Անկախության պտուղներն ու Սալման Ռուշդիի «Կեսգիշերվա զավակները» - Mediamax.am

exclusive
3560 դիտում

Անկախության պտուղներն ու Սալման Ռուշդիի «Կեսգիշերվա զավակները»


Սալման Ռուշդին
Սալման Ռուշդին

Լուսանկարը` REUTERS

Արամ Արսենյանը
Արամ Արսենյանը

Լուսանկարը` Կարին Գրիգորյանի

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ


Ծագումով հնդիկ անգլիացի գրող Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» վեպը 1993 թվականին հայտնվել է Բուքըրի արժանացած լավագույն գրքերի ցուցակում: Ժամանակակից գրականության հեղինակավոր ներկայացուցիչն իր վեպերի համար եւ՛ մահվան սպառնալիքի է արժանացել, եւ՛ փառքի:

 

«Զանգակ» հրատարակչությունը,  Արամ Արսենյանի թարգմանությամբ, ընթերցողին է ներկայացնում «Կեսգիշերի զավակները» գիրքը: Հնդկաստանի անկախության օրը՝ 1947 թվականի օգոստոսի 15-ին կեսգիշերին ծնված բոլոր երեխաները օժտվում են  գերբնական հատկություններով: Գրքի գլխավոր հերոսը՝ Սալիմ Սինայը կեսգիշերի զավակներից միակն է, որը որոշում է ապավինել իր գերբնական հատկություններին, որպեսզի իմաստավորի իր կյանքի ժամանակը:

 

Շապիկի նկարազարդման եւ ձեւավորման հեղինակը Մարիամ Կանայանն է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ  ձեւավորելիս օգտագործել է հնդկական մոտիվներ ու սիմվոլիկան, բադամաձեւ նախշերը՝ փորձելով  պատկերել արեւելյան կոլորիտը: Գրքի հերոսները նույնպես պատկերված են հնդկական վառ գույներով: Շապիկի վրա՝ հայկական տառերը զարդարված են հնդկական կալիգրաֆիայի էլեմենտներով: 

Լուսանկարը` Զանգակ

«Կեսգիշերի զավակները» վեպի մոգական ու իրական պատումի, գեղարվեստական առանձնահատկության ու համամարդկային արժեքի մասին Մեդիամաքսին  պատմել է Արամ Արսենյանը:  

 

-Սալման Ռուշդին  «Սատանայական բանաստեղծություններ» վեպի համար արժանացել է մուսուլման հավատացյալների բարկությանը, հետապնդման ու մահվան սպառնալիքի:  «Կեսգիշերի երեխաները» քննադատությունից զե՞րծ է մնացել:

 

 - «Կեսգիշերի զավակները» վեպը լույս է տեսել «Սատանայական ոտանավորներից» յոթ տարի առաջ՝ 1981-ին, ու մեծ ոգեւորությամբ է ընդունվել թե՛ ընթերցողների, եւ թե՛ գրաքննադատների ու գրական հանրության կողմից որպես նորարարական ստեղծագործություն «մոգական ռեալիզմի» գրական ուղղության մեջ՝ առանձնանալով ընդգրկուն բովանդակությամբ եւ ոճային առանձնահատկություններով: Արդյունքում 1981-ին արժանացել է «Բուքըրի» եւ մի քանի այլ մրցանակների, հետագայում՝ 1993 ու 2008 թվականներին, ճանաչվելով նաեւ «Բուքըրների Բուքըր»: Վեպի հետ կապված քիչ թե շատ աղմկահարույց դիպվածը կապված է Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի հետ, որը 1984-ին դատական հայց էր ներկայացրել հեղինակի դեմ անձնական բնույթի ընդամենը մեկ նախադասության առնչությամբ, որն էլ հարթվեց ոչ դատական կարգով, երբ Ռուշդին այդ նախադասությունը պարզապես հանեց վեպից:

 

- Ո՞րն է վեպի հաջողության գաղտնիքը՝ ընտանիքի անսովոր պատմությու՞նը՝ միահյուսված ամբողջ ազգի ճակատագրի հետ, ո՞ճը, լեզու՞ն:

 

- Վեպը գրավում է ընթերցողին նախ եւ առաջ բազմաճյուղ սյուժեով, իրադարձությունների խտությամբ, պատմական, կրոնական, ազգային ու տարածաշրջանային ավանդույթների մասին տեղեկությունների առատությամբ, անպաճույճ ոճով, լեզվական ավելորդ բազմաբարդության բացակայությամբ, իսկ խորհրդավորությունն ու մոգականությունը ոչ թե լեզվական անհարկի խրթինության, այլ իրադարձությունների բուն ընթացքի մեջ է: Եվ ամենակարեւորը. ընթերցողը հավատում է գրողին: 

 

 - Գրքի մոգական պատումի հիմքում Հնդկաստանի եւ Պակիստանի նորագույն  պատմությունն է (1910-1976թթ.): Հնդկաստանի անկախության կեսգիշերին ծնված Սալեմ Սինայի եւ նրա գերդաստանի պատմությունն ի՞նչ աղերսներ ունեն ճշմարտության հետ: Ինքնակենսագրական տարրեր կա՞ն:

 

- Ցանկացած գրողի ստեղծագործության մեջ անպատճառ արտացոլվում են նրա ապրած կյանքը, պատմական ժամանակաշրջանն ու այն իրադարձությունները, որոնց ականատես է եղել հեղինակը, սեփական ապրումները, իրողությունների եւ իրադարձությունների ընկալումը, կենսափորձն ու բոլոր փորձառությունները, որոնց միջով անցել են թե՛ գրողը եւ թե՛ նրա ընտանիքն ու նրան շրջապատող մարդիկ:

Արամ Արսենյանը Արամ Արսենյանը

Լուսանկարը` Կարին Գրիգորյանի

Մակերեսային քննարկման ընթացքում կարելի է որոշ համընկնումներ գտնել՝ ծննդյան տարեթիվ, անուններ, ազգանուններ եւ այլն, սակայն այդ ամենը պետք է ամփոփել Սարոյանի բնութագրմամբ՝ իմ բոլոր հերոսները ես եմ:

 

-Կարո՞ղ ենք ընդհանուր եզրեր գտնել մեր իրականության հետ: Վեպում այսպիսի տողեր կան. «Կեսգիշերը շատ զավակներ ունի, Անկախության ոչ բոլոր պտուղներն են մարդկային: Բռնություն, կոռուպցիա, թշվառություն, գեներալներ, քաոս, ագահություն եւ պղպեղամաններ... պետք է աքսորվեի, որպեսզի իմանայի. կեսգիշերի զավակներն ավելի բազմազան են, քան կպատկերացնեի ես, նույնիսկ ե՛ս») :

 

 -Իսկական գրականությունն ընդհանուր եզրեր ունի բոլոր երկրների իրականության հետ, քանի որ իսկական գրականությունն առնչվում է համընդհանուր, համամարդկային խնդիրների եւ արժեքների հետ: Բացառություն չէ նաեւ «Կեսգիշերի զավակները»: Ուստի, մեջբերված հատվածը բնութագրական է ցանկացած երկրի եւ ժողովրդի համար:

Լուսանկարը` Զանգակ

Այլ հարց է, որ ամեն երկիր եւ ժողովուրդ յուրովի եւ տարաբնույթ ու տարաչափ բարդություններով է անցնում նման փորձությունների միջով: Սակայն ընդհանուր առմամբ, այդ բոլոր աղտերն ու մեղքերը հատուկ են մարդ արարածի էությանը: Նաեւ դա էր պատճառը, որ նա վտարվեց դրախտից:

 

- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին:

 

- Պետք է խոստովանեմ, որ չնայած թարգմանության ընթացքում հիմնական դժվարությունը հընթացս պատմություն ու ավանդույթներ, դիցաբանություն ու կրոն եւ բազում այլ հարցեր ուսումնասիրելն էր, որի արդյունքում նաեւ հարկադրված էի բազմաթիվ ծանոթագրություններ ներմուծել, մեծագույն հաճույքով կատարեցի ստանձնածս գործը եւ անասելի բավականություն ստացա:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին