո նա եւ ընկերները անհետ կորած էին համարվում, իսկ նրանց փրկությունը հրաշքի էր նման: 

Կոլյա Ստեփանյանի Где. Повесть о Второй карабахской войне գիրքը 2025 թվականին Ռուսաստանում հրատարակել էր Individuum հրատարակչությունը:

Գրքի հայերեն տարբերակը՝ Նորայր Մանվելյանի թարգմանությամբ եւ Արմեն Սարգսյանի խմբագրությամբ, լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը։ 

Նախ մի քանի հարց ենք ուղղել Կոլյա Ստեփանյանին:

- Կոլյա, սոցցանցերում ձեր գրառումներից դատելով՝ թվում է, որ Ձեզ բարկացնում էր այն փաստը, որ Հայաստանում հրատարակիչները հետաքրքրություն չունեն Ձեր գրքի նկատմամբ:

- Հայ հրատարակիչները հետաքրքրություն ցուցաբերում էին, սակայն անում էին դա ոչ պրոֆեսիոնալ, որոշ դեպքերում՝ անհարգալից կերպով։ Ոմանք ընդհանրապես գիրքը չէին կարդացել, ոմանք էլ անմիջապես առաջարկում էին փոփոխություններ կատարել, որոնք ինձ համար ընդունելի չէին։ Օրինակ՝ հայհոյախոսության հետ կապված (բնօրինակ տեքստում հայհոյանք կա, որը չէր կարող բացակայել թարգմանության մեջ): 

Լուսանկարը` Individuum


Իսկ երբ հանդիպեցի եւ զրուցեցի «Վերնատուն» հրատարակչության տնօրեն Ներսես Տեր-Վարդանյանի հետ, համակրանք զգացի նրա նկատմամբ, ստացա ինձ հետաքրքրող որոշ երաշխիքներ՝ կապված թարգմանության եւ տեքստի խմբագրման հետ։ Եվ այդպես ամեն ինչ ստացվեց։

- Թարգմանչի հետ հաճա՞խ եք վեճեր ունեցել: Եթե այո, ապա ո՞ւմ խոսքն էր որոշիչը: 

- Գրքի թարգմանության վրա աշխատելիս Նորայրի հետ ընկերացանք։ Բայ դա բուն գործընթացի վրա չի ազդում՝ ռուսական հրատարակության խմբագիրների հետ էլ էինք շատ վիճում։ Որոշ հարցերում վճռական խոսքը թարգմանչին/խմբագրին է պատկանում, որոշ հարցերում՝ հեղինակին։ Ես գնահատում եւ հարգում եմ մարդկանց պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը, բայց կան պահեր, որոնք ես ավելի լավ եմ զգում:

- Հիմա, երբ գիրքն ապրում է երկու լեզվով, որն է Ձեզ համար ավելի թանկ: Կամ գուցե դրանք առանձին-առանձին եք ընկալո՞ւմ:

- Ինձ համար բնօրինակն ու հայերեն թարգմանությունը հավասարապես կարեւոր են։ Ոչ, դրանք առանձին-առանձին չեմ ընկալում։
Կոլյա Ստեփանյանը Կոլյա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նորայր Մանվելյանը պատմում է, որ Կոլյային հանդիպել է գրական մի միջոցառման ժամանակ։ 

Զրուցել են, քննարկել եւ որոշել գրքի հայերեն թարգմանության հարցը։ Ավելի ուշ, երկար փնտրտուքներից հետո, ընտրել են հրատարակչին։ 

-Ինչպիսի՞ն էր թարգմանության ընթացքը, եւ ինչո՞վ է առանձնանում գրքի հայերեն տարբերակը։ 

-Թարգմանությունը տեւել է 6 – 7 ամիս, խմբագրման հետ միասին՝ գրեթե մեկ տարի։ Հեղինակի հետ մշտապես կապի մեջ ենք եղել, քննարկել ենք, վերանայել ինչ-որ բաներ։ Կոլյան կրում է Գորիսի բարբառը, այսինքն՝ Երեւանի խոսվածքը եւ մեր, այսպես ասած, պաշտոնական լեզուն սովորել է պատերազմից հետո, երբ սկսել է ապրել Հայաստանում։ Գրքի մի քանի հերոսներ, որոնք ռուսերեն բնագրում խոսում են նույն լեզվով, այստեղ խոսում են Հայաստանի եւ Արցախի տարբեր բարբառներով։ 

Այդ հարցում օգնել են Կոլյան, գրքի հերոսները (այսինքն՝ իրական մարդիկ, որոնք գրքի հերոսներ են դարձել) եւ այլ անձինք։

Բացի այդ՝ռուսերենում գրական լեզուն եւ առօրեական խոսքն այնքան տարանջատված չեն, որքան հայերենում։ Հեղինակի ու հերոսների խոսքում տարբերություն, երանգավորում պետք է լիներ։ Իմ եւ խմբագրի մոտեցումը եղել է այն, որ հեղինակը խոսի մեծ մասամբ «է» օժանդակ բայով, իսկ վեպի հերոսները խոսում են ավելի բնական՝ «ա»-երով։ Պետք է տարանջատվի նաեւ՝ սա Կոլյա կերպա՞րն է, թե՞ Կոլյա հեղինակը։ Բավականին բարդ էր է-ախոսությունների եւ ա-ախոսութունների ընտրությունն ամբողջ գրքում։ Բայց, իհարկե, կենդանի խոսքը կենցաղային մակարդակի չի բերվել. ի վերջո, գրականությունն ունի կրթական տարր, լեզուն իր ավելի բարձր ձեւաչափով ցուցադրելու խնդիր։

Այնպես որ, վստահ եմ, որ մենք պահել ենք խոսքի, տեքստի գեղարվեստական արժեքը, բայց նաեւ չենք «սպանել» նրան է-երով, այսպես-ներով, այդպես-ներով։

- «Որտեղը» վավերագրակա՞ն վեպ է։ 

- Ժանրային առումով շատ հեղհեղուկ է։ Բնագրում համենայնդեպս ինքնագեղարվեստականություն է բնորոշվել։ Պատմությունը, կերպարները, ամեն ինչ իրական են, բայց ոճը եւ հնարքները գեղարվեստական են, ինչն ավելի շատ ցուցադրում է գրքի գեղարվեստական, քան վավերագրական արժեքը։ Թեպետ երկուսն էլ առկա են։

-Սա վեպ է պատերազմի սարսափների մասին, որը ժամանակ առ ժամանակ, ավարտին նույնպես, ժպիտ է առաջացնում։  

-Ըստ իս՝ հեղինակը ամերիկյան ատրակցիայի (Roller coaster) վրա է նստեցնում ընթերցողին՝ մե՛կ ժպիտ, մե՛կ տխրություն պատճառելով ընթերցողին։ Այդ հակասությունն է այստեղ կարեւոր, ոչ թե մեկը կամ մյուսը։ Այդ հակադրությունների ամբողջության շնորհիվ է նաեւ վեպն այսքան գունեղ, այսքան խոր ու ազդեցիկ։

-Ո՞ւր է տանում գրքի վերնագիրը։ «Որտեղ»-ը եւ՛ որոշակիանում է, եւ՛ մնում է անորոշ․․․

-Որտե՞ղ է Կոլյա Ստեփանյանը, որտե՞ղ ենք մենք, հինգ տարի անցել է, որտե՞ղ են պատմության հետեւանքները... Փիլիսոփայորեն կարելի է մոտենալ այդ հարցերին, հեղինակն էլ գրքում մեջբերումներ է անում Սենեկայից եւ այլ փիլիսոփաներից։
Նորայր Մանվելյանը Նորայր Մանվելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Նա կարողանում է վերացարկվել պատերազմական փորձառությունից եւ ճշմարտություններ փնտրել այդ ամենում։ Անգամ փորձում է արդարացնել պատերազմը, այն իմաստով, որ եթե դրանք դարեր շարունակ կան ու կրկնվում են, ուրեմն ինչ-որ բանի համար են կամ ինչ-որ բանի պատճառով։ 

- «Ինչքան էլ ցավոտ լինի դա ընդունելը, ես հավատացել եմ մի Հայաստանի, որը չկա։ Նա իրականության մեջ գոյություն չունի։ Գոյություն ունի միայն իմ ու մի բուռ երազողների ներսում»։ Սա ափսոսանք ու հիասթափություն չէ՞։

-Կոլյան, այո՛, ներկայացնում է Ռուսաստանում ապրած տարիներին իր ունեցած պատկերացումները հայրենիքի մասին։ Մինչ պատերազմը հայրենիքը՝ Գորիսը, մի վայր էր, որտեղ կարող էր այցելել ամռան ամիսներին։ Եվ նա որոշում է կայացնում իրապես ճանաչել իր հորը/հայրենիքը, ծառայել Զինված ուժերում, ու ներսից, շատ դեպքերում, տեսնում է իր պատկերացրածի հակառակ պատկերը։ 

Լուսանկարը` REUTERS


Բայց սա քայլ է ընդունելու քո հայրենիքը, քո հայրենիքի իրականությունը, ինչ-որ տեղ՝ քո իրական վիճակը։ Ես տեսնում եմ շատ հստակ զուգահեռ հոր եւ հայրենիքի։ Այստեղ հոգեբանական սեպարացիայի հարց կա նաեւ։ Նա որոշում է կայացնում տարանջատվել հորից (գաղտնի Հայաստան տեղափոխվելով), որ կանգնի իր ուղու վրա եւ տեսնի հորը/հայրենիքը այնպիսին, ինչպիսին որ նա կա։

- «Կա միայն մեկ իսկապես կարեւոր ձայն։ Խղճի ձայնը։ Ճշմարտության ձայնը»։ Ի՞նչ կլիներ մեր երկրում, եթե բոլորը խղճի մտոք շարժվեին։ 

- Տեսե՛ք, էստեղ խղճի ձայնը կարող է նաեւ անձնավորված լինել եւ կապ չունենալ բուն հայրենիքի եւ հայրենասիրության գաղափարների հետ։ Այսինքն՝ Կոլյան իր ճանապարհը, իր կյանքի ուղին տեսնում էր այդ պահի այդ որոշման մեջ, ինչի համար չի զղջում։ Բայց ազգայնական պաթոսով պարփակված չէ գիրքը։ Անպայման չէ, որ միայն հայրենիքի թեման լինի։ Շատ մարդկանց համար խղճի ձայնը կարող է արտահայտման միանգամայն տարբեր ձեւեր ունենալ։ 

-Եթե գրքում ներկայացված իրականությունը այսքան մերը չլիներ, կարող էինք կարդալ նաեւ որպես արկածային գրականություն, ընկերության մասին գրականություն։ Այն օրինակելի ու գրավիչ կարող է լինել նաեւ պատանիների համար։ 

-Երեւի թե բարձրացրած խնդիրներից զատ՝գրքի մեջ ինձ գրավել է հենց այդ ուղղվածությունը, ասես «Ռոբինզոն Կրուզո» կամ «Կոմս Մոնտե Քրիստո» կարդաս։ Ինչո՞ւ, որովհետեւ ինչ-որ պատանիներ հայտնվել են կրիտիկական իրավիճակում, եւ Յութուբից վերցրած գիտելիքներով, հիշողություններով փորձում են ողջ մնալ։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Բացարձակ չարժեզրկելով նրանց արիությունը, սա այն մասին չէ, որ պետք է պաշտպանես, հարձակվես, սպանես, ընդհակառակը՝ այդ բոլոր կողմերը բացակայում են գրքի մեջ։ 

-Եվ չեն կորցնում իրենց դեմքը, ինչը հաճախ է լինում գոյաբանական պայքարի դեպքում։ 

-  Ճգնաժամային իրավիճակները մարդու մեջ ուղղակի ուժգնացնում են այն, ինչն արդեն իր մեջ կա։ Եթե մարդը վախկոտ է իր էությամբ, դա նրան կդարձնի ավելի վախկոտ, եթե մարդը ուժեղ է, իր ուժը դրսեւորելու հնարավորություն կստանա, ինչը տեղի ունեցավ հատկապես իրենց առաջնորդի՝ Մանչի դեպքում։ Կոլյան, Ատոն, ամեն մեկը յուրովի բարձրացավ զարգացման ինչ-որ հոգեւոր, ավելի բարձր մակարդակ, այսինքն՝ գուցե նաեւ պատերազմի «արդարացումներից» մեկը դա կարող է լինել։ 

Մարդուց ավելի կուռ, ավելի գնահատող, մարդկանց ու կյանքը ավելի սիրող անձ է կերտում։ 

- Ի՞նչ կարող է տալ գիրքը ընթերցողին եւ նրանց, ովքեր անցել են պատերազմի միջով։

- Նախ՝գիտակցում, որ դու մենակ չես, քո փորձառությունը կիսել են շատ եւ շատ մարդիկ, ու դեռ պիտի կիսեն (թեկուզ ոչ միայն պատերազմի, այլեւ Զինված ուժերում ծառայելու առումով)։ 

Պատերազմական փորձառությունից հետո շատերի կյանքի ընկալումը կտրուկ փոխվել է։ Գիրքը կտա մի նոր տեսանկյուն, որ գուցե կա իրենց հոգու խորքում, բայց վախենում են ընդունել. որ, այո՛, էս ամեն ինչը կարող է նաեւ ինչ-որ լավ բան քեզ տված լինի՝ բացի տրավմաներից, ֆիզիկական, հոգեկան ցավերից ու կորուստներից։

Լուսանկարը` «Վերնատուն»


Ի վերջո, գիրքը կտա իրականության պատկերը, թե ով ինչ կանի էդ իրականության պատկերի հետ՝ յուրաքանչյուրի գործն է։ 

- Դուք համամի՞տ եք խմբագիր Արմեն Սարգսյանի դիտարկմանը, որ Արցախյան առաջին պատերազմի ամբողջ ցավը, մարդու ներքին կործանումն ու դրա միջով անցնելու մոլեգին փորձը նկարագրած վեպը Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք ծանր բզեզն» է, այսօր վավերագրողը Կոլյա Ստեփանյանն է՝ իր «Որտեղ» վեպով։

- Անշուշտ: Ինքս Լեւոն Խեչոյանից գործեր թարգմանել եմ (շուտով նրա «Հողի դողը» պատմվածքը անգլերեն լույս կտեսնի), ազդվել եմ ժամանակին։ 

Այնտեղ էլ չկա պաթոս, պատերազմի ռոմանտիզացիա, ու շատ ավելի դառն է ներկայացված իրականությունը։ Չկա նաեւ այդ պարզունակ «մենք-նրանք»-ը, «մենք պիտի ապրենք, նրանք պիտի մեռնեն» տարբերակը, որովհետեւ, ըստ իս, պատերազմի բոլոր կողմերը զոհ են։ 

- «Որտեղը» կինոլեզվով ներկայացնելու մտադրություն կա՞։

-Մտադրություն կա, մեծ հույս ունեմ, որ կդառնա ֆիլմ եւ մեծ էկրանի վրա։

-Այլ լեզուներով թարգմանվելո՞ւ է։

-Թարգմանվում է անգլերեն։ Կա մտադրություն նաեւ ֆրանսերեն թարգմանելու։

-Ի՞նչ արձագանքներ է ստացել գիրքը։ 

- Ռուսերեն բնագրի մասին եւ՛ գրվել է, եւ՛ խոսվել է, եւ՛ հարցազրույցներ են եղել, եւ՛ գրախոսականներ։ Գիրքը շատ լավ է վաճառվել Ռուսաստանում։ 

Ես վստահ եմ՝ հայերեն թարգմանությունից հետո երկրորդ ալիքն այստեղ կլինի։ Մի քանի օր է՝ հայերեն տարբերակը հասանելի է քաղաքի գրեթե բոլոր գրախանութներում։ Կարծում եմ՝ հետաքրքիր քննարկումներ, արձագանքներ կլինեն, եւ գրական համայնքը նույնպես կարձագանքի։

Արմինե Սարգսյան



Մեր ընտրանին