Սերմերից եւ շշուկներից ծնված քաղաքի կործանումից հետո «Հաղթանակի քաղաքը» վեպի գլխավոր հերոսուհին՝ Պամպա Կամպանան, գրելու էր. «Ոչինչ հավերժ չէ, բայց եւ ոչինչ անիմաստ չէ։ Մենք բարձրանում ենք, ընկնում ենք, նորից ենք բարձրանում, նորից ընկնում։ Բայց շարունակում ենք առաջ գնալ...»։
Ծագումով հնդիկ բրիտանացի ականավոր գրող Սալման Ռուշդիի «Հաղթանակի քաղաքը» վեպի մասին Մեդիամաքսը զրուցել է թարգմանչի՝ Արուս Մարգարյանի հետ։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։
- Պամպա Կամպանայի «Հաղթանակ եւ պարտություն» պոեմի հիմնական մասը լինելու էր Բիսնագայի պատմությունը՝ արարումից մինչեւ կործանումը։ Ռուշդիի այս վեպը բաղկացած է «Ծնունդ», «Աքսոր», «Փառք», «Անկում» գլուխներից։ Սա Բիսնագայի ստեղծման ու անկման պատմությո՞ւնն է, թե՞ առհասարակ մարդկային կյանքի, տվյալ դեպքում ՝ Պամպա Կամպանայի կյանքի պատմությունը։
- Գրքի այդ բաժիններից յուրաքանչյուրը ներկայացնում է Պամպայի կյանքի որոշակի շրջանը: Միեւնույն ժամանակ դրանք համընկնում են Բիսնագա քաղաքի եւ կայսրության զարգացման որոշակի փուլերի հետ:

Լուսանկարը` «Անտարես»
Իմ կարծիքով` այդ փուլերը ոչ այնքան մարդկային կյանքի, որքան կայսրությունների պատմության փուլերն են: Նրանք ստեղծվում են, դժվարին ժամանակները հաղթահարելու շնորհիվ ծաղկում, բարգավաճում եւ վաղ թե ուշ՝ տարբեր պատճառներով կործանվում: Նրանցից մնում է միայն այն, ինչ գրված է.
Դրանք նկարագրող այս բառերն են լոկ մնում:
Նրանց կհիշեն այնպես, ինչպես ես եմ որոշել հիշել:
Արարքները հայտնի կլինեն, ինչպես գրել եմ դրանց մասին:
Կունենան այն իմաստը, որը ես եմ ցանկացել նրանց տալ:
- Պամպա Կամպանան նախատիպ ունի՞։ Ռուշդին իրական պատմության վրա կառուցել է պատմական ֆանտազիա՞, թե՞ վեպի է վերածել արդեն եղած առասպելը։
- Պամպան նախատիպ ունի, թե ոչ, չեմ կարող ասել: Կարծում եմ` հորինված է: Բայց Վիդյասագարը նրան Գանգադեւի էր անվանում: Այդ անունով 14-րդ դարում եղել է սանսկրիտով գրող հռչակավոր բանաստեղծուհի: 10-րդ դարում կաննադա լեզվով գրող բանաստեղծ է եղել Ադի Պամպա անունով: Բայց ավելի հակված եմ հավատալ, որ հորինված է` Ռուշդիի գրական նպատակներն իրագործելու, մտքերը, տեսակետները լավագույնս տեղ հասցնելու համար:
Գրքի իրադարձությունները գրեթե ամբողջությամբ պատմական փաստեր են, նկարագրվող պալատները, տաճարները, քաղաքներն այսօր էլ գոյություն ունեն, կերպարների մեծ մասը իրական անձինք են: Բայց Ռուշդին երբեմն տարբեր ժամանակաշրջաններում ապրած մարդկանց մեկ տեղ է բերում, երբեմն պատմական անձանց անուններ է փոխում, իր կերպարներին անգամ ժամանակակից հռչակավոր հնդիկ դերասանուհու կամ մարզիկների անուններ է տալիս, հերոսուհուն գերբնական կարողություններով է օժտում, այսինքն՝ պատմությունը որպես առասպել է ներկայացնում:
-Գրքում, ի թիվս շատ այլ հարցերի, կարմիր թելով անցնում է կանանց իրավահավասարությա՞ն խնդիրը։ Ասվում է․ «Երբ իր բերանով աստվածուհին էր խոսել, հորդորել էր, որ Պամպան պայքարի այնպիսի աշխարհի համար, որտեղ տղամարդիկ կսկսեին կանանց նոր ձեւով վերաբերվել»։ Ի վերջո, այս պատմության հիմքում կանանց մասսայական հրկիզման տեսարանն է։
-Այո, Պամպայի ամբողջ կյանքը պայքար էր հենց դրա համար: Նույնիսկ երես է թեքում որդիներից ու աքսորում է նրանց, որպեսզի կարողանա աղջիկներին գահ բարձրացնել: Նրա քաղաքում կանայք ամեն առումով հավասար էին տղամարդկանց, բոլոր մասնագիտություններին տիրապետում էին, տղամարդկանցից հետ չէին մնում նույնիսկ ռազմական գործում: Նրա քաղաքում չկային «տղամարդու գործ» եւ «կնոջ գործ» հասկացությունները: Նրա քաղաքում կանանց համար նույնքան դպրոցներ ու համալսարաններ կային, որքան տղամարդկանց:
Չգիտեմ` որքանով է Ռուշդին «ֆեմինիստ», բայց վեպից երեւում է, որ այս առումով այնքան էլ լավատես չէ, այլապես Պամպայի կառուցած հասարակությունը չէր կործանվի տղամարդ քաղաքական եւ հոգեւոր առաջնորդների ջանքերով: Գուցե նրա ուղերձն այն է, որ հավասարության կարելի է հասնել միայն համատարած կրթված, զարգացած հասարակության մե՞ջ:
- Ռուշդին ներկայացնում է նաեւ կյանքի ու մահվան առեղծվա՞ծը։ Դոմինգո Նունեշը՝ պորտուգալացին, «ամբողջ աշխարհը տեսել էր՝ ծայրից ծայր, վերից վար, առից տուր, հաղթանակից պարտություն, ու սովորել էր, որ ուր էլ գնար, աշխարհքը պատրանք էր ու դրանով էր գեղեցիկ»։ Սա նաեւ պատրանքի՞ պատմություն է։
- Դե, Ռուշդին Ռուշդի չէր լինի, եթե նրա վեպը միայն մի բանի մասին լիներ, մեկ շերտ ունենար: Կարծում եմ` այո, սա նաեւ կյանքի ու մահվան, իրականության եւ պատրանքի մասին պատմություն է: Ամեն ինչ անցողիկ է` հզոր կայսրությունները, զարգացած հասարակությունները, մարդկային կյանքը, ամեն ինչ պատրանք է` կար, ու հիմա չկա: Ինչպես Վիդյասագարն էր ասում` «Չկա ոչ մի բան: Ոչ մի բան գոյություն չունի: Ամեն ինչ պատրանք է»:
Վերջում ամեն ինչ եւ ամեն ոք պարտվում է: Հաղթում են միայն նրանց մասին հիշողությունները` բառերի տեսքով.
Ես ինքս ոչինչ եմ հիմա:
Մնացել է լոկ բառերով նկարագրված քաղաքը:
Բառերն են միակ հաղթանակողը:
- «Դարերով, դանդաղեցված ընթացքով վերապրելու էր մանուկ ժամանակ տեսած ողջակիզման արհավիրքը։ Առաջվա նման բոլորը վախճանվելու էին, բայց այդ երկրորդ հրկիզումը մի երկու ժամվա փոխարեն գրեթե երկու հարյուր հիսուն տարի էր տեւելու»։ Պատմությունը կրկնվում է։ Ասվում է նաեւ․ «Պատմությունը ոչ միայն մարդկանց գործողությունների, այլեւ մոռանալու հետեւանքն է»։
Ի դեպ, մեր իրականությանը բնորոշ, մեզ հուզող շատ դիտարկումներ կան գրքում։
- Այո, կարծում եմ Ռուշդին հենց դա է ուզում նաեւ ասել (ես դա նաեւ որպես նախազգուշացում եմ ընդունում): Պատմությունը կրկնվում է: Թեկուզ այլ կերպ, թեկուզ այլ երկրում, թեկուզ այլ ժողովրդի հետ, այլ դարաշրջանում: Եվ չի կարելի դա մոռանալ, պետք է դասեր քաղել: Պատմությունը կրկնվում է հենց մոռանալու պատճառով:

Եվ այո, Բիսնագա կայսրության պատմությունը կարդալու եւ թարգմանելու ընթացքում տեղ-տեղ մտածում էի` «Մեր մասին է գրել», տեղ-տեղ` «Հարեւանների մասին է գրել»։
- «Ջունգլիներում անցյալը վերանում է, միայն ներկա պահը գոյություն ունի»։ Խոսքը դժվար իրավիճակների մասի՞ն է։
- Դժվար իրավիճակներում մարդ ընդհակառակը` անցյալին է նայում, զղջումով, ափսոսանքով, գործած սխալները հասկանալու եւ ուղղելու համար: Նաեւ ապագային է նայում` նոր ծրագրեր կազմելու, ելք գտնելու ակնկալիքով:
Կախարդված ջունգլիներն այն վայրն էին, որտեղ Պամպան կարող էր ազատվել անցյալի ծանր բեռից, քանի որ չկար այն ամենը, ինչի համար նա ապրել ու պայքարել էր` գահ, իշխանություն, նպատակներ, ծրագրեր, թշնամիներ, դավաճաններ: Հետեւաբար` չկար անցյալ:
Բայց սպասում ու պատրաստվում էր ապագային` «հետախույզներ» էր ուղարկում` քաղաքի իրավիճակից տեղեկություններ ստանալու եւ ճիշտ ժամանակին վերադառնալու համար:
- Նրա բնավորության մեջ զարմանալի, գրեթե սարսափելի գիծ կար՝ անողոքությունը։ Կյանքի վերջում կարծես կերպարանափոխվում է։ Իր հեռավոր ու միակ ժառանգորդի նկատմամբ քնքուշ սեր է տածում։ «Հանուն նրա մի կողմ կքաշվեմ, կմնամ ստվերում։ Ու կսովորեմ, որ սիրո ամենախոր իմաստը հրաժարումն է»։
- Այո, Պամպան սարսափելի անողոք է թվում, բայց ինքն իր անողոքությունը բացատրում է իր ակամա երկարակեցությամբ: Ինքը ստիպված էր իր երկար կյանքի ընթացքում սգալ սիրելիների մահերը՝ սիրած տղամարդկանց եւ դուստրերի, եւ, իրականում, տառապում է, որ դուստրերը զառամյալ պառավներ են դառնում, երբ ինքը երեսնամյա կնոջից չէր տարբերվում:
Հատկապես անողոք էր որդիների նկատմամբ, կարծում եմ` որովհետեւ նրանք խանգարում էին իրագործել իր, իրականում՝ աստվածուհու, ծրագիրը`գահի նկատմամբ կանանց իրավունքների պաշտպանության եւ դրա շնորհիվ բոլոր բնագավառներում նրանց դերի կարեւորությունն ընդգծելու առումով:
Իսկ Զերելդա Լիի մեջ երեւի տեսնում էր իր շարունակությունը, թագուհի դառնալու դեպքում Զերելդա Լին կարող էր իրականացնել իր բոլոր ծրագրերն ու գաղափարները: Գուցե այդ էր պատճառը, որ չուզեց նրա հետ մրցել եւ զիջեց: Գուցեեւ այդքան ժամանակ իր մեջ զսպված, խեղդված, չարտահայտված մայրական սերը պոռթկաց:
-«Բիսնագայի պատմությունն ավարտվեց այնպես, ինչպես որ սկսվել էր՝ մի թռցրած գլխով ու մի հրդեհով»։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ «Հաղթանակի քաղաք», չէ՞ որ կայսրությունն ի վերջո կործանվում է։
- «Բիսնագան» իրականում գոյություն ունեցած միջնադարյան Վիջայանագար կայսրության եւ քաղաքի անվան պորտուգալացու արտասանությամբ աղավաղված տարբերակն է: Իսկ «Վիջայանագար» սանսկրիտում հենց նշանակում է «հաղթանակի քաղաք»: Այնպես որ` դա պատմական փաստ է: Իմիջիայլոց, գրեթե բոլոր տաճարները, շինությունները, քաղաքները, որոնց մասին վեպում խոսվում է, իրականում գոյություն ունեցել են, շատերը դեռ կանգուն են, մի մասի ավերակներն են մնացել, բայց այդ ավերակներից էլ երեւում է, թե ինչ զարգացած մշակույթ է ունեցել կայսրությունը ժամանակին: Հետագայում ավերվել է մահմեդական արշավանքների արդյունքում:
Ինչո՞ւ է այդպես վերնագրել իր վեպը` կարող եմ միայն իմ կարծիքն ասել: Այդ վերնագրում հեգնանք եւ ցավ եմ տեսնում:
Հեգնանք, որովհետեւ «Հաղթանակի քաղաքն» օրեցօր կործանվում, քայքայվում էր, արքայի սխալ քայլերի, սխալ դիվանագիտության պատճառով կործանման եզրին էր, բայց նա շարունակում էր հանգիստ վայելել գահը, հպարտորեն խոսել հաղթանակների մասին: Ցավ` որովհետեւ այդ ծաղկուն կայսրությունից ու քաղաքից փոշի ու մոխիր մնաց միայն:
-Ի դեպ․․․ պարիսպները փշրվեցին հույսի ու վստահության պակասից։ «Կարծես նրանց կախարդանքը չէր դիմացել քաղաքի հուսաբեկությանը, կարծես վստահությունն ու հույսն էին եղել նրանց հիմքում, ու երբ դրանք չքացել էին, կախարդանքը վերացել էր»։
-Դե այո, երկիրը կործանվում է, երբ մարդկանց ոգին է մեռնում: Երբ հաղթելու հույս ու հավատ չկա, երբ չգիտես՝ ինչի համար պայքարել, անհնար է հաղթել:
- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին։
- Հեշտ չէր թարգմանությունը, բավական խոր հետազոտություններ եմ կատարել, խորացել միջնադարյան հնդկական կայսրությունների պատմության ու մշակույթի, բարբառների մեջ, բայց վայելել եմ աշխատանքիս ամեն վայրկյանը:

Լուսանկարը` REUTERS
Ռուշդին չի թողնում ձանձրանալ: Ամեն պարբերությունը մյուսից տարբերվում է թե՛ ոճով, թե՛ բառապաշարով: Մեկ շատ ժամանակակից է դառնում լեզուն, ժամանակակից իրականությունից է արտահայտություններ օգտագործում, մեկ դառնում է բանաստեղծական ու ճոխ, մեկ` խոսակցական, մեկ` վերամբարձ: Նաեւ բառախաղեր է օգտագործում, իսկ դրանց թարգմանությունն ամենադժվարն է:
Սիրում եմ, երբ թարգմանության ընթացքում նոր բան եմ սովորում, իսկ այս աշխատանքն ինձ շատ բան տվեց, շատ հարստացրեց ինձ, թե՛ գիտելիքներով, թե՛ հույզերով:
Հուսով եմ` ինձ հաջողվել է հայ ընթերցողին փոխանցել Ռուշդիի լեզվի, ոճի, աշխարհայացքի հմայքը:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: